ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/4636/05/10 2011թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/4636/05/10 |
|
Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2011 թվականի ապրիլի 27-ին, |
քննարկելով ըստ հայցի Արմեն Ղոչիկյանի, Արուսյակ Հովսեփյանի ընդդեմ Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության 1-ին հավելվածի 5-րդ կետը որպես ոչ իրավաչափ վարչական ակտ վերացնելու և որպես հետևանք` տուն տրամադրելու մասին բարենպաստ որոշում կայացնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.02.2011 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Արուսյակ Հովսեփյանի (նաև որպես Արմեն Ղոչիկյանի ներկայացուցչի) բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արմեն Ղոչիկյանը, Արուսյակ Հովսեփյանը պահանջել են վերացնել Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրության 1-ին հավելվածի 5-րդ կետը որպես ոչ իրավաչափ վարչական ակտ և որպես հետևանք` կայացնել տուն տրամադրելու մասին բարենպաստ որոշում:
ՀՀ վարչական դատարանի 22.12.2010 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 18.01.2011 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.02.2011 թվականի որոշմամբ Արուսյակ Հովսեփյանի (նաև որպես Արմեն Ղոչիկյանի ներկայացուցչի) բողոքը մերժվել է և Դատարանի 18.01.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արուսյակ Հովսեփյանը (նաև որպես Արմեն Ղոչիկյանի ներկայացուցիչ):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ Կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրությամբ կայացրած որոշումը եզրափակիչ ակտ չէ և այն նպատակամղված է վարչական ակտի ընդունմանը: Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է եկել ՀՀ Կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի մեկնաբանման արդյունքում:
Մինչդեռ, նշված կետի 4-րդ ենթակետի մեկնաբանումից ակնհայտ է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծի նախապատրաստումը վերաբերում է միայն բնակելի տուն ստանալուն հավակնող անձանց ցուցակի նախապատրաստմանը, այնտեղ որևէ բառ չի պարունակվում այն անձանց վերաբերյալ, ովքեր ցուցակում չեն ընդգրկվել: Ստացվում է, որ այն ընտանիքների համար, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը կայացրել է որոշում` ցուցակում չընդգրկելու մասին, հարուցված վարչական վարույթն ավարտվում, եզրափակվում է Հանձնաժողովի որոշմամբ, քանի որ Հանձնաժողովի ընդունած որոշումը ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից վերստուգման կամ այլ գնահատականի չի արժանանում, այսինքն` Հանձնաժողովի որոշմամբ եզրափակվում է հարուցված վարչական վարույթը: Հետևաբար, նշված անձանց համար Հանձնաժողովի որոշումն այն վերջնական վարչական ակտն է, որի արդյունքում նրանք ընկնում են ոչ բարենպաստ դրության մեջ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 28.02.2011 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով վարչական մարմինները բնորոշվում են որպես Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ վարչարարությունը` որպես վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործունեություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:
Նույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման:
Նույն մասի «բ» կետի համաձայն` միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:
ՀՀ Կառավարության 26.11.2009 թվականի «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 և 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշումներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովի» կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 6-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի գործառույթներն են`
1) համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակում (այսուհետ` հերթացուցակ) ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության մասին որոշումը և հերթացուցակում ընդգրկված անձանց հետ հանդիպումները.
2) բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց մշտական բնակության և նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ տեղեկատվությունը ճշտելու նպատակով հարցումների իրականացումը.
3) հատկացվող բնակարանի (բնակելի տան) չափի (սենյակների թվով) որոշումը.
4) բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծի նախապատրաստումը.
5) Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների մասին համապատասխան մարզպետներին և քաղաքացիներին իրազեկելը.
6) վիճակահանությամբ բնակարանների բաշխման գործընթացի կազմակերպումը.
7) այլ անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Հանձնաժողովի կողմից անձի նկատմամբ հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին չհամապատասխանելու մասին որոշում կայացվելու դեպքում անձը համարվում է բնակարան (բնակելի տուն) ստանալուն չհավակնող, ինչից հետևում է, որ նման որոշումն իրենից ներկայացնում է միջամտող վարչական ակտ, որով ավարտվում է անձի նկատմամբ հարուցված վարչական վարույթը, քանի որ դրա միջոցով Հանձնաժողովը մերժում է անձի` բնակարան (բնակելի տուն) ստանալուն հավակնելու իրավունքի իրականացումը: Դրան հակառակ` բնակարան (բնակելի տուն) ստանալուն հավակնող անձի դեպքում նրա նկատմամբ հարուցված վարչական վարույթն ավարտվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից բնակարանների (բնակելի տների) ստանալուն հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին հրամանի կայացմամբ:
Այսինքն` Կանոնակարգը նախատեսում է վարչական վարույթի ավարտման երկու հնարավորություն, որոնցից մեկի արդյունքում ընդունվում է միջամտող վարչական ակտ` հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին չհամապատասխանելու մասին որոշում, իսկ մյուսի արդյունքում` բարենպաստ վարչական ակտ` բնակարանների (բնակելի տների) ստանալուն հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին հրաման:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումները, որ Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրությամբ կայացրած որոշմամբ պայմանավորված հանրային սուբյեկտիվ իրավունքի խախտման պնդումն ինքնանպատակ է, քանի որ նշված որոշման կայացմամբ հարուցված վարչական վարույթը չի եզրափակվել, այդ որոշումը վերաբերում է անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշների համապատասխանությանը, որը վարչական վարույթի ընթացիկ փուլում իրականացված գործողություն է և նպատակամղված է վարչական ակտի ընդունմանը: Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տները հատկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարը, իսկ Հանձնաժողովը նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալուն հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ, ինչից հետևում է, որ վարչական վարույթը եզրափակվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ բնակարանների (բնակելի տների) ստանալուն հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանը, հետևաբար նաև այդ հրամանի կայացմամբ վարչական վարույթի ավարտը, վերաբերում է բացառապես բնակարան (բնակելի տուն) ստանալուն հավակնող անձանց, իսկ բնակարան (բնակելի տուն) ստանալուն չհավակնող անձանց մասով վարչական վարույթն ավարտվում է հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին չհամապատասխանելու մասին Հանձնաժողովի որոշման կայացմամբ, քանի որ այդ որոշման միջոցով Հանձնաժողովը մերժում է անձանց` բնակարան (բնակելի տուն) ստանալուն հավակնելու իրավունքի իրականացումը, հետևաբար նաև նրանց նկատմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարի նշված որոշման կայացման հնարավորությունը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրությամբ կայացրած որոշումը պարունակում է վարչական ակտի բաղկացուցիչ մասերը կազմող բոլոր տարրերը: Մասնավորապես` այն.
1) ունի արտաքին ներգործություն, այն է` կարգավորում է վարչական մարմնի` Հանձնաժողովի և ֆիզիկական անձի` Արմեն Ղոչիկյանի միջև ծագած իրավահարաբերությունները,
2) անհատական իրավական ակտ է` դրա 1-ին հավելվածի 5-րդ կետն ուղղված է Արմեն Ղոչիկյանին,
3) ընդունվել է վարչական մարմնի` Հանձնաժողովի կողմից,
4) ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում, այն է` կարգավորում է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման ոլորտում առաջացած իրավահարաբերությունները,
5) հետապնդում է կոնկրետ գործի կարգավորման նպատակ, այն է` կարգավորում է Արմեն Ղոչիկյանին հերթացուցակում ընդգրկելու չափանիշներին համապատասխանության հարցը,
6) ուղղված է Արմեն Ղոչիկյանի իրավունքների տրամադրման մերժմանը` բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալուն հավակնող անձանց ցուցակում չընդգրկելուն:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրությամբ կայացրած որոշումը որպես վարչական ակտ չդիտելու Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն անհիմն է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-118.18-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.02.2011 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 18.01.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
|
Ե. Սողոմոնյան |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|