Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.03.2013-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
25.03.2013
Подписан
Նախագահող
Дата подписания
25.03.2013
Дата вступления в силу
25.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2059/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2059/02/10
2013թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

  մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի մարտի 25-ին,

քննարկելով Արմինե Ահարոնյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2012 թվականի որոշման դեմ` ըստ հայցի «ՖԱՍՏ-ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Արմինե Ահարոնյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Արմինե Ահարոնյանի ընդդեմ Ընկերության` գրավադրված գույքը հետ վերադարձնելու պահանջի մասին
 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Արմինե Ահարոնյանից հօգուտ իրեն բռնագանձել 1.300.000 ՀՀ դրամ գումար։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Արմինե Ահարոնյանը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել հետ վերադարձնել 12.11.2007 թվականի վարկային պայմանագրով գրավադրված գույքը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ՝ Դատարան) 22.10.2012 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.11.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 22.10.2012 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին»  որոշումը վերացվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմինե Ահարոնյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն Արմինե Ահարոնյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել 21.11.2012 թվականի ժամը 14:15-ին նշանակված դատական նիստի մասին: Այդ ժամանակ նշանակված դատական նիստի մասին դատական ծանուցագիրն Արմինե Ահարոնյանը ստացել է միայն 21.11.2012 թվականին` ժամը 18:00-ին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերը նշված օրը դատական նիստում բացակայել է դատական ծանուցագիրն Արմինե Ահարոնյանի կողմից ստանալու փաստը հավաստող ապացույցը:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»։

 

3. Վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները և եզրահանգումները  

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով)։

Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն` բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին։

Նշված դրույթից հետևում է, որ վերաքննիչ վարույթում նիստին ներկա գտնվելու իրավունք թեև վերապահված է բացառապես բողոք բերած անձին, այդուհանդերձ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել ինքնուրույն այն առումով, որ գործին մասնակցող մյուս անձինք ծանուցվում են վերաքննիչ դատարանի նիստի մասին միայն, եթե առկա է բացատրություն տալու անհրաժեշտություն: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածում ամրագրված վերաքննիչ դատարանի նիստին ներկա գտնվելու իրավունքը հավասարապես վերաբերում է գործին մասնակցող բոլոր անձանց, քանի որ օրենսդիրը նախատեսում է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք բոլոր այն դեպքերի համար, երբ գործին մասնակցող անձանցից մեկը չի եղել պատշաճ ծանուցված: Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արատահայտած այն դիրքորոշումը, որ այն դեպքերում, երբ դատաքննությունը ներառում է հակադիր մասնավոր շահեր, կողմերի հավասարության պահանջը, որը արդար դատաքննություն հասկացության հատկանիշներից մեկն է, ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմին ողջամիտ հնարավորություն պետք է տրվի ներկայացնելու իր փաստարկները, ներառյալ ապացույցներ, այնպիսի պայմաններում, որոնք նրան չեն դնում էականորեն ավելի նվազ բարենպաստ պայմաններում` համեմատած հակառակ կողմի հետ: Ավելին` իշխանությունների կողմից դատաքննության կողմերից մեկին չծանուցելը, այնպես որ նրան հնարավորություն ընձեռվի իրականացնելու իր ներկա գտնվելու իրավունքը, կարող է որոշ դեպքերում հարցեր առաջացնել կապված 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ (տե՛ս նաև Նելսիդա Նիկողոսյանը և Գվիդոն Մելքոնյանը ընդդեմ Հայաստանի թիվ 11724/04 և 13350/04 գանգատներով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 06.12.2007 թվականի վճիռը, պարբ. 37):

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում ու ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (տե՛ս նաև` Հասմիկ Էլոյանի դիմումով թիվ 3-15/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը)։

Սույն գործով Վերաքննիչ դատարանի 21.11.2012 թվականի ժամը 14:15-ին նշանակված դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցագիրն Արմինե Ահարոնյանը ստացել է նույն օրը ժամը 18:00-ին (հատոր 2-րդ, գ. թ. 110):

Վերը նշված դիրքորոշման լույսի ներքո անդրադառնալով գործի փաստերին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, ՀՀ  քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, պատշաճ ձևով չի տեղեկացրել Արմինե Ահարոնյանին դատական նիստի ժամանակի և վայրի մասին, բողոքը քննել է նրա բացակայությամբ ու կայացրել որոշում։ Հետևաբար անձի դատական նիստին ներկա գտնվելու իրավունքի խախտման պայմաններում գործի նոր քննությունն անհրաժեշտ է անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման համար:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 21.11.2012 թվականի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

  Վ. Աբելյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
  Է. Հայրիյան
  Տ. Պետրոսյան
 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան