Գլխավոր տեղեկություն
Номер
N 361-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (14.04.2019-12.10.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
Հրապարակվել է կայքում 13.04.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.03.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.04.2019
Дата вступления в силу
14.04.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2019 թվականի N 361-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂՈՂԻ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ՄՇԱԿՎՈՂ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱՊՏՂԱՆՈՑՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման 44-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

       

2019 թ. ապրիլի 10

Երևան

  

           

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

մարտի 29-ի N 361-Լ որոշման

    

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԽԱՂՈՂԻ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ՄՇԱԿՎՈՂ ԻՆՏԵՆՍԻՎ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ԵՎ ՀԱՏԱՊՏՂԱՆՈՑՆԵՐԻ ՀԻՄՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ

 

ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿԸ

            

1. Պտղաբուծությունը և խաղողագործությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության հնագույն ճյուղերից են:

2. Երկրի տարածքի ուղղաձիգ գոտիականությունը, հողակլիմայական պայմանների բազմազանությունը հնարավորություններ են տվել դարեր շարունակ մշակելու խաղող, ծիրանենի, դեղձենի, սալորենի, կեռասենի, բալենի, խնձորենի, տանձենի, սերկևիլենի, ընկուզենի, նշենի, թզենի, նռնենի և պտղատու այլ տեսակներ: Դրանցից առավել լայն տարածում ու ժողովրդատնտեսական մեծ նշանակություն են ստացել հայկական խաղողները, ծիրանները և դեղձերը:

3. Հանրապետությունում այգիների 70 %-ը գտնվում է ծովի մակերևույթից 400-1000, 23 %-ը՝ 1000-1500, 4.5 %-ը՝ 1500-2000, իսկ 2.5 %-ը՝ 2000 մետր և ավելի բարձրության վրա:

4. Գյուղատնտեսության ոլորտում իրականացված բարեփոխումներին նախորդող տարիներին հանրապետությունում սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացման պատճառով պտղատու այգիների տարածությունները 45.4 հազ. հեկտարից (1991 թ.) զգալիորեն նվազեցին՝ կազմելով 21.6 հազ. հեկտար (1998 թ.): Սկսած 2002 թվականից՝ պտղատու այգիների տարածքներն ավելացան և 2016 թվականին դրանք կազմեցին` 40.5 հազ. հեկտար: Հայաստանի Հանրապետությունում պտղաբուծության զարգացման միտումները 1990-2017 թվականներին ներկայացվում են N 1 աղյուսակում:

5. Պտղատու այգիների տարածքները 2017 թվականին 2008 թվականի համեմատությամբ ավելացել են 5.6 հազ. հեկտարով կամ 16 %-ով, իսկ միջին բերքատվությունը 2017 թվականին (2016 թվականն անբարենպաստ տարի էր) 2008 թվականի համեմատ ավելացել է 14.5 %-ով: Ի հաշիվ վերջին 15 տարիներին հիմնված այգիների լիարժեքության, սորտային կազմի բարելավման և նոր այգիներում իրականացվող լիարժեք ագրոտեխնիկական միջոցառումների, կայունացել է այգիների բարձր բերքատվությունը:

6. 2017 թվականին 2008 թվականի համեմատությամբ խաղողի այգետարածքները նվազել են շուրջ 1000 հեկտարով, սակայն հին, ոչ լիարժեք այգիների քանդման և երիտասարդ նոր այգիների ավելացման շնորհիվ խաղողի համախառն բերքը նույն ժամանակաշրջանում ավելացել է շուրջ 12.5 %-ով, իսկ մեկ հեկտարի բերքատվությունը՝ 10.5 %-ով:

7. Հողի սեփականաշնորհման հետևանքով հանրապետությունում պտղատու և խաղողի այգիների զանգվածային տարածությունները մասնատվեցին: Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի գյուղատնտեսական համատարած հաշվառման հիմնական արդյունքները» հրապարակման (2016 թվական) համաձայն պտղաբուծությամբ և խաղողագործությամբ զբաղվում են հանրապետության 10 մարզերի 60,096 տնտեսավարողներ: Պտղատու և խաղողի այգիների մեկ տնտեսության բաժինը տատանվում է 0.1 հեկտարից մինչև 200 հեկտար, սակայն հիմնականում՝ մինչև 1.0 հեկտար է (54,909 տնտեսավարող կամ 91.4 %), 1 և ավելի հեկտար այգիներ ունեցող տնտեսավարողների թիվը 5,187 է: Այգետարածքների մասնատվածության պատճառով դժվարանում է մշակության աշխատանքների մեքենայացումը: Աշխատանքները հիմնականում կատարվում են ձեռքով, որի հետևանքով մեծանում է այգիների մշակության աշխատատարությունը, բարձրանում արտադրանքի ինքնարժեքը, նվազում ճյուղի շահութաբերությունը: Պտղաբուծությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունների մեծ մասն իրենց փոքր չափերի ու արտադրանքի իրացման դժվարությունների հետևանքով վերածվել են բնամթերային տնտեսությունների, որտեղ անհնարին է կազմակերպել արդյունավետ ապրանքային արտադրություն: Արդյունքում, արտադրանքի ինքնարժեքն ստացվում է բարձր և անմրցունակ: Նման պայմաններում լուրջ խնդիրներ են առաջանում զանազան տեսակների պտուղների իրացման, վերամշակող ձեռնարկությունների հզորությունների օգտագործման, մարքեթինգային գործունեության բավարար կազմակերպման և վերամշակվողների կողմից հումքի գնման հարցերում:

8. Հանրապետությունում արտադրվող տնկիները հաճախ չեն համապատասխանում այգեհիմնում կատարող տնտեսավարողների պահանջներին: Այգու հիմնման համար կատարվող ծախսերն էականորեն կախված են այգու համար նախատեսված տարածքից, ընտրված պտղատեսակից, սորտից, տնկման սխեմայից և բազմաթիվ այլ գործոններից:

9. Չնայած վերջին տարիներին ավելացել են նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգիների տարածությունները (օպերատիվ տվյալների համաձայն 2014 թվականին դրանք կազմում էին այգիների ընդհանուր տարածքի շուրջ 1.5 %-ը, իսկ 2016 թվականին` շուրջ 4 %)՝ անհարժեշտություն է առաջացել պետական աջակցություն տրամադրել 0.5-ից 10 հեկտար խաղողի ու ինտենսիվ պտղատու և 0.5-ից 3 հեկտար հատապտղատու այգիների հիմնման համար՝ հաշվի առնելով այգեհիմնման և մինչև լրիվ բերքատվության մեջ մտնելը՝ դրանց վրա կատարվող ներդրումների խոշոր չափերը և նոր այգիների հիմնման դանդաղ տեմպերը:

10. Կապալառու կազմակերպության միջոցով մեկ հեկտար ինտենսիվ պտղատու այգու, խաղողանոցի և հատապտղանոցի (այսուհետ՝ այգի) հիմնման և առաջին տարվա խնամքի հաշվարկային ծախսերը, առանց կարկտապաշտպան ցանցի, կազմում են համապատասխանաբար 18.7 մլն դրամ, 10.8 մլն դրամ և 23.2 մլն դրամ:

11. Պտղաբուծության և խաղողագործության զարգացմանը խոչընդոտող գործոններից մեկը տնտեսավարողների ֆինանսական միջոցների սղությունն է և փոխառու (վարկային) միջոցների մատչելիության ցածր մակարդակը:

12. Այս խոչընդոտի հաղթահարմանն ուղղված կարևորագույն միջոցառումներից են՝

1) նոր այգիների հիմնման համար պետական աջակցություն տրամադրումը.

2) նոր այգիների հիմնման նպատակով սուբսիդավորված տոկոսադրույքով, երկարաժամկետ, նպատակային վարկերի տրամադրումը:

13. Ինտենսիվ պտղատու այգին ավանդական այգուց տարբերվում է միավոր տարածքի վրա բույսերի խտությամբ, կիրառվող նոր տեխնոլոգիաներով՝ էտի և ձևավորման նոր ձևերով, բույսերի սնուցումների տարբեր եղանակներով և այլն, որն այգու լրիվ բերքատվության մեջ մտնելուց հետո ապահովում է միավոր տարածքից առավելագույն բերքի ստացումը: Ծրագրի շրջանակում հիմնված այգին կամ հատապտղանոցը պետք է ապահովված լինի կաթիլային ոռոգման համակարգով:

14. Մեկ հեկտար ինտենսիվ պտղատու այգում բույսերի նվազագույն թիվը, ըստ պտղատեսակների, ներկայացվում է N 2 աղյուսակում:

       

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

       

15. Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) իրականացման նպատակն է՝

1) այգետնկումների խթանմամբ հանրապետությունում պտղաբուծության և խաղողագործության զարգացումը.

2) խաղողի, պտղի և հատապտղի արտադրության ծավալների ավելացումը.

3) պտուղների և հատապտուղների ներմուծման փոխարինումը և արտահանման ծավալների ավելացումը:

16. Նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները՝

1) այգիների հիմնման խոչընդոտների գնահատումը և դրանց մեղմման հնարավորությունների օգտագործումը.

2) այգիների պահանջարկի գնահատումը, որը կբացահայտվի ծրագրի շրջանակում.

3) այգիների հիմնման համար պահանջվող վարկային միջոցների և վարկի տոկոսի սուբսիդավորվող մասի գնահատումը.

4) գյուղատնտեսությունում այգիներ հիմնելու համար մատչելի վարկավորման և գումարային փոխհատուցման մեխանիզմների առաջադրումը.

5) հանրապետությունում ներդրվող այգիների տեսակների հստակեցումը.

6) այգիների հիմնման գործընթացում վարկերի սուբսիդավորման ձևի հստակեցումը.

7) այգիների հիմնման ժամանակ կատարված ծախսերի փոխհատուցման չափի, ձևի և տրամադրման մեխանիզմի հստակեցումը.

8) ծրագրի մոնիթորինգի իրականացման մեխանիզմի առաջադրումը.

9) ծրագրի ռիսկերի գնահատումը:

    

ԾՐԱԳՐԻ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ

    

17. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

18. Ծրագրի շրջանակում 2019-2023 թվականներին տարեկան 100 հա այգետնկումներ կատարելու նպատակով պետական աջակցություն է տրամադրվում 0.5-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու այգիների և խաղողանոցների, ինչպես նաև 0.5-ից 3 հեկտար հատապտղանոցների հիմնման նպատակով:

19. Ծրագրի շրջանակում տրամադրված պետական օժանդակության միջոցով չի նախատեսվում հողի ձեռքբերում:

    

ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

    

20. Ծրագրի մասնակիցներն են՝

1) շահառուն՝ այգու հիմնման համար սույն ծրագրի պայմաններին համապատասխան ծրագրին մասնակից բանկի կամ վարկային կազմակերպության հետ պայմանագիր կնքած գյուղատնտեսությունում տնտեսավարողներ (ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներ (այսուհետ՝ կոոպերատիվներ) կամ սեփական և այլ միջոցներով այգի հիմնող գյուղատնտեսությունում տնտեսավարողներ.

2) ցանկացած բանկ կամ վարկային կազմակերպություն (այսուհետ՝ ֆինանսական կառույց) սույն ծրագրի պայմաններին համապատասխան վարկ է տրամադրում տնտեսավարողներին և բավարարում է ծրագրի պահանջները.

3) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ՝ ԳՖԿ).

4) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).

5) կապալառուն՝ ծրագրի շրջանակներում այգու ամբողջական հիմնումն իրականացնող իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց, որն ընդգրկված է նախարարության կողմից հրապարակված ցանկում:

     

ԾՐԱԳՐԻ ԲՅՈՒՋԵՆ

      

21. Ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն է:

22. Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին աջակցություն ցուցաբերել այգիների հիմնմանը` կիրառելով, ըստ շահառուի հայեցողության, նշված տարբերակներից որևէ մեկը`

1) սուբսիդավորել այգիների հիմնման և առաջին տարվա խնամքի ծախսերին ուղղված վարկերի տոկոսադրույքը.

2) փոխհատուցել այգի հիմնող շահառուների կողմից կատարված հիմնման ծախսերը՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի։

23. Վարկի տոկոսի սուբսիդավորում՝

1) վարկերի տոկոսադրույքը սուբսիդավորվում է այնպիսի չափաքանակով, որ՝

ա. շահառուին վարկը տրամադրվի 2 % տոկոսադրույքով,

բ. սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին և կոոպերատիվներին վարկը տրամադրվի 0 % տոկոսադրույքով։ Սույն կետով սահմանամերձ համայնքների տնտեսավարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների տնտեսավարողները, իսկ կոոպերատիվներն առնվազն 3 հա այգի հիմնող գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներն են.

2) վարկերի տրամադրման պայմանները՝

ա. տոկոսադրույք՝ առավելագույնը 12 %,

բ. սուբսիդավորումն իրականացվելու է այնպիսի չափաքանակով, որ վարկերը շահառուներին տրամադրվեն 2 % տոկոսադրույքով, իսկ սահամանամերձ համայնքների տնտեսավարողներին և կոոպերատիվներին՝ 0 %, վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների այլ վճարներ չեն նախատեսվում,

գ. մարման ժամկետ՝ 8 տարի,

դ. արտոնյալ ժամանակահատված՝ 5 տարի,

ե. վարկի մարման գործընթացն իրականացվում է մայր գումարի ամսական վճարման եղանակով, վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի հաշվով,

զ. վարկառուի կողմից վարկի մայր գումարի ժամկետից շուտ կատարված մարումների համար ֆինանսական կառույցի կողմից տույժ և տուգանք չի հաշվարկվում ու չի գանձվում.

3) յուրաքանչյուր շահառուի համար սահմանված այգիների տարածքի նվազագույն և առավելագույն սահմանաչափեր՝

ա. խաղողի այգի՝ 0.5-10 հա,

բ. ինտենսիվ պտղատու այգի՝ 0.5-10 հա,

գ. հատապտղանոց՝ 0.5 – 3 հա.

4) յուրաքանչյուր շահառուի համար սահմանված մեկ հեկտար այգեհիմնման աշխատանքների և 1 տարվա խնամքի ծախսերի առավելագույն սահմանաչափերը կարկտապաշտպան ցանցով (շահառուի հայեցողությամբ) և առանց դրա՝

ա. եթե այգեհիմնումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը՝

● խաղողի այգի՝ 10.8 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 14.4 մլն դրամ,

● ինտենսիվ պտղատու այգի՝ 18.7 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 24.8 մլն դրամ,

●հատապտղանոց՝ 23.2 մլն դրամ, կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ,

բ. եթե այգեհիմնումն իրականացնում է շահառուն՝

● խաղողի այգի՝ 8.6 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 11.5 մլն դրամ,

● ինտենսիվ պտղատու այգի՝ 14.9 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 19.8 մլն դրամ,

● հատապտղանոց՝ 18.6 մլն դրամ, կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ.

5) յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկերի առավելագույն գումարը՝

ա. եթե այգեհիմնումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը՝

● խաղողի այգի՝ 108 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 144 մլն դրամ,

● ինտենսիվ պտղատու այգի՝ 187 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 248 մլն դրամ,

● հատապտղանոց՝ 69.6 մլն դրամ, կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ,

բ. եթե այգեհիմնումն իրականացնում է շահառուն՝

● խաղողի այգի՝ 86 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 115․2 մլն դրամ,

● ինտենսիվ պտղատու այգի՝ 149 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 198 մլն դրամ,

● հատապտղանոց՝ 55.8 մլն դրամ, կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ:

24. Այգի հիմնող շահառուների կողմից կատարված հիմնման ծախսերի փոխհատուցում (այս տարբերակով նախատեսված չեն 1 տարվա խնամքի ծախսեր՝ փոխհատուցման տրամադրման մեխանիզմը պարզեցնելու և գումարի վերադարձը մեկ տարով չհետաձգելու նպատակով)՝

1) ծախսերի փոխհատուցումն իրականացվում է հետևյալ սահմանաչափերով՝

ա. շահառուների համար՝ կատարված հիմնման ծախսերի (առանց առաջին տարվա խնամքի ծախսերի) 40 %-ը,

բ. սահմանամերձ համայնքներում այգեհիմնում իրականացնող շահառուների կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվների համար` ծախսերի 50 %-ը՝ առանց առաջին տարվա խնամքի ծախսերի.

2) յուրաքանչյուր շահառուի համար սահմանված այգիների տարածքի նվազագույն և առավելագույն սահմանաչափեր՝

ա. խաղողի այգի՝ 0.5-5 հա,

բ. ինտենսիվ պտղատու այգի՝ 0.5-3 հա,

գ. հատապտղանոց՝ 0.5 – 3 հա.

3) յուրաքանչյուր շահառուի համար սահմանված մեկ հեկտար այգեհիմնման աշխատանքների, առանց 1-ին տարվա խնամքի, առավելագույն սահմանաչափերը կարկտապաշտպան ցանցով (շահառուի հայեցողությամբ) և առանց դրա՝

ա. եթե այգեհիմնումն իրականացնում է կապալառու կազմակերպությունը՝

● խաղողի այգի՝ 8.3 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 11.9 մլն դրամ,

● ինտենսիվ պտղատու այգի՝ 15.4 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 21.5 մլն դրամ,

● հատապտղանոց՝ 17.6 մլն դրամ, կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ,

բ. եթե այգեհիմնումն իրականացնում է շահառուն՝

● խաղողի այգի՝ 6.7 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 9.58 մլն դրամ,

● ինտենսիվ պտղատու այգի՝ 11.7 մլն դրամ, կարկտապաշտպան ցանցով՝ 16.6 մլն դրամ,

● հատապտղանոց՝ 14 մլն դրամ, կարկտապաշտպան ցանց նախատեսված չէ:

 25. Ծրագրով նախատեսված պետական աջակցության կանխատեսվող ծախսերի ֆինանսական գնահատականի համար հիմք են ընդունվել հետևյալ գործոնները և կողմնորոշիչ հաշվարկները`

1) 2018 թվականին ինտենսիվ պտղատու այգու հիմնման համար երկու տնտեսավարողների տրամադրվել են 540.0 մլն դրամ ընդհանուր գումարով 12 % տոկոսադրույքով վարկեր, որոնց տոկոսադրույքի 7 տոկոսային կետի սուբսիդավորման համար 2019-2025 թվականներին կպահանջվի 160,650.0 հազ. դրամ, այդ թվում` 2019 թվականին` 37,800.0 հազ. դրամ.

2) ծրագրի հաշվարկների համար մեկ հեկտար խաղողանոցի, ինտենսիվ պտղատու այգու և հատապտղանոցի հիմնման և առաջին տարվա խնամքի ծախսերի առավելագույն չափերն ընտրվել են՝ հիմք ընդունելով ֆիլոքսերադիմացկուն խաղողի այգում, խնձորի այգում և հատապտղանոցում (ազնվամորի և մոշ) կատարվող պայմանական ծախսերը, որոնք ներկայացված են NN 4, 5 և 6 աղյուսակներում.

3) շահառուի ցանկությամբ ինտենսիվ պտղատու այգիների և խաղողանոցների հիմնման ծախսերում կարող են ներառվել նաև կարկտապաշտպան ցանցեր։

 26. Ծրագրով նախատեսված տարեկան 100 հա ինտենսիվ այգի հիմնելու նպատակով անհրաժեշտ է տարեկան 1,85 մլրդ դրամի ներդրում, որը 2019-2023 թվականների ընթացքում կկազմի շուրջ 9.25 մլրդ դրամ: Ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2019-2030 թվականների համար կտրամադրվի շուրջ 6.0 մլրդ դրամ, որից՝ 2019 թվականին՝ 241.14 մլն դրամ։ Ծրագրի իրականացման հետագա 2020-2025 թվականներին ֆինանսավորումը կիրականացվի յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում բյուջետային հայտերի հիման վրա տվյալ տարվա համար անհրաժեշտ չափով գումար հատկացնելու միջոցով: Ըստ տարիների վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման և ծախսերի փոխհատուցման համար պահանջվող ֆինանսական միջոցների չափերը ներկայացված են N 3 աղյուսակում: Ծրագրի բյուջեն գնահատելու նպատակով կատարվել է պայմանական բաշխում, որի համաձայն 10 հա այգեհիմնումը կկատարվի ծախսերի փոխհատուցման տարբերակով, իսկ 90 հա՝ վարկերի տոկոսի սուբսիդավորման։

27. 2018 թվականին ինտենսիվ պտղատու այգու հիմնման համար տրամադրված վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը հաշվի առնելով՝ ընդհանուր պետական օժանդակությունը 2019 թվականի համար կկազմի 278.94 մլն դրամ, իսկ 2019-2023 թվականների համար՝ 6.16 մլրդ դրամ։

28. Պետական աջակցությունը կմեղմի 0.5-ից 10 հեկտար այգիներ և 0.5-ից 3 հեկտար հատապտղանոց հիմնող տնտեսավարողների ֆինանսական ծանրաբեռնվածությունը:

29. Շահառուի կողմից ներկայացված հաշվարկներում սույն ծրագրի 22-րդ կետում սահմանված 1 հա-ի հիմնման առավելագույն սահմանաչափերը գերազանցելու դեպքում վարկավորումը կամ փոխհատուցումն իրականացվում է սույն ծրագրի 22-րդ կետով սահմանված առավելագույն սահմանաչափերով։

30. Յուրաքանչյուր շահառու՝

1) կարող է օգտվել պետական օժանդակության միայն մեկ տարբերակից.

2) նույն հողակտորի վրա այգեհիմնման հետ կապված նույն աշխատանքներն իրականացնելու նպատակով չի կարող օգտվել նախարարության կողմից իրականացվող այլ պետական օժանդակության ծրագրերից։

   

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ

      

31. Ծրագրի շրջանակում այգիների և հատապտղանոցների հիմնման աշխատանքները կարող են իրականացվել հետևյալ տարբերակներով՝

1) կապալառու կազմակերպության կողմից՝ պայմանագրային հիմունքներով՝

 ա. կապալառու կազմակերպությունը կիրականացնի հիմնական (կաթիլային ոռոգման համակարգ, տնկանյութ, կարկտապաշտպան ցանց (եթե ներդրվում է) միջոցների մատակարարումը, այգու հիմնման, կաթիլային ոռոգման համակարգի և կարկտապաշտպան ցանցի (եթե ներդրվում է) տեղակայման (մոնտաժման) աշխատանքները,

 բ. կապալառու կազմակերպությունը շահառուին առնվազն մեկ տարի կմատուցի անվճար խորհրդատվություն կաթիլային ոռոգման համակարգի և կարկտապաշտպան ցանցի օգտագործման և սպասարկման ուղղությամբ, կիրականացնի դրա երաշխիքային սպասարկում` առնվազն մեկ տարի ժամկետով.

2) շահառուի կողմից:

 32. Ծրագրով նախատեսված աջակցությունը տրվում է միայն սույն ծրագիրն ուժի մեջ մտնելուց հետո կատարված ձեռքբերումների և աշխատանքների համար:

 33. Այգիների հիմնման համար ծրագրի շրջանակում վարկի տրամադրման գործընթացի իրականացումը՝

1) վարկավորման գործընթացը նախաձեռնում են շահառուները` դիմելով ֆինանսական կառույցին վարկավորում ստանալու համար.

2) ֆինասական կառույցի կողմից շահառուին տրամադրվող վարկով նախատեսված գումարն անկանխիկ եղանակով, փուլ առ փուլ կամ միանվագ փոխանցում է շահառուի համապատասխան հաշվին:

34. Այգիների հիմնման համար տրամադրվող վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացի իրականացումը՝

1) այգիների հիմնման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները, որոնք սույն ծրագրի պայմաններին համապատասխան տրամադրում են վարկեր.

2) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ-ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին՝ տվյալ ֆինանսական կառույցի հայտերի հիման վրա: Հայտի բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով։ Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է ԳՖԿ-ն՝ համաձայնեցնելով նախարարության հետ.

3) ֆինանսական կառույցը վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ՝ ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն պարտավոր է հայտն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում բավարարել հայտը և վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցել համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին, եթե հայտը բավարարում է ծրագրի պահանջները.

4) ֆինանսական կառույցը ԳՖԿ-ին է տրամադրում սույն ծրագրի 38-րդ կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև այգու 1-ին տարվա խնամքի ծախսերը հիմնավորող համապատասխան փաստաթղթերը։

35. Այգիների հիմնման համար տրամադրված վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը կարող է դադարեցվել՝

1) եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ վարկատուի հանդեպ կամ վարկատուի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով, վարկերի դասակարգման գործող կարգի համաձայն, վարկն ստանդարտ դասով դասակարգված չէ.

2) եթե չեն պահպանվում ծրագրով սահմանված պահանջները, կամ չեն պահպանվել վարկի տրամադրման պայմանները, կամ նախարարությունը մոնիթորինգի արդյունքում հայտնաբերում է սույն ծրագրի պայմանների խախտում.

3) վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման և կեղծ տեղեկատվություն տրամադրելու դեպքերում մինչ այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը ենթակա է վերադարձման (սուբսիդավորված գումարի վերադարձը ԳՖԿ-ին իրականացնում է ֆինանսական կառույցը): Նշված մնացած դեպքերում, ինչպես նաև շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում վարկի սուբսիդավորումը դադարեցվում է տվյալ վարկի մարման ժամանակացույցով սահմանված վարկի նախորդ մարման օրվանից սկսած:

36. Շահառուն, ծրագրի փոխհատուցման բաղադրիչով փոխհատուցում ստանալու ակնկալիքով, մինչև այգու հիմնումն էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով տեղեկատվություն այգու տեղի, չափերի ու տեսակի վերաբերյալ, ինչպես նաև այգեհիմնման ծախսերի համապատասխան հաշվարկներ:

37. Նախարարության համապատասխան ստորաբաժանումները դիմումն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացված տեղեկատվության համաձայն ուսումնասիրում են այգու տեղանքը, հողի օգտագործման իրավունքը հավստիացնող փաստաթղթի առկայությունը և համապատասխանության կամ անհամապատասխանության մասին տեղեկացնում շահառուին: Նախարարության համապատասխան ստորաբաժանումը հաշվառում է դրական պատասխան ստացված շահառուների դիմումները:

38. Այգու հիմնման աշխատանքների ավարտից հետո 37-րդ կետում նշված ընթացակարգով հաշվառված շահառուն փոխհատուցում ստանալու նպատակով էլեկտրոնային կամ թղթային տարբերակով դիմում է նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1) կաթիլային ոռոգման համակարգի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը և տեղակայման ծախսերը հիմնավորող փաստաթղթերի կամ կապալառու կազմակերպության հետ պայմանագրի պատճենը և վճարման անդորրագիրը, եթե այգեհիմնումն իրականացվել է կապալառու կազմակերպության միջոցով.

2) տնկանյութի ծագումը և որակը հավաստող փաստաթղթի (հավաստագիր), բուսասանիտարական հավաստագրի պատճենները և ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը,

3) այգեհիմնման աշխատանքների ծախսերը հիմնավորող փաստաթղթերը կամ կապալառու կազմակերպության հետ պայմանագրի պատճենը և վճարման անդորրագիրը, եթե այգեհիմնումն իրականացվել է կապալառու կազմակերպության միջոցով.

4) եթե տեղադրվել են կարկտապաշտպան ցանցեր, ապա դրանց ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը և տեղակայման ծախսերը հիմնավորող փաստաթղթերը կամ կապալառու կազմակերպության հետ պայմանագրի պատճենը և վճարման անդորրագիրը, եթե այգեհիմնումն իրականացվել է կապալառու կազմակերպության միջոցով:

39. Նախարարության համապատասխան ստորաբաժանումները դիմումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված փաստաթղթերն ու տեղեկատվությունը (դիտարկումներ այգու տարածքում) և տեղեկացնում են շահառուին փոխհատուցման տրամադրման կամ փոխհատուցման մերժման մասին:

40. Փոխհատուցման մերժման հիմք է հանդիսանում՝

1) շահառուի կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրելը.

2) ծրագրով սահմանված պահանջները չպահպանելը կամ նախարարությունը մոնիթորինգի արդյունքում հայտնաբերել է սույն ծրագրի պայմանների խախտում:

41. Փոխհատուցման ենթակա գումարը փոխանցվում է շահառուի հաշվեհամարին համապատասխան պայմանագրի կնքումից հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

    

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

       

42. Ծրագրի իրականացումից ակնկալվում են ինչպես քանակական, այնպես էլ որակական արդյունքներ։ Մասնավորապես, ծրագրով նախատեսված թիրախային քանակությունն ապահովվելու դեպքում առաջիկա 8 տարում ակնկալվում են հետևյալ արդյունքները`

1) քանակական

ա. կխթանի նոր այգիների հիմնման գործընթացը, տարեկան շուրջ 100 հեկտարով կավելանան այգիների տարածքները (հիմնվող ինտենսիվ պտղատու այգիների, խաղողանոցների և հատապտղանոցների տեսակից կախված՝ հնարավոր է ցուցանիշի մինչև 35-40 % փոփոխություն),

բ. ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր տարի շահառուների այգիներից ստացած տարեկան եկամուտը կկազմի շուրջ 5.5 մլրդ դրամ,

գ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերի ավելացում` տարեկան ներդրվող գումարի առնվազն 17 %-ի չափով` ավելացված արժեքի (նախատեսվող գումարի շուրջ 60 %-ը ներդրվող սարքավորումներն են ու տնկանյութը) և շրջանառության (առնվազն` 5 %) հարկերի տեսքով, ինչպես նաև, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման շնորհիվ, եկամտահարկի տեսքով.

2) որակական

ա. հին ցածր բերքատու այգիներին կփոխարինեն բարձր բերքատու, թարմ սպառման (արտահանման) և վերամշակող ընկերությունների պահանջներին համապատասխանող սորտերի այգիները,

բ. կբարձրանա այգեգործության ոլորտի ներդրումային գրավչությունը,

գ. համայնքներում կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր,

դ. էականորեն կնվազեն բանկերի և վարկային կազմակերպությունների ռիսկերը,

ե. ծրագրի մասնակից տնտեսավարողների (ֆերմերի) ֆինանսական և սոցիալական վիճակի բարելավում, վճարունակության բարձրացում:

         

ԱՐԴՅՈՒՆՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

       

Ցուցանիշի անվանումը

Խաղողի, ինտենսիվ պտղատու և հատապտղատու այգետարածքների ավելացում

Համառոտ նկարագրությունը

Ծրագրով նախատեսված է 2019-2023 թթ.-ին տարեկան շուրջ 100 հեկտար այգիների հիմնման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորում և այգեհիմնման համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցում։ Ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին վարկերը տրամադրվելու են 8 տարի ժամկետով, տարեկան 2 %-ով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ առնվազն 3 հա այգի հիմնող կոոպերատիվներին` 0 % տոկոսադրույքով, կամ շահառուին կտրամադրվի ծախսերի մասնակի փոխհատուցում այգու հիմնման փաստացի կատարված ծախսերի 40 տոկոսի չափով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին և կոոպերատիվներին՝ 50 %-ի չափով:

Նպատակը/ կարևորությունը

Այգիների տարածքների շուրջ 100 հեկտարով ավելացման արդյունքում ակնկալվում է այդ այգիների բերքատվության աճ՝ ներկայիս ավանդական այգիների համեմատությամբ առնվազն երկու անգամ։ Նոր հիմնված 100 հեկտար այգիներում կաթիլային ոռոգման համակարգի օգտագործման շնորհիվ ջրի խնայողությունը կկազմի շուրջ 50 % : Ոռոգման համակարգով բույսերի սնուցման շնորհիվ կնվազի այգիներում մոլախոտերի դեմ պայքարի անհրաժեշտությունը:

Տեղեկատվության հավաքագրումը/ աղբյուրը

Տեղեկատվությունն ակնկալվում է ստանալ ինչպես ԳՖԿ-ից և ֆինանսական կառույցներից, այնպես էլ նախարարության համապատասխան ստորաբաժանումների մասնագետների կողմից կատարվելիք հարցումների ու դիտարկումների արդյունքում: Տեղեկատվությունը հավաքագրվելու և վերլուծվելու է ծրագրի իրականացման համար պատասխանտու ստորաբաժանման կողմից:

Հաշվարկման մեթոդը

Ծրագրի շրջանակներում հիմնված այգիների տարածքները հաշվարկվում են տարածքի չափագրման հիման վրա ներկայացված տեղեկատվության համաձայն: Ինտենսիվության ցուցանիշը ճշտելու համար հաշվարկվում է մեկ հեկտար տարածության վրա առկա տնկիների թիվը:

Տեղեկատվության սահմանափակումները

Սահմանափակումը գործնականում բացակայում է:

Ցուցանիշի տեսակը

Ցուցանիշը չափում է ծրագրի իրականացման ուղղակի արդյունքը:

Չափման միավորը

Հեկտար

Ներկայացնելու եղանակը

Կատարողականները ներկայացվում են եռամսյակային կուտակային եղանակով

Հաշվետվողականության ցիկլը

Ամսական

Թույլատրելի շեղումը

Թիրախային մակարդակի համեմատ փաստացի ցուցանիշների՝ մինչև 35-40 տոկոսային կետով շեղումը համարվում է թույլատրելի՝ կախված հիմնված այգիների տեսակային կազմից:

Պատասխանատվությունը

Տեղեկատվության ձեռքբերման և հաշվետվողականության համար պատասխանատու են ԳՖԿ-ն և նախարարությունը (համապատասխան ստորաբաժանումը):

    

ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 

              

43. Ծրագրի մոնիթորինգն իրականացնում է նախարարության համապատասխան ստորաբաժանումը:

44. Ծրագրի շրջանակներում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների շտեմարան, որը ներառում է ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները:

45. Վարկի տրամադրումից 2 ամիս անց ֆինանսական կառույցի կողմից իրականացվում է նպատակային մոնիթորինգ, իսկ տարեկան առնվազն մեկ անգամ՝ ֆինանսական մոնիթորինգ:

46. Ֆինանսական կառույցը ԳՖԿ-ի և ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով սահմանված ձևով հաշվետվություն է ներկայացնում ԳՖԿ-ին:

47. Վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ներկայացված կեղծ տեղեկատվության ի հայտ գալու դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է վարկառուի գործող վարկը հանել վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից և միակողմանիորեն փոփոխել վարկի տոկոսադրույքը՝ կիրառելով տվյալ ֆինանսական կառույցում գործող գյուղատնտեսական կամ բիզնես վարկերի համար սահմանված ավելի բարձր տոկոսադրույք:

48. ԳՖԿ-ն պարտավոր է առնվազն յուրաքանչյուր 30 օրը մեկ անգամ հաշվետվություն ներկայացնել նախարարություն:

49. Հաշվետվությունը պետք է պարունակի մանրամասն տեղեկատվություն ծրագրի ընթացքի մասին, այդ թվում՝

1) վարկերի մասին՝ ըստ մարզերի համայնքների շահառուների, ըստ շահառուների վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարի, հիմնված այգիների և հատապտղանոցների տարածքի, տեսակի մասին.

2) առաջարկություններ ծրագրի պայմանների բարելավման կամ կատարելագործման վերաբերյալ և այլն:

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ

 

50. Ծրագրի իրականացման հնարավոր ռիսկերն են`

1) անբարենպաստ կլիմայական պայմանների (ձմռան երկարատև սառնամանիքներ, գարնանային ցրտահարություն, փոթորիկ) հետևանքով տրամադրված վարկային ռեսուրսների մայր գումարի վերադարձելիության և տոկոսադրույքի վճարման անհնարինությունը.

2) նախատեսված վարկային ռեսուրսների ոչ ամբողջական տեղաբաշխման հետևանքով վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նախատեսված գումարներին համարժեք հայտերի բացակայությունը.

3) տարբեր գործոններով պայմանավորված՝ շահառուների (վարկառուների) ակնկալվող եկամուտների ցածր մակարդակը՝ պայմանավորված, օրինակ, բերքի շուկայական գնի հնարավոր անկումով.

4) ֆինանսական կառույցների կողմից ոչ մատչելի պայմանների առաջադրումը.

5) այգիների հիմնման՝ նախատեսվածից ավելի մեծ պահանջարկը:

51. Ռիսկերի մեղմման հնարավորություններն են՝

1) ծրագրի շրջանակներում այգիների հիմնման նպատակով տոկոսադրույքի սուբսիդավորման և հիմնման ծախսերի մասնակի փոխհատուցման պայմանագրում մատչելի մեխանիզմների առաջադրումը.

2) այգիների հիմնման համար անհրաժեշտ տնկանյութի կաթիլային ոռոգման համակարգի և դրանց մոնտաժման դետալների տեղական արտադրության կազմակերպումը:

       

Աղյուսակ N 1

      

Հայաստանի Հանրապետությունում պտղաբուծության զարգացման միտումները 1991-2017 թվականներին

     

Տարեթիվը

Տարածությունը
(հազ. հա)

Համախառն բերքը
հազ. տոննա

Բերքատվությունը ց/հա

ընդամենը

այդ թվում՝ բերքատու հասակի

ընդամենը

այդ թվում՝ բերքատու տարածքից

1991 թ.

45.4

35.1

166.7

164.3

46.8

1998 թ.

21.6

20.7

126.7

125.4

60.5

2008 թ.

36.7

31.2

317.8

315.8

101.2

2011 թ.

37.1

32.4

239.4

238.4

73.5

2012 թ.

39.3

34.1

331.7

330.9

97.0

2013 թ.

40.2

35.5

338.1

337.5

95.0

2014 թ.

40.1

36.0

291.0

290.8

80.8

2015 թ.

40.5

36.7

386.5

384.1

104.7

2016 թ.

40.5

36.6

242.6

241.9

66.1

2017 թ.

42.3

38.7

361.6

361.5

93.5

     

Աղյուսակ N 2

   

ՄԵԿ հեկտար ինտենսիվ պտղատու այգում բույսերի նվազագույն թիվն ըստ պտղատեսակների  

      

Պտղատեսակը

Ծառերի նվազագույն թիվը
(հատ)

Ծիրանենի

600

Դեղձենի

1000

Սալորենի և շլորենի

1000

Կեռասենի

800

Բալենի

1200

Նշենի

1000

Նեկտարին

1000

Խնձորենի

1200

Տանձենի

1200

Սերկևիլենի

1200

Ընկուզենի

300

Տխլենի

1200

Պիստակենի

500

Արևելյան խուրմա

800

Թզենի

1500

Նռնենի

1500

                

Աղյուսակ N 3

      

Տարեկան 100 հա այգեհիմնման 2019-2023 թթ. Ծրագրի պետական աջակցության համար պահանջվող ֆինանսական միջոցները՝ ըստ տարիների

          

Տարեթիվը

Անհրաժեշտ ներդրումը

Տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը

Ծախսերի փոխհատու-ցումը

Ընդամենը՝ պետական օժանդակություն 2019-2023 թթ. ծրագրի

2018 թ.-ին տրամադրված վարկերի տոկոսադր․ սուբսիդավո-րումը

Ընդամենը՝ պետական օժանդակու-թյունը

2019 թ.

1,850,794,200

174,022,200

67,117,680

241,139,880

37,800,000

278,939,880

2020 թ.

1,850,794,200

348,044,400

67,117,680

415,162,080

36,225,000

451,387,080

2021 թ.

1,850,794,200

522,066,600

67,117,680

589,184,280

29,925,000

619,109,280

2022 թ.

1,850,794,200

696,088,800

67,117,680

763,206,480

23,625,000

786,831,480

2023 թ.

1,850,794,200

870,111,000

67,117,680

937,228,680

17,325,000

954,553,680

2024 թ.

-

843,524,275

-

843,524,275

11,025,000

854,549,275

2025 թ.

 -

758,930,150

-

758,930,150

4,725,000

763,655,150

2026 թ.

 -

591,107,000

-

591,107,000

-

591,107,000

2027 թ.

 -

442,306,425

-

442,306,425

 -

442,306,425

2028 թ.

 -

268,284,225

-

268,284,225

 -

268,284,225

2029 թ.

 -

120,848,750

-

120,848,750

 -

120,848,750

2030 թ.

 -

31,420,675

-

31,420,675

 -

31,420,675

Ընդամենը

9,253,971,000

5,666,754,500

335,588,400

6,002,342,900

160,650,000

6,162,992,900

      

Աղյուսակ N 4

 

Հ ա շ վ ա ր կ

       

ՄԵԿ հեկտար խնձորենու ինտենսիվ այգու հիմնման (առանց կարկտապաշտպան ցանցի) ԵՎ 1-ին տարվա խնամքի աշխատանքների համար պահանջվող ծախսերի (Տնկման սխեման 3.5 x 0.8 մ)

   

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ֆիզիկական ծավալները

Միավորի արժեքը
(դրամ)

Ընդամենը՝ ծախսեր (դրամ)

Խոր վար

հա

1

40000

40,000

Չիզել

հա

1

25000

25,000

Քարհավաք

հա

1

120000

120,000

Հողամասի տեղաձևում

հա

1

100000

100,000

Տնկման փոսերի հորատում

հատ

3570

220

785,400

Տնկանյութի արժեք

հատ

3570

2500

8,925,000

Տնկանյութի նախապատրաստում և տեղափոխում

հատ

3570

30

107,100

Հողախառնուրդի պատրաստում և տեղափոխում

մ3

40

2000

80,000

Շպալերայի հիմնում

հա

1

 

2,430,000

Ջրում

հազ. մ3

2.5

11000

27,500

Կաթիլային ոռոգման համակարգն սպասարկող բանվոր՝ 8 ամիս, կամ ջրվորի աշխատավարձ

ամիս

8

120000

960,000

Միջբնային տարածություններ, քաղհան-փխրեցում ձեռքով (4 անգամ)

հա

4

150000

600,000

Միջշարային տարածությունների կուլտիվացիա (4 անգամ)

հա

4

30000

120,000

Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ (10 անգամ)

հա

10

15000

150,000

Թունանյութեր

     

375,000

Բիոհումուս

տ

20

80000

600,000

Ամոնիակային սելիտրա

կգ

50

120

6,000

Սուպերֆոսֆատ

կգ

120

140

16,800

Կալիումական աղ

կգ

50

140

7,000

Լուծելի համալիր պարարտանյութ՝ սնուցման համար

կգ

45

5000

225,000

Չնախատեսված այլ աշխատանքներ և ծախսեր՝
5 % (ծաղկաթափ, կանաչ հատումներ, կապ և այլն)

     

800,000

Կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում (ներառյալ պոմպակայանը)

     

2,200,000

Ընդամենը՝ ծախսեր այգու հիմնման և 1-ին տարվա խնամքի համար

     

18,699,802

     

Աղյուսակ N 5

    

Հ ա շ վ ա ր կ

     

ՄԵԿ հեկտար խաղողի այգու հիմնման ԵՎ 1-ին տարվա խնամքի ծախսերի (Տնկման սխեման 2.7 x 1.35 մ)

       

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ֆիզիկական ծավալները

Միավորի արժեքը
(դրամ)

Ընդամենը՝ ծախսեր
(դրամ)

Խոր վար

հա

1

40000

40,000

Չիզել

հա

1

25000

25,000

Քարհավաք

հա

1

120000

120,000

Հողամասի տեղաձևում

հա

1

100000

100,000

Տնկման փոսերի հորատում

հատ

2750

220

605,000

Տնկանյութի արժեք

հատ

2750

800

2,200,000

Տնկանյութի նախապատրաստում և տեղափոխում

հատ

2750

20

55,000

Հողախառնուրդի պատրաստում և տեղափոխում

մ3

30

2000

60,000

Շպալերայի հիմնում

հա

1

 

2,600,000

Ջրում

հազ. մ3

9

11000

99,000

Կաթիլային ոռոգման համակարգն սպասարկող բանվոր` 8 ամիս, կամ ջրվորի աշխատավարձ

ամիս

8

120000

960,000

Միջբնային տարածություններ, քաղհան-փխրեցում ձեռքով (4 անգամ)

հա

4

150000

600,000

Միջշարային տարածությունների կուլտիվացիա (2 անգամ)

հա

2

30000

60,000

Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ (3 անգամ)

հա

3

15000

45,000

Թունանյութեր

     

100,000

Բիոհումուս

տ

4

80000

320,000

Ամոնիակային սելիտրա

կգ

50

120

6,000

Սուպերֆոսֆատ

կգ

120

140

16,800

Կալիումական աղ

կգ

50

140

7,000

Լուծելի համալիր պարարտանյութ` սնուցման համար

կգ

10

5000

50,000

Այգեթաղ

մարդ/օր

10

5000

50,000

Կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում (ներառյալ պոմպակայանը)

հա

   

2,200,000

Չնախատեսված այլ աշխատանքներ և ծախսեր

     

515,940

Ընդամենը՝ ծախսեր այգու հիմնման և 1-ին տարվա խնամքի համար

     

10,834,740

Աղյուսակ N 6

     

Հ ա շ վ ա ր կ

        

1 հա ազնվամորու ԵՎ մոշի այգիների հիմնման ԵՎ առաջին տարվա խնամքի ծախսերի

 

Աշխատանքի անվանումը

Չափի միավորը

Ֆիզիկական ծավալները

Միավորի արժեքը
(դրամ)

Ընդամենը՝ ծախսեր
(հազ. դրամ)

Խոր վար

հա

1

40000

40.0

Չիզել

հա

1

25000

25.0

Քարհավաք

հա

1

120000

120.0

Հողամասի տեղաձևում

հա

1

100000

100.0

Տնկանյութի արժեք

հատ

9000

750

6750.0

Մարգերի պատրաստում և տնկում

շարք

44

24000

1056.0

Թարմային համակարգ

հա

1

3840000

3840.0

Ջրում

հազ. մ3

2.25

11000

24.8

Մարգերի մուլչապատում

գծմ

4400

480

2112.0

Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ

հա

1

200000

200.0

Լուծելի համալիր պարարտանյութ` սնուցման համար

կգ

72

5000

360.0

Այլ պարարտանյութեր

կգ

200

320

64.0

Բերքահավաք

կգ

15000

100

1500.0

Խնամքի ծախսեր

մարդ/օր

140

4000

560.0

Չնախատեսված այլ աշխատանքներ և ծախսեր

հա

1

 

1494.65

Կաթիլային ոռոգման համակարգի տեղադրում (ներառյալ պոմպակայանը)

հա

1

5000000

5000.0

Ընդամենը՝ այգու հիմնման և 1-ին տարվա խնամքի համար

     

23,246.45

              

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան