Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.11.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
27.11.2013
Дата вступления в силу
27.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2768/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2768/02/12
2013թ.

Նախագահող դատավոր՝ Ի. Վարդանյան  

Դատավորներ՝

 Ա. Մկրտչյան
   Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

  մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյնաի

   

Գ. Հակոբյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի նոյեմբերի 27-ին

քննարկելով Մանուկ Ղազանչյանի  վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի  05.09.2013 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի Մանուկ Ղազանչյանի ընդդեմ   Ալինա Չոբանյանի` երեխայի համար դատարանի վճռով սահմանված ալիմենտի չափը փոփոխելու ու այն կայուն դրամական գումարով փոխարինելով` ամսական 200.000 ՀՀ դրամ սահմանելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մանուկ Ղազանչյանը պահանջել է Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից թիվ ԵԱՆԴ/ 2317/02/08 վճռով նշանակված ալիմենտի չափը փոխարինել կայուն դրամական գումարով և այն սահմանել ամսական 200.000 ՀՀ դրամ

 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան)  26.04.2013 թվականի  վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)  05.09.2013 թվականի որոշմամբ Ալինա Չոբանյանի միջնորդությունը բավարարվել է՝  քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մանուկ Ղազանչյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալինա Չոբանյանի ներկայացուցիչ Լևոն Սահակյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական   դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը, 144-րդ հոդվածի  2-րդ կետի 4-րդ ենթակետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև մեկ այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, մինչդեռ տվյալ դեպքում նման անհնարինություն առկա չէ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով հայցի առարկան դատարանի վճռով սահմանված ալիմենտի չափը կայուն դրամական գումարով փոխարինելու պահանջն է, մինչդեռ Մանուկ Ղազանչյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի հիմքով՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու հատկանիշներով: Հետևաբար ինչ հանգամանքներ էլ որ պարզվեն  քրեական գործով, դրանք չեն կարող էական նշանակություն ունենալ սույն քաղաքացիական գործի լուծման համար:

Բացի այդ, Վերաքննիչ  դատարանը որևէ  կերպ չի պատճառաբանել իր որոշումը: Ավելին, 18.07.2013 թվականի դատական նիստում քննելով պատասխանողի միջնորդությունը` գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ, Վերաքննիչ դատարանը մերժել է այն, սակայն 05.09.2013 թվականին դատական նիստում իր նախաձեռնությամբ կրկին անդրադարձել է նշված միջնորդությանը և գործի վարույթը կասեցրել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 05.09.2013 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Տվյալ դեպքում առկա է սույն քաղաքացիական գործի քննության անհնարինությունը, և Վերաքննիչ դատարանի որոշումն օրինական է:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանն այն  գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ։       

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է գործի վարույթը կասեցնելու հարցին և վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծության հիման վրա արձանագրել, որ  դատարանի պարտականությունն է կասեցնել գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է  նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս թիվ ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.01.2010 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նշված դիրքորոշումը, հարկ է համարում ընդգծել, որ դատական ակտը հիմնավորելու պահանջը հավասարապես վերաբերում է ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ` միջանկյալ դատական ակտերին: Յուրաքանչյուր դեպքում որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վերաքննիչ դատարանը «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ  թիվ 17107711 քրեական գործն անմիջականորեն կապված է սույն քաղաքացիական գործի հետ, և անհնարին է թիվ ԵԿԴ /2768/02/12 քաղաքացիական գործի քննությունը  մինչև թիվ 17107711 քրեական գործով վերջնական որոշման կայացումը:

Մինչդեռ  Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի հիմնավորել գործի վարույթը կասեցնելու հիմքի առկայությունը, մասնավորապես` Վերաքննիչ դատարանը չի նշել թիվ 17107711 քրեական գործով քննվող այն իրավահարաբերությունը կամ փաստը, որը թիվ ԵԿԴ/2768/02/12 քաղաքացիական գործի քննության և լուծման համար իրավաբանական նշանակություն ունի և չի կարող հաստատվել սույն գործի շրջանակներում, ինչով էլ պայմանավորված է գործի քննության անհնարինությունը:

Ավելին, Վերաքննիչ դատարանը 18.07.2013 թվականի դատական նիստում, քննելով պատասխանող Ալինա Չոբանյանի ներկայացուցչի միջնորդությունը` գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ, այն մերժել է` պատճառաբանելով, որ թիվ 17107711 քրեական գործի ընթացքը որևէ կերպ չի խոչընդոտում սույն գործի քննությանը (հատոր 2-րդ, գ.թ. 50, 65), սակայն 05.09.2013 թվականի դատական նիստում իր նախաձեռնությամբ, կրկին անդրադառնալով նույն միջնորդությանը, գործի վարույթը կասեցրել է (հատոր 2-րդ, գ.թ. 63, 65):

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանի կողմից սեփական նախաձեռնությամբ նույն միջնորդությանը կրկին անդրադառնալը և այն բավարարելը, Վճռաբեկ դատարանը դիտում է որպես արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած որոշման փոփոխում, ինչն անթույլատրելի է:

Վերոգրյալ պատճառաբանությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:

 

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումն անհիմն է:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.09.2013 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան
  Վ. Աբելյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

 

Ե. Սողոմոնյան