ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/1219/05/15 |
Վարչական գործ թիվ ՎԴ/1219/05/15 |
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Սողոմոնյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի հունվարի 13-ին,
քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.06.2015 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Աշոտ Արայի Կյուրեղյանի ներկայացուցիչ Աշոտ Աշոտի Կյուրեղյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Աշոտ Արայի Կյուրեղյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 29.05.2003 թվականի թիվ 645-Ն որոշման հավելվածի Հայաստանի Հանրապետությունում գույքահարկով հարկման նպատակով անավարտ (կիսակառույց) շինությունների բնութագրման կարգի երկրորդ կետի երրորդ ենթակետը:ՀՀ վարչական դատարանի (նախագահող դատավոր` Մ. Մելքումյան, դատավորներ` Ա. Ավագյան, Ա. Հարությունյան, Գ. Սոսյան, Ա. Դիլանյան) (այսուհետ` Դատարան) 17.04.2015 թվականի որոշմամբ դիմումը վերադարձվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.06.2015 թվականի որոշմամբ Դատարանի 17.04.2015 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ Աշոտ Արայի Կյուրեղյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Արայի Կյուրեղյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 145-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, ներկայացված վերաքննիչ բողոքի ընդդատության հարցը վերլուծելիս, հանգել է այն եզրակացության, որ սույն պարագայում նորմատիվ իրավական ակտի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործով կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածը, որի դիսպոզիցիան սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վերաբերյալ գործերը, ինչպես նաև այդ գործերով կայացվող միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները ենթակա են քննության և լուծման վարչական դատարանում` կոլեգիալ` 5 դատավորի կազմով: Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 131-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 133-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համադրված վերլուծությունից հետևում է, որ դատավարության մասնակցի համար սահմանվում է վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերը վերաքննիչ դատարան ուղարկելու պարտականություն, իսկ նույն օրենսգրքի 196-րդ հոդվածով նորմատիվ իրավական ակտերի բողոքարկման վերաբերյալ գործով միջանկյալ ակտի դեմ վերաքննիչ բողոքի քննման և լուծման լիազորությունը տրված է ՀՀ վարչական դատարանին:
Ստացվում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխով նախատեսված գործերի իմաստով ՀՀ վարչական դատարանը հանդես է գալիս և' որպես առաջին ատյանի մասնագիտացված դատարան, և' որպես նույն դատարանի միջանկյալ ակտերը վերանայող վերաքննիչ դատարան: Բացի այդ, օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածով սահմանելով նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վերաբերյալ գործերով կայացվող միջանկյալ դատական ակտերի բողոքարկման նման եղանակ, միաժամանակ չի սահմանել, թե ինչ իրավանորմերով պետք է իրականացվի վերաքննություն ՀՀ վարչական դատարանում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22.06.2015 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման իրավական հնարավորության մասին Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտը վերաքննության կարգով նույն դատարանի կողմից վերանայման ենթակա լինելու մասին իրավակարգավորումը համապատասխանում է բողոքարկման իրավունքի գործնականում իրացմանն ուղղված օրենսդրական կարգավորումների համակարգային տրամաբանությանն ու իրավաչափ նշանակությանը` հաշվի առնելով 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածով նախատեսված` անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի, արդար դատաքննության տարր հանդիսացող` դատարանի մատչելիության իրավունքի երաշխավորվածությունը և լիարժեք իրացման պատշաճ կառուցակարգերի անհրաժեշտությունը, ինչպես նաև դատական պաշտպանության ինստիտուտի էության ու բովանդակության, դրա օրենսդրական կարգավորման արդյունավետության ու սահմանադրականության խնդիրների վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 և 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշումներում ամրագրված իրավական դիրքորոշումները:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև մասնագիտացված դատարաններ:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով:
ՀՀ դատական օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 1.1-րդ կետի համաձայն` վարչական վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմաններում վերանայում է վարչական դատարանի կայացրած դատական ակտերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը.
1) հայցադիմումի ընդունումը մերժելու մաuին.
2) հայցադիմումը վերադարձնելու մաuին.
3) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մաuին.
4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մաuին.
5) վրիպակները, գրաuխալները կամ թվաբանական uխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մաuին.
6) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մաuին.
7) դատավարական ժամկետները երկարաձգելու կամ դրա երկարաձգումը մերժելու մաuին.
8) կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին, ինչպես նաև երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու դիմումը մերժելու կամ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին.
9) նույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը.
10) գործի վարույթը կասեցնելու մասին, բացառությամբ նույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի.
11) ինքնաբացարկի մասին դատական ակտերը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում են վերաքննիչ դատարան: Բողոք բերողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է դատավարության մասնակիցներին, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած վարչական դատարան:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության պահին գործող խմբագրության 196-րդ հոդվածի համաձայն` նույն գլխով նախատեսված գործերը, ինչպես նաև այդ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին:
Օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովել ՀՀ Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության հիմնարար սկզբունքների գործնականում իրացումն իրավակիրառ պրակտիկայում, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանել է, որ ՀՀ իրավական համակարգում օրենքները, ոչ միայն պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, այլ նաև չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին: ՀՀ սահմանադրական դատարանը, իր 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշման մեջ անդրադառնալով օրենքների` Սահմանադրական դատարանի որոշումներին համապատասխանելու իրավական խնդրին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը միանշանակ սահմանում է, որ «Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին», իսկ վերջիններս իմաստ ու բովանդակություն են ստանում, դառնում են իրավունքի աղբյուր իրենց ամբողջականության մեջ` հիմքում ունենալով սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները:
ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է արդարադատության մատչելիության և արդյունավետության հիմնախնդիրներին` առաջնորդվելով 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 14-րդ, 18-րդ, 19-րդ հոդվածներով, Կոնվենցիայում և միջազգային իրավական այլ փաստաթղթերում ամրագրված հիմնադրույթներով:
ՀՀ սահմանադրական դատարանը, իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. հայցը կամ դիմումը դատարան իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:
Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:
ՀՀ սահմանադրական դատարանի 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է, այլև այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին, չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:
ՀՀ սահմանադրական դատարանի 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման համաձայն` բողոքարկման ինստիտուտի ողջ տրամաբանությունն ընդհանրապես, և արդարադատության համակարգի ներսում մասնավորապես, հանգում է նրան, որ մի օղակի ապօրինի վարքագծի վիճարկումը հասցեագրված լինի բացառապես վերադաս ատյանին: Այս տրամաբանությամբ է կառուցված ՀՀ արդարադատական համակարգի ներսում բողոքարկման ողջ մեխանիզմը: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության, ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովել տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ: Սակայն դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը կամ դրա իրացմանն արգելք հանդիսանալ:
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված դատական ատյանների աստիճանակարգությունը պահպանելու և անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների լիարժեք իրացումը երաշխավորելու տեսանկյունից գնահատելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող 196-րդ հոդվածով սահմանված իրավադրույթի սահմանադրականությունը` ՀՀ սահմանադրական դատարանը 06.10.2015 թիվ ՍԴՈ-1231 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ նշված դրույթի հիման վրա «(...) նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքների` վարչական դատարանի կողմից վարույթ ընդունվելու հնարավորության նորմատիվ առկայությունը (նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու) գործերով միջանկյալ դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի շրջանակներում անձանց դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի իրացումն ապահովելու համար բավարար չէ: (...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածը խնդրահարույց է ինչպես օրենսդրորեն ամրագրված դատական աստիճանակարգության համապատասխանության տեսանկյունից, այնպես էլ օրենքի հստակության առումով, և, հետևաբար, բավարար չափով չի ապահովում դատական պաշտպանության ու արդար դատաքննության սահմանադրական իրավունքների լիարժեք իրագործման հնարավորությունը (...)»։
Հիմք ընդունելով վերոգրյալ պատճառաբանությունները, ինչպես նաև թիվ ՎԴ/6478/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2015 թվականի նախադեպային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները` ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչված որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածի` «ինչպես նաև այդ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները» դրույթը ճանաչել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների և 92-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր:
Թիվ ՎԴ/6478/05/14 վարչական գործով 27.07.2015 թվականի որոշմամբ քննության առարկա հարցը դիտարկելով ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ առաջին` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վարչական վերաքննիչ դատարանում բողոքարկման իրավական հնարավորության բացակայությունը, ինչպես նաև նմանատիպ գործերով վարչական դատարան ներկայացված վերաքննիչ բողոքների քննության և լուծման որևիցե ընթացակարգ և/կամ լիազորություն նախատեսված լինելու բացակայությունն արգելափակում է ոչ միայն դատարանի մատչելիության իրավունքը, այլև անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտը բողոքարկելու իրավական հնարավորությունից: Երկրորդ` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի բողոքարկման վերաբերյալ բացառություն նախատեսելիս ամբողջապես հաշվի չեն առնվել ՀՀ սահմանադրական դատարանի վերը հիշատակված հստակ և հետևողական իրավական դիրքորոշումները: Օրենսդիրը բավարար հետևողականություն չի ցուցաբերել քննության առարկա հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին ներդաշնակ և համահունչ օրենսդրական կանոնակարգումները զարգացնելու առումով, ինչպես նաև չի ապահովել իրավական օրենքին ներկայացվող իրավական որոշակիության, ճշգրտության և կանխատեսելիության որակները: Երրորդ` դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությանը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներով (27.11.2005 թվականի խմբագրությամբ) երաշխավորված իրավունքները կամ դրանց գործնականում իրացման արգելք հանդիսանալ: Ստորադաս դատարանների դատական ակտերը վերանայելու լիազորությունների իրականացման համար, ի թիվս այլնի, կարևոր երաշխիք է նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտը` նյութական և ընթացակարգային օրենսդրական այնպիսի կարգավորումը, որն ապահովի անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրականացումը: Նշված համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը հատուկ կարևորել է դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի համակարգային ամբողջականությունը և գործնականում կիրառման արդյունավետությունն ապահովող կառուցակարգային ու օրենսդրական համապատասխան երաշխիքների առկայությունը, ինչն անհրաժեշտ է դատական պաշտպանության իրավունքի իրացման լիարժեքության համար:
Այսպիսով, վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերադաս դատական ատյանում բողոքարկման իրավունքի երաշխավորումը կընդլայնի դատական պաշտպանության արդյունավետության և օբյեկտիվության նկատմամբ հանրային վստահությունը, կապահովի խախտված իրավունքների լիարժեք վերականգնման հնարավորությունը, թույլ կտա վերադաս ատյանի դատարանին վերացնել ստորադաս ատյանի թույլ տված դատական սխալները, ուղղված կլինի վերադաս դատական ատյանների մատչելիության ապահովմանը և կնպաստի դատական պաշտպանության իրավունքի իրացման լիարժեքությանը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական բողոքարկման իրավունքը վերադաս դատարանի կողմից դատական ակտի վերանայման` անձի իրավունքն է, որը հետևողականորեն պետք է իր արտացոլումը գտնի իրավակիրառ պրակտիկայում:
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության հիմնարար սկզբունքները, անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, դատական բողոքարկման իրավունքի սահմանադրական և միջազգային իրավական չափանիշները, ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև ՀՀ իրավական համակարգում ներդրված դատական բողոքարկման ընդհանուր հայեցակարգային մոտեցումները և նպատակ ունենալով բողոքարկման իրավունքի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները ներդնել իրավակիրառ պրակտիկայի հիմքում, արձանագրում է.
1. նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը ենթակա են բողոքարկման վերաքննության կարգով` վարչական վերաքննիչ դատարան,
2. նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները ենթակա են քննության և լուծման վարչական վերաքննիչ դատարանի կողմից կոլեգիալ` 5 դատավորի կազմով,
3. նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի բողոքարկումն իրականացվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված միջանկյալ դատական ակտերի բողոքարկման համար սահմանված ընդհանուր իրավակարգավորումներով` այնքանով, որքանով դրանք վերաբերելի են խնդրի առարկա որոշմանը:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 22.06.2015 թվականի որոշմամբ Դատարանի 17.04.2015 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ Աշոտ Արայի Կյուրեղյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով, այն է` բողոքարկվել է այն դատական ակտը, որն ընդդատյա չէ վերաքննիչ դատարանին: Իր այդ դիրքորոշումը Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և լուծում է վարչական դատարանը: Այսինքն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժման է ենթակա այն վերաքննիչ դատարանին ընդդատյա չլինելու հիմքով (...)» (գ.թ. 80):Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի վերաքննության կարգով բողոքարկման իրավական հնարավորության մասին վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու ՀՀ վճռաբեկ դատարանի առաքելության պատշաճ իրացման անհրաժեշտությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Դատարանի 17.04.2015 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը չի կարող համարվել վերաքննիչ դատարանում բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ: Սույն գործով դատավարության մասնակիցները պետք է հնարավորություն ունենան վիճարկելու այդ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը վերադաս դատական ատյանում` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է, և նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի բողոքարկման իրավական հնարավորության բացակայությունն անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտը վերադաս դատական ատյանում բողոքարկելու իրավունքից: Այլ կերպ ասած` սույն գործով դատավարության մասնակիցներին չի կարելի զրկել Դատարանի 17.04.2015 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աշոտ Արայի Կյուրեղյանն ունի Դատարանի 17.04.2015 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավունք, որը վերջինս արդեն իրացրել է` Վերաքննիչ դատարան ներկայացնելով համապատասխան վերաքննիչ բողոք:
Վերը նշված վերլուծությունների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Աշոտ Արայի Կյուրեղյանի կողմից կատարված գործողությունները (վերաքննիչ դատարան` Դատարանի 17.04.2015 թվականի «Դիմումը վերադարձնելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու տեսքով) չի կարելի որակել որպես այնպիսի դատական ակտի բողոքարկում, որը ենթակա չէ բողոքարկման, քանի որ տվյալ անձը վերադաս դատական ատյանում այդ դատական ակտի օրինականությունն օրենքով սահմանված կարգով վիճարկելու իրավական հնարավորություն պետք է ունենա: Հետևաբար քննարկվող պարագայում առկա չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքը, և Վերաքննիչ դատարանի 22.06.2015 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 22.06.2015 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Ե. Սողոմոնյան Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|