ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0233/02/11 |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0233/02/11 |
Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան |
Դատավորներ՝ |
Ն. Տավարացյան |
Ս. Միքայելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2013 թվականի սեպտեմբերի 18-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Նունե Բաբայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Արթուր Համբարյանի, Ծովինար Խոջայանի և Նունե Բաբայանի` 15.287 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և այդ գումարի նկատմամբ հաշվարկման ենթակա տուժանքի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Արթուր Համբարյանից, Ծովինար Խոջայանից, Նունե Բաբայանից համապարտության կարգով բռնագանձել 15.287 ԱՄՆ դոլար` չվճարված պարտքի գումար, և սկսած վարկի դուրս գրման օրվանից` 29.04.2011 թվականից, մինչև վճարման օրը չվճարված գումարի վրա հաշվարկել վարկային պայմանագրի 5.6 կետով նախատեսված օրական 0,12 տոկոս տուժանք:ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Սիսակյան) (այսուհետ՝ Դատարան) 06.06.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝Վերաքննիչ դատարան) 29.07.2013 թվականի որոշմամբ Նունե Բաբայանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նունե Բաբայանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածն ու «ԽղՃի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ 13.12.2012 թվականի ՀՀ կառավարության թիվ 1558-Ն որոշումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ, 75-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոքարկման ժամկետը լրանում է 07.07.2013 թվականին, և 07.07.2013 և 08.07.2013 թվականները ոչ աշխատանքային օրեր են, որի պատճառով էլ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 09.07.2013 թվականին, և Նունե Բաբայանի կողմից ժամկետի խախտում չի եղել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.07.2013 թվականի որոշումը:
3.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։
Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետների հաշվարկման հարցին։
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
Օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
Օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվվող դատավարական ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա սկիզբը:
Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տարիներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: Ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է այնպիսի ամսվա, որը համապատասխան ամսաթիվ չունի, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:
ՀՀ կառավարության 13.12.2012 թվականի թիվ 1558-Ն որոշմամբ սահմանվել է, որ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշել է 2013 թվականի ապրիլի 01-ի, հուլիսի 08-ի, օգոստոսի 19-ի և սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2013 թվականի ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը և սեպտեմբերի 28-ը` շաբաթ օրերը:
Վկայակոչված դրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատավարական ժամկետները հաշվարկվում են նաև ամիսներով, և ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Միաժամանակ, ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը, իսկ նշված ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը: Այսպես, 2013 թվականի հուլիսի 05-ից մինչև հուլիսի 08-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, և դրա դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
Վերաքննիչ դատարանը, նշելով, որ վերաքննիչ բողոքը բոլոր դեպքերում վերադարձվում է, եթե այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, իսկ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում վերաքննիչ դատարանը կարող է կայացնել այն դեպքում, երբ բացակայում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը, արձանագրել է, որ Դատարանի վճիռը կայացվել է 06.06.2013 թվականին, իսկ այդ վճռի դեմ վերաքննիչ բողոքը Նունե Բաբայանի կողմից ներկայացվել է 09.07.2013 թվականին: Վերաքննիչ բողոք բերելու ժամկետի հաշվարկը սկսվում է Դատարանի վճիռը կայացնելու հաջորդ օրվանից` 07.06.2013 թվականին և լրանում է 07.07.2013 թվականին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուլիսի 07-ը ոչ աշխատանքային օր է հետևաբար ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը` 08.07.2013 թվականը: Մինչդեռ Նունե Բաբայանը, վերաքննիչ բողոք ներկայացնելով 09.07.2013 թվականին, բաց է թողել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը և չի ներկայացրել միջնորդություն բաց թողած ժամկետը վերականգնելու մասին:
Համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռը հրապարակվել է 06.06.2013 թվականին, դրա դեմ վերաքննիչ բողոք բերվել է 09.07.2013 թվականին, իսկ ՀՀ կառավարության 13.12.2012 թվականի թիվ 1558-Ն որոշմամբ 2013 թվականի հուլիսի 08-ը հայտարարվել է ոչ աշխատանքային և տեղափոխվել է սույն թվականի հուլիսի 13-ը: Այսինքն` վերաքննիչ բողոքը ներկայացվել է օրենսդրությամբ սահմանված ժամկետում` ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը` 09.07.2013 թվականին, և որևէ դատավարական ժամկետի խախտում առկա չէ, հետևաբար Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ վերաքննիչ բողոքը բոլոր դեպքերում վերադարձվում է, եթե այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և չի ներկայացվել միջնորդություն բացթողած ժամկետը վերականգնելու մասին, անհիմն են:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա վերաքննիչ բողոքի վերադարձմամբ վիճարկվող որոշմամբ խախտվել են ՀՀ Սահմանադրության և միջազգային իրավական փաստաթղթերով նախատեսված` անձի դատական պաշտպանության, դատարանի մատչելիության, դատարանում լսվելու, վերաքննիչ դատարանում իրավական պաշտպանություն հայցելու իրավունքները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Տ. Պետրոսյան
Վ. Ավանեսյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան