Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (24.12.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
24.12.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
24.12.2012
Дата вступления в силу
24.12.2012

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2600/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2600/02/10

2012 թ.

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի դեկտեմբերի 24-ին

քննարկելով Նելլի Մկրտչյանի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Նելլի Մկրտչյանի  ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` աշխատավարձից անհիմն պահված գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.09.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը 

 Դիմելով դատարան` Նելլի Մկրտչյանը  պահանջել է Ընկերությունից բռնագանձել 45.000 ՀՀ  դրամ` որպես աշխատավարձից անհիմն պահված գումար:

 Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) (այսուհետ` Դատարան) 07.06.2011 թվականի վճռով հայցը մերժվել է:

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.07.2011 թվականի որոշմամբ Նելլի Մկրտչյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

 ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.09.2011 թվականի որոշմամբ Նելլի Մկրտչյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

 Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նելլի Մկրտչյանի ներկայացուցիչը։

 Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը     

 Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Սույն գործով առկա է նոր հանգամանք։

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

 Դատարանի 07.06.2011 թվականի վճռով Նելլի Մկրտչյանի հայցը մերժվել է: Վերաքննիչ դատարանը, Դատարանի 07.06.2011 թվականի վճռի դեմ բերված բողոքը վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` չի թույլատրվում բողոքարկել այն դատական ակտերը, որոնցով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, իսկ սույն պահանջով ներկայացված է 45.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջ, այսինքն` սույն գույքային պահանջով վերաքննությունը թույլատրելի չէ:

ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմով օրենսդիրը, սահմանելով դրանում նշված գործերով վերաքննության իրավունքի սահմանափակում, շեղվել է օրենսգրքում առկա այն տրամաբանությունից, որ արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալի արդյունքում կայացված դատական ակտը չի կարող իրավական ուժ ունենալ` չնախատեսելով բողոքարկման իրավունքի սահմանափակումից բացառություններ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ:

Դրանից ելնելով` ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր` այնքանով, որքանով չի նախատեսում բողոքարկման իրավունքի սահմանափակումից բացառություններ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ, մասնավորապես, երբ չեն պահպանվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքները:

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.09.2011 թվականի  «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և վերացնել  Վերաքննիչ դատարանի 25.07.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին»  որոշումը։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Նելլի Մկրտչյանը  հայցադիմում է ներկայացրել Դատարան աշխատավարձից անհիմն պահված 45.000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջով (հատոր 1-ին, գ.թ 3-4):

2) Դատարանը նշված պահանջը մերժել է` իսկ Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետը, վերաքննիչ բողոքը վերադարձրել է պատճառաբանելով, որ «սույն գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ  քաղաքացիական գործով վեճի առարկայի արժեքը կազմում է 45.000 ՀՀ դրամ, այսինքն` սույն գույքային պահանջով վերաքննությունը թույլատրելի չէ» (հատոր 1-ին  գ.թ. 156-160) (հատոր 2-րդ  գ.թ. 11):

3) քաղաքացի Նելլի Մկրտչյանի դիմումի հիման վրա` ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ որոշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետը հակասում է  ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին և անվավեր է այնքանով, որքանով չի նախատեսում բողոքարկման իրավունքի սահմանափակումից բացառություններ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ, մասնավորապես, երբ չեն պահպանվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքները (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից): 

 

 4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։

Սույն գործով Դատարանը, աշխատավարձից անհիմն պահված 45.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին հայցը մերժելիս պատճառաբանել է, որ «05.10.2010 թվականին Ն. Մկրտչյանի` աշխատանքի չներկայանալու և այդ մասին պատշաճ ձևով պատասխանողին չտեղեկացնելու պատճառով պատասխանողը կրել է նյութական վնաս, մասնավորապես, Հյուրանոցի ծառայություններից  դժգոհ հաճախորդներին առաջարկվել է օգտվել Հյուրանոցի ճաշացանկից և թանկարժեք խմիչքներից` Հյուրանոցի հաշվին, որի վերաբերյալ «Երևան հյուրանոց» ԲԲ ընկերությունը կազմել է համապատասխան արձանագրություններ, տվել նկատողություններ, կայացրել է աշխատանքից  հեռացնելու  և որպես գործատուին պատճառված վնասի հատուցում, 45.000 ՀՀ դրամ հայցվորից պահելու որոշումներ»:

Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Դատարանի վճռի դեմ բերված բողոքը, վկայակոչել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետը և արձանագրել, որ «սույն գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ  քաղաքացիական գործով վեճի առարկայի արժեքը կազմում է 45.000 ՀՀ դրամ, այսինքն` սույն գույքային պահանջով վերաքննությունը թույլատրելի չէ», նշել է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ վերաքննիչ բողոք կարող է բերվել առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը վերադարձրել է Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Նելլի Մկրտչյանի  վճռաբեկ բողոքը։

Քաղաքացի Նելլի Մկրտչյանի  դիմումի հիման վրա` ՀՀ Սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ որոշել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետը  ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր` այնքանով, որքանով չի նախատեսում բողոքարկման իրավունքի սահմանափակումից բացառություններ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ, մասնավորապես, երբ չեն պահպանվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշումը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.09.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման հիմք։ 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 25.07.2011 թվականի որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.09.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը 

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել` նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.09.2011 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.07.2011 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան