Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.09.2017-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
06.09.2017
Подписан
Նախագահող
Дата подписания
06.09.2017
Дата вступления в силу
06.09.2017

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/3062/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/3062/02/15

2017թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ռ. Հակոբյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի սեպտեմբերի 06-ին

քննարկելով Սամվել Փարյանի ներկայացուցիչ Աննա Տոնոյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Անահիտ Սահակյանի ընդդեմ Սամվել Փարյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.05.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու պահանջի մասին,

                                                     

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Անահիտ Սահակյանը պահանջել է Սամվել Փարյանից  բռնագանձել ալիմենտ՝ որպես իրենց երեխայի` Սերգեյ Փարյանի (ծնված՝ 21.05.1998 թվականին) ապրուստի միջոց՝ ամենամսյա կայուն 50.000 ՀՀ դրամի չափով, բռնագանձումը կատարել դատարան դիմելու պահին նախորդող երեք տարիների համար, ինչպես նաև բռնագանձել 80.000 ՀՀ դրամ` որպես դատական ծախս:

Երևանի  Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Պետրոսյան)  (այսուհետ` Դատարան) 01.12.2015 թվականի  վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է Սամվել Փարյանից բռնագանձել կայուն դրամական գումարով ալիմենտ` ամսական 50.000 ՀՀ դրամի չափով, բռնագանձումը սկսել դատարան դիմելու օրվանից` 10.07.2015 թվականից մինչև երեխայի չափահաս դառնալը, ինչպես նաև բռնագանձել 80.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար. մնացած մասով հայցը մերժել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր՝ Գ. Խանդանյան, դատավորներ՝ Ս. Միքայելյան, Հ. Ենոքյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.02.2016 թվականի որոշմամբ Սամվել Փարյանի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ, մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.05.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 26.02.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Սամվել Փարյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամվել Փարյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Սամվել Փարյանի կողմից Դատարանի 01.12.2015 թվականի վճռի դեմ դատավարական ժամկետի բաց թողումով ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ Դատարանի  01.12.2015 թվականի վճիռը հրապարակման պահից 1 ամիս և 15 օր ուշացմամբ ստանալու պատճառով, որի վերաբերյալ Սամվել Փարյանի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է փոստային ծրարի բնօրինակը: ՀՀ վերաքննիչ դատարանը, 26.02.2016 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելով, պատճառաբանել է, որ ‹‹…վերաքննիչ բողոքը ներկայացվել է 22.02.2016 թվականին՝ օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո  և ի խախտումն  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի` չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ուստի վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման››:

ՀՀ սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի ՍԴՈ-1290 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետը ճանաչվել է (2015 թվականի խմբագրությամբ) ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով` վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն, ինչը, որպես նոր հանգամանք, հիմք է Վերաքննիչ դատարանի 26.02.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով «բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի 26.02.2016 թվականի որոշումը և ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, ինչը  հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն՝ Վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ  հոդվածի պահանջները.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը (…):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, 26.02.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ վերադարձնելով Սամվել Փարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2015 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 05.02.2016 թվականին` օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո, և ի խախտումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի` չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն: Վերը նշված խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված է որպես հիմք` վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար: Ընդ որում, տվյալ դեպքում բողոք բերած անձը չի կարող օգտվել երկշաբաթյա ժամկետում խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգից»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.05.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 26.02.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Սամվել Փարյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի, 207-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է. «ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով (2015 թվականի խմբագրությամբ) նախատեսված՝ դատական պաշտպանության արդյունավետ միջոցների և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը, ի թիվս այլնի, կարող է ապահովվել այն դեպքերում, երբ առկա են բաց թողնված ժամկետի վերականգնման մասին միջնորդությունը վերադաս դատարանի կողմից պարտադիր քննության առարկա դարձնելու օրենսդրական երաշխիքներ: ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը (2015 թվականի խմբագրությամբ) սահմանում է. «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»: Սահմանադրության հիշատակված դրույթների համատեքստում վիճարկվող նորմի սահմանադրականությունը գնահատելիս անհրաժեշտ է հաշվի առնել բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու հնարավորություն թույլ չտալու հանգամանքը: Այդ իմաստով` Սահմանադրական դատարանը հիմնավոր է համարում դիմող և պատասխանող կողմերի մոտեցումն այն հարցում, որ [ՀՀ քաղաքացիական դատավարության] օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասով ամրագրված իրավակարգավորումն անձանց համար ստեղծում է դատարանի մատչելիության իրավունքի պաշտպանության խոչընդոտներ և չի հետապնդում որևէ իրավաչափ ողջամիտ նպատակ: Նման սահմանափակման անհամաչափությունն առավել ակնհայտ է դառնում [ՀՀ քաղաքացիական դատավարության] օրենսգրքի 210-րդ հոդվածով նախատեսված այլ հիմքերի հետ (օրինակ`բողոքաբերի կողմից պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելը, վերաքննիչ բողոքում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումներ չներկայացնելը, բողոքաբերի պահանջը չներկայացնելը, վերաքննիչ բողոքը չստորագրելը) համադրման պարագայում, որոնց դեպքում նախատեսվում է թույլ տրված խախտումը շտկելու և վերաքննիչ բողոքը վերստին ներկայացնելու հնարավորություն:…Կարևորելով քաղաքացիական գործերով դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը, համապատասխան օրենսդրական համալիր կանոնակարգումը, բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդությունների համար պատշաճ իրավակարգավորված ընթացակարգ նախատեսելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման բացով պայմանավորված՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու հնարավորության բացառումն իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել անձի՝ արդար դատաքննության և դատական պաշտպանության իրավունքների խախտման:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը որոշել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ [2015 թվականի խմբագրությամբ] Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր այն մասով, որ չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, ովքեր օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ ունեցել են այդ իրավունքը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ նույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կամ 5-րդ կետերի ուժով զրկված են եղել սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, ովքեր իրենց նկատմամբ կիրառված օրենքի դրույթի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ իրավունք ունեին այդ օրենքի դրույթի սահմանադրականության հարցով դիմելու ՀՀ սահմանադրական դատարան: Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ անձն իր հանդեպ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու իրավունք ունի այն դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելուց հետո վեց ամսվա ընթացքում, որով իր նկատմամբ կիրառվել է նշված օրենքի դրույթը:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի
2-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում հնարավոր է փաստել, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204
33-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

-       տվյալ դատական ակտով այդ անձանց հանդեպ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է ընդունել,

-       սպառվել են տվյալ դատական ակտի վիճարկման հնարավորությունները,

-       ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ չի լրացել տվյալ դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառվելու պահից հաշվարկվող վեցամսյա ժամկետը:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

-       Վերաքննիչ դատարանի 26.02.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ կիրառված օրենքի դրույթներից մեկը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետը՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 18.05.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ Վերաքննիչ դատարանի 26.02.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Սամվել Փարյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

-       ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.05.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վիճարկման հնարավորությունները սպառվել են. նշված որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ,

-       ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ` 28.06.2016 թվականին, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 18.05.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վիճարկման հնարավորությունները սպառվելու պահից` 18.05.2016 թվականից, հաշվարկվող վեցամսյա ժամկետը չի լրացել:

Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.31-րդ հոդվածի 2-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով ՀՀ սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետն այն մասով, որը չի նախատեսում բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորություն, (2015 թվականի խմբագրությամբ) ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի ‹‹Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին›› 18.05.2016  թվականի որոշման վերանայման հիմք, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանի նշված որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել Վերաքննիչ դատարանի 26.02.2016 թվականի որոշմամբ կիրառված իրավանորմը, իսկ այդ որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը 26.02.2016 թվականի որոշմամբ Սամվել Փարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձրել է հետևյալ հիմքերով.

I. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով, քանի որ վերաքննիչ բողոքը բերվել է օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո և չի պարունակում ժամկետի բացթողման պատճառը հարգելի համարելու և այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն,

II. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով, քանի որ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի     210-րդ հոդվածի պահանջներին, մասնավորապես՝ ըստ Վերաքննիչ դատարանի՝

1.    բողոք բերած անձը միջնորդել է իրեն ազատել պետական տուրքի վճարումից, սակայն Վերաքննիչ դատարանին չի ներկայացրել իր գույքային դրությունը հիմնավորող ապացույցներ, որպիսի պարագայում նշված միջնորդությունը մերժվել է,

2.    վերաքննիչ բողոքում չեն նշվել գործին մասնակցող անձանց անունները, դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվել է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը,

3.    վերաքննիչ բողոքը չի պարունակում նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության մասին,

4.    վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը գործին մասնակցող անձանց և դատական ակտ կայացրած դատարանին ուղարկելու փաստը հավաստող ապացույցները:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանը Սամվել Փարյանի վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ առանց բողոքում թույլ տրված խախտումը վերացնելու ժամկետի տրամադրման՝ հիմք ընդունելով բողոքը վերադարձնելու վերոնշյալ առաջին հիմքը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը, քանի որ նշված հիմքով բողոքը վերադարձնելու դեպքում անձը չի կարող օգտվել երկշաբաթյա ժամկետում խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու օրենքով սահմանված կարգից:

Նպատակ ունենալով վերականգնելու Սամվել Փարյանի խախտված սահմանադրական իրավունքը և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի ազդեցությունը սույն գործի քննության ընթացքի վրա՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Սամվել Փարյանի իրավունքը վերականգնելու համար վերջինս պետք է հնարավորություն ունենա բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո թույլ տրված խախտումը շտկելու և օրենքով սահմանված ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու: Ընդ որում, հենց այդ հնարավորության բացառումն է եղել խնդրո առարկա իրավանորմը հակասահմանադրական ճանաչելու պատճառը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշումը նոր հանգամանք է միայն Վերաքննիչ դատարանի 26.02.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման՝ Սամվել Փարյանի բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով վերադարձնելու մասը վերանայելու համար: Ինչ վերաբերում է Սամվել Փարյանի` պետական տուրքի վճարումից ազատելու միջնորդությունը մերժելուն և վերաքննիչ բողոքում առկա այլ թերությունների հիմքով այն վերադարձնելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ խախտումները վերաբերում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքին և գտնում է, որ այդ մասով Վերաքննիչ դատարանի որոշումը վերանայելու համար նոր հանգամանք առկա չէ:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի հիմքով վերադարձնելու դեպքում կիրառելի է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված այն կարգավորումը, ըստ որի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված, իսկ Սամվել Փարյանի վերաքննիչ բողոքում առկա դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդություն չներկայացնելուց բացի մյուս խախտումները վերաբերում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքին, որի հիման վրա բողոքը վերադարձնելու դեպքում՝ անկախ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման առկայությունից, պետք է տրամադրվեր երկշաբաթյա ժամկետ՝ թերությունները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:

Վերոգրյալի հիման վրա, հաշվի առնելով նաև ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 26.02.2016 թվականի որոշմամբ Սամվել Փարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմք հանդիսացած բոլոր սխալները շտկելու համար պետք է տրամադրվեր երկշաբաթյա ժամկետ՝ «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ստանալուց հետո՝ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար: Հետևաբար Վերաքննիչ դատարանի 26.02.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը մասնակիորեն՝ Սամվել Փարյանի վերաքննիչ բողոքը՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու մասով, ենթակա է վերացման: Միաժամանակ ելնելով արդարադատության արդյունավետության շահերից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ միջանկյալ դատական ակտը վերանայելուց հետո նոր դատական ակտ կայացնելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի 26.02.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը մասնակիորեն վերացնելու արդյունքում անհրաժեշտ է կայացնել նոր դատական ակտ: Ընդ որում, Սամվել Փարյանի վերաքննիչ բողոքի սխալները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար նախատեսված ժամկետի հաշվարկը սկսվում է սույն որոշումը ստանալու պահից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.05.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 26.02.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը մասնակիորեն՝ Սամվել Փարյանի վերաքննիչ բողոքը՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու մասով, վերացնելու և այդ մասով նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.05.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.02.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը՝ Սամվել Փարյանի վերաքննիչ բողոքը՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն չներկայացնելու հիմքով առանց ժամկետի տրամադրման վերադարձնելու մասով, և այդ մասով կայացնել նոր դատական ակտ, այն է՝ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու և այն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան կրկին ներկայացնելու համար սահմանել երկշաբաթյա ժամկետ` սույն որոշումը ստանալու պահից:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան