ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/5259/05/11 |
Վարչական գործ թիվ ՎԴ/5259/05/11 |
Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան |
Դատավորներ՝ |
Հ. Բեդևյան |
Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի փետրվարի 27-ին
քննարկելով ըստ հայցի Ռաֆիկ Գևորգյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ <<Երարդշին>> ԲՇԿ-ի` Երևանի քաղաքապետարանի 07.04.2004 թվականի թիվ 543-Ա որոշումը` Բագրևանդի թիվ 1 հասցեի հարևանությամբ «Երարդշին» ԲՇԿ-ին պատկանող անավարտ բազմաբնակարան շենքի մասով առոչինչ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.11.2012 թվականի «Պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ռաֆիկ Գևորգյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
ՀՀ վարչական դատարանի (դատավոր`Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 17.10.2012 թվականի վճռով Ռաֆիկ Գևորգյանի հայցը մերժվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.11.2012 թվականի որոշմամբ մերժվել է Ռաֆիկ Գևորգյանի միջնորդությունը սահմանված պետական տուրքի վճարումից ազատելու մասին և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռաֆիկ Գևորգյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» ՄԱԿ-ի 1954 թվականի կոնվենցիայի 16-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը համարել է անհիմն` պատճառաբանելով, որ բողոք բերած անձի փաստարկները կենսաթոշակառու լինելու և կենսաթոշակ չստանալու մասին և դրանց վերաբերյալ առկա ապացույցները բավարար չեն վերջինիս ծայրահեղ կարիքավոր գնահատելու և պետական տուրքի վճարումից ազատելու տեսքով արտոնություն սահմանելու համար։
Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Ռաֆիկ Գևորգյանին հասանելիք կենսաթոշակը երեք տարի շարունակ չի վճարվել, որի վերաբերյալ առկա են դատարանի համապատասխան վճիռներ:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 26.11.2012 թվականի որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող է uահմանվել նաև պետական տուրքի վճարումից ազատման, իսկ նույն հոդվածի «դ» կետի համաձայն՝ պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման արտոնություններ։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից։
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ դատարաններում պետական տուրքի գծով արտոնություն, այդ թվում՝ պետական տուրքի վճարումից ազատման տեսքով, կարող են սահմանել նաև դատարանները կամ դատավորները՝ հաշվի առնելով կողմերի գույքային դրությունը, որն ուղղված է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես՝ թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի որոշումը, «Պայքար և Հաղթանակ ՍՊԸ-ն» ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը)։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ յուրաքանչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառումը պետք է հիմնվի դատարանի ներքին համոզման վրա (սուբյեկտիվ չափորոշիչ), որը ձևավորվում է ապացույցների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտման վրա (օբյեկտիվ չափորոշիչ):
Սույն գործի փաստերի համաձայն` Ռաֆիկ Գևորգյանը Դատարանի 17.10.2012 թվականի վճռի դեմ բերել է վերաքննիչ բողոք` միաժամանակ միջնորդելով ազատել պետական տուրքի վճարումից այն պատճառաբանությամբ, որ ինքը կենսաթոշակառու է, ստանում է չնչին կենսաթոշակ, որն արդեն երեք տարի է չի ստանում և եկամտի այլ աղբյուր չունի: Վերաքննիչ դատարանը մերժել է նշված միջնորդությունը և վերադարձրել վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ բողոք բերած անձի փաստարկները կենսաթոշակառու լինելու և կենսաթոշակ չստանալու մասին և դրանց վերաբերյալ առկա ապացույցները բավարար չեն վերջինիս ծայրահեղ կարիքավոր գնահատելու և պետական տուրքի վճարումից ազատելու տեսքով արտոնություն սահմանելու համար։
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով բողոք բերած անձի ներկայացրած ապացույցներին, մասնավորապես` թիվ ԵԱՆԴ/0479/02/12 քաղաքացիական գործով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.11.2012 թվականի որոշմանը, վերը նշված պատճառաբանությունների լույսի ներքո, արձանագրում է, որ Ռաֆիկ Գևորգյանը կենսաթոշակառու է, ով 2010 թվականի սեպտեմբերից սկսած չի ստացել կենսաթոշակ, ինչի հետևանքով էլ վերջինիս և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության միջև առաջացել է դատական վեճ: Վճռաբեկ դատարանը Ռաֆիկ Գևորգյանի` չաշխատելու ու կենսաթոշակառու լինելու և միաժամանակ նշված կենսաթոշակը չստանալու հանգամանքը համարում է բավարար օբյեկտիվ հիմք վերջինիս գույքային դրությունը ոչ բավարար դիտելու համար:
Հետևաբար, ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետով սահմանված հայեցողական լիազորությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռաֆիկ Գևորգյանը պետք է ազատվեր պետական տուրք վճարելու պարտավորությունից։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Վերաքննիչ դատարանը չի առաջնորդվել անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և չի ապահովել այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-րդ, 118.17-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.11.2012 թվականի «Պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ս. Անտոնյան Ա. Բարսեղյան Գ. Հակոբյան Ե. Սողոմոնյան
Վ. Աբելյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|