Գլխավոր տեղեկություն
Номер
N 106-Լ
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.02.2019-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է կայքում 21.02.2019
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.02.2019
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
19.02.2019
Дата вступления в силу
22.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2019 թվականի N 106-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-003-16.01.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

              

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

        

2019 թ. փետրվարի 19

Երևան

    

   

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-003-16.01.2019-ՊԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

     

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ) առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածում կատարել փոփոխություն, ըստ որի՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց: Նախատեսվում է նաև նախագծին տալ հետադարձ ուժ:

1. Նշված իրավակարգավորման առնչությամբ, նախևառաջ, հարկ ենք համարում անդրադառնալ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներին: Մասնավորապես, ուսումնասիրված երկրներում առկա իրավակարգավորումները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի: Առաջին և ճնշող մեծամասնություն կազմող երկրների խումբ են կազմում այն երկրները, որտեղ նշված հարցի կապակցությամբ տրված իրավակարգավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետությունում գործող քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավակարգավորմանը: Այսինքն, նշված երկրներում մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետի 1 օրը հավասար է ազատազրկման ձևով նշանակված պատժի 1 օրվան: Նշված երկրների շարքին կարելի է դասել Բուլղարիան (քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մաս), Մակեդոնիան (քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ մաս), Մոլդովան (քրեական օրենսգրքի 88-րդ հոդածի 3-րդ մաս), Սերբիան (քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ մաս), Ռումինիան (քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մաս), Էստոնիան (քրեական օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մաս), Շվեյցարիան (քրեական օրենսգրքի 51-րդ հոդված), Հունգարիան (քրեական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասեր), Վրաստանը (քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մաս), Ղազախստանը (քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ մաս):

Հաջորդ սակավաթիվ խումբ երկրներն են Գերմանիան (քրեական օրենսգրքի 51-րդ հոդված), Նիդերլանդները (քրեական օրենսգրքի 27, 27-ա հոդվածներ) և Ռուսաստանի Դաշնությունը: Գերմանիայում և Նիդերլանդներում առկա է այն առանձնահատկությունը, որ չնայած կալանքի մեկ օրը համապատասխանում է ազատազրկման մեկ օրվան, այնուամենայնիվ, ի տարբերություն առաջին խումբ երկրների և Հայաստանի, նշված երկրներում կախված գործի հանգամանքներից կալանքի մեկ օրը կարող է հաշվակցվել ազատազրկման մեկից ավել օրվա հետ, ընդ որում՝ առանց սահմանելու վերին շեմ: Բացի դրանից, հաշվակցման մանրամասները թողնված են դատարանի հայեցողությանը:

Նպատակահարմար է նաև առանձին անդրադառնալ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքով նախատեսված կարգավորումներին՝ դրանք համադրելով նախագծով առաջարկվողների հետ: Այսպես, Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքում խափանման միջոցի և պատժի հաշվակցման առանձնահատկություններ սահմանող օրենքի (ընդունվել է 2018 թվականի հուլիսին) ուսումնասիրությունը վկայում է, որ Ռուսաստանի Դաշնությունում ներդրված է հաշվարկման առավել ընդգրկուն գործիքակազմ: Այսպես, կարելի է առանձնացնել հաշվարկման երեք՝ միմյանցից տարբեր ռեժիմներ՝

1) մեկ օրը մեկ օրվա դիմաց այն դատապարտյալների դեպքում, ովքեր դատապարտվել են՝

Ø առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար.

Ø մահապատժի, որը վերափոխվել է ցմահ կամ 25 տարվա ազատազրկման.

Ø ՌԴ քրեական օրենսգրքի 205-205.1, 206-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի2, 209-րդ3, 211-րդ հոդվածի 4-րդ մասի4, 228-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի5, 228.1, 2296, 275-րդ, 276-րդ7, 277-279-րդ8 և 360-րդ9 հոդվածներով նախատեսված արարքների համար.

Ø պատիժը կրում են հատուկ կամ խիստ ռեժիմով քրեակատարողական հիմնարկում կամ ուղղիչ գաղութում.

2) մեկ օրը մեկ ու կես օրվա դիմաց, եթե անձը պատիժը կրում է դաստիարակչական կամ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում.

3) մեկ օրը երկու օրվա դիմաց, եթե անձը պատիժը կրում է գաղութ-բնակավայրում:

Ստացվում է, որ, ի տարբերություն նախագծով առաջարկվող կարգավորումների, ՌԴ-ում հարցի առնչությամբ ցուցաբերվել է տարբերակված մոտեցում՝ հիմքում դնելով ինչպես կատարված արարքի ծանրությունն ու հանրային վտանգավորությունը, այնպես էլ հանցավորի անձը բնութագրող հատկանիշները: Իսկ որոշ հանցագործությունների համար առհասարակ օրենսդիրը նպատակահարմար չի համարել հաշվարկման առավել մեղմ գործիքակազմ նախատեսել՝ հաշվի առնելով այդ հանցագործությունների բնույթն ու վտանգավորության աստիճանը:

2. Ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցը չպետք է ընկալվի որպես պատիժ: Վարույթի ընթացքում այն կիրառվում է որոշակի ռիսկեր գնահատելու արդյունքում և միտված է արդարադատության պատշաճ իրականացումն ապահովելուն: Եթե կալանավորման 1 օրը հաշվակցում ենք ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օրվա դիմաց, ապա դրանով կալանավորմանը տրվում է պատժի բովանդակություն: Այն դեպքերում, երբ կլինեն իրավունքների խախտումներ՝ կապված խափանման միջոցի ոչ բարվոք պայմանների կամ դրանից ողջամտորեն բխող սահմանափակումներից առավել խիստ սահմանափակումներ, ապա իրավական կառուցակարգերը տալիս են հնարավորություն վերականգնել խախտված իրավունքները և վնասի հատուցում ստանալ: Բացի դրանից, հարց է առաջանում՝ արդյոք նախնական կալանքի տակ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները կարող են հիմնավորել նախագծով առաջարկվող իրավակարգավորումը, այն պարագայում, երբ դատապարտված անձի հետ համեմատ այդ սահմանափակումները, ըստ էության, առավել խստությամբ աչքի չեն ընկնում: Ավելին, վերաբերելի օրենսդրության ուսումնասիրությունը վկայում է, որ կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների ծավալը հիմնականում համընկնում է, իսկ որոշ դեպքերում կալանավորված անձինք գտնվում են առավել շահեկան վիճակում (տե՛ս կից աղյուսակը):

Հիմնական էական տարբերություն է երկարատև տեսակցությունների հնարավորությունը, որից զրկված են կալանավորված անձինք։ Սակայն այս առումով հարկ է հիշատակել, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համատեղ մշակել է նախագիծ, որով երկարատև տեսակցությունների հնարավորություն կունենան նաև կալանավորված անձինք: Ընդ որում՝ հիշյալ նախագիծը հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի նիստում և ներկայացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի քննարկմանը:

Հետևաբար, վերոգրյալ վերլուծությունների արդյունքում կարելի է եզրահանգել, որ կալանավորման 1 օրը ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օրվա հաշվակցումը չպետք է դիտարկվի որպես փոխհատուցում: Եթե կալանավորման 1 օրը հաշվակցում ենք ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ կրելու 1.5 օրվա դիմաց, ապա գործնականում սա կհանգեցնի գրավի կամ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման միջնորդությունների շեշտակի նվազեցման: Ասվածը պայմանավորված է նրանով, որ մեղադրյալները կգերադասեն, որ իրենց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումն այն պատճառով, որ մեղադրական դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու պատժատեսակների հետ հաշվակցելու դեպքում, նրանք ավելի քիչ կգտնվեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի կարգավիճակով: Սա իր հերթին կարող է հանգեցնել քրեակատարողական հիմնարկները կրկին ծանրաբեռնելուն:

3. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ օրենքն ունի հետադարձ ուժ, և այն տարածվում է 2004 թվականից մինչև սույն օրենքի (նախագծի) ուժի մեջ մտնելը: Այս առումով հարկ է նկատել, որ կալանքի մեկ օրվա դիմաց ազատազրկման մեկ օրվա հաշվարկ նախատեսող ՀՕ-97-Ն օրենքն ուժի մեջ է մտել միայն 2004 թվականի հուլիսի 1-ից: Ուստի, նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում պետք է հստակ ամրագրվի, որ նախագծի հետադարձությունը սկսվում է 2004 թվականի հուլիսի 1-ից:

4. Խնդրահարույց է նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում տեղ գտած այն ձևակերպումը, ըստ որի՝ սույն օրենքի (նախագծի) գործողությունը տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելու օրը՝ հարուցված քրեական գործերով մեղադրյալների (ամբաստանյալների) և դատապարտյալների վրա: Նման պայմաններում կարող են լինել մեղադրյալներ կամ դատապարտյալներ, որոնց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չի կիրառվել, և կարող են լինել դատապարտյալներ, ովքեր ազատազրկման չեն դատապարտվել: Բացի դրանից, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասը, ըստ որի՝ ամբաստանյալ է այն մեղադրյալը, որի վերաբերյալ գործը նշանակված է դատական քննության, ամբաստանյալ եզրույթն առանձին շեշտադրման կարիք չունի:

5. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով օրենքի կատարումը վերապահում է Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններին՝ առանձնացնելով յուրաքանչյուրի վերանայման համար սահմանված հիմքերը: Նման պայմաններում անհասկանալի է՝ ում կողմից պետք է վերանայվեն այն գործերը, որոնք տվյալ պահին գտնվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթում:

6. Բացի դրանից, նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններին է վերապահված վերանայել այն գործերը, որոնք իրենց վարույթում են, սակայն մինչև սույն օրենքի (նախագծի) ուժի մեջ մտնելը չեն քննվել կամ քննվել են, բայց դատական ակտերն ուժի մեջ չեն մտել: Այս առնչությամբ,

1) նախագծի հիշյալ հոդվածում տեղ են գտել «մինչ սույն որոշումն ուժի մեջ մտնելը» բառերը: Ակնհայտ է, որ խոսքը ոչ թե որոշման, այլ օրենքի մասին է,

2) անհասկանալի է՝ ո՞ր դատարանին է վերապահված այն գործերի վերանայումը, երբ գործերն արդեն դատարանների վարույթում չեն, իսկ դատական ակտերը վաղուց մտել են օրինական ուժի մեջ: Նախագծում բացակայում են նման գործերի վերանայման կարգավորումները, ի տարբերություն այն գործերի, որոնցում պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է:

7. Նախագծում բացակայում են նաև պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտի կիրառման դեպքում կրած կալանքի և պատժի վերահաշվարկման կարգավորումները:

Ուստի, վերոգրյալի հաշվառմամբ պետք է ընդգծել, որ նախագծով առաջարկվող փոփոխությունը և կարգավորումները կրում են հատվածական բնույթ, որոնք գործնականում խնդրահարույց իրավիճակների են հանգեցնելու: Հետևաբար, հարցին անհրաժեշտ է ցուցաբերել առավել համապարփակ մոտեցում և լուծումները նախատեսել Հայաստանի Հանրապետության քրեական և քրեակատարողական օրենսգրքերի նախագծերի համակարգային բարեփոխումների շրջանակներում:

Ամփոփելով նշվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ:

 

Աղյուսակ

 

(Կալանավորված անձանց և դատապարտյալների իրավունքների տարբերության վերաբերյալ)

   

N

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍԱԿԸ

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁ

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ

1.

Կարճատև տեսակցություն

1. Մերձավոր ազգականների և այլ անձանց հետ առնվազն երկու տեսակցություն` մինչև երեք ժամ տևողությամբ, եթե չկա վարույթն իրականացնող մարմնի տեսակցության արգելքի մասին որոշում:

2. Պաշտպանի հետ՝ առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման, անկախ աշխատանքային օրերից կամ ժամերից։

1. Մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ կարճատև տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև չորս ժամ տևողությամբ:

2. Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն վեց անգամ:

2.

Երկարատև տեսակցություն

Չի տրամադրվում

1. Երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ` մինչև երեք օր տևողությամբ:
2. Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն երկու երկարատև տեսակցություն:
3. Դատապարտյալի խնդրանքով երկարատև տեսակցությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է փոխարինվել կարճատև տեսակցությամբ:

3.

Հանձնուք, ծանրոց և դրամական փոխանցումներ ստանալու և ուղարկելու իրավունք

Կարող է ստանալ ամսվա ընթացքում մինչև յոթանասուն կիլոգրամ:
Կալանավորված անձինք իրենց միջոցներից կարող են դրամական փոխանցումներ կատարել ազգականների և այլ անձանց դրամական հաշվին:

Ստանալ և իր հաշվին ուղարկել ծանրոցներ, հանձնուքներ կամ փաթեթներ, առանց սահմանափակման կատարել և ստանալ դրամական փոխանցումներ:

4.

Ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս աշխատանքում ներգրավվելը

Չի կարող ներգրավվել

Ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս աշխատանքներում կարող է ներգրավվել միայն առանց պահախմբի կամ ուղեկցորդման ուղղիչ հիմնարկի սահմաններից դուրս տեղաշարժվելու թույլտվություն ստացած դատապարտյալը:

5.

Չվարձատրվող աշխատանքներում ներգրավվելը

Արգելվում է կալանավորված անձանց ներգրավել չվարձատրվող աշխատանքների, բացառությամբ սանիտարահիգիենիկ աշխատանքների:

Դատապարտյալը չվարձատրվող աշխատանքներում ներգրավվում է ոչ հանգստյան ժամերին` օրական երկու ժամից ոչ ավելի ժամանակով:

6.

Ինքնագործ միավորումների կազմա-վորում և գործունեություն

Չի կարող կազմավորել

Ուղղիչ հիմնարկում դատապարտյալների մշակութային, լուսավորչական, կրոնական և մարզական միավորումներն ստեղծվում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով սահմանված` դատապարտյալների ինքնագործ միավորումների հիմնական խնդիրների իրականացման նպատակով:

7.

Ամուսնության գրանցումից հետո տրվող տեսակցություններ

Կարճատև տեսակցություն

Երկարատև տեսակցություն

8.

Խրախուսանքի միջոցներ

1) շնորհակալության հայտնում.
2) զբոսանքի տևողության ավելացում մինչև երեք ժամ` մինչև քսան օր ժամկետով.
3) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում.
4) կիրառվող տույժի վաղաժամկետ դադարեցում.
5) լրացուցիչ կարճատև տեսակցության տրամադրում, եթե այն չի արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից.
6) լրացուցիչ հեռախոսազրույցի կամ հեռախոսազրույցների տրամադրում, եթե այն չի արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից.
7) լրացուցիչ ծանրոց, հանձնուք կամ փաթեթ ստանալու թույլտվություն:

1) լրացուցիչ կարճատև կամ երկարատև տեսակցության տրամադրում, բայց տարվա ընթացքում երկու կարճատև կամ երկու երկարատև տեսակցությունից ոչ ավելի.
2) փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պահվող դատապարտյալի զբոսանքի տևողության ավելացում մինչև երկու ժամ՝ մեկ ամիս ժամկետով.
3) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում:
Դատապարտյալը, որպես խրախուսանքի միջոց, կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել ցածր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ՝ պատժի կրումը շարունակելու նպատակով:

9.

Տույժի միջոցներ

1) նկատողության հայտարարում.
2) պատժախուց տեղափոխելը մինչև տասն օր, իսկ անչափահասներին` մինչև հինգ օր ժամկետով:

1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) պատժախուց տեղափոխելը մինչև տասնհինգ օր, իսկ անչափահաս դատապարտյալին՝ մինչև տասն օր ժամկետով:

10.

Տույժերը կիրառելու ժամկետները

Խախտումը հայտնաբերելուց հետո, անհապաղ, բայց ոչ ուշ, քան 10 օր:

Խախտումը հայտնաբերելուց հետո, անհապաղ, բայց ոչ ուշ, քան 15 օր:

11.

Հանդերձանքի տրամադրումը

Կալանավորված անձինք կրում են իրենց հագուստը: Անհրաժեշտության դեպքում նրանք ապահովվում են կլիմայական պայմաններին, սեռին համապատասխան միասնական նմուշի հագուստով:

Դատապարտյալն ապահովվում է իր սեռին, տարվա եղանակին, կլիմայական պայմաններին համապատասխանող միասնական նմուշի հանդերձանքով:

12.

Լրացուցիչ վճարովի ծառայություններ

1) կենցաղային իրերի վարձույթ կամ տրամադրում,
2) լվացքատան, քիմմաքրման ծառայություններ,
3) լրացուցիչ լոգանք ընդունելու հնարավորություն,
4) կոշկակարի, դերձակի ծառայությունների տրամադրում:

Նշված լրացուցիչ ծառայություններից դատապարտյալը չի օգտվում:

13.

Կարճաժամկետ մեկնում տրամադրելը

Կալանավորված անձանց, բացառությամբ առանձնապես ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց, մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաս պատճառած տարերային աղետի դեպքում վարույթն իրականացնող մարմնի կողմից կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ մինչև 7 օր տևողությամբ:

Դատապարտյալին, բացառությամբ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքի, ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում անձնական բացառիկ հանգամանքների (մերձավոր ազգականի մահ կամ կյանքին սպառնացող ծանր հիվանդություն, տարերային աղետ, որը զգալի նյութական վնաս է պատճառել դատապարտյալին կամ նրա ընտանիքին) դեպքում, ինչպես նաև սոցիալական վերականգնման նպատակով: Հաշմանդամ կամ ուղղիչ հիմնարկին կից մանկատանը երեխա ունեցող դատապարտյալին կարող է տրամադրվել կարճաժամկետ մեկնում՝ երեխային մանկատանը կամ ազգականի մոտ տեղավորելու նպատակով:
Կարճաժամկետ մեկնում տրամադրվում է մինչև յոթ օր տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը: Սոցիալական վերականգնման նպատակով բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալին կարճաժամկետ մեկնում կարող է տրամադրվել մինչև մեկ ամիս տևողությամբ` չհաշված մեկնելու և վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը, որը չի կարող գերազանցել երեք օրը:

14.

Զբոսանքը

Օրական առնվազն մեկ ժամ

Օրական առնվազն մեկ ժամ, անչափահաս դատապարտյալ` օրական առնվազն երկու ժամ

 

1 Статья 205. Террористический акт

Статья 205.1. Содействие террористической деятельности

Статья 205.2. Публичные призывы к осуществлению террористической деятельности, публичное оправдание терроризма или пропаганда терроризма

Статья 205.3. Прохождение обучения в целях осуществления террористической деятельности

Статья 205.4. Организация террористического сообщества и участие в нем

Статья 205.5. Организация деятельности террористической организации и участие в деятельности такой организации

2  Статья 206. Захват заложника

3 Статья 209. Бандитизм

4 Статья 211. Угон судна воздушного или водного транспорта либо железнодорожного подвижного состава

5 Статья 228. Незаконные приобретение, хранение, перевозка, изготовление, переработка наркотических средств, психотропных веществ или их аналогов, а также незаконные приобретение, хранение, перевозка растений, содержащих наркотические средства или психотропные вещества, либо их частей, содержащих наркотические средства или психотропные вещества

6  Статья 228.1. Незаконные производство, сбыт или пересылка наркотических средств, психотропных веществ или их аналогов, а также незаконные сбыт или пересылка растений, содержащих наркотические средства или психотропные вещества, либо их частей, содержащих наркотические средства или психотропные вещества

Статья 229. Хищение либо вымогательство наркотических средств или психотропных веществ, а также растений, содержащих наркотические средства или психотропные вещества, либо их частей, содержащих наркотические средства или психотропные вещества

7 Статья 275. Государственная измена

Статья 276. Шпионаж

8 Статья 277. Посягательство на жизнь государственного или общественного деятеля

Статья 278. Насильственный захват власти или насильственное удержание власти

Статья 279. Вооруженный мятеж

9 Статья 360. Нападение на лиц или учреждения, которые пользуются международной защитой