Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.02.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.02.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
28.02.2018
Дата вступления в силу
28.02.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

և վարչական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0020/04/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0020/04/15
2018թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ն. Տավարացյանի

 

2018 թվականի փետրվարի 28-ին

քննարկելով «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԶ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ներկայացուցիչ Հայկ Սահակյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ դիմումի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ)՝ «Հայր և որդի Ադամյաններ» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.08.2016 և 12.10.2016 թվականների «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ։

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 26.05.2015 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Եսոյան) (այսուհետ` Դատարան) 24.02.2016 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ա. Պետրոսյան, Ա. Խառատյան, Գ. Կարախանյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.05.2016 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.02.2016 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.07.2016 թվականի որոշմամբ Կազմակերպության վճռաբեկ բողոքը վերադարձվել է` սահմանելով ժամկետ սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.08.2016 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.10.2016 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի միջնորդությունը` Վերաքննիչ դատարանի 26.05.2016 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, մերժվել է, և վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գագիկ Փանոսյանի ներկայացուցիչ Սարգիս Մադաթյանը։ 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

ՀՀ սահմանադրական դատարանի 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշմամբ սահմանվել է, որ դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ կետը և 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը կիրառվել են դրանց սահմանադրաիրավական մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, ուստի դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 26.05.2016 թվականի որոշումը և Բանկի ու Գագիկ Փանոսյանի պահանջների մասով գործն ուղարկել նոր քննության»:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ներպետական օրենսդրությունը սահմանում է այնպիսի իրավական կառուցակարգեր, որոնք հնարավորություն են տալիս ապահովելու անձի սեփականության իրավունքի պաշտպանությունը, դրանց հիման վրա Դատարանն իրավաչափ է համարել սահմանված ժամկետում Գագիկ Փանոսյանի կողմից պահանջ ներկայացնելը: Իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքի հիման վրա Գագիկ Փանոսյանն ակնկալել է, որ ձեռնարկել է անհրաժեշտ ու բավարար միջոցներ Ընկերության պարտատերերի կազմում ընդգրկվելու համար: Հետևաբար Գագիկ Փանոսյանի մասով ներկայացված վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առկա է նոր հանգամանք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է դատարանի կիրառած օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը կամ այն սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառելը: Հետևաբար, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական և անվավեր, կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում չեն, ապա դատական ակտը օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքին կցվում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը` գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.07.2016 թվականի որոշմամբ Կազմակերպության վճռաբեկ բողոքը վերադարձվել է, ու սահմանվել է եռօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վճռաբեկ բողոքի ձևական սխալը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար, քանի որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքին կից չի ներկայացրել վճռաբեկ բողոքի պատճենը գործին մասնակից Ընկերության սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին ուղարկելու մասին ապացույցը՝ փոստային անդորրագիրը: Այսինքն` մատնանշված թերությունը չի առնչվել վճռաբեկ բողոքի տեքստին: Ընկերության ներկայացուցիչը սահմանված ժամկետում ուղղել է նշված թերությունն ու կրկին ներկայացրել է նույնաբովանդակ վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը, Կազմակերպության ներկայացուցչի կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը 24.08.2016 թվականի որոշմամբ թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ «ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 20.07.2016 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է, միաժամանակ սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար: Մինչդեռ Կազմակերպությունը, վերացնելով որոշմամբ արձանագրված ձևական սխալը և բողոքին կցելով վճռաբեկ բողոքի պատճենն Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանին ուղարկելու մասին ապացույցը, միաժամանակ թույլ է տվել նոր սխալ, մասնավորապես` բողոքին կից չի ներկայացրել վճռաբեկ բողոքի պատճենը գործին մասնակից ՀՀ ֆինանսների նախարարության Էրեբունու հարկային տեսչությանը, «Երդիկ» ՓԲԸ-ին, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին ուղարկելու մասին ապացույցները՝ փոստային անդորրագրերը, և կրկին նույն հիմքով ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել»:

20.09.2016 թվականին Կազմակերպության ներկայացուցչի կողմից ներկայացվել է նոր վճռաբեկ բողոք՝ միաժամանակ ներկայացնելով միջնորդություն վճռաբեկ բողոք ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, 12.10.2016 թվականի որոշմամբ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, Կազմակերպության ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Վերաքննիչ դատարանի 26.05.2016 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, մերժել է և վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության: Միաժամանակ նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն արձանագրել է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ Վերաքննիչ դատարանի 26.05.2016 թվականի որոշման դեմ Կազմակերպության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության, իսկ Կազմակերպության ներկայացուցիչը 16.09.2016 թվականին կրկին Վերաքննիչ դատարանի 26.05.2016 թվականի որոշման դեմ նույն հիմքով ներկայացրել է վճռաբեկ բողոք, մինչդեռ բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ կետի և 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Ալվարդ և Խաչիկ Գրիգորյանների, «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի դիմումները, 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշմամբ որոշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ պետք է նշվեն վճռաբեկ բողոքի հետ կապված առկա բոլոր այն թերությունները, որոնք օրենքի համաձայն հիմք են վճռաբեկ բողոքը վերադարձնելու համար և որոնց շտկելուց հետո բողոքը կհամարվի սահմանված կարգով ներկայացված: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարող համարվել բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ կայացված վճռաբեկ դատարանի որոշում: ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ կետը և 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը դիմող «ՄԼԼ Ինդասթրիզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվել են նույն որոշման եզրափակիչ մասի առաջին և երկրորդ կետերում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Նույն որոշման պատճառաբանական մասում ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ վճռաբեկ դատարանի կողմից բողոքն առանց քննության թողնելն այն հիմքով, որ բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել, չի վերաբերում վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմանն այն պատճառով, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ չի կարող անդրադարձ կատարվել վճռաբեկ բողոքի հիմքերին, քանի որ դատավարության տվյալ փուլում դրանք գործի քննության առարկա չեն դառնում: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ վճռաբեկ դատարանը բողոքն առանց քննության պետք է թողնի այն դեպքում, երբ արդեն իրացվել է վճռաբեկ բողոք բերելու անձի իրավունքը, և բողոքում ներկայացված հարցերի առնչությամբ վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

Դիտարկելով վճռաբեկ բողոքը վերադարձնելու, ինչպես նաև բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումների համակարգային փոխկապակցվածությունը՝ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ բացակայում է օրենսդրորեն սահմանված ուղղակի արգելք կրկին ներկայացված բողոքի հետ կապված նոր թերություններ հայտնաբերելու դեպքում բողոքը նորից վերադարձնելու հնարավորության համար: Այսինքն` (ՀՀ քաղաքացիական դատավարության) օրենսգիրքը դեռևս չունի այնպիսի դրույթ, որն ուղղակիորեն պարտադրի կրկին ներկայացված բողոքի հետ կապված նոր թերություններ հայտնաբերելու դեպքում բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ:

ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ երբ վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճենը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և 231-րդ հոդվածի 5-րդ կետի վերաբերյալ մեկնաբանությունները չեն կատարվել, և այդ դրույթները չեն կիրառվել դրանց սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում, այսինքն` այդ դրույթները կիրառվել են ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը հակասող մեկնաբանությամբ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու հիմք է: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ նոր հանգամանքը հիմք է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.10.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանի 26.05.2016 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության մերժումը և վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելը, ըստ էության, պայմանավորված է եղել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ: Այլ կերպ ասած՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 24.08.2016 թվականի որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը հակասող մեկնաբանությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և 231-րդ հոդվածի 5-րդ կետի կիրառումը հանգեցրել է Կազմակերպության կողմից նոր վճռաբեկ բողոքի ներկայացման և այդ բողոքի ներկայացման ժամկետի բացթողնման:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում, մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում, անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնելու դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշմամբ կատարված այն բացահայտումը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը և 231-րդ հոդվածի 5-րդ կետը կիրառվել են նույն որոշման մեջ նշված սահմանադրաիրավական բովանդակությանը հակասող մեկնաբանությամբ, նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.08.2016 և 12.10.2016 թվականների «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումների վերանայման հիմք։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.08.2016 և 12.10.2016 թվականների «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումները վերանայելու և դրանք վերացնելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը նոր հանգամանքով վերանայելու և վերացնելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 26.05.2016 թվականի որոշման դեմ Կազմակերպության ներկայացուցչի կրկին ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը:

Անդրադառնալով նշված վճռաբեկ բողոքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու հիմքերով:

Բողոքում պատճառաբանվել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 8-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը, կիրառել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 399-րդ, 898-րդ, 899-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բանկի կողմից ներկայացված հիմնավորումների արդյունքում պարզ է դառնում, որ «ԵՎՐՈՊԱ» ՍՊԸ-ն և «ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ «ԲԵԼԱՐ»» ՓԲԸ-ն Ընկերության նկատմամբ ունեցել են դրամական պահանջի իրավունք, որը զիջել են Բանկին, մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից անտեսվել է «ԵՎՐՈՊԱ» ՍՊԸ-ի  և «ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ «ԲԵԼԱՐ»» ՓԲԸ-ի դրամական պահանջի ծագման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի բացակայության փաստը:  Վերաքննիչ դատարանը որևէ անդրադարձ չի կատարել այն հարցին, թե արդյոք Ընկերությունը «ԵՎՐՈՊԱ» ՍՊԸ-ի և «ԱՌԵՎՏՐԻ ՏՈՒՆ «ԲԵԼԱՐ»» ՓԲԸ-ի նկատմամբ ունեցել է այնքան պարտավորություն, որքան ներկայացվել է Բանկի կողմից:

Գագիկ Փանոսյանի պահանջը ներկայացվել է օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետի խախտմամբ, մինչդեռ Դատարանը և Վերաքննիչ դատարանը գտել են, որ դիմումի վրա առկա է նշում, որ պահանջը սահմանված ժամկետում ներկայացվել է սնանկության գործով կառավարչին, որպիսի փաստը վկայում է այն մասին, որ Գագիկ Փանոսյանը, իրավական կանխատեսելիության տեսանկյունից կատարել է անհրաժեշտ գործողություններ՝ իր պահանջը պատշաճ ժամկետում ներկայացնելու համար: Դատարանների նման պատճառաբանությունը չի բխում իրավական որոշակիության սկզբունքից: Բացի այդ, 10.02.2016 թվականի դատական նիստի ընթացքում Դատարանին է ներկայացվել միջնորդություն՝ փաստաթղթաբանական փորձաքննություն նշանակելու մասին, որը Դատարանի արձանագրային որոշմամբ մերժվել է: Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով նշված միջնորդությունը Դատարանի կողմից մերժելու հարցին, նշել է, որ բողոք բերողի փաստարկները հիմնավոր և բավարար չեն դատական ակտը Գագիկ Փանոսյանի մասով բեկանելու համար: Սակայն Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունը չի վերաբերում բողոքում ներկայացված իրավական խնդրին, քանի որ փորձաքննությունն անհրաժեշտ էր պարտավորագրի իսկությունը պարզելու համար:

Միաժամանակ բողոքարկվող որոշումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-259(ՎԴ), 24.05.2013 թվականի թիվ ԱՎԴ1/0074/02/11 որոշումներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 26.05.2016 թվականի որոշումը և Բանկի և Գագիկ Փանոսյանի պահանջների մասով գործն ուղարկել նոր քննության:

Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումները` վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 233-րդ հոդվածով, 233.1-րդ հոդվածով և 234-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական իրավունքի նորմը, որը խախտվել է` հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա։ Մինչդեռ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե` տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է իրար հակասող մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքաբերը բերված վճռաբեկ բողոքում թեև վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի թիվ 3-259(ՎԴ), 24.05.2013 թվականի թիվ ԱՎԴ1/0074/02/11 որոշումները, սակայն չի հիմնավորել, որ սույն գործով բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի վկայակոչած որոշումների մեջ միևնույն նորմին տրված մեկնաբանությանը: Հետևաբար բերված բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը նույնպես հիմնավորված չէ:

 

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկներին, գտնում է, որ դրանցով ևս հիմնավորվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի բացակայությունը:

 

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար: Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ, 231-րդ,   233.2-րդ, 234-րդ, 240-րդ, 2411-րդ և 241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 24.08.2016 և 12.10.2016 թվականների «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումները և դրանք վերացնել:

2. Թիվ ԵԷԴ/0020/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.05.2016 թվականի որոշման դեմ «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԶ» ՍՊԸ-ի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

 

Դատավորներ`

Մ. Դրմեյան

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

   

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

   

Գ. Հակոբյան

   

Ռ. Հակոբյան

   

Տ. Պետրոսյան

   

Ն. Տավարացյան