Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.08.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.08.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
07.08.2013
Дата вступления в силу
07.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0043/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԱԴ/0043/02/12
2013թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան  

Դատավորներ՝

 Ա. Պետրոսյան
   Ա. Շառատյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի օգոստոսի 07-ին,

քննարկելով ըստ հայցի Հայկ Դունամալյանի ընդդեմ Վարդան Սարգսյանի, Ավագ Սարգսյանի և Սուսաննա Գաբրիելյանի` բաժնի առանձնացման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Ավագ Սարգսյանի ընդդեմ Լաերտ և Հայկ Դունամալյանների` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.06.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Լաերտ Դունամալյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան`  Հայկ Դունամալյանը պահանջել է առանձնացնել Վարդան Սարգսյանի 1/3 բաժինը ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում գտնվող և համասեփականության իրավունքով Վարդան, Ավագ Սարգսյաններին և Սուսաննա Գաբրիելյանին պատկանող 2 միավոր վարելահողից, երկու միավոր տնամերձ հողամասից և պտղատու այգուց:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ավագ Սարգսյանը պահանջել է թիվ ԱՐԱԴ/0283/02/10 քաղաքացիական գործով 02.07.2010 թվականին կայացված վճռով Վարդան Սարգսյանից բռնագանձվելիք 2.400 ԱՄՆ դոլարին համարժեք 734.000 ՀՀ դրամը, վճարված պետական տուրքը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված բանկային տոկոսները հաշվանցել` որպես իրեն պատճառված վնասի հատուցում: 

Դիմելով դատարան` Ավագ Սարգսյանը պահանջել է Լաերտ Դունամալյանից` որպես հրդեհի հետևանքով հասցրած վնաս, բռնագանձել 28.744.000 ՀՀ դրամ և այդ գումարից հաշվանցել ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԱՐԱԴ/0283/02/10 քաղաքացիական գործով 02.07.2010 թվականին կայացրած վճռով Վարդան Սարգսյանից հօգուտ Հայկ Դունամալյանի բռնագանձման ենթակա գումարները:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.02.2013 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ըստ հայցի Ավագ Սարգսյանի ընդդեմ Լաերտ Դունամալյանի` վնասի փոխհատուցման պահանջի մասին, և քաղաքացիական գործն ըստ հայցի Հայկ Դունամալյանի ընդդեմ Վարդան, Ավագ Սարգսյանների և Սուսաննա Գաբրիելյանի` բաժինն առանձնացնելու պահանջի մասին, միացվել են մեկ վարույթում:

ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 19.04.2013 թվականի վճռով Ավագ Սարգսյանի հայցը բավարարվել է, վճռվել է. «Լաերտ Դունամալյանից հօգուտ Ավագ Սարգսյանի բռնագանձել 28.744.000 ՀՀ դրամի հասցրած վնասը և 50.000 ՀՀ դրամ փորձաքննության ծախսը, ընդամենը` 28.794.000 ՀՀ դրամ:  Կատարել սույն վճռի 1-ին կետով բռնագանձման ենթակա 28.794.000 ՀՀ դրամի հաշվանցում Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 02.07.2010 թվականի ԱՐԱԴ/0283/02/10 վճռով Վարդան Ավագի Սարգսյանից հօգուտ Հայկ Դունամալյանի բռնագանձման ենթակա 240 ԱՄՆ դոլարին համարժեք 99.977 ՀՀ դրամի, 734.000 ՀՀ դրամի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված 297.883 ՀՀ դրամ բանկային տոկոսների հետ և Լաերտ Դունամալյանից հօգուտ Ավագ Սարգսյանի վերջնականորեն բռնագանձել 27.680.140 ՀՀ դրամը:  Կարճել գործի վարույթն ըստ հայցի Հայկ Դունամալյանի ընդդեմ Վարդան Սարգսյանի, Ավագ Սարգսյանի և Սուսաննա Գաբրիելյանի` բաժնի առանձնացման պահանջով»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.06.2013 թվականի որոշմամբ Լաերտ Դունամալյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լաերտ Դունամալյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ և 21-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել նույն օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ դատական պաշտպանության իրավունքի սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Բողոք բերած անձը մասնավորապես նշել է, որ  Դատարանի վճռով իր վրա դրվել է բավականին մեծ գումարի դրամական պարտավորություն, որի բողոքարկման համար վճարման ենթակա պետական տուրքի չափը ևս զգալի է: Վերաքննիչ դատարանը, մերժելով պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը, սահմանափակել է իր դատական պաշտպանության իրավունքը, մինչդեռ անձն իր իրավունքների պաշտպանությունից չի կարող զրկվել զուտ ձևական խոչընդոտների առկայության հիմքով:

 

Վերաքննիչ դատարանի որոշումն առերևույթ հակասում է ՀՀ Վճռաբեկ դատարանի  14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) և 20.03.2013 թվականի թիվ ԵԷԴ/1080/02/12 որոշումներին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 01.06.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն վճռաբեկ բողոքի քննությունը Վճռաբեկ դատարանը պայմանավորում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետով ամրագր­ված նորմի միատեսակ կիրառությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, այդ նպատակով Վճռաբեկ դատարանը կարևորում է դրանում նշված՝ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու իրավական ինստիտուտի կիրառման հարցի լուծումը:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ  միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն ... դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար ...:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն`առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության տեսանկյունից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) երբեք չի բացառել, որ կարող են լինել դեպքեր, երբ արդարադատության շահերից ելնելով` անհրաժեշտ լինի ֆինանսական սահմանափակումներ կիրառել դատարան դիմելու` անհատների իրավունքների նկատմամբ (տե'ս` Տոլստոյ-Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը): Միաժամանակ, Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարան դիմելու արդյունավետ իրավունքի երաշխավորումը չի նշանակում ընդամենը միջամտության բացակայություն, այլ կարող է պահանջել, որ պետությունը ձեռնարկի որոշակի դրական քայլեր այդ ուղղությամբ (տե'ս` Էյրին ընդդեմ Իռլանդիայի Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը): Բացի այդ, Եվրոպական դատարանը հաշվի է առնում այն դեպքերը, երբ ներպետական օրենսդրությամբ դատական տուրքերից ազատելու որոշումը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարվել դատարանների կողմից, եթե ազատելու համար հիմք հանդիսացած հանգամանքները դադարում են գոյություն ունենալուց, կամ երբ դիմողին դատավարության սկզբնական փուլում հայց ներկայացնելու հնարավորությունը դատարաններին չի զրկում հետագա ցանկացած փուլում` դիմողի ֆինանսական դրությունը բարելավվելու դեպքում վերջինից դատական տուրք գանձելու հնարավորությունից (տե'ս` Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 16.06.2001 թվականի վճիռը): Եվրոպական դատարանը նշում է նաև, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին: Այնուամենայնիվ, այդ տուրքերի գումարը գնահատելը որոշակի գործի հատուկ հանգամանքների տեսանկյունից, ներառյալ դրանք վճարելու դիմումատուի ունակությունը և դատավարության այն փուլը, որում նման սահմանափակումը կիրառվել է, հանգամանքներ են, որոնք էական են որոշելու համար` անձն օժտված է եղել դատարանի մատչելիության իրավունքով, թե ոչ (տե'ս` Պոդբիելսկին և ՊՊՈւ Պոլպուրն ընդդեմ Լեհաստանի, թիվ 39199/98, 26.07.2005 թվական, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի, 20.12.2007 թվական, գանգատ թիվ 21638/2003): Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտել է, որ պետական տուրքի գծով արտոնությունները, այդ թվում` դրա տարաժամկետումը կամ վճարման հետաձգումը նպատակ են հետապնդում վերացնել արդարադատության մատչելիության այնպիսի խոչընդոտները, որոնք պայմանավորում են անձի մոտ համապատասխան միջոցների բացակայության պատճառով դատարան դիմելու, վերադաս ատյան բողոք ներկայացնելու անհնարինությունը: Այդ նպատակից ելնելով` օրենսդիրը, ի տարբերություն պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնություն սահմանելուն, դատարանի համար առավել լայն հայեցողական լիազորություն է սահմանել պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ հետաձգելու հարցում: Վերջինս պայմանավորված է դատարանի դերով` որպես արդարադատություն իրականացնող մարմնի, որը միաժամանակ պետք է ապահովի անձի արդարադատության մատչելիության իրավունքը (տե'ս` Դավիթ Սաակյանն ընդդեմ Լյուսա Սահակյանի, Սեդա Սահակյանի, Երևանի կենտրոնական նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձինք` Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման` ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 05.05.2009 թվականի որոշումը, քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0820/02/08):

Սույն գործի փաստերի համաձայն` Լաերտ Դունամալյանը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդություն: Վերաքննիչ դատարանը մերժել է միջնորդությունը, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ պետական տուրքի գծով նման արտոնություն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված չէ («հետաձգում» և «տարաժամկետում» հասկացությունները նույնական բովանդակություն չունեն), բացի այդ բողոքին չի կցվել միջնորդության հիմքում դրված փաստը` բողոք բերողի` պետական տուրքի գումարը վճարելու հնարավորություն չունենալը հաստատող ապացույցներ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով առաջին հերթին պետք է առաջնորդվեր անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և ելներ այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

Վկայակոչված հոդվածից հետևում է, որ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու հասկացությունը և կիրառման կարգը ենթակա է սահմանման «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Մինչդեռ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է (27.12.1997 թվական) մինչև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդունումը (17.06.1998 թվական), սահմանելով (հոդված 21) պետական տուրքի գծով արտոնությունների տեսակները, որպես այդպիսին չի նախատեսել պետական տուրքի վճարման ժամկետի տարաժամկետումը: Օրենսդրական նման բացը դատական պրակտիկայում որոշ դեպքերում, ինչպես սույն գործով հանգեցնում է այդ հիմքով պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունների մերժման:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վկայակոչված իրավադրույթի հիմքով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետը պետական տուրքի ժամկետը տարաժամկետելու մասով չի գործում, քանի դեռ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում համապատասխան լրացումը չի կատարվել: Միևնույն ժամանակ այդ հիմքով անձի դատական պաշտպանության իրավունքը սահմանափակելը Վճռաբեկ դատարանի համոզմամբ չի բխում ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի դրույթներից, ուստի պետական տուրքի վճարումը տարաժամկետելու իրավական ինստիտուտի կիրառման հարցը պետք է նախ և առաջ դիտարկել դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի բովանդակային տարր հանդիսացող արդարադատության մատչելիության իրավունքի համատեքստում:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի  և եթե  չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե'ս «Վիկտորիա Կոնցեռն» ՍՊԸ-ն ընդդեմ «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ի թիվ ԵԷԴ/1080/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.03.2013 թվականի որոշումը, ինչպես նաև՝ «Պայքար և Հաղթանակ  ՍՊԸ-ն» ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենսդրական բացի հիմքով անձի դատական պաշտպանության իրավունքի սահմանափակումը չի կարող ապահովել ողջամիտ համաչափություն օգտագործվող միջոցների և նպատակի միջև, ընդհակառակը, կարող է անհաղթահարելի խոչընդոտ հանդիսանալ արդարադատության մատչելիության իրավունքի իրականացման տեսանկյունից: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ ներկայացվել է պետական տուրքի վճարումը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդություն, դատարաններն այն պետք է քննարկեն և այդ հարցով որոշում կայացնեն որպես պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն:

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանն այն մասին, որ երկու հայց պարունակող վճիռը բողոքարկվել է ամբողջությամբ, մինչդեռ բողոք բերած անձն առաջին հայցի մասով վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք չուներ, քանի որ նա առաջին հայցով գործին մասնակցող անձ չի հանդիսացել, գտնում է, որ այն անհիմն է:

Մասնավորապես, հիմնվելով վերոգրյալի վրա և սույն գործի փաստերը համադրելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով միայն առաջին հայցին, անտեսել է և իր որոշմամբ չի անդրադարձել Ավագ Սարգսյանի հայցին ընդդեմ Լաերտ Դունամալյանի` պատճառված վնասի հատուցման պահանջի մասին, քանի որ այս հայցով Լաերտ Դունամալյանը հանդես է գալիս որպես կողմ, և Դատարանի 19.04.2013 թվականի վճռով կայացվել է Լաերտ Դունամալյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ: Հետևաբար ամբողջ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը չի կարող վերադարձվել զուտ այն հիմքով, որ բողոք ներկայացրած անձն իրավունք ուներ բողոքարկելու միայն վճռի մի մասը:

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները և Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ինչպես նաև այդ դրույթներով երաշխավորված անձի արդարադատության մատչելիության ապահովման անհրաժեշտությունից ելնելով` Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև Վերաքննիչ դատարանի հետևությունը` միջնորդությունում նշված փաստարկները հիմնավորող ապացույցներ չներկայացնելու հիմքով միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով, սահմանափակել է  Լաերտ Դունամալյանի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.06.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան
  Վ. Աբելյան
  Ս. Անտոնյան
  Ա. Բարսեղյան
 

Գ. Հակոբյան

  Տ. Պետրոսյան
 

Ե. Սողոմոնյան