Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.06.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
18.06.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
18.06.2014
Дата вступления в силу
18.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0592/02/13

2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0592/02/13

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի հունիսի 18-ին 

քննարկելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ «ԳՅՈՒՄՐԻԻ ՊԻՆԴ ՎԱՌԵԼԻՔ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Սուսաննա Իսկանյանի, «ՍԻԹԻ ՊԵՏՐՈԼ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպություն)  և Արմինե Աթոյանի` գումար բռնագանձելու և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությունից, Սուսաննա Իսկանյանից, Արմինե Աթոյանից և Կազմակերպությունից համապարտության կարգով բռնագանձել վարկի պայմանագրից բխող պարտքի գումարը, դրա նկատմամբ հաշվարկված տոկոսի և տուժանքի գումարները` բռնագանձումը տարածելով գրավի առարկայի վրա

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Է. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 12.12.2013 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը բավարարվել է` քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)  23.01.2014 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 12.12.2013 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կազմակերպությունը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի առաջին մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, անտեսելով, որ Բանկի հայցը վերաբերում է գումարի բռնագանձմանը և ընդհանրապես կապ չունի քրեական գործի հետ, գործի վարույթը կասեցրել է այն հիմքով, որ անհնարին է քաղաքացիական գործի քննությունը մինչև թիվ 69104612 քրեական գործի ավարտը, քանի որ քաղաքացիական գործի փաստական հանգամանքներն առնչվում են նշված քրեական գործի հետ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն իր որոշման մեջ չի նշել այն շարժառիթները, որոնք քաղաքացիական գործի քննությունը դարձնում են անհնարին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 23.01.2014 թվականի որոշումը։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման այն հիմքով, որ վերը նշված քրեական գործով քննության առարկա են նաև վարկային գծի պայմանագիրը, այդ պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կնքված գրավի և երաշխավորության պայմանագրերը, որոնց վերաբերյալ փաստաթղթերն առգրավվել են քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից:

Բացի այդ, երաշխավոր Սուսաննա Իսկանյանը պատասխանող է, համապարտ պարտապան, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որը նույնպես անհնարին է դարձնում քաղաքացիական գործի քննությունը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանն այն  գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ։       

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշման մեջ անդրադարձել է գործի վարույթը կասեցնելու իրավական կարգավորումներին և արձանագրել, որ գործի վարույթի կասեցումը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը. գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձևական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է (տե՛ս թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի պարտականությունն է կասեցնել գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է  նշվեն  շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս թիվ ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.01.2010 թվականի որոշումը): 

Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նշված դիրքորոշումը, արձանագրել է նաև, որ  դատական ակտը հիմնավորելու պահանջը հավասարապես վերաբերում է ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ` միջանկյալ դատական ակտերին: Յուրաքանչյուր դեպքում որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը (տե՛ս թիվ ԵԿԴ/2768/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2013 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը, բավարարելով գործի վարույթը կասեցնելու մասին Կազմակերպության միջնորդությունը, իր 12.12.2013 թվականի որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «սույն քաղաքացիական գործի քննությունն անհնարին է մինչև Սուսաննա Իսկանյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված թիվ 69104612 քրեական գործի ավարտը` նկատի ունենալով, որ սույն քաղաքացիական գործի փաստական հանգամանքներն առնչվում են նշված քրեական գործին»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի վերաքննիչ բողոքը, նշել է, որ «ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվում է սույն գործով պատասխանող Սուսաննա Իսկանյանի վերաբերյալ հարուցված քրեական գործ, որը սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու հիմք է` նկատի ունենալով, որ վերը նշված քրեական գործով հաստատվող հանգամանքները սույն գործով հայցվոր ընկերության պահանջը բավարարելու կամ մերժելու համար կարող են իրավաբանական նշանակություն ունենալ»: Նշել է նաև, որ «վերաքննիչ դատարանը սույն գործի քննության անհնարինությունը հիմնավոր է համարում` նկատի ունենալով, որ գործով պատասխանող ընկերության տնօրեն Սուսաննա Իսկանյանը գտնվում է հետախուզման մեջ»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը չի կարող բավարար հիմք հանդիսանալ գործի վարույթը կասեցնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքի առկայությունը հաստատված համարելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը չի նշել թիվ 69104612 քրեական գործով քննվող այն իրավահարաբերությունը կամ փաստը, որը թիվ ԵԿԴ/0592/02/13 քաղաքացիական գործի քննության և լուծման համար իրավաբանական նշանակություն ունի և չի կարող հաստատվել սույն գործի շրջանակներում, ինչով էլ պայմանավորված է գործի քննության անհնարինությունը:

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2014 թվականի թիվ ԵԿԴ/0592/02/13 որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.12.2013 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան