Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (09.03.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
09.03.2011
Подписан
Նախագահող
Дата подписания
09.03.2011
Дата вступления в силу
09.03.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

     

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

      

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0903/02/10

2011թ.     

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0903/02/10

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

       

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

     

2011 թվականի մարտի 09-ին,

        

քննարկելով Արշալույս Ռուշանյանի ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.11.2010 թվականի որոշման դեմ,

      

ՊԱՐԶԵՑ

   

1. Գործի դատավարական նախապատմությունը

Արշալույս Ռուշանյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Սլավ Մոթորս» ՓԲԸ-ի և «Աուդի» ԲԸ-ի` պայմանին չհամապատասխանող ապրանքը պայմանագրով նախատեսված տեսականուն համապատասխան ապրանքով փոխարինելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 04.10.2010 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.11.2010 թվականի որոշմամբ Արշալույս Ռուշանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի` 04.10.2010 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արշալույս Ռուշանյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

         

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ, 42-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 28-րդ հոդվածները, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ կետը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը, հիմնվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի պահանջների վրա, պարտավոր էր ուսումնասիրել թվով ութ վավերապայմանների առկայությունը։ Մինչդեռ որոշման մեջ ուղղակի նշված չէ, թե հայցադիմումի ձևի և բովանդակության որ տարրն է խախտվել:

Դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ վիճելի ավտոմեքենան վաճառել է «Սլավ Մոթորս» ՓԲԸ-ն, որն ըստ կողմերի միջև կնքված համաձայնագրի` համարվում է «Աուդի» ԲԸ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ և 8-րդ ենթակետերի համաձայն` նշված հարցը պետք է քննարկվի դատաքննության նախապատրաստական փուլում: Ավելին, հայցադիմումում «Սլավ Մոթորս» ՓԲԸ-ն ներգրավված է ոչ թե որպես «Աուդի» ԲԸ-ի ներկայացուցչություն, այլ համապատասխանող, այսինքն` պարզ է տարածքային ընդդատության խնդիրը: Փաստորեն, հայցադիմումը վարույթ չընդունելով` հայցվորը զրկվել է իր իրավունքները դատական կարգով պաշտպանելու հնարավորությունից:

       

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.11.2010 թվականի որոշումը և վերացնել Դատարանի` «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 04.10.2010 թվականի որոշումը։

        

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 87-րդ հոդվածում սահմանված` հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները, ինչպես նաև եթե գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 7-րդ ենթակետերի համաձայն` հայցադիմումում պետք է նշվեն հայցապահանջները հաստատող ապացույցները, ինչպես նաև հայցվորի պահանջները, իսկ մի քանի պատասխանողների դեմ հայց հարուցելիս, հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջները:

Սույն գործով Դատարանը հայցադիմումը վերադարձնելիս արձանագրել է, որ հայցադիմումով որպես համապատասխանող ներգրավված «Սլավ Մոթորս» ՓԲԸ-ն «Աուդի» ԲԸ-ի ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը չէ, որպիսի հանգամանքը հայցադիմումը վերադարձնելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված հիմք է: Բացի այդ, հայցադիմումում չեն նշվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված հայցապահանջները հաստատող ապացույցները, ինչպես նաև պատասխանողներից յուրաքանչյուրին ուղղված հայցվորի պահանջները, որպիսի հանգամանքը հայցադիմումը վերադարձնելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմք է:

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը, պատճառաբանել է, որ բողոքաբերը չի ներկայացրել որևէ հիմնավորում` Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 7-րդ ենթակետերի խախտման վերաբերյալ:

Մինչդեռ, սույն գործում առկա հայցադիմումի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցադիմումում նշվել և դրան կից ներկայացվել են հայցապահանջը հիմնավորող ապացույցները, մասնավորապես` ավտոմեքենայի հանձնման-ընդունման ակտի, ավտոմեքենան արգելանքի տակ գտնվելու մասին տեղեկանքի, 23.03.2009 թվականի թիվ 00000184 և 27.03.2009 թվականի թիվ 00000198 դրամարկղային մուտքի օրդերների, հաշիվ ապրանքագրի, 16.04.2009 թվականի վճարման հանձնարարագրի, անհատական վարկավորման, շարժական գույքի գրավի պայմանագրերի, տեղատեսության սխեմատիկ պլանի, բացատրություն վերցնելու մասին արձանագրության, 05.05.2009 թվականի թիվ 000037 վճարման հանձնարարագրի և թերությունների ակտի պատճենները /գ.թ. 2-11, 15-32/: Ընդ որում, հայցադիմումում նշված պահանջը կայացել է հետևյալում. համապատասխանողներ «Սլավ Մոթորս» ՓԲԸ-ին և «Աուդի» ԲԸ-ին պարտավորեցնել պայմանին չհամապատասխանող ապրանքը, այն է` «Աուդի Q5» ավտոմեքենան` թափքի համարը` WAUZZZ8R39A032661, շարժիչի համարը` CD N 028232, թողարկման տարեթիվը` 2009 թվական, փոխարինել պայմանագրով նախատեսված տեսականուն համապատասխան ապրանքով` նույն թվականի թողարկման «Աուդի Q5» ավտոմեքենայով: Այսինքն` սույն գործով երկու պատասխանողներին ներկայացվել է միևնույն պահանջը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցադիմումը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված` հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջներին, հետևաբար, տվյալ դեպքում բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքը:

Ինչ վերաբերում է սույն գործը տվյալ դատարանին ընդդատյա չլինելու հիմքով հայցադիմումը վերադարձնելու պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանն այն ևս անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

Վերաքննիչ դատարանը բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ «Աուդի ապրանքանիշի արտադրատեսակների իրացման համաձայնության» մեջ կողմերը` «Աուդի» ԲԸ-ն, հանդես է գալիս որպես առաքիչ, իսկ «Սլավ Մոթորս» ՓԲԸ-ն` անմիջական վաճառող, ինչը չի ենթադրում, որ «Սլավ Մոթորս» ՓԲԸ-ն հանդիսանում է «Աուդի» ԲԸ-ի պաշտոնական ներկայացուցիչը, մասնավորապես` «Սլավ Մոթորս» ՓԲԸ-ն, լինելով ինքնուրույն կազմակերպաիրավական ձև ունեցող սուբյեկտ` փակ բաժնետիրական ընկերություն, «Աուդի» ԲԸ-ի հետ համապատասխան համաձայնության հիման վրա իրացնում է օրենքով և նշված համաձայնությամբ նախատեսված գործառույթներ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն` հայցը հարուցվում է պատասխանողի բնակության (գտնվելու) վայրի դատարան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ և 8-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես պարզում է գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը, քննարկում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու, մի քանի պահանջների միացման և առանձնացման, արտագնա դատաքննության անցկացման հնարավորության հարցերը:

Սույն գործի փաստերի համաձայն` 02.04.2009 թվականի հանձնման-ընդունման ակտով վաճառող «Սլավ Մոթորս» ՓԲԸ-ն գնորդ Արշալույս Ռուշանյանին է հանձնել «Աուդի Q5» ավտոմեքենան: «Սլավ Մոթորս» ՓԲԸ-ի հասցեն է ք. Երևան, Իսակովի 22/2, որը գտնվում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում: Սույն գործում առկա հայցադիմումում որպես պատասխանողներ են նշվել «Սլավ Մոթորս» ՓԲԸ-ն և «Աուդի» ԲԸ-ն:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սլավ Մոթորս» ՓԲԸ-ն` որպես առուվաճառքի պայմանագրի կողմ, սույն գործին մասնակցում է առանձին պատասխանողի կարգավիճակով, այլ ոչ թե որպես «Աուդի» ԲԸ-ի ներկայացուցչություն: Հետևաբար, սույն գործով հայցը տարածքային ընդդատության կանոնների պահպանմամբ հարուցվել է «Սլավ Մոթորս» ՓԲԸ-ի գտնվելու վայրի դատարան, այսինքն` սույն գործն ընդդատյա է Դատարանին, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված հայցադիմումը վերադարձնելու հիմքն առկա չէ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օտարերկրյա իրավաբանական անձ «Աուդի» ԲԸ-ի գործին մասնակից դարձնելու հանգամանքը չէր կարող խոչընդոտ հանդիսանալ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու համար, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ և 8-րդ ենթակետերի ուժով դատարանը գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը պարզում է և գործի քննությանն այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու հարցերը քննարկում է նախնական դատական նիստում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 29.11.2007 թվականի թիվ 21638/03 վճիռը, կետ 44)։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում խախտվել է Արշալույս Ռուշանյանի` ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության, արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքը:

      

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար։

     

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

        

ՈՐՈՇԵՑ

          

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.11.2010 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի` 04.10.2010 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

  

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան
Է. Հայրիյան

  Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան