Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.05.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.05.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
13.05.2013
Дата вступления в силу
13.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2963/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2963/02/11
2013թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան  

Դատավորներ՝

 Լ. Գրիգորյան
   Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

  մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի մայիսի 13-ին,

քննարկելով ըստ հայցի Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) ընդդեմ Վարդ Գասպարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Համայնքի բերած վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համայնքը պահանջել է Վարդ Գասպարյանից բռնագանձել 2.145.184 ՀՀ դրամ, որից 598.862 ՀՀ դրամը՝ որպես վարձավճար, 1.546.322 ՀՀ դրամը՝ որպես տույժ, ինչպես նաև տույժերի հաշվարկը շարունակել 06.06.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 21.12.2012 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.02.2013 թվականի որոշմամբ Դատարանի 21.12.2012 թվականի վճռի դեմ Համայնքի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 77-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցվորի ներկայացուցչի կողմից վերաքննիչ բողոքում ներկայացվել է վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն, որը Վերաքննիչ դատարանը չի քննարկել: Ավելին, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը Դատարանի 21.12.2012 թվականի վճիռը ստացել է 23.01.2013 թվականին, այսինքն` վճռի բողոքարկման մեկամսյա ժամկետի բացթողումը եղել է հայցվորի կամքից անկախ: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը պետք է քննարկեր վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու մասին միջնորդությունը և այն բավարարեր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22.02.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը եկավ հետևյալ եզրակացության.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

Նույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

Նույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն օրենսդրությամբ սահմանված ժամկետում անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: Վճռաբեկ դատարանը գտել է, որ ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճռի հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե′ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Դանիել Բարսեղյանի` թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «բողոք բերած անձը Դատարանի 21.12.2012 թվականի վճռի դեմ սույն վերաքննիչ բողոքը ներկայացրել է 11.02.2013 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո: Սույն գործի նյութերի և ներկայացված բողոքի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ Դատարանը թիվ ԵԿԴ/2963/02/11 քաղաքացիական գործով վճիռը կայացրել է 21.12.2012 թվականին, որը Երևան համայնքը` ի դեմս «Կենտրոն» վարչական շրջանի, ստացել է 16.01.2013 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը բերվել է 21.01.2013 թվականին` սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, սակայն միջնորդություն չի ներկայացրել բաց թողած ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին»:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 21.12.2012 թվականին, իսկ հետադարձ ծանուցման թերթիկի համաձայն՝ Համայնքը՝ ի դեմս Կենտրոն վարչական շրջանի, այն ստացել է ավելի քան մեկ ամիս հետո՝ 23.01.2013 թվականին,  վերաքննիչ բողոքը բերվել է 11.02.2013 թվականին, իսկ Դատարանի կողմից վճիռը հրապարակման օրը Համայնքին կամ վերջինիս ներկայացուցչին հանձնելու վերաբերյալ ապացույց սույն գործում առկա չէ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համաձայն Դատարանի 24.12.2012 թվականի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին հասցեագրված գրության (առանց ելքի համարի)՝ վճիռն ուղարկվել է 24.12.2012 թվականին, սակայն առկա չէ ապացույց՝ փոստային անդորրագիր, այն փոստային ծառայությանը հանձնելու օրվա վերաբերյալ: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի քննարկել բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Համայնքը՝ ի դեմս Կենտրոն վարչական շրջանի, Դատարանի 21.12.2012 թվականի վճիռը ստացել է 23.01.2013 թվականին, այսինքն` վճռի հրապարակման օրվանից ավելի քան մեկ ամիս հետո, ինչի արդյունքում վերջինս զրկվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքից: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածը, քանի որ չքննարկելով բողոք բերելու դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը, վերաքննիչ բողոքը վերադարձրել է:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.02.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան
  Վ. Աբելյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

  Է. Հայրիյան
 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան