Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (22.07.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
22.07.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
22.07.2016
Дата вступления в силу
22.07.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4500/05/15

Վարչական գործ թիվ ՎԴ/4500/05/15
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ռ. Հակոբյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի հուլիսի 22-ին

քննարկելով ըստ հայցի Սիրուշ Լևոնյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` Երևանի քաղաքապետի 09.07.2010 թվականի թիվ 3046-Ա և 25.07.2011 թվականի թիվ 3262-Ա որոշումները մասնակիորեն անվավեր ճանաչելու, որպես անվավերության հետևանք` Երևան քաղաքի Ադամյան թիվ 14 հասցեի 188,67քմ մակերեսով ամբողջ հողամասի (118,67քմ մակերեսով շինություններով ծանրաբեռնված հողամասի և 70քմ մակերեսով բնակելի տան սպասարկման տարածքի) նկատմամբ Սիրուշ Լևոնյանի բաժնային սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը 

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Սիրուշ Լևոնյանը պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 09.07.2010 թվականի թիվ 3046-Ա և 25.07.2011 թվականի թիվ 3262-Ա որոշումները, որպես անվավերության հետևանք` Երևան քաղաքի Ադամյան թիվ 14 հասցեի 188,67քմ մակերեսով ամբողջ հողամասի (118,67քմ մակերեսով շինություններով ծանրաբեռնված հողամասի և 70քմ մակերեսով բնակելի տան սպասարկման տարածքի) նկատմամբ ճանաչել Սիրուշ Լևոնյանի բաժնային սեփականության իրավունքը` միաժամանակ միջնորդելով հարգելի համարել և վերականգնել հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 23.09.2015 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Սիրուշ Լևոնյանի միջնորդությունը բավարարվել է և հայցադիմումն ընդունվել է վարույթ։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.11.2015 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.09.2015 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի   54-րդ, 66-րդ և 72-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Սիրուշ Լևոնյանը Երևանի քաղաքապետի 09.07.2010 թվականի թիվ 3046-Ա և 25.07.2011 թվականի թիվ 3262-Ա որոշումների վիճարկման հայցով ՀՀ վարչական դատարան է դիմել դեռևս 2013 թվականին, որի հիման վրա հարուցվել է թիվ ՎԴ/2644/05/13 վարչական գործը: Հետևաբար Սիրուշ Լևոնյանը տեղյակ է եղել վիճարկվող վարչական ակտերի վերաբերյալ սույն գործով հայց ներկայացնելուց շատ ավելի վաղ, որպիսի պայմաններում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Սիրուշ Լևոնյանի միջնորդությունը ենթակա չէր բավարարման:

 

Բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի  19.11.2015 թվականի որոշումը և վերացնել «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» Դատարանի 23.09.2015 թվականի որոշումը»: 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են սահմանված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ և 63-րդ հոդվածներով:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով: 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները  թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57)

Ըստ Եվրոպական դատարանի՝ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետեր 51,55):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված անձանց` վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:

Օրենսդիրը ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 10-րդ հոդվածներում սահմանել է վարչական դատարանի իրավասության շրջանակը: Ինչպես ցանկացած դատարան, վարչական դատարանն իրավասու է գործադրել օրենքով նախատեսված իր լիազորությունները միայն համապատասխան սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումի դեպքում, այսինքն` օժտված է հատուկ տեսակի իրավասությամբ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ, հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արդեն իսկ արտահայտել է իրավական դիրքորոշում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի         54-րդ հոդվածի կիրառելիության և բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու դատավարական կառուցակարգի մասին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները:

Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել  է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե'ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Ռուբեն Հովհաննիսյանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14  վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը, Եղեգնուտի գյուղապետարանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արմավիրի մարզային ստորաբաժանման թիվ ՎԴ/0196/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

08.09.2015 թվականին դիմելով Դատարան՝ Սիրուշ Լևոնյանը հիմնական հայցապահանջներով պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 09.07.2010 թվականի թիվ 3046-Ա և 25.07.2011 թվականի թիվ 3262-Ա որոշումները: Միաժամանակ Սիրուշ Լևոնյանը միջնորդել է վերականգնել հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը՝ պատճառաբանելով, որ այլ դատական գործի շրջանակներում Երևանի քաղաքապետի 09.07.2010 թվականի թիվ 3046-Ա և 25.07.2011 թվականի թիվ 3262-Ա որոշումները բողոքարկվել են սույն գործով ներկայացված հայցի հիմքերից ու հիմնավորումներից տարբերվող հիմքերով և հիմնավորումներով (գ.թ. 3-5, 29):

Դատարանը 23.09.2015 թվականի որոշմամբ բավարարել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Սիրուշ Լևոնյանի միջնորդությունը` գտնելով, որ «(...) տվյալ դեպքում (...) անձի դատական պաշտպանության իրավունքը չսահմանափակելու, այդ իրավունքի գերակայությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված (...) միջնորդությունը պետք է բավարարել (...)» (գ.թ. 49-51):

Վերաքննիչ դատարանը, մերժելով Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Սիրուշ Լևոնյանը վիճարկվող որոշումների մասին տեղեկացել է դեռևս 2013 թվականին և նշված որոշումները վիճարկելու մասին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որի հիման վրա հարուցվել է թիվ ՎԴ/2644/05/13 վարչական  գործը: Նշված վարչական գործի լուծումը կախված չի եղել Սիրուշ Լևոնյանի կամքից. դրան տրվել է վերջինիս համար ոչ բարենպաստ լուծում: Ուստի, ըստ Վերաքննիչ դատարանի, սույն գործով հայց ներկայացնելու համար սահմանված դատավարական ժամկետի բացթողումը պայմանավորված չի եղել Սիրուշ Լևոնյանի գործողություններով և տեղի է ունեցել նրա կամքից անկախ (գ.թ. 85-90):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Սիրուշ Լևոնյանի կողմից 08.09.2015 թվականին ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս հիմնական հայցապահանջներով պահանջել է մասնակիորեն անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 09.07.2010 թվականի թիվ 3046-Ա և 25.07.2011 թվականի թիվ 3262-Ա որոշումները:

Այսինքն` Սիրուշ Լևոնյանը բաց է թողել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը:  

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևանի քաղաքապետի 09.07.2010 թվականի թիվ 3046-Ա և 25.07.2011 թվականի թիվ 3262-Ա որոշումները Սիրուշ Լևոնյանի կողմից դատական կարգով վիճարկվել են դեռևս 2013 թվականին: Այսպես, սույն գործով ներկայացված հայցադիմումի, ինչպես նաև դրան կից փաստաթղթերի շարքում առկա Սիրուշ Լևոնյանի ներկայացուցիչ փաստաբան Աշոտ Ոսկանյանի կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված 15.07.2015 թվականի դիմումի համաձայն՝ Երևանի քաղաքապետի 09.07.2010 թվականի թիվ 3046-Ա և 25.07.2011 թվականի թիվ 3262-Ա որոշումները Սիրուշ Լևոնյանի կողմից վիճարկվել են ՀՀ վարչական դատարանում թիվ ՎԴ/2644/05/13 վարչական գործի շրջանակներում (գ.թ. 3-5, 15, 31-34, 40):

Փաստորեն, սույն գործում առկա վերոգրյալ փաստաթղթերի բովանդակությունից հետևում է, որ Սիրուշ Լևոնյանն առնվազն 2013 թվականից տեղյակ է եղել Երևանի քաղաքապետի վիճարկվող որոշումների մասին, քանի որ Սիրուշ Լևոնյանն այդ թվականին մեկ անգամ արդեն դատական կարգով բողոքարկել է քննարկվող որոշումները: Հետևաբար հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Սիրուշ Լևոնյանի միջնորդության այն հիմնավորումը, որ այլ դատական գործի շրջանակներում Երևանի քաղաքապետի 09.07.2010 թվականի թիվ 3046-Ա և 25.07.2011 թվականի թիվ 3262-Ա որոշումները բողոքարկվել են սույն գործով ներկայացված հայցի հիմքերից ու հիմնավորումներից տարբերվող հիմքերով ու հիմնավորումներով, չի կարող հանդիսանալ սույն գործով վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ:

Վերոգրյալ դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետության վարչադատավարական օրենսդրությունն այս կամ այն վարչական ակտը դատական կարգով վիճարկելուց հետո միևնույն վարչական ակտի վերացման պահանջով երկրորդ անգամ դատարան դիմելու դեպքում վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետը վերականգնելու հարցում որևէ իրավաբանական նշանակություն չի տալիս այն հանգամանքին, թե հայցվորն ինչ հիմքերով ու հիմնավորումներով է պահանջել վերացնել տվյալ վարչական ակտը: Հետևաբար առաջին անգամ միևնույն վարչական ակտը դատական կարգով վիճարկելուց հետո նույն վարչական ակտի վերացման պահանջով երկրորդ անգամ դատարան դիմելու դեպքում հայց ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու հարցը լուծելիս նախկին և նոր հայցերի հիմքերի և հիմնավորումների տարբերությունը չի կարող դիտվել դատարան դիմելու ժամկետը բաց թողնելու ո՛չ օբյեկտիվ, ո՛չ սուբյեկտիվ հիմք և չի կարող համարվել այդ ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Սիրուշ Լևոնյանի միջնորդությունը բավարարելու հիմք չի կարող հանդիսանալ նաև Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ առաջ քաշված այն եզրահանգումը, որ Սիրուշ Լևոնյանի կողմից դատարան դիմելու ժամկետը բաց է թողնվել վերջինիս կամքից անկախ հանգամանքներով, քանի որ սույն գործով առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Սիրուշ Լևոնյանը, դեռևս 2013 թվականին իրազեկված լինելով Երևանի քաղաքապետի 09.07.2010 թվականի թիվ 3046-Ա և 25.07.2011 թվականի թիվ 3262-Ա որոշումների մասին, այդ որոշումների վիճարկման հայցով դատարան դիմելու ժամկետը բաց է թողել իր կամքից անկախ հանգամանքների պատճառով:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել նաև, որ սույն գործով բավարարելով հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Սիրուշ Լևոնյանի միջնորդությունը՝ Դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել, թե կոնկրետ ինչ փաստական հանգամանքների առկայության հիմքով է համարել, որ Սիրուշ Լևոնյանը հայց ներկայացնելու ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ սույն գործով առկա չեն Երևանի քաղաքապետի 09.07.2010 թվականի թիվ 3046-Ա և 25.07.2011 թվականի թիվ 3262-Ա որոշումների վիճարկման հայցով դատարան դիմելու համար օրենքով նախատեսված ժամկետը Սիրուշ Լևոնյանի կողմից բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու ո՛չ օբյեկտիվ, ո՛չ սուբյեկտիվ հիմքեր, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկման հայց ներկայացնելու համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի     72-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատավարական ժամկետը Սիրուշ Լևոնյանի  կողմից ակնհայտորեն բաց է թողնվել և այդ ժամկետը հարգելի համարելու հիմքերը տվյալ դեպքում բացակայում են, իսկ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությամբ հայցվորի ներկայացուցչի բերած փաստարկները վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ չեն հանդիսանում և հետևաբար բաց թողնված ժամկետը ենթակա չէ վերականգնման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը 

Ո Ր Ո Շ Ե Ց 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.11.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 23.09.2015 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունը բավարարելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ռ. Հակոբյան
  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

  Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
  Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան