Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.05.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.05.2012
Подписан
Նախագահող
Дата подписания
02.05.2012
Дата вступления в силу
02.05.2012
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0694/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ1/0694/02/09

2012 թ.

Նախագահող դատավոր՝   Ն. Տավարացյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի մայիսի 02-ին, 

քննարկելով Գագիկ Մարտիրոսյանի ներկայացուցիչ Վահե Ամիրջանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գագիկ Մարտիրոսյանի ընդդեմ Յուրիկ, Արմեն Հարությունյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գագիկ Մարտիրոսյանը պահանջել է Յուրիկ և Արմեն Հարությունյաններից համապարտության կարգով բռնագանձել 11.600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև նշված գումարի նկատմամբ 30.05.2009 թվականից մինչև գումարի փաստացի վերադարձման օրը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները: Միաժամանակ, Գագիկ Մարտիրոսյանը միջնորդել է հայցագնի` 11.600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք դնել Յուրիկ և Արմեն Հարությունյաններին սեփականության իրավունքով պատկանող շարժական և անշարժ գույքի, ինչպես նաև դրամական միջոցների վրա:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.09.2009 թվականի որոշումներով հայցադիմումն ընդունվել է վարույթ, իսկ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 05.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Գագիկ Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան` պահանջելով վերացնել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 07.09.2009 թվականի որոշմամբ ձեռնարկված հայցի ապահովման միջոցը:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ն. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 24.10.2011 թվականի որոշմամբ հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)  25.11.2011 թվականի որոշմամբ Գագիկ Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.10.2011 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը վերադարձնելու մասին»  որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գագիկ Մարտիրոսյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

   

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ, 92-րդ, 101-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածում որևէ սահմանափակում չկա, որ դատարանը կարող է հայցի ապահովումը վերացնել միայն դատաքննության ընթացքում: Նշված հոդվածից հետևում է միայն, որ հայցի ապահովման վերացման հարցը կարող է լուծել միայն այդ գործը քննող դատարանը: Այսինքն` ձեռնարկված հայցի ապահովումը պետք է վերացվի վկայակոչված հոդվածով սահմանված կարգով` գործին մասնակցող անձի միջնորդության հիման վրա, այլ ոչ թե ընդհանուր հայցային վարույթի կարգով: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված չէ միջնորդության վերադարձման կարգ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածով սահմանված են միայն հայցադիմումը կամ դիմումը վերադարձնելու հիմքերն ու կարգը, իսկ միջնորդությունը պետք է քննարկվի, որի արդյունքում պետք է կայացվի կամ այն բավարարելու, կամ մերժելու մասին որոշում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.11.2011 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Դատարանի 24.10.2011 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը վերադարձնելու մասին»  որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` «Հայցի ապահովումը» վերտառությամբ 14-րդ գլխի 97-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը: Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում: Միջնորդությունը քննարկվում է այն ստացվելու օրը, և կայացվում է որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն`

1. Գործը քննող դատարանը, գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է վերացնել հայցի ապահովումը:

2. Հայցի ապահովման վերացման հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում: Գործին մասնակցող անձինք պատշաճ ձևով տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ հայցի ապահովման վերացման հարցի քննարկման համար:

3. Հայցի ապահովման վերացման հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում:

4. Հայցը մերժելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձանց դիմումով, վճռի կայացումից հետո, նույն օրենսգրքի 14-րդ գլխով սահմանված կանոններով, միջոցներ է ձեռնարկում վճռի կատարումն ապահովելու համար:

Դատարանը հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը վերադարձնելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ սույն գործով դատաքննությունն ավարտվել է, 05.11.2009 թվականին կայացվել է վճիռ, այն ստացել է օրինական ուժ, իսկ ներկայացված միջնորդությունը կարող էր քննարկվել դատաքննության ընթացքում: Հետևաբար այդ միջնորդությունը ենթակա չէ Դատարանում քննության, այլ այն պետք է ներկայացվի ընդհանուր հայցային վարույթի կարգով քննության առնելու համար:

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը վերադարձնելու մասին» որոշումը, պատճառաբանել է, որ գործին մասնակցող անձանց իրավունքները, մասնավորապես` միջնորդություններ անելու իրավունքը, վերաբերում է միայն գործի քննության ընթացքում ծագած հարցերին, ուստի այդ իրավունքը գործին մասնակցող անձանց է վերապահված դատավարության` գործի քննության ընթացքում, ինչից էլ հետևում է, որ դատաքննության ավարտից հետո ներկայացված միջնորդությունները ենթակա չեն քննարկման:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է հայցի ապահովման միջոցի կիրառման դատավարական ինստիտուտի սահմանման օրենսդրական նպատակին: Մասնավորապես Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ էլ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը (տե'ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի հարկային տեսչությունն ընդդեմ «Ալնես Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի` 13.157.100 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին թիվ ՎԴ/3511/05/10 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.04.2011 թվականի որոշումը): Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը: Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը (տե'ս ըստ դիմումի «Բի լայն» ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության` պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/0677/05/08 վարչական գործով 21.04.2008 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը սույն գործով անհրաժեշտ է համարում անդրադառնալ հայցի ապահովման վերացման հետ կապված հետևյալ իրավական խնդիրներին.

Արդյոք հայցը բավարարվելու դեպքում գործի քննության ավարտից հետո ներկայացված հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը ենթակա է դատարանի քննությանը.

Արդյոք հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդության վերադարձի մեխանիզմ օրենքով նախատեսված չլինելու դեպքում դատարանն իրավունք ունի վերադարձնել այն:

Առաջին հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածը պետք է դիտարկել հոդվածով կարգավորվող հարցերի տրամաբանական շարունակության մեջ: Մասնավորապես, նշված հոդվածի 1-3-րդ կետերը սահմանում են գործի քննության ժամանակ հայցի ապահովման վերացման կարգը, որն իրականացվում է միջնորդությամբ, դատական նիստով, ավարտվում է որոշմամբ, իսկ 4-րդ կետը կարգավորում է գործի քննության ավարտից հետո հայցի ապահովման միջոցի վերացման պահը և կարգը: Այդ կարգավորումը դրսևորվում է հետևյալ կերպ.

1. Հայցը մերժելու դեպքում հայցի ապահովման միջոցները մեխանիկորեն` օրենքի ուժով վերանում են վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից,

2. Հայցը բավարարելու դեպքում հայցի ապահովման միջոցները մեխանիկորեն` օրենքի ուժով վերանում են վճռի կատարման պահից:

Հետևաբար հայցը բավարարվելուց հետո միակ իրավաբանական փաստը, որն անհրաժեշտ է հայցի ապահովումը վերացնելու համար, վճռի կատարված լինելն է:

Բացի այդ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե`

    1) կատարողական թերթը փաստացի կատարվել է.

    2) պահանջատերը հրաժարվել է կատարողական թերթի պահանջների կատարումից:

Նույն օրենքի 441-ին հոդվածի համաձայն՝ արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է, եթե առկա են նույն օրենքի 42-րդ հոդվածում նշված հիմքերը.

Վերոնշյալ նորմերից հետևում է, որ հարկադիր կատարման վարույթում հայցի ապահովման միջոցի վերացումը կատարողական թերթի կատարված լինելու պարագայում պետք է իրականացվի, այսինքն` գույքն արգելանքից պետք է հանվի հարկադիր կատարողի որոշմամբ, քանի որ օրենքը հայցը բավարարվելու դեպքում հայցի ապահովման վերացման համար որպես հիմք պահանջում է դատարանի վճռի կատարված լինելու իրավաբանական փաստը, այսինքն` կատարողական թերթի փաստացի կատարված լինելու կամ պահանջատիրոջ կողմից դրա կատարումից հրաժարվելու փաստը:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ինչպես հայցի ապահովման միջոցի կիրառումը, այնպես էլ դրա վերացումը պետք է դիտարկել` հաշվի առնելով այդ դատավարական ինստիտուտի նպատակը, և եթե վերացել է դրա սահմանման նպատակը, այն կարող է օրենքի ուժով վերացվել: Այս տրամաբանությունը գործում է նաև դատարանի վճռի` օրինական ուժի մեջ մտնելուց հետո հայցի ապահովման վերացման դեպքում, ինչն իր արտացոլումն է ստացել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ կետում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հատուկ ընդգծել, որ վերոհիշյալ իրավակարգավորումը վերաբերում է բացառապես այն դեպքերին, երբ հայցը բավարարվելու դեպքում վճռի հիման վրա տրվել է կատարողական թերթ, և հարուցվել է կատարողական վարույթ:

Մինչդեռ այն պարագայում, երբ հայցը բավարարելու մասին վճռի հիման վրա կատարողական վարույթ չի հարուցվել, որպիսի դեպքը սույն գործով առկա է, հայցի ապահովման միջոցը պետք  է վերացվի գործը քննած դատարանի որոշմամբ:

Նման եզրահանգումը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ և 141-րդ հոդվածների տրամաբանական վերլուծությունից: Վերջին հոդվածն իրավունք է վերապահում դատարանին գործին մասնակցող անձանց դիմումով վճռի կայացումից հետո հայցի ապահովման կամ դրա վերացման հարցը քննարկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածն ընդգրկող 14-րդ գլխի կանոններով:

        Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցի ապահովման վերացման հարցը գործին մասնակցող անձի միջնորդության հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածով սահմանված կարգով գործը քննող դատարանի կողմից կարող է քննարկվել ոչ միայն գործի քննության ընթացքում, այլև  հայցը բավարարելու մասին վճռի հիման վրա կատարողական վարույթ հարուցված չլինելու դեպքում գործի քննության ավարտից հետո: Հետևաբար հայցի ապահովման մասին հայցվորի միջնորդությունը տվյալ դեպքում ենթակա էր քննարկման:

       Անդրադառնալով երկրորդ հարցին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

       ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 87-րդ հոդվածում սահմանված` հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները.

2) հայցադիմումն ստորագրված չէ կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.

3) գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին.

4) այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.

5) չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը կամ նման միջնորդությունը մերժվել է.

6) մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատասխանողներին ուղղված միմյանց հետ չկապված պահանջներ.

7) մինչև հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու մասին.

8) ամուսինը կնոջ հղիության ժամանակ կամ երեխան ծնվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, առանց կնոջ համաձայնության ամուսնալուծության դիմում է տվել:

2. Դատարանը սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով հայցադիմումը վերադարձնելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով հայցվորին:

3. Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և եռօրյա ժամկետում դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ օրենսդիրը կարգավորում է միայն հայցադիմումը վերադարձնելու հիմքերն ու իրավական մեխանիզմները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածը վերաբերում է հայցադիմումը վերադարձնելուն, իսկ միջնորդությունը վերադարձնելու ինստիտուտ նշված օրենսգիրքը չի նախատեսում, այսինքն` բացակայում է միջնորդությունը վերադարձնելու իրավական հիմքը: Հետևաբար Դատարանն իրավասու չէր վերադարձնելու միջնորդությունը նման լիազորության իրավական հիմքերի բացակայության պատճառով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար։ 

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց  

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2011 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 24.10.2011 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը վերադարձնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան