ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2963/02/11 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2963/02/11 |
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան |
Դատավորներ՝ |
Լ. Գրիգորյան |
Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2013 թվականի մայիսի 13-ին,
քննարկելով ըստ հայցի Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) ընդդեմ Վարդ Գասպարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Համայնքի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է Վարդ Գասպարյանից բռնագանձել 2.145.184 ՀՀ դրամ, որից 598.862 ՀՀ դրամը՝ որպես վարձավճար, 1.546.322 ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև տույժերի հաշվարկը շարունակել 06.06.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 21.12.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.02.2013 թվականի որոշմամբ Դատարանի 21.12.2012 թվականի վճռի դեմ Համայնքի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 77-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորի ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոքում ներկայացվել է վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն, որը Վերաքննիչ դատարանը չի քննարկել: Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը Դատարանի 21.12.2012 թվականի վճիռը ստացել է 23.01.2013 թվականին, այսինքն` վճռի բողոքարկման մեկամսյա ժամկետի բացթողումը եղել է հայցվորի կամքից անկախ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը պետք է քննարկեր վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու մասին միջնորդությունը և այն բավարարեր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22.02.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:
Նույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:
Նույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն օրենսդրությամբ սահմանված ժամկետում անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: Վճռաբեկ դատարանը գտել է, որ ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճռի հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե′ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Դանիել Բարսեղյանի` թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):
Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «բողոք բերած անձը Դատարանի 21.12.2012 թվականի վճռի դեմ սույն վերաքննիչ բողոքը ներկայացրել է 11.02.2013 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո: Սույն գործի նյութերի և ներկայացված բողոքի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ Դատարանը թիվ ԵԿԴ/2963/02/11 քաղաքացիական գործով վճիռը կայացրել է 21.12.2012 թվականին, որը Երևան համայնքը` ի դեմս «Կենտրոն» վարչական շրջանի, ստացել է 16.01.2013 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը բերվել է 21.01.2013 թվականին` սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, սակայն միջնորդություն չի ներկայացրել բաց թողած ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին»:
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 21.12.2012 թվականին, իսկ հետադարձ ծանուցման թերթիկի համաձայն՝ Համայնքը՝ ի դեմս Կենտրոն վարչական շրջանի, այն ստացել է ավելի քան մեկ ամիս հետո՝ 23.01.2013 թվականին, վերաքննիչ բողոքը բերվել է 11.02.2013 թվականին, իսկ Դատարանի կողմից վճիռը հրապարակման օրը Համայնքին կամ վերջինիս ներկայացուցչին հանձնելու վերաբերյալ ապացույց սույն գործում առկա չէ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաձայն Դատարանի 24.12.2012 թվականի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հասցեագրված գրության (առանց ելքի համարի)՝ վճիռն ուղարկվել է 24.12.2012 թվականին, սակայն առկա չէ ապացույց՝ փոստային անդորրագիր, այն փոստային ծառայությանը հանձնելու օրվա վերաբերյալ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի քննարկել բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:
Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Համայնքը՝ ի դեմս Կենտրոն վարչական շրջանի, Դատարանի 21.12.2012 թվականի վճիռը ստացել է 23.01.2013 թվականին, այսինքն` վճռի հրապարակման օրվանից ավելի քան մեկ ամիս հետո, ինչի արդյունքում վերջինս զրկվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքից: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածը, քանի որ չքննարկելով բողոք բերելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, վերաքննիչ բողոքը վերադարձրել է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Գ. Հակոբյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան
Ա. Բարսեղյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|