Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.05.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.05.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
02.05.2012
Дата вступления в силу
02.05.2012

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3141/05/10

2012 թ.   

Վարչական գործ թիվ ՎԴ/3141/05/10

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

Դատավորներ`               Ա. Աբովյան

                   Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2012 թվականի մայիսի 02-ին

քննարկելով Հենրիկ Առուստամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.02.2012 թվականի «Բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելու, բողոքը վերադարձնելու մասին>> որոշման դեմ վարչական գործով ըստ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ոստիկանություն) հայցի ընդդեմ Հենրիկ Առուստամյանի` 50.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և ըստ Հենրիկ Առուստամյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ոստիկանության` 15.11.2009 թվականի թիվ ԱԲ 270727 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ոստիկանությունը պահանջել է Հենրիկ Առուստամյանի կողմից Ոստիկանության համապատասխան հաշվին 50.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ վճարման կարգադրություն արձակել։

ՀՀ վարչական դատարանի 26.03.2010 թվականի որոշմամբ արձակվել է Հենրիկ Առուստամյանի կողմից Ոստիկանության համապատասխան հաշվին 50.000 ՀՀ դրամ վճարելու վերաբերյալ վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հենրիկ Առուստամյանը պահանջել է անվավեր ճանաչել Ոստիկանության 15.11.2009 թվականի թիվ ԱԲ 270727 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի 08.09.2010 թվականի որոշմամբ վերացվել է 26.03.2010 թվականի վճարման կարգադրությունը և անցում է կատարվել հայցային վարույթի:

ՀՀ վարչական դատարանի 30.11.2010  թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.04.2011 թվականի որոշմամբ Ոստիկանության վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ վարչական դատարանի 30.11.2010 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 29.07.2011 թվականի որոշմամբ Հենրիկ Առուստամյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` բեկանվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 23.11.2011 թվականի վճռով Ոստիկանության հայցը բավարարվել է, իսկ Հենրիկ Առուստամյանի հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 17.02.2012 թվականի որոշմամբ Հենրիկ Առուստամյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու և այն վերականգնելու մասին  միջնորդության բացակայության պատճառաբանությամբ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ`Վերաքննիչ դատարան) 28.02.2012 թվականի որոշմամբ բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին Հենրիկ Առուստամյանի միջնորդությունը մերժվել է, և բողոքը` վերադարձվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հենրիկ Առուստամյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը  

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հենրիկ Առուստամյանը 23.11.2011 թվականի վճռի հրապարակմանը ներկա չի գտնվել և վճռի օրինակն ստացել է փոստով միայն 20.12.2011 թվականին: 17.01.2012 թվականին` վճիռն ստանալուց 26 օր հետո, Հենրիկ Առուստամյանը փոստային առաքումով ուղարկել է վերաքննիչ բողոք, ինչը Վերաքննիչ դատարանի 17.02.2012 թվականի որոշումով վերադարձվել է` բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառով: 

24.02.2012 թվականին կրկին ներկայացվել է վերաքննիչ բողոք` բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությամբ, սակայն բողոքը կրկին վերադարձվել է:

Դատարանը, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի խախտում, խախտել է բողոքարկման համար օրենքով հատկացված մեկամսյա ժամկետը լրիվ տնօրինելու Հենրիկ Առուստամյանի իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է  վերացնել Վերաքննիչ դատարանի 28.02.2012 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ։

 

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, բացառությամբ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով կամ նույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով դատական ակտը բողոքարկելու դեպքերի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ նախատեսված չէ նույն օրենսգրքով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դրանք կայացնելու կարգի, դրանց կառուցվածքի և բովանդակության, գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման, այն մասնակիցներին ուղարկելու, առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման վերաբերյալ լրացուցիչ դատական ակտի նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է դատարանի վճիռն անձին չհանձնվելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին (տե'ս` ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունն ընդդեմ «Երևան-5» ԼՏԸ-ի, երրորդ անձինք Արմեն Համբարձումյանի, Գրիգոր Հովակիմյանի, Ռաֆիկ Վիրաբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, թիվ ԵՇԴ/0507/02/08 գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 04.11.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճռի հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ, այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տես «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի, ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքի, «ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի, Ռոստոմ, Ասատուր և Ստելլա Բարսեղյանների, Ալվարդ Քիթոյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքար համայնքն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի` պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջների մասին, և «ՀՀ Արագածոտնի մարզի Ծիլքարի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ ԱՐԱԴ/0716/02/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Հենրիկ Առուստամյանը Դատարանի 23.11.2011 թվականի վճիռն ստացել է 20.12.2011 թվականին: Ծրարի վրա առկա փոստային ծառայության կնիքի համաձայն` վճիռը փոստային ծառայություն է հանձնվել 19.12.2011 թվականին:

17.02.2012 թվականին Վերաքննիչ դատարանը վերադարձրել է Հենրիկ Առուստամյանի վերաքննիչ բողոքը` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու և բաց թողած ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության բացակայության պատճառաբանությամբ:

Այնուհետև Վերաքննիչ դատարանը 28.02.2012 թվականի որոշմամբ մերժել է բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդությունը և բողոքը վերադարձրել է`  պատճառաբանելով, որ 23.11.2011 թվականին` Դատարանի վճռի հրապարակման օրը, Հենրիկ Առուստամյանը, լինելով պատշաճ ծանուցված դատական նիստի օրվա և ժամի մասին, չի ներկայացել և այն առձեռն չի ստացել, ինչից հետո էլ վճռի օրինակը նրան ուղարկվել է փոստով: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է նաև, որ միջնորդության մեջ նշված միտքը, ըստ որի Հենրիկ Առուստամյանը չունի բավարար իրավաբանական գիտելիքներ, ինչի հետևանքով էլ բաց է թողել վճռի բողոքարկման ժամկետը, չի կարող հիմք հանդիսանալ դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու համար, քանի որ բողոք բերելու համար ժամկետի սահմանումը կդառնար անիմաստ:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ:

Այսպես`  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածից բխում է, որ գործի մասնակիցների ներկայանալու դեպքում հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է նրանց առձեռն, իսկ չներկայանալու դեպքում` հրապարակման կամ առավելագույնը`  հաջորդ օրը, ուղարկվում է գործին մասնակցած անձանց: Այսինքն` նշված դրույթը, առանց որևէ պայման նախատեսելու, սահմանում է դատարանի պարտականությունն ապահովելու վճռի օրինակն ստանալու գործին մասնակցած անձանց իրավունքը` անկախ նրանից` վերջիններս ներկա գտնվել են, թե պատշաճ ծանուցվել են և չեն ներկայացել դատական նիստին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ Հենրիկ Առուստամյանը պատշաճ ծանուցվել է դատական նիստի մասին, սակայն չի ներկայացել, ուստի և առձեռն չի ստացել վճռի օրինակը: Նման դեպքում գործում է դատարանի պարտականությունը այդ կամ առավելագույնը հաջորդ օրն ուղարկել վճռի օրինակը հասցեատիրոջը`  անկախ վերջինիս` դատական նիստին ներկա չգտնվելու պատճառների: Մինչդեռ ծրարի վրա առկա փոստային ծառայության կնիքի համաձայն` Դատարանը վճիռը փոստային ծառայություն է հանձնել 19.12.2011 թվականին, ինչն էլ իր հերթին հանդիսացել է վճռի բողոքարկման համար սահմանված ժամկետի բացթողնման պատճառ: Հետևաբար վճռի բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը պետք է համարվեր հարգելի, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը պետք է վերականգներ այն և բողոքն ընդուներ վարույթ:

Բացի այդ, Հենրիկ Առուստամյանը բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդության մեջ նշել էր, որ վճռի բողոքարկման ժամկետը հաշվարկել է այն ստանալու պահից, և ի հավաստումն այդ հանգամանքի, ներկայացրել է այն ստանալու ամսաթվով ծրարը, ինչը քննարկվող պարագայում բավարար է միջնորդությունը բավարարելու համար:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-րդ և 118.17-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 28.02.2012 թվականի «Բողոք բերելու համար սահմանված ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելու, բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ `

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան