Գլխավոր տեղեկություն
Номер
N 524-Լ
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.05.2019-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 17.05.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.05.2019
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
14.05.2019
Дата вступления в силу
18.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մայիսի 2019 թվականի N 524-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Խ-091-04.04.2019-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

        

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

     

2019 թ. մայիսի 14

Երևան

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Խ-091-04.04.2019-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

  

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումն առաջ կբերի մի շարք խնդիրներ:

Այսպես:

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու դեպքերում եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետության մարզերում երկրորդային շուկայից բնակարան կամ անհատական բնակելի տուն (այդ թվում՝ կիսակառույց) ձեռք բերելու դեպքերում։

Նախևառաջ հարկ է նկատել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգի ներդրումը նպատակ է ունեցել բնակարանների և անհատական բնակելի տների նկատմամբ պահանջարկի աճի հաշվին նպաստել տնտեսության շինարարության ոլորտի աշխուժացմանը: Այս առումով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարությունը ՀՀ տնտեսության հիմնական ոլորտներից է, ակնկալվում է նշյալ գործիքի կիրառման միջոցով ոլորտում տնտեսական աճ ապահովել, իսկ տնտեսական աճից ստացվող հարկերի միջոցով՝ փոխհատուցել եկամտային հարկի գումարների վերադարձման արդյունքում պետական բյուջեի եկամուտների կորուստները: Սա, ըստ էության, համակարգի ներդրման տնտեսական նպատակն է: Այս տեսանկյունից, սակայն, նախագծի ընդունումը չի բխում եկամտային հարկի վերադարձման համակարգի ներդրման հիմնական նպատակադրումից, քանի որ նախագծի ընդունումը չի կարող նպաստել տնտեսության շինարարության ոլորտի աշխուժացմանը: Ավելին՝ նախագծի ընդունումը կարող է ունենալ ճիշտ հակառակ ազդեցությունն այն առումով, որ նոր կառուցվող բնակարանների ու անհատական բնակելի տների նկատմամբ ձևավորվող պահանջարկի մի մասը կարող է փոխարինվել երկրորդային շուկայում առկա բնակարանների ու անհատական բնակելի տների նկատմամբ պահանջարկով:

Բացի տնտեսական նպատակից՝ համակարգի ներդրումն ունեցել է նաև սոցիալական նպատակ, այն է՝ պետական բյուջեի միջոցներից հատկացումներ կատարելու միջոցով նպաստել բնակչության բնակարանային ապահովման խնդրի լուծմանը՝ պետական բյուջեի վրա տեղափոխելով բնակարանների ձեռք բերման համար ստացված հիփոթեքային վարկի գումարների սպասարկման տոկոսների գումարների բեռը: Համակարգի ներդրմանը հաջորդած օրենսդրական փոփոխություններով սոցիալական նպատակն ավելի է ընդգծվել, քանի որ ներդրվել են համակարգից օգտվելու մի քանի սահմանափակումներ՝ կապված բնակարանի կամ անհատական բնակելի տան առավելագույն գնի, փոխհատուցվող եկամտային հարկի առավելագույն գումարների և համակարգից ընդամենը մեկ անգամ օգտվելու իրավունքի սահմանման հետ: Այլ կերպ ասած՝ վերոնշյալ սահմանափակումների կիրառությամբ համակարգը դարձել է ավելի հասցեական՝ նպատակ ունենալով պետական բյուջեի սահմանափակ միջոցներն ուղղել առավելապես պետական աջակցության կարիք ունեցող հասարակության խմբերի օժանդակությանը:

Ամփոփելով վերոնշյալ դիտարկումները՝ կարծում ենք, որ համակարգի ներդրման տնտեսական նպատակադրմանը որևէ կերպ չնպաստող, դեռ ավելին՝ որոշակիորեն հակադրվող այս նախագծի ընդունումը, թերևս, կարող էր հիմնավորվել համակարգի ներդրման սոցիալական նպատակադրմամբ՝ որպես հասարակության լայն շերտերի շահերին ծառայող քաղաքականության դրսևորում: Ստորև ներկայացված դիտարկումներով, սակայն, հիմնավորվում է, որ նախագծով հետապնդվող սոցիալական նպատակադրումը մի կողմից գերագնահատված է այն իմաստով, որ մարզերի շահառուները բնակարանային ապահովման խնդիրը կարող են որոշակիորեն լուծել նաև գործող համակարգի շրջանակներում, իսկ մյուս կողմից՝ նախագծով հետապնդվող սոցիալական նպատակադրումը համարժեք չէ այն հնարավոր ռիսկերի ու բացասական երևույթների հետ, որոնք անխուսափելիորեն առաջանալու են նախագծի ընդունման պարագայում և որոնց կառավարումը լուրջ մարտահրավեր է լինելու: Մասնավորապես՝ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով ամրագրված կարգավորումներն ունեն ընդգրկման բավականին լայն շրջանակ և հնարավորություն են ընձեռում եկամտային հարկի վերադարձից օգտվելու ոչ միայն բնակարան ձեռք բերող քաղաքացիներին, այլ նաև անհատական բնակելի տուն կառուցող կամ կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերող քաղաքացիներին: Հետևաբար, եթե խնդիրն այն է, որ մարզերում բնակելի շենքեր չեն կառուցվում (ինչպես նշված է նախագծի ընդունման հիմնավորման մեջ), դա դեռևս չի նշանակում, որ մարզերի քաղաքացիներն ընդհանրապես զրկված են եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտվելու հնարավորությունից, քանի որ նրանք կարող են համակարգից օգտվել որպես անհատական բնակելի տուն կառուցողներ կամ որպես կառուցապատողից անհատական բնակելի տան գնորդներ:

Նախագծի ընդունման պարագայում անխուսափելիորեն առաջանալու են դժվար կառավարելի ռիսկեր և բացասական հետևանքներ: Մասնավորապես՝

1. նախագծի ընդունման պարագայում գործնականում հնարավորություն է ստեղծվելու կեղծ կամ շինծու գործարքների իրականացմամբ, այսինքն՝ բնակարանը ձևականորեն այլ անձի վաճառելու միջոցով, պետական բյուջեից հետ ստանալ վճարված եկամտային հարկի գումարները: Այս առումով նույնպես նախագծի ընդունումը շատ խնդրահարույց է, քանի որ նախ՝ կարող է խեղաթյուրվել պետական աջակցության հասցեականությունը, և երկրորդ՝ նախագծի ընդունումը կարող է հանգեցնել պետական բյուջեի հարկային եկամուտների մեծ կորուստների: Չեն բացառվում նաև դեպքեր, երբ անշարժ գույքի գրավով այլ վարկերը, որոնք հիփոթեքային վարկեր չեն (օրինակ՝ բիզնես վարկեր, սպառողական վարկեր), ընդգրկվեն նմանատիպ գործարքներում.

2. նախագծի հեղինակների կողմից որևէ կերպ գնահատված չեն նախագծի ընդունման ազդեցությունները, օրինակ՝ պետական բյուջեի կամ քաղաքացիների բնակարանային ապահովվածության խնդրի լուծման վրա: Այս առումով գտնում ենք, որ համակարգային նշանակություն ունեցող նման կարևոր օրենսդրական նախաձեռնությունը չի կարելի ընդունել՝ առանց համապատասխան հաշվարկներով կամ գնահատականներով հիմնավորման.

3. ինչպես հայտնի է, մարզերի բնակիչների բնակարանային ապահովման խնդրի լուծման նպատակով՝ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված են նպաստավոր պայմաններ հիփոթեքային վարկով մարզերում բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու համար: Մասնավորապես՝ ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության մարզերում երկրորդային շուկայից (ոչ անմիջապես կառուցապատողից) բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու համար տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը սուբսիդավորում է 4 տոկոսը (այսինքն` Հայաստանի Հանրապետության մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5 տոկոս): Ընդ որում՝ այս համակարգի կիրառության համար սահմանված են այնպիսի մոտեցումներ, որոնք հնարավորություն են տալիս առավելագույնս հասցեական դարձնել պետական բյուջեի միջոցների օգտագործումը.

4. մարզերում երկրորդային շուկայից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքում եկամտային հարկի վերադարձի համակարգի կիրառությունը անհավասար պայմաններ կձևավորի մարզերի և մայրաքաղաքի շահառուների միջև։

Միաժամանակ՝ գտնում ենք, որ եկամտային հարկի վերադարձման համակարգն ըստ էության պետք է ընկալվի ոչ թե որպես համակարգի շահառուներին տրամադրվող հարկային արտոնություն, այլ որպես սոցիալական քաղաքականության շրջանակներում շահառուներին տրամադրվող բյուջետային աջակցություն, քանի որ համակարգի շահառուներն ընդհանուր սահմանված կարգով հաշվարկում և կատարում են եկամտային հարկի գծով իրենց հարկային պարտավորությունները, որից հետո նոր միայն դիմում են պետական բյուջեից եկամտային հարկի գումարը հետ ստանալու համար: Հետևաբար, գտնում ենք, որ այս համակարգի կիրառության արդյունավետությունը գնահատելիս կամ համակարգի կիրառության շրջանակներն ընդլայնելու որոշումներ կայացնելիս շատ կարևոր է, որ համակարգը դիտարկվի բյուջետային գործընթացի շրջանակներում սոցիալական նշանակությամբ պետական աջակցության ծրագրերի ընդհանուր համատեքստում: Այս առումով, կարևորելով սահմանափակ բյուջետային միջոցներն առավելագույն հասցեականությամբ և առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու նպատակադրումը, կարծում ենք, որ նախագծի ընդունման արդյունքում առաջացող պետական բյուջեի լրացուցիչ ծախսերը հիմնավորվածության ու առաջնահերթությունների առումով պետք է անպայմանորեն համադրվեն միևնույն՝ սոցիալական ոլորտում այլ բյուջետային ծրագրերի շրջանակներում կատարվող ծախսերի հիմնավորվածության ու առաջնահերթությունների հետ: Այս առնչությամբ հայտնում ենք, որ նախագծի ընդունման հիմնավորմամբ նման համադրումներ չեն կատարվել, հետևաբար պարզ չէ, թե ինչ հիմնավորմամբ պետք է նախագծի ընդունման պարագայում առաջացող լրացուցիչ բյուջետային ծախսերը կատարվեն ի հաշիվ սոցիալական ոլորտում այլ բյուջետային ծրագրերի շրջանակներում կատարվող ծախսերի:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ:

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարելու ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 1321-Ն որոշման մեջ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան