ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2019 թվականի N 282-Լ
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-022-25.02.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը.
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 28 Երևան |
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով լրացվող՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) գործող հոդվածը թողնել անփոփոխ՝ հետևյալ հիմնավորմամբ.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում զինծառայողների պատրաստվածության գործընթացն իրականացվում է ուսումնական փուլերով, որոնց շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով հաստատված մարտական պատրաստության ծրագրով նախատեսված է պարտադիր զինվորական ծառայության առաջին հինգ ամիսների ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողի համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման, ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը, որի շնորհիվ զինծառայողը ստանում է անհրաժեշտ պատրաստվածություն՝ մարտական հերթապահությունում ընդգրկվելու համար: Այսինքն՝ որևէ պարտադիր զինծառայող, առանց հնգամսյա պատրաստության ծրագիրն անցնելու, չի ներգրավվում մարտական հերթապահության մեջ: Նույն սկզբունքը գործում է նաև օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 26-րդ հոդվածի 5-րդ մասի և դրա հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1675-Ն որոշման համաձայն «Ես եմ» ծրագրով պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման և իրականացման գործընթացում:
Ներկայացված նախագծի համաձայն՝ վերը նշված ուսուցման փուլը (մարտական պատրաստության ծրագիրը) ևս յոթ ամսով երկարաձգելը կհանդիսանա ուսուցման ծրագրի չհիմնավորված ընդլայնում (ծրագրի կրկնողություն), ինչը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա թե՛ զինվորական ծառայության կազմակերպման նպատակային գործընթացի, և թե՛ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդրի կատարման վրա: Բացի դրանից՝ նախագծում հաշվի չի առնված այն հանգամանքը, որ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված է բացառություն, համաձայն որի՝ համապատասխան զինծառայողը կարող է ընդգրկվել մարտական հերթապահության մեջ, եթե նման ցանկություն է հայտնել: Հետևաբար, կարող է ստացվել իրավիճակ, երբ մինչև սահմանված ժամկետի լրանալը, զինծառայողն իրավունք կունենա իր ցանկությամբ ներգրավվելու մարտական հերթապահության մեջ, ինչը բացառված է վերը նշված ուսուցման փուլը (մարտական պատրաստության ծրագիրը) չանցած լինելու դեպքում:
Հայտնում ենք նաև, որ նախագծի ընդունման դեպքում պետք է համապատասխան փոփոխությունների ենթարկվեն Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում ուսումնական փուլերը և մարտական պատրաստության ծրագրերը կանոնակարգող՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանները: