Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.10.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
03.10.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
03.10.2016
Дата вступления в силу
03.10.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի
որոշում
Վարչական գործ
թիվ ՎԴ/6572/05/12

Վարչական գործ թիվ ՎԴ/6572/05/12
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան

Դատավորներ՝

Ա. Բաբայան

Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ռ. Հակոբյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի հոկտեմբերի 03-ին

քննարկելով ըստ հայցի Գևորգ Հարությունյանի և Էլիդա Սարգսյանի ընդդեմ ՀՀ կառավարության, երրորդ անձ «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ի՝ Երևանի քաղաքապետարանի 03.08.2006 թվականի թիվ 11-5894-250 և 18.06.2008 թվականի թիվ 02/18-13066-492 շինարարության թույլտվությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.09.2015 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ՀՀ կառավարության, ի դեմս՝ Երևանի քաղաքապետի, բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գևորգ Հարությունյանը և Էլիդա Սարգսյանը պահանջել են ոչ իրավաչափ ճանաչել Երևանի քաղաքապետարանի 03.08.2006 թվականի թիվ 11-5894-250 և 18.06.2008 թվականի թիվ 02/18-13066-492 շինարարության թույլտվությունները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 01.06.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.07.2015 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

Վերաքննիչ դատարանի 07.09.2015 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության անունից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գևորգ Հարությունյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը         .

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  130-րդ և 137-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Երևանի քաղաքապետը սույն գործով ունի ՀՀ կառավարության անունից հանդես գալու լիազորություն և ավելի քան 3 տարի շարունակ Դատարանում դատական ներկայացուցչության կազմակերպման միջոցով ապահովել է ՀՀ կառավարության շահերի պաշտպանությունը սույն գործով: Ընդ որում, վերաքննիչ բողոք ներկայացնելու պահին Երևանի քաղաքապետն ունեցել է ՀՀ կառավարության անունից հանդես գալու համապատասխան լիազորագիր, ինչը հաստատվում է վճռաբեկ բողոքին կցված փաստաթղթով, որը չի ներկայացվել Վերաքննիչ դատարան` անհրաժեշտության բացակայությամբ պայմանավորված:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 07.09.2015 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է մերժել ՀՀ կառավարության անունից Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը, քանի որ Երևանի քաղաքապետը պարտավոր էր վերաքննիչ բողոքին կցել ՀՀ կառավարության անունից հանդես գալու լիազորություն ունենալու վերաբերյալ պատշաճ ապացույց, որը չի կատարել:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սխալ կիրառման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետը կարող էր սույն գործով առանց լիազորագրի վերաքննիչ բողոք ներկայացնել ՀՀ կառավարության անունից այն պայմաններում, երբ ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի քաղաքապետին իրավունք է վերապահվել լիազորելու իր համակարգի աշխատողներին կամ այլ անձանց դատարաններում հանդես գալու ՀՀ կառավարության անունից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմն իրավունք ունի դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով։

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն`որպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ դատարանում ի պաշտոնե հանդես է գալիս այդ մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը։

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` (...) ի պաշտոնե ներկայացուցիչներն իրենց հերթին կարող են գործերի վարումը դատարանում լիազորել իրենց կողմից ընտրված մեկ կամ մի քանի ներկայացուցչի։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից լիազորագիրը տալիս է նրա ի պաշտոնե ներկայացուցիչը`վերջինիս ստորագրությամբ և այդ մարմնի կնիքի դրոշմմամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի (...) դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն`դատավարության մասնակիցները...:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են (...) լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե բողոք բերողը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով) (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն`վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջները:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում առկա սխալները վերացնելու և բողոքը վերադարձնելու մասին որոշումն ստանալուց հետո` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով տասնհինգօրյա ժամկետում (...) կրկին բերելու դեպքում բողոքը համարվում է վերաքննիչ դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։ Բողոքը կրկին բերելու դեպքում սխալները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 01.06.2015 թվականի վճռով Գևորգ Հարությունյանի և Էլիդա Սարգսյանի հայցը բավարարել է և ոչ իրավաչափ է ճանաչել Երևանի քաղաքապետարանի կողմից տրված 03.08.2006 թվականի թիվ 11-5894-250 և 18.06.2008 թվականի թիվ 02/18-13066-492 այլևս իրավաբանական ուժ չունեցող շինարարության թույլտվությունները (hատոր 3-րդ, գ.թ. 97-121)։

Վերաքննիչ դատարանը 30.07.2015 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության վերաքննիչ բողոքը վերադարձրել է` պատճառաբանելով, որ վերաքննիչ բողոք բերած անձը չի պահպանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի պահանջները: Այսպես, ըստ Վերաքննիչ դատարանի՝ «(...) բողոքը ստորագրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ չներկայացնելով ՀՀ կառավարության անունից հանդես գալու լիազորություն ունենալու մասին որևէ ապացույց, իսկ գործում առկա լիազորագիրը (գ.թ. 129, hատոր 1-ին), որը տրված է 27.11.2012 թվականին, ուժի մեջ է եղել մինչև 27.12.2013 թվականը ներառյալ (...)»: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ նշել է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոքի համար գանձման ենթակա պետական տուրքի չափը կազմում է 20.000 ՀՀ դրամ, մինչդեռ բողոք բերած անձը վճարել է ընդամենը 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումար (hատոր 3-րդ, գ.թ. 138)։

Երևանի քաղաքապետը 25.08.2015 թվականին ՀՀ կառավարության անունից կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կից վճարման հանձնարարագրերը հաստատում են այն հանգամանքը, որ բողոք բերած անձը շտկել է պետական տուրքի վճարման մասով Վերաքննիչ դատարանի 30.07.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերությունը (hատոր 3-րդ, գ.թ. 150-159)։

Վերաքննիչ դատարանը 07.09.2015 թվականի որոշմամբ ՀՀ կառավարության անունից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է, որոշման  հիմքում դնելով այն պատճառաբանությունը, որ բողոքաբերի կողմից չի վերացվել  Վերաքննիչ դատարանի 30.07.2015 թվականի որոշմամբ նշված այն թերությունը, որ «(...) բողոքը ստորագրվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից` չներկայացնելով ՀՀ կառավարության անունից հանդես գալու լիազորություն ունենալու մասին որևէ ապացույց (...)» (hատոր 3-րդ, գ.թ. 161)։

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ ՀՀ կառավարության անունից ներկայացված և Երևանի քաղաքապետի կողմից ստորագրված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, քանի որ, ըստ Վերաքննիչ դատարանի, բողոք բերած անձը չի վերացրել Վերաքննիչ դատարանի 30.07.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված հետևյալ սխալը. բողոք բերած անձը չի ներկայացրել ՀՀ կառավարության անունից հանդես գալու լիազորություն ունենալու մասին որևէ ապացույց: Ընդ որում, ըստ Վերաքննիչ դատարանի, նշված սխալը չվերացնելն արգելք է հանդիսանում վերաքննիչ բողոքի քննության համար:

Համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ կառավարության անունից դատարանում հանդես գալու հետ կապված հարաբերությունները կարգավորված են ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Հայաստանի Հանրապետության դատարաններում հանդես գալու իրավունք վերապահելու մասին» թիվ 372-Ն որոշմամբ, որի 1-ին  կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ լիազորել իրենց համակարգի աշխատողներին կամ այլ անձանց հանդես գալու Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` Հայաստանի Հանրապետության դատարաններում:

Նույն որոշման 1.1-րդ կետի համաձայն՝ այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության դատարաններում քննվող քաղաքացիական գործերով վեճի առարկա են հանդիսանում գույք և (կամ) գույքային, անձնական ոչ գույքային իրավունքները, ինչպես նաև այն դեպքերում, երբ վարչական դատարանում վիճարկվում է պետական մարմնի և (կամ) պետական պաշտոնատար անձի գործողությունը, անգործությունը և (կամ) կայացված վարչական ակտը, և եթե այդ դատական գործերով վերջնական դատական ակտերը կարող են շոշափել Երևանի համայնքի շահերը և համապատասխանաբար վերջինի համար առաջացնել, փոփոխել կամ դադարեցնել իրավունքներ և (կամ) պարտականություններ, ապա նույն որոշման 1-ին կետով նախատեսված իրավունքը կարող է վերապահվել նաև Երևանի քաղաքապետին (...):

Այսինքն` ՀՀ կառավարության անունից վերաքննիչ բողոք բերելու Երևանի քաղաքապետի լիազորության առկայության կամ բացակայության հարցը պետք է գնահատվի ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 372-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումների համատեքստում:

Սույն գործում առկա 27.11.2012 թվականի թիվ 02/13.4/17194-12 գրությունից հետևում է, որ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 372-Ն որոշումը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հայտնել է սույն գործով ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու ՀՀ վարչապետի հանձնարարության մասին (hատոր 1-ին, գ.թ. 129)։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված գրությունը ոչ թե հանդիսանում է Երևանի քաղաքապետին տրված լիազորագիր (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի իմաստով), այլ հաստատում է իր համակարգի աշխատողներին կամ այլ անձանց ՀՀ կառավարության անունից դատարանում հանդես գալու լիազորություն տրամադրելու՝ ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 372-Ն որոշմամբ Երևանի քաղաքապետին վերապահված իրավունքի իրացման իրավական նախադրյալի՝ ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարության առկայությունը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Հետևաբար սույն գործով Երևանի քաղաքապետն իրավասու էր դատարաններում ՀՀ կառավարության անունից հանդես գալու ինչպես անձամբ, այնպես էլ լիազորել իր համակարգի աշխատողներին կամ այլ անձանց, քանի որ ՀՀ կառավարության նշված որոշմամբ Երևանի քաղաքապետին վերապահված այն լիազորությունը, որ վերջինս իրավունք ունի լիազորելու իր համակարգի աշխատողներին կամ այլ անձանց ՀՀ կառավարության անունից հանդես գալ դատարաններում, Երևանի քաղաքապետին ևս օժտում է դատարաններում ՀՀ կառավարությանը ներկայացնելու իրավասությամբ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Երևանի քաղաքապետը պարտավոր էր վերաքննիչ բողոքին կից ներկայացնել ՀՀ կառավարության անունից հանդես գալու լիազորություն ունենալու մասին ապացույց, քանի որ ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 372-Ն որոշման և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի 27.11.2012 թվականի թիվ 02/13.4/17194-12 գրության ուժով Երևանի քաղաքապետն իրավասու էր սույն գործով հանդես գալու ՀՀ կառավարության անունից և ստորագրելու վերջինիս կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը՝ առանց որևէ լիազորագրի առկայության, ինչպես նաև լիազորել իր համակարգի աշխատողներին կամ այլ անձանց:

Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով ՀՀ կառավարության անունից ներկայացված և Երևանի քաղաքապետի կողմից ստորագրված վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա չէր մերժման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով: Հետևաբար Վերաքննիչ դատարանի 07.09.2015 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել:  Վերացնել  ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.09.2015 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ռ. Հակոբյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան