Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.12.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.04.10/23(1476).1 Հոդ.277.32
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
07.12.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
07.12.2018
Дата вступления в силу
07.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0009/04/16

Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0009/04/16
2018թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան   

Դատավորներ՝

 Մ. Հարթենյան
   Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Տ. Պետրոսյան

   

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

   

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

 

2018 թվականի դեկտեմբերի 07-ին

գրավոր ընթացակարգով քննելով Օվսաննա Սարգսյանի ներկայացուցիչներ Գևորգ Պողոսյանի և Զարուհի Մկրտչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018 թվականի որոշման դեմ՝ ըստ դիմումի Կարինե Ղազարյանի, Արուսյակ Ավետիսյանի, Անուշ Նազարյանի, Ազիզ Ստեփանյանի, Մելանյա Նազարյանի, Նինա Պողոսյանի, Ալվարդ Արզումանյանի, Նազիկ Թադևոսյանի, Ռիմա Աղաջանովայի (այսուհետ՝ Դիմումատուներ)՝ Իգոր Մանդելին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

 

ՊԱՐԶԵՑ

 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Դիմումատուները պահանջել են Իգոր Մանդելին սնանկ ճանաչել:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 30.05.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 12.04.2017 թվականի «Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշմամբ Իգոր Մանդելի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանի միջնորդությունը բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել 04.04.2017 թվականին կայացած լոտի վերաբերյալ աճուրդը և 04.04.2017 թվականի աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը: Որպես լոտի վերաբերյալ աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր է ճանաչվել Իգոր Մանդելի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանի և աճուրդում հաղթող ճանաչված Օվսաննա Սարգսյանի լիազորված անձ Գևորգ Պողոսյանի միջև կնքված բաժնեմասի առուվաճառքի մասին պայմանագիրը: Դատարանը պարտավորեցրել է սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանին աճուրդում հաղթող ճանաչված անձին ամբողջությամբ վերադարձնել վերջինիս կողմից վճարված գումարը: Միաժամանակ Դատարանը թույլատրել է կառավարիչ Վարդգես Բալաբեկյանին հրապարակային սակարկություններով մեկ լոտով վաճառել պարտապան Իգոր Մանդելին պատկանող «Շենգավիթ-Ա» ՍՊԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ունեցած 50,4 տոկոս բաժնեմասը, որը գտնվում է ք. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փողոց 14 շենք 110 և 112 սպասարկման սրահ հասցեներում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.01.2018 թվականի որոշմամբ Օվսաննա Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.04.2017 թվականի «Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Օվսաննա Սարգսյանի ներկայացուցիչները:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել Իգոր Մանդելը և Դիմումատուները։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, 16-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 3-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ աճուրդի կազմակերպիչ է հանդիսացել սնանկության գործով կառավարիչը, ով իրավունք չուներ մասնակցել հրապարակային սակարկությանը, ուստի լոտի նկատմամբ սուբյեկտիվ իրավունքներ ունենալ չէր կարող, ինչպես նաև չէր կարող ապագայում ձեռք բերել հնարավոր իրավունքներ: Այսինքն՝ սնանկության գործով կառավարիչը չէր կարող համարվել աճուրդի և դրա արդյունքում կնքված պայմանագրի անվավերության պահանջ ներկայացնելու շահագրգիռ անձ: Մինչդեռ աճուրդը և դրա արդյունքում կնքված պայմանագիրը կարող են անվավեր ճանաչվել միայն շահագրգիռ անձի կողմից ներկայացված հայցի հիման վրա: Վերաքննիչ դատարանն իրավաչափ է համարել Դատարանի կողմից միջանկյալ դատական ակտով գործարքի անվավեր ճանաչումն այն պարագայում, երբ այն կայացվել է ոչ թե հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում, այլ աճուրդի կազմակերպչի՝ սնանկության գործով կառավարչի միջնորդության հիման վրա:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Օվսաննա Սարգսյանի կողմից 03.04.2017 թվականին լիազորագիր է տրվել Գևորգ Պողոսյանին՝ աճուրդին մասնակցելու հետ կապված գործողություններ կատարելու համար: Լիազորագիրը չի պարունակել դատական ակտերի բողոքարկման լիազորություն: Ավելին, Դատարանը պարտավոր էր որոշումը տրամադրել հենց իրեն, այլ ոչ թե Գևորգ Պողոսյանին:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Դատարանը 04.12.2017 թվականին կայացրել է սնանկության վարույթն ավարտելու մասին վճիռ, և դա այն դեպքում, որ 18.01.2018 թվականին դատական նիստի ընթացքում Օվսաննա Սարգսյանի ներկայացուցիչը Վերաքննիչ դատարանին հայտնել է, որ նշված վճիռը բողոքարկվել է, հետևաբար այն չի կարող արգելք հանդիսանալ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.01.2018 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ «վերացնել Դատարանի 12.04.2017 թվականի որոշումը՝ 04.04.2017 թվականի աճուրդը համարել կայացած, Օվսաննա Սարգսյանին համարել որպես աճուրդում հաղթած մասնակից, իսկ վերջինիս հետ կնքած պայմանագիրը՝ վավեր»:

 

2.1 Իգոր Մանդելի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դիմումատուները 17.11.2017 թվականին գրավոր ձևով հրաժարվել են իրենց պահանջներից, հետևաբար Իգոր Մանդելի և պարտատերերի միջև վեճը բացակայում է: Նման պարագայում սնանկության վարույթը պետք է ավարտվի, ուստի դատական գործընթացներ պարտադրելը պարտապանի և պարտատերերի իրավունքների կոպիտ խախտում է: Ինչ վերաբերում է սնանկության գործով կառավարչի և Օվսաննա Սարգսյանի միջև առկա վեճին, ապա այն պետք է քննարկվի այնպիսի ընթացակարգով կամ առանձին վարույթով, որ չխոչընդոտի սնանկության գործով պարտապանի և պարտատիրոջ իրավունքների անարգել իրացմանը:

 

2.2 Դիմումատուների վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Աճուրդն առաջին իսկ փուլից օրենքին հակասող և անվավեր է եղել, քանի որ լոտը չի գնահատվել օրենքին համապատասխան: Բացի այդ, վճռաբեկ բողոքը բավարարվելու դեպքում աճուրդով նշված գումարը պետք է բաշխվի պարտատերերի միջև, մինչդեռ 17.11.2017 թվականին սույն գործով բոլոր պարտատերերը հրաժարվել են իրենց պահանջներից, ուստի վերացել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նշված սնանկության հիմքերը: Ստորադաս դատարանները դատական սխալ թույլ չեն տվել, քանի որ տվյալ դեպքում անվավեր է ճանաչվել ոչ թե գործարք, այլ աճուրդ, որը վիճարկելու լիազորություն ունենալը բխում է կառավարչի լիազորություններից:

Դիմումատուների անունից 26.09.2018 թվականին Արման Մնացականյանը ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխանի լրացում:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 17.03.2017 թվականին www.azdarar.am կայքում հրապարակված աճուրդի մասին հրապարակային ծանուցման համաձայն՝ 15.03.2017 թվականին Իգոր Մանդելի գույքի աճուրդը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 04.04.2017 թվականին ժամը 10:00-ին Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կանցկացվի Իգոր Մանդելին սեփականության իրավունքով պատկանող Ընկերության 50,4 տոկոս բաժնեմասի բաց դասական եղանակով աճուրդ՝ 1 լոտով: Լոտի մեկնարկային գինը սահմանվել է 57.000.000 ՀՀ դրամ: Ընկերությունը գտնվում է ք. Երևան, Շենգավիթ, Բագրատունյաց փողոց 14 շենքի 110 և 112 սպասարկման սրահ հասցեներում (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 79):

2) Օվսաննա Սարգսյանի լիազորված անձ Գևորգ Պողոսյանի կողմից 03.04.2017 թվականին ներկայացվել է աճուրդի մասնակցության հայտ (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 2):

3) Օվսաննա Սարգսյանի կողմից 03.04.2017 թվականին երեք ամիս ժամկետով Գևորգ Պողոսյանին նոտարական վավերացմամբ տրված լիազորագրի համաձայն՝ վերջինս լիազորվել է ներկայացնել Օվսաննա Սարգսյանի իրավունքները և շահերը երրորդ անձանց՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (...) առջև, այդ թվում՝ ՀՀ դատական բոլոր ատյաններում, (...) իր անունից մասնակցել 04.04.2017 թվականին սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանի կողմից հայտարարված (ծանուցված) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցկացվող Ընկերության 50,4 տոկոս բաժնեմասի բաց դասական եղանակով աճուրդին, ինչի նպատակով՝ ներկայացնել աճուրդի մասնակցության հայտեր, (...), սակարկությունների ընթացքում ներկայացնել գնային հայտեր (կատարել առաջարկներ), ստորագրել արձանագրություններ, կնքել առուվաճառքի պայմանագրեր, (...), վճարել մասնակցության վճարը, նախավճարը, լոտի գինը (...) (Հավելվածի հատոր 2-րդ, գ.թ. 5): 

4) 04.04.2017 թվականի աճուրդի արդյունքների մասին արձանագրության համաձայն՝   Օվսաննա Սարգսյանի լիազորված անձ Գևորգ Պողոսյանը, առաջարկելով Իգոր Մանդելին պատկանող Ընկերության 50,4 տոկոս բաժնեմասի համար 57.000.000 ՀՀ դրամ աճուրդային ամենաբարձր գինը, ճանաչվել է աճուրդի հաղթող (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 81):

5) Իգոր Մանդելի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանի և Օվսաննա Սարգսյանի լիազորված անձ Գևորգ Պողոսյանի միջև կնքվել է Իգոր Մանդելին պատկանող Ընկերության 50,4 տոկոս բաժնեմասի առուվաճառքի մասին պայմանագիր (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 82):

6) 11.04.2017 թվականի միջնորդությամբ Իգոր Մանդելի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանը պահանջել է չեղյալ հայտարարել 04.04.2017 թվականի աճուրդը և թույլ տալ անցկացնել նոր աճուրդ՝ հիմք ընդունելով աճուրդի կազմակերպման ժամանակ իր կողմից խախտումներ թույլ տալու հանգամանքը՝ մասնավորապես այն, որ հայտարարությունը հրապարակել է միայն www.azdarar.am կայքում, որում գույքի ամբողջական նկարագիրն արտացոլված չի եղել: Բացի այդ, աճուրդի արդյունքում գույքը վաճառվել է 57.000.000 ՀՀ դրամով, որը նախնական գնի 62,9 տոկոսն է: Կառավարիչը հայտնել է, որ ցածր գնի պատճառ կարող է լինել այն, որ հայտարարությունը չի հրապարակել 1000 և ավելի տպաքանակ ունեցող մամուլում, ինչպես նաև չի ներկայացվել գույքի լրիվ նկարագիրը: Միաժամանակ կառավարիչը հայտնել է, որ ավելի բարձր գնով վաճառվելու դեպքում կապահովվի նաև կառավարչի ավելի բարձր վարձատրություն (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 83-84):

7) 14.04.2017 թվականի և 18.04.2017 թվականի ստացականների համաձայն՝ Օվսաննա Սարգսյանի լիազորված անձ Գևորգ Պողոսյանն Իգոր Մանդելի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանից առձեռն ստացել է համապատասխանաբար 15.000.000 ՀՀ դրամ և 42.570.000 ՀՀ դրամ (ընդամենը՝ 57.570.000 ՀՀ դրամ) (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 103-104):

8) 12.04.2017 թվականին Իգոր Մանդելի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանը Օվսաննա Սարգսյանի լիազորված անձ Գևորգ Պողոսյանին է տրամադրել Դատարանի 12.04.2017 թվականի որոշումը (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 102):

9) Օվսաննա Սարգսյանը 18.05.2017 թվականին Վերաքննիչ դատարանին է ներկայացրել վերաքննիչ բողոք՝ միաժամանակ խնդրելով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները և վերականգնել բաց թողնված ժամկետը, քանի որ հիվանդության պատճառով զրկված է եղել անձամբ կամ ներկայացուցչի միջոցով բողոք ներկայացնելու հնարավորությունից: Միաժամանակ Օվսաննա Սարգսյանը հայտնել է, որ Դատարանը որոշումը բողոքը ներկայացնելու պահի դրությամբ պատշաճ կարգով իրեն չի ուղարկել (Հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 18-27):

10) Վերաքննիչ դատարանը 08.06.2017 թվականի որոշմամբ բավարարել է վերոգրյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ (Հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 31):

11) Օվսաննա Սարգսյանը 21.06.2017 թվականին հասարակ գրավոր ձևով լիազորագիր է տվել փաստաբաններ Գևորգ Պողոսյանին և Եղիշե Կիրակոսյանին, իսկ 22.08.2017 թվականին՝ փաստաբան Զարուհի Մկրտչյանին՝ իր անունից դատավարական գործողություններ իրականացնելու, այդ թվում՝ դատական ակտերը բողոքարկելու լիազորությամբ (Հավելվածի հատոր 3-րդ, գ.թ. 104-105, հատոր 4-րդ, գ.թ. 10-11):

12) Վերաքննության փուլում Վերաքննիչ դատարանին է ներկայացվել Դատարանի 04.12.2017 թվականի վճիռը՝ Իգոր Մանդելի սնանկության գործն ավարտելու մասին (Հավելվածի հատոր 5-րդ, գ.թ. 10-13):

13) 18.01.2018 թվականի դատական նիստի ընթացքում Օվսաննա Սարգսյանի ներկայացուցիչ Գևորգ Պողոսյանը Վերաքննիչ դատարանին հայտնել է, որ Դատարանի 04.12.2017 թվականի վճիռը բողոքարկվել է և ցանկություն է հայտնել Վերաքննիչ դատարանին ներկայացնել վերաքննիչ բողոքի պատճենը, որին ի պատասխան՝ նախագահող դատավորը հայտնել է, որ քանի որ բողոքը ներկայացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին, այն ներկայացնելու անհրաժեշտություն առկա չէ (Հավելվածի հատոր 5-րդ, գ.թ. 69-72, 75):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է՝

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` սնանկության գործով կառավարչի կողմից աճուրդի արդյունքները վիճարկելու իրավունք ունենալու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) Վերաքննիչ դատարանի կողմից «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 16-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) արդյո՞ք սնանկության գործով կառավարիչը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով հանդիսանում է շահագրգիռ անձ և ունի սնանկության վարույթում անցկացված աճուրդի արդյունքները վիճարկելու իրավունք.

2) արդյո՞ք սնանկության գործով աճուրդին մասնակցելու լիազորություն տալու կապակցությամբ փաստաբանին տրված լիազորագիրը կարող է մեկնաբանվել նաև որպես դատական ներկայացուցչություն իրականացնելու լիազորագիր:

 

1) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքի վաճառքն իրականացնում է կառավարիչը` իր կողմից գույքագրման արդյունքներով ներկայացված և պարտատերերի խորհրդի, իսկ խորհուրդ ձևավորված չլինելու դեպքում պարտատերերի ժողովի կողմից հաստատված գույքի վաճառքի ծրագրի համաձայն և դատարանի թույլտվությամբ` հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանի գույքի վաճառքը թույլատրվում է միայն պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելուց հետո, բացառությամբ նույն օրենքով սահմանված դեպքերի:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին նույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կառավարչի միջնորդությունն ստանալու ութերորդ օրը դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) գույքի վաճառքը թույլատրելու մասին` բավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

բ) գույքի վաճառքը պարտատիրոջ առաջարկած գնով թույլատրելու մասին` չբավարարելով կառավարչի միջնորդությունը, եթե որևէ պարտատեր նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված ժամկետում և կարգով առարկություն չի ներկայացրել դատարան.

գ) կառավարչի միջնորդությունը մերժելու մասին, եթե կառավարչի կողմից չեն պահպանվել նույն օրենքով սահմանված պահանջները:

Նույն հոդվածի  8-րդ մասի համաձայն՝ պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացվում է «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ պարբերության համաձայն՝ նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները. հրապարակային սակարկությունների կազմակերպիչ կամ կազմակերպիչ` աճուրդ (մրցույթ) անցկացնող գույքի սեփականատեր, գույքային իրավունքների տիրապետող, ինչպես նաև պայմանագրով կամ օրենքով հրապարակային սակարկություններ կազմակերպելու լիազորություններով օժտված անձ կամ մարմին (…):

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սակարկություններին չեն կարող մասնակցել սակարկությունների կազմակերպիչը, իրավաբանական անձ համարվող կազմակերպչի հիմնադիրները (մասնակիցները), կազմակերպչի աշխատակիցները, իսկ մրցույթների դեպքում` նաև մրցութային հանձնաժողովի անդամները:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 4-րդ  մասի համաձայն՝ եթե սակարկություններով վաճառվելիք լոտն անշարժ կամ շարժական գույք է, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա սակարկություններում հաղթողի հետ արձանագրության ստորագրման պահից նրան են անցնում համապատասխան լոտի վերաբերյալ առուվաճառքի մասին պայմանագիր կնքելու իրավունքը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե լոտն իրավունք է, այդ թվում` աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու առաջարկ, ինչպես նաև օգտագործման իրավունք, ապա սակարկություններում հաղթողի հետ արձանագրությունը ստորագրելու պահից նրան է անցնում համապատասխան պայմանագիր կնքելու իրավունքը:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է զանգվածային լրատվության միջոցով և http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: (…):

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝  լոտի (լոտերի) վաճառքից հետո հաղթողը և կազմակերպիչը ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրությունը, և տվյալ լոտի վերաբերյալ աճուրդը համարվում է ավարտված:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր կարող է ճանաչվել միայն դատական կարգով: Նույն օրենքի 3-5-րդ, 8-9-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված կանոնների խախտմամբ անցկացված աճուրդը շահագրգիռ անձի պահանջով դատարանը կարող է ճանաչել անվավեր:

Նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի մեկնաբանությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի, թե հայցվորի ո՞ր իրավունքներն են իրականում խախտվել և ի՞նչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, ու ներկայացված հայցի նպատակն արդյո՞ք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել): Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգման համար (տե´ս, Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը և Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի և «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ»» ԲԲԸ-ի թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշմամբ անդրադառնալով այն հարցին, թե «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի իմաստով ով կարող է հանդիսանալ շահագրգիռ անձ, նշել է, որ անձի մոտ շահագրգռվածությունը պետք է առկա լինի աճուրդի հանված լոտի նկատմամբ: Ընդ որում, շահագրգռված լինելը կարող է պայմանավորված լինել ինչպես լոտի նկատմամբ սուբյեկտիվ իրավունքներ ունենալու փաստով, այնպես էլ հնարավոր իրավունքներ ձեռք բերելու համար բավարար նախադրյալներ առկա լինելու փաստով: Վերջին դեպքում անհրաժեշտ է իրավաբանական այնպիսի փաստերի ամբողջություն, որոնք իրենց համակցությամբ կարող են բավարար լինել նպաստելու անձի մոտ ապագայում լոտի նկատմամբ իրավունքներ ծագելուն (տե՛ս, «Մովսիսյան» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ Արարատի մարզպետարանի և Նորիկ Մալխասյանի թիվ ԱՎԴ1/0338/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):

Վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սնանկության վարույթում ևս աճուրդի արդյունքները վիճարկելու հնարավորություն պետք է ունենան միայն շահագրգիռ անձինք, որոնց շահագրգռվածությունը պետք է որոշվի լոտի նկատմամբ սուբյեկտիվ իրավունքներ ունենալու փաստով, ինչպես նաև հնարավոր իրավունքներ ձեռք բերելու համար բավարար նախադրյալներ առկա լինելու փաստով: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ սնանկության վարույթում աճուրդի արդյունքների վիճարկման հարցում շահագրգռվածության որոշման հարցի նկատմամբ նույնպես կիրառելի են իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները: Տվյալ դեպքում նույնպես աճուրդի վիճարկման հիմքում պետք է լինի պահանջ ներկայացնողի իրավական շահագրգռվածությունը, այլ խոսքով՝ դատարանը պետք է պարզի, թե նման պահանջ ներկայացնողի որ իրավունքներն են իրականում խախտվել և ինչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, ու ներկայացված պահանջի նպատակն արդյոք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավոր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել պահանջ ներկայացրած անձի իրավունքները:

Նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սնանկության գործով կառավարչի կողմից աճուրդի արդյունքների վիճարկման հնարավորություն ունենալու հարցին՝ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ սնանկության գործով կառավարիչը սնանկության վարույթում հանդես է գալիս որպես պարտապանի և պարտատերերի շահերի հավասարակշռող, վերջինս սնանկության վարույթում սեփական շահեր չունի: Սնանկության գործով կառավարիչն իրականացնում է միայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանված լիազորությունները, որոնց նպատակը սնանկության վարույթի բնականոն ընթացքի ապահովումն է: Պատահական չէ, որ որպես սակարկությունների կազմակերպիչ՝ վերջինս իրավունք չունի մասնակցել սակարկություններին, ուստիև չի կարող ունենալ շահագրգռվածություն աճուրդի հանված լոտի նկատմամբ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սնանկության գործով կառավարիչը, շահագրգիռ անձ չհանդիսանալու հիմքով, իրավունք չունի վիճարկել սնանկության վարույթի շրջանակներում անցկացված աճուրդի արդյունքները:      

2) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում է անմիջականորեն ներկայացվողի համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար: Ներկայացվողը ներկայացուցչի կողմից գործարքներ կնքելու համար գրավոր լիազորություն կարող է անմիջականորեն տալ համապատասխան երրորդ անձին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նոտարական ձև պահանջող գործարքներ կնքելու համար լիազորագիրը պետք է վավերացնի նոտարը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացու տված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձևով և վավերացման ենթակա չէ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ, բացառությամբ՝ (...) 8) բողոքարկելու դատական ակտը (...): Նույն հոդվածում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:  

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Համանման դրույթներ են պարունակվում նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ և 56-րդ հոդվածներով:

Նախկին որոշումներից մեկով անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին կետի մեկնաբանությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ըստ էության հանդիսանալով միակողմանի գործարք` լիազորագիրը լիազորվողի (պարտապանի) մոտ առաջացնում է միայն որոշակի պարտավորություններ, նախ` լիազորողի անունից հանդես գալ երրորդ անձանց առջև, երկրորդ` կատարել լիազորագրով սահմանված հանձնարարությունը, իսկ լիազորողի (պարտատիրոջ) համար սահմանում է միայն որոշակի իրավունք` լիազորվողից պահանջել կատարելու լիազորագրով ստանձնած հանձնարարությունը (պարտավորությունը) (տե՛ս, Վարդուշ Ղազարյանն ընդդեմ Գևորգ Ղազարյանի թիվ ԼԴ/0423/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի որոշումը)։ 

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել հավելել, որ լիազորագիրը` որպես միակողմ գործարք, նախևառաջ հանդիսանալով կամային ակտ` պետք է համապատասխանի լիազորողի ներքին կամքին: Հետևաբար այն պարագայում, երբ լիազորագրում արտացոլված բովանդակությունն իրականում չի համապատասխանում լիազորողի ներքին կամքին, այսինքն` լիազորողը նման կամահայտնությամբ հանդես չի եկել, ապա լիազորագրի հիման վրա կատարված գործողություններին գնահատական տալիս պետք է հաշվի առնել նշված հանգամանքը: ՀՀ վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է նաև այն հանգամանքից, որ ներկայացուցչի կողմից ներկայացվողի անունից լիազորագրի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է ստեղծում, փոփոխում ու դադարեցնում անմիջականորեն ներկայացվողի համար, ուստի եթե լիազորագրի բովանդակությունը չի համապատասխանում ներկայացվողի ներքին կամքին, այսինքն՝ ներկայացվողը նպատակ չի հետապնդել առաջացնելու լիազորագրում նշված իրավահարաբերությունները, ապա նպատակ չի հետապնդել նաև դրա հիման վրա կնքելու գործարք (տե՛ս, Մարի Ղումաշյանը և մյուսներն ընդդեմ Վահագն Սահակյանի թիվ ԵՇԴ/0056/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):  

  Հիմք ընդունելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում տարբերակել քաղաքացիաիրավական հարաբերություններին մասնակցելու նպատակով տրված լիազորագրերը դատական ներկայացուցչություն իրականացնելու նպատակով տրված լիազորագրերից: Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ լիազորողն իրավունք ունի քաղաքացիական հարաբերություններին, այդ թվում՝ սնանկության վարույթում աճուրդին և հետագա գործընթացներին մասնակցելու համար լիազորել ցանկացած անձի, ով ՀՀ քաղաքացիական օրենսգրքով քաղաքացիների համար սահմանված իրավասուբյեկտության շրջանակներում իրավունք ունի կնքել գործարք: Օրենսդիրը որևէ արգելք չի սահմանել նշված հարաբերություններին փաստաբան հանդիսացող ֆիզիկական անձի կողմից մասնակցության համար, հետևաբար անձը կարող է լիազորել նաև փաստաբանի՝ հանդես գալու իր անունից քաղաքացիաիրավական հարաբերություն հանդիսացող սնանկության վարույթում աճուրդի գործընթացին:

Այդուհանդերձ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ անգամ փաստաբանին տրված լիազորագիրը, որով վերջինս լիազորվել է մասնակցելու սնանկության գործով անցկացվող աճուրդին, անպայմանորեն չի ենթադրում, որ լիազորողը փաստաբանին օժտել է նաև իր անունից սնանկության վարույթի շրջանակներում դատական ներկայացուցչություն իրականացնելու և մասնավորապես սնանկության վարույթում կայացվող դատական ակտերը բողոքարկելու լիազորությամբ, առավել ևս, որ դատական ակտերի բողոքարկման լիազորությունը պետք է հատուկ նշվի լիազորագրում: Հետևաբար լիազորությունների շրջանակը պարզելու համար էական նշանակություն ունի լիազորողի կամքի բացահայտումը, որն էլ պետք է իրականացվի դատարանների կողմից՝ պարզելու համար, թե արդյոք քաղաքացիական հարաբերություններին մասնակցելու համար տրված լիազորագիրը պարունակում է նաև դատական ներկայացուցչություն իրականացնելու համար անհրաժեշտ լիազորություններ:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` 04.04.2017 թվականին նշանակվել է սնանկ ճանաչված Իգոր Մանդելին սեփականության իրավունքով պատկանող՝ Ընկերության 50,4 տոկոս բաժնեմասի բաց դասական եղանակով աճուրդ, որին 03.04.2017 թվականին մասնակցության հայտ է ներկայացրել Օվսաննա Սարգսյանի լիազորված անձ Գևորգ Պողոսյանը: Օվսաննա Սարգսյանի կողմից 03.04.2017 թվականին երեք ամիս ժամկետով Գևորգ Պողոսյանին նոտարական վավերացմամբ տրված լիազորագրի համաձայն՝ վերջինս լիազորվել է ներկայացնել Օվսաննա Սարգսյանի իրավունքները և շահերը երրորդ անձանց՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (...) առջև, այդ թվում՝ ՀՀ դատական բոլոր ատյաններում, (...) իր անունից մասնակցել 04.04.2017 թվականին սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանի կողմից հայտարարված (ծանուցված) Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում անցկացվող Ընկերության 50,4 տոկոս բաժնեմասի բաց դասական եղանակով աճուրդին, ինչի նպատակով՝ ներկայացնել աճուրդի մասնակցության հայտեր, (...), սակարկությունների ընթացքում ներկայացնել գնային հայտեր (կատարել առաջարկներ), ստորագրել արձանագրություններ, կնքել առուվաճառքի պայմանագրեր, (...), վճարել մասնակցության վճարը, նախավճարը, լոտի գինը (...): 04.04.2017 թվականի աճուրդի արդյունքների մասին արձանագրության համաձայն՝ Օվսաննա Սարգսյանը ճանաչվել է հաղթող, և վերջինիս ներկայացուցիչ Գևորգ Պողոսյանի հետ կնքվել է բաժնեմասի առուվաճառքի մասին պայմանագիր: 11.04.2017 թվականի միջնորդությամբ Իգոր Մանդելի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանը պահանջել է չեղյալ հայտարարել 04.04.2017 թվականի աճուրդը և թույլ տալ անցկացնել նոր աճուրդ՝ հիմք ընդունելով աճուրդի կազմակերպման ժամանակ իր կողմից խախտումներ թույլ տալու հանգամանքը: Միաժամանակ կառավարիչը հայտնել է, որ ավելի բարձր գնով վաճառվելու դեպքում կապահովվի նաև կառավարչի ավելի բարձր վարձատրություն:

12.04.2017 թվականի «Լոտի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշմամբ բավարարելով Իգոր Մանդելի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանի միջնորդությունը՝ Դատարանը նշել է, որ վերջինս շահագրգիռ անձ է, քանի որ առավել բարձր գնով գույքի վաճառքից կախված է վերջինիս հավելյալ վարձատրությունը: Դատարանն արձանագրել է, որ աճուրդն անցկացվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի կանոնների խախտմամբ, ուստի պետք է անվավեր ճանաչել 04.04.2017 թվականին կայացված լոտի վերաբերյալ աճուրդը:

Դատարանի նշված որոշումը 12.04.2017 թվականին Իգոր Մանդելի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանը տրամադրել է Օվսաննա Սարգսյանի լիազորված անձ Գևորգ Պողոսյանին:

Օվսաննա Սարգսյանը 18.05.2017 թվականին Վերաքննիչ դատարանին է ներկայացրել վերաքննիչ բողոք՝ միաժամանակ խնդրելով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները և վերականգնել բաց թողնված ժամկետը: Վերաքննիչ դատարանը 08.06.2017 թվականի որոշմամբ բավարարել է վերոգրյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:

Վերաքննության փուլում Օվսաննա Սարգսյանը լիազորել է փաստաբան Գևորգ Պողոսյանին՝ իր անունից դատական ներկայացուցչություն իրականացնելու համար: 

Վերաքննիչ դատարանը, Օվսաննա Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժելով, հիմնավոր է համարել Դատարանի եզրահանգումները: Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ բողոքը ենթակա է մերժման նաև այն հիմնավորմամբ, որ ներկայացվել է սահմանված ժամկետի խախտմամբ, իսկ ժամկետը վերականգնելու միջնորդության հիմքում ներկայացված հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում, որպիսի փաստը հնարավոր է եղել պարզել Դատարանի կողմից լրացուցիչ նյութեր ստանալուց հետո: Վերաքննիչ դատարանը նշել է, որ Օվսաննա Սարգսյանի ներկայացուցիչը լիազորված է եղել վերջինիս ներկայացնելու բոլոր դատական ատյաններում, ինչը նշանակում է, որ վերջինիս կողմից որոշումն ստանալու պահից Օվսաննա Սարգսյանը հնարավորություն է ունեցել բողոքարկելու դատական ակտը: Վերաքննիչ դատարանը նաև նշել է, որ սույն գործով պահանջատերերը հրաժարվել են սնանկության վարույթից, որի հիմքով Դատարանը կայացրել է սնանկության գործն ավարտելու վերաբերյալ վճիռ, իսկ Օվսաննա Սարգսյանն ամբողջությամբ ստացել է վճարված գումարը, ուստի վերջինիս իրավունքը չի խախտվել: 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ դրանք հիմնավոր չեն՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ սնանկության գործով կառավարիչը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով աճուրդի արդյունքները վիճարկելու հարցում շահագրգիռ անձ չի կարող համարվել, հետևաբար վերջինս չէր կարող ներկայացնել սնանկության վարույթում անցկացված աճուրդի վիճարկման պահանջ: Ընդ որում, կառավարչի ավելի բարձր վարձատրությունը չի կարող բավարար հիմք համարվել շահագրգռվածության առկայության համար, քանի որ շահագրգռվածությունը պետք է լինի լոտի նկատմամբ: Հետևաբար սույն գործով ստորադաս դատարանները նյութական իրավունքի նորմերի սխալ մեկնաբանման արդյունքում հաշվի չեն առել այն հանգամանքը, որ սնանկության կառավարիչը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պարզապես հրապարակային սակարկությունների կազմակերպիչ է, ով իրավունք չունի մասնակցել սակարկություններին, լոտի նկատմամբ չունի սուբյեկտիվ իրավունքներ և ապագայում ևս չի կարող ձեռք բերել իրավունքներ: Այսինքն՝ ենթադրաբար «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտմամբ անցկացված աճուրդը սնանկության գործով կառավարչի պահանջով չէր կարող անվավեր ճանաչվել, քանի որ վերջինս չի հանդիսանում շահագրգիռ անձ: Հետևաբար ստորադաս դատարանները խախտել են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը և 16-րդ հոդվածի 2-րդ մասը՝ սնանկության գործով կառավարչին դիտելով շահագրգիռ անձ:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը մերժելու մյուս հիմքերին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ Օվսաննա Սարգսյանի կողմից ի սկզբանե Գևորգ Պողոսյանին լիազորագիր է տրվել վիճարկված աճուրդին մասնակցելու համար: Ընդ որում, լիազորագիրը չի պարունակել դատական ակտերը բողոքարկելու լիազորություն: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը չի բացահայտել 03.04.2017 թվականին լիազորագիր տալիս Օվսաննա Սարգսյանի իրական կամքը՝ պատշաճ գնահատման չարժանացնելով նշված ապացույցը և հաշվի չառնելով, որ Օվսաննա Սարգսյանը Գևորգ Պողոսյանին չէր լիազորել սույն սնանկության գործով դատական ներկայացուցչություն իրականացնելու և մասնավորապես վերաքննիչ բողոք ներկայացնելու համար, ուստի Օվսաննա Սարգսյանի վերաքննիչ բողոքը չէր կարող մերժվել այն հիմքով, որ վերջինս ներկայացուցիչը ստացել է Դատարանի որոշումը և կարող էր բողոքարկել այն:

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը դատական ակտը գործին մասնակցող անձի փոխարեն այլ անձի, այդ թվում՝ վերջինիս ներկայացուցչին  ուղարկելու  հանգամանքը չի նախատեսել  որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության այլընտրանք, հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ դատական ակտը գործին մասնակցող անձի ներկայացուցչին ուղարկելը դատարանի հայեցողությունն է, սակայն այն չի կարող դիտարկվել որպես դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դատարանի պարտականության պատշաճ կատարում, եթե գործին մասնակցող անձը նման միջնորդությամբ չի դիմել դատարան (տե՛ս, ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչությունն ընդդեմ Գայանե Սողոմոնյանի թիվ ՎԴ/8923/05/11 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.01.2015 թվականի որոշումը):

Հետևաբար նկատի ունենալով, որ սույն գործում առկա չէ ապացույց այն մասին, որ Դատարանի կողմից 12.04.2017 թվականի որոշումը պատշաճ կերպով հանձնվել է Օվսաննա Սարգսյանին, Վերաքննիչ դատարանը վերոնշյալ հիմքով վերաքննիչ բողոքը մերժելիս թույլ է տվել դատավարական իրավունքի խախտում՝ սահմանափակելով  Օվսաննա Սարգսյանի՝ դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչ համարվող դատական ակտերի բողոքարկման իրավունքը:

Ինչ վերաբերում է սնանկության գործն ավարտված լինելու հիմնավորմամբ վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը, ապա Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ Վերաքննիչ դատարանն առնվազն բանավոր կերպով տեղյակ է եղել սնանկության գործն ավարտելու մասին վճռի բողոքարկված լինելու մասին, իսկ բողոքաբերի ներկայացրած ապացույցը հրաժարվել է ընդունել՝ հայտնելով, որ Վերաքննիչ դատարանը տեղեկացված է այդ ապացույցի մասին: Հետևաբար Վերաքննիչ դատարանի՝ նշված հիմքով բողոքը մերժելու վերաբերյալ եզրահանգումն անհիմն է:

Անդրադառնալով սնանկության կառավարչի կողմից լոտի վերաբերյալ աճուրդը՝ միջնորդության, այլ ոչ թե հայցի միջոցով անվավեր ճանաչելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հիմքը բողոքաբերի կողմից չի ներկայացվել վերաքննիչ բողոքում, այսինքն՝ Վերաքննիչ դատարանը նշված հիմքով Դատարանի 12.04.2017 թվականի որոշումը չի վերանայել: Ուստի հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումն այն մասին, որ վերաքննության կարգով բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտն անձը չի կարող բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում, Վճռաբեկ դատարանը բողոքի նշված հիմքին չի անդրադառնում:

 

Այսպիսով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանների փաստարկները:

Անդրադառնալով Դիմումատուների անունից Արման Մնացականյանի կողմից 26.09.2018 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի լրացմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին  որոշումն ստանալուն   հաջորդող 15-րդ օրը։ Նույն  հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ գործում:

Բացի 31.05.2018 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանից, որը ստորագրված է և՛ դիմումատուների, և՛ Արման Մնացականյանի կողմից, Արման Մնացականյանը 26.09.2018 թվականին Դիմումատուների անունից ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխանի լրացում: Գործի նյութերի համաձայն՝ դիմումատու Կարինե Ղազարյանի կողմից Արման Մնացականյանին լիազորագիր տրվել է 27.05.2015 թվականին՝ երեք տարի ժամկետով (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 12), իսկ մնացած դիմումատուների կողմից՝ 11.06.2015 թվականին՝ երեք տարի ժամկետով (Հավելվածի հատոր 1-ին, գ.թ. 11): Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դիմումատուների անունից 26.09.2018 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանը ներկայացվել է Դիմումատուների կողմից տվյալ պահին հանդես գալու լիազորություն չունեցող անձի կողմից:

Նկատի ունենալով, որ Դիմումատուների ներկայացուցիչ Արման Մնացականյանը 09.11.2018 թվականին դիմում է ներկայացրել դատարան, որին կցել է Դիմումատուների կողմից իրեն 07.09.2017 թվականին երեք տարի ժամկետով տրված լիազորագիրը, վճռաբեկ բողոքի պատասխանի լրացման ներկայացնման կարգը պահպանած լինելու հանգամանքը Վճռաբեկ դատարանը հարկ է համարում գնահատել 09.11.2018 թվականի դրությամբ: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն Արման Մնացականյանը ստացել է 24.05.2018 թվականին (հիմք՝ 31.05.2018 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանին կից ներկայացված ծրար): Հետևաբար վճռաբեկ բողոքի պատասխան (այդ թվում՝ պատասխանի լրացման տեսքով) կարող էր ներկայացվել մինչև 15.06.2018 թվականը ներառյալ (հաշվարկում ներառված չեն ոչ աշխատանքային օրերը): Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան վճռաբեկ բողոքի պատասխանի լրացումը ներկայացվել է 09.11.2018 թվականին՝ սահմանված ժամկետի խախտմամբ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը չի գնահատում ներկայացված պատասխանի լրացումը:

 

Այսպիսով սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտվում է բավարար` սույն վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ  քաղաքացիական  դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին  մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

  

 

Ո Ր Ո Շ Ե Ց



1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.01.2018 թվականի որոշումը և փոփոխել այն. Իգոր Մանդելի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանի 04.04.2017 թվականի աճուրդը չեղյալ հայտարարելու և նոր աճուրդ անցկացնելու մասին 11.04.2017 թվականի միջնորդությունը մերժել։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

 

Զեկուցող

Տ. Պետրոսյան

   

Ս. Անտոնյան

   

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

   

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

   

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

   

Է. Սեդրակյան

   

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան