Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.03.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.03.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
20.03.2013
Дата вступления в силу
20.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1080/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/1080/02/12
2013թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան  

Դատավորներ՝

 Ա. Պետրոսյան
   Տ. Նազարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

  մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

   

Վ. Աբելյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյնաի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի մարտի 20-ին,

քննարկելով ըստ հայցի «Վիկտորիա Կոնցեռն» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` 11.06.2012 թվականին կնքված մատակարարման պայմանագրով գոյացած պարտքի և վճարումն ուշացնելու համար պայմանագրով նախատեսված տուգանքի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Ֆերոյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան`  Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 14.000.000 ՀՀ դրամ գումար, սկսած կետանցի օրվանից` 27.07.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ 14.000.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ հաշվեգրել և բռնագանձել մատակարարման պայմանագրի 5.2 կետով սահմանված օրական 0,15 տոկոսի չափով տուգանքի գումար, ինչպես նաև բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար, 1.280.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի վարձատրություն:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Ասլանյան) (այսուհետ` Դատարան) 23.11.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է, վճռվել է. ««Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ից հօգուտ «Վիկտորիա Կոնցեռն» ՍՊԸ-ի բռնագանձել 14.000.000 (տասնչորս միլիոն) ՀՀ դրամ` որպես կողմերի միջև 11.06.2012 թվականին կնքված մատակարարման պայմանագրով նախատեսված գումար, ինչպես նաև 20.000 (քսան հազար) ՀՀ դրամը՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար։ 2. «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ից հօգուտ «Վիկտորիա Կոնցեռն» ՍՊԸ-ի բռնագանձել 14.000.000 (տասնչորս միլիոն) ՀՀ դրամ գումարի նկատմամբ մատակարարման պայմանագրի 5.1. կետով սահմանված օրական 0,15 տոկոսի չափով տուգանքի գումարը` սկսած 27.07.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը և այդ գումարի 2 տոկոսը հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել պատասխանող «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ից։ 3. Պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ` որպես հայցվորի կողմից իրականացված դատական ծախս` այն է փաստաբանի խելամիտ վարձատրություն։ 4. Դատարանի 24.08.2012 թվականի որոշմամբ հայցագնի` 14.000.000 ՀՀ դրամի չափով պատասխանող «ԱԿՎԱՏԵԽԱՎՏՈՄԱՏԻԿԱ» ՓԲԸ-ին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա դրված արգելանքը վճռի փաստացի կատարումից հետո անմիջապես վերացնել: 5. «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 260.000 (երկու հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար չվճարված պետական տուրքի գումար»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.12.2012 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու մասին Կազմակերպության միջնորդությունը մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 21-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատական պաշտպանության իրավունքի սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը, և որ անձն իր իրավունքների պաշտպանությունից չի կարող զրկվել զուտ ձևական խոչընդոտների առկայության հիմքով:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ եթե վերաքննիչ բողոքին կցված փոստային առաքման անդորրագրի վրա նշված «Երևան, Նալբանդյան 25ա» հասցեն չի համապատասխանում Ընկերության իրական հասցեին, ապա նշված անդորրագրում Ընկերության հասցեի թերի նշված լինելու հանգամանքը դեռևս բավարար չէ գալու այն հետևության, որ վերաքննիչ բողոքն Ընկերությանը չի առաքվել, քանի որ այդ անդորրագիրը կազմվում է փոստային ծառայության աշխատակցի կողմից և տվյալ դեպքում փոստային ծառայության աշխատակցի կողմից թույլ տված թերությունների և բացթողումների բացասական հետևանքները չպետք է դրվեն վերաքննիչ բողոքը բերողի վրա: Ավելին, փոստային առաքման թիվ AR052964570AM հետադարձ ծանուցման վրա նշված հասցեն ամբողջությամբ համապատասխանում է Ընկերության հասցեին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 28.12.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ  միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող է սահմանվել արտոնություն` պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն`առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

Վերը նշված հոդվածներից հետևում է, որ դատարաններում պետական տուրքի գծով արտոնություն, այդ թվում` պետական տուրքի վճարման հետաձգման ձևով, կարող են սահմանել նաև դատարանները կամ դատավորները`  հաշվի առնելով կողմերի գույքային դրությունը, որն ուղղված է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` յուրաքանչյուր  անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը,  պատճառաբանել է, որ պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու (տարաժամկետելու) վերաբերյալ բողոքում պարունակվող միջնորդությունը ենթակա չէ բավարարման, քանի որ ներկայացվել է առանց դրա հիմքում դրված փաստը` բողոք բերողի` պետական տուրքի գումարը վճարելու հնարավորություն չունենալը հաստատող ապացույցների, ինչպես նաև վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակն Ընկերությանն ուղարկելու փաստը հավաստող որևէ վերաբերելի ապացույց: Ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված փոստային առաքման անդորրագրին (թիվ 271 առաքանի, կոդ` RR052964570AM), ապա դրանում նշված հասցեն (Երևան, Նալբանդյան 25ա) չի համապատասխանում Ընկերության հասցեին` ըստ գործի նյութերի (ք. Երևան, Նալբանդյան 25ա/73). պատասխանողն ինքն էլ վերաքննիչ բողոքում նշել է «ք. Երևան, Նալբանդյան 25ա/73» հասցեն, որպիսի պայմաններում վերը նշված անդորրագիրը չի կարող համարվել բողոքի օրինակն Ընկերությանն ուղարկելու փաստը հավաստող վերաբերելի ապացույց։

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի  և եթե  չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի  միջև (տե° ս ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ  ՍՊԸ-ն»  ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով, սահմանափակել է  Կազմակերպության` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը:

Ինչ վերաբերում է Կազմակերպության կողմից վերաքննիչ բողոքի օրինակն Ընկերությանն ուղարկված չլինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, ապա այն հերքվում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային առաքման թիվ 271, կոդ` RR052964570AM անդորրագրով, որով հիմնավորվում է այն փաստը, որ Ընկերության կողմից վերաքննիչ բողոքի օրինակն ուղարկվել է Կազմակերպությանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ անդորրագրում Կազմակերպության հասցեն սխալ նշված լինելու պատճառով վերադարձնելով վերաքննիչ բողոքը` Վերաքննիչ դատարանը բողոք բերած անձին զրկել է իր գործի վերաքննության հնարավորությունից: Նման եզրահանգման Վճռաբեկ դատարանը գալիս է այն պատճառաբանությամբ, որ փոստային առաքման անդորրագրում հստակ նշված է հասցեատիրոջ անվանումը, իսկ հասցեն նշված է ոչ ամբողջական և ոչ թե այլ հասցե: Իսկ վերջիններիս թերի կամ սխալ կատարվելու բացասական հետևանքները չեն կարող դրվել անդորրագիր ներկայացրած անձի վրա, առավել ևս, երբ հենց այդ նույն անդորրագրով Ընկերությանն ուղարկված վերաքննիչ բողոքը ստացվել է վերջինիս կողմից, ինչը հիմնավորվում է փոստային առաքման թիվ AR052964570AM հետադարձ ծանուցման անդորրագրով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.12.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան
  Վ. Աբելյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

  Է. Հայրիյան
  Տ. Պետրոսյան
 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան