Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.04.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.04.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
10.04.2013
Дата вступления в силу
10.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0977/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0977/02/12
2013թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Տավարացյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

  մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

    

Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի ապրիլի 10-ին,

քննարկելով Սոֆյա Պողոսյանի ներկայացուցիչ Վահե Մովսիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2013 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Էմմա Կիրակոսյանի ընդդեմ Օնիկ Գրիգորյանի, պատասխանողի կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ Սոֆյա Պողոսյանի` սեփականության իրավունքի խախտումը վերացնելու` Երևանի Հ.Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 78 հասցեի անշարժ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան`  Էմմա Կիրակոսյանը պահանջել է Երևանի Հ.Սահյան (Կովկասյան) փողոցի թիվ 78 հասցեի անշարժ գույքը` երկհարկանի առանձնատունը և 300 քմ ընդհանուր սեփականություն հանդիսացող հողատարածքը, հրապարակային սակարկություններով վաճառել` ստացված գումարը հետագայում բաշխելով սեփականատերերի միջև` իրենց բաժիններին համաչափ, հողամասի մասով Էմմա Կիրակոսյանին հատկացնել 1/2 բաժնի արժեքը, իսկ շինությունների մասով` 79,28 քմ մակերեսի արժեքը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.11.2012 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.01.2013 թվականի որոշմամբ Էմմա Կիրակոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 14.11.2012 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սոֆյա Պողոսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էմմա Կիրակոսյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 78-րդ, 105-րդ և 218-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը Դատարանի 14.11.2012 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը քննության է առել <<30.01.2013 թվականին` ժամը 12:00-ին>>, սակայն Սոֆյա Պողոսյանին այդ մասին ծանուցել է նույն օրը` 30.01.2013 թվականին: Վերջինս համապատասխան ծանուցումն ստացել է նույն օրվա երկրորդ կեսին և հնարավորություն չի ունեցել մասնակցելու Վերաքննիչ դատարանում գործի քննությանը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Սոֆյա Պողոսյանը չի կարողանում գրանցել իր սեփականության իրավունքն օբյեկտիվ պատճառներով, քանի որ դատարանները գտնում են, որ տվյալ գործով Սոֆյա Պողոսյանն իրավունք ձեռք չի բերել հողամասի նկատմամբ, ուստի վերջինս ստիպված է եղել այդ պահանջով թիվ ԵԱՔԴ/0566/02/12 քաղաքացիական գործի շրջանակներում դիմելու դատարան:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ տվյալ գործով ապացուցման առարկայի փաստերից է վիճելի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի սուբյեկտների շրջանակի որոշումը, որի կապակցությամբ Սոֆյա Պողոսյանը թիվ ԵԱՔԴ/0566/02/12 քաղաքացիական գործով դիմել է դատարան, հետևաբար քանի դեռ վերոնշյալ քաղաքացիական գործով քննությունը չի ավարտվել, Դատարանը սույն գործով չի կարող որևէ որոշում կայացնել սեփականատերերի իրավունքների վերաբերյալ, ուստիև Դատարանը ճիշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 30.01.2013 թվականի որոշումը և «որոշում կայացնել սույն գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ»:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Բողոք բերողի պնդումն այն մասին, որ Վերաքննիչ դատարանը գործը քննել է երրորդ անձի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի ծանուցվել նիստի ժամանակի և վայրի մասին, անհիմն է:

Վերաքննիչ դատարանն իրականացրել է գործում առկա ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն և արդյունքում կայացրել է արդարացի որոշում:

  

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ. 

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի  համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքրի 78-րդ հոդվածի կիրառման հարցին։ Մասնավորապես, նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Նշված դրույթից հետևում է, որ վերաքննիչ վարույթում նիստին ներկա գտնվելու իրավունք թեև վերապահված է բացառապես բողոք բերած անձին, այդուհանդերձ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել ինքնուրույն այն առումով, որ գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են վերաքննիչ դատարանի նիստի մասին միայն, եթե առկա է բացատրություն տալու անհրաժեշտություն: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածում ամրագրված վերաքննիչ դատարանի նիստին ներկա գտնվելու իրավունքը հավասարապես վերաբերում է գործին մասնակցող բոլոր անձանց, քանի որ օրենսդիրը նախատեսում է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք բոլոր այն դեպքերի համար, երբ գործին մասնակցող անձանցից մեկը չի եղել պատշաճ ծանուցված: Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արատահայտված այն դիրքորոշումը, որ այն դեպքերում, երբ դատաքննությունը ներառում է հակադիր մասնավոր շահեր, կողմերի հավասարության պահանջը, որն արդար դատաքննություն հասկացության հատկանիշներից մեկն է, ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմին ողջամիտ հնարավորություն պետք է տրվի ներկայացնելու իր փաստարկները, ներառյալ ապացույցներ այնպիսի պայմաններում, որոնք նրան չեն դնում էականորեն ավելի նվազ բարենպաստ պայմաններում` համեմատած հակառակ կողմի հետ: Ավելին, իշխանությունների կողմից դատաքննության կողմերից մեկին չծանուցելը, այնպես որ նրան հնարավորություն ընձեռվի իրականացնելու իր ներկա գտնվելու իրավունքը, կարող է որոշ դեպքերում հարցեր առաջացնել կապված 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ (տե՛ս նաև Նելսիդա Նիկողոսյանը և Գվիդոն Մելքոնյանն ընդդեմ Հայաստանի թիվ 11724/04 և 13350/04 գանգատներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 06.12.2007 թվականի վճիռը, պարբ. 37):

Վճռաբեկ դատարանը գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տե՛ս Վարդուշ և Նելլի Խաչատրյաններ ընդդեմ Նաիրա Պետրոսյանի և մյուսների թիվ ԵԱԴԴ/1102/02/08  քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2010 թվականի որոշումը)։

Սույն գործով Վերաքննիչ դատարանի` 29.01.2013 թվականին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրը Սոֆյա Պողոսյանը ստացել է 30.01.2013 թվականին (հատոր 3, գ.թ. 32), 29.01.2013 թվականի դատական նիստի արձանագրության մեջ Վերաքննիչ դատարանը նշել է, որ պատասխանողի և երրորդ անձի կողմից դատական ծանուցումներն ստանալու վերաբերյալ հավաստի ապացույցներ դատարանը չի ստացել (հատոր 3, գ.թ. 34), և այդ պայմաններում որոշել է վերաքննիչ բողոքը քննել Սոֆյա Պողոսյանի բացակայությամբ: Վերաքննիչ դատարանի 21.01.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշման (հատոր 3, գ.թ. 25) բնօրինակի (որի «Որոշեց» մասի 2-րդ կետից երևում է, որ տվյալ գործով քննությունը նշանակվել է 29.01.2013 թվականին` ժամը 12:00-ին), ինչպես նաև համապատասխան փոստային ծրարի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն Սոֆյա Պողոսյանին ուղարկվել է 29.01.2013 թվականին և վերջինիս կողմից ստացվել է 30.01.2013 թվականին, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից որոշման հրապարակման օրը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Սոֆյա Պողոսյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցելով, վերջինիս զրկել է բողոքի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից, ինչի հետևանքով խախտվել է նրա` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։

 

Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի քննությունը Սոֆյա Պողոսյանի դատավարական իրավունքի խախտմամբ իրականացնելու պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի մյուս փաստարկներին:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2013 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան
  Վ. Աբելյան
  Ս. Անտոնյան
  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

  Է. Հայրիյան
  Տ. Պետրոսյան
 

Ե. Սողոմոնյան