Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (03.09.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
03.09.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
03.09.2014
Дата вступления в силу
03.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0828/02/12

2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/0828/02/12

Նախագահող դատավոր՝ Ի. Վարդանյան

Դատավորներ՝

Ն. Բարսեղյան

Տ. Նազարյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի սեպտեմբերի 03-ին,

քննարկելով Աշոտ Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ դիմումի Հովհաննես Բաղդասարյանի` ժառանգությունն ընդունելու բաց թողնված ժամկետը վերականգնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հովհաննես Բաղդասարյանը պահանջել է իր կողմից ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը հարգելի համարել:

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Լ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 11.10.2012 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.06.2014 թվականի որոշմամբ վերադարձվել է գործին մասնակից չդարձված անձ Աշոտ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Բաղդասարյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ և 213-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Աշոտ Բաղդասարյանը Դատարանի 11.10.2012 թվականի վճռի մասին տեղեկացել է միայն 2014 թվականի ապրիլին և վերաքննիչ բողոքին կից ներկայացնելով բողոք բերելու համար նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն` ներկայացրել է նաև այդ միջնորդությունը հիմնավորող համապատասխան ապացույցներ:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 06.06.2014 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանն այն գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է:

Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին դատական պաշտպանության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Ashingdane v. the United Kingdom, judgment of 28 May 1985, Series A no. 93, p. 24, para. 57):

Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51, 55, Stubbings and Others v. the United Kingdom, Judgment, 22.10.1996, par. 51, 55):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ և 213-րդ հոդվածները:       

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակից չդարձված այն անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավունք ունեն վերաքննիչ բողոք բերելու այն օրվանից սկսած` երեք ամսվա ընթացքում, երբ իմացել են կամ կարող էին իմանալ նման դատական ակտի կայացման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 5-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ գործին մասնակից չդարձված անձանց համար օրենսդիրը սահմանել է դատական ակտի բողոքարկման եռամսյա ժամկետ: Միաժամանակ օրենսգիրքը սահմանել է նաև այդ ժամկետի հաշվարկման կարգը`  այն օրվանից սկսած, երբ անձն իմացել է կամ կարող էր իմանալ նման դատական ակտի կայացման մասին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժամկետների հաշվարկման նմանատիպ կարգը, որն ընդունված է Եվրոպայի Խորհրդի այլ անդամ պետությունների կողմից, ներառվում է պետության հայեցողական լիազորության մեջ, ինչը բխում է նաև Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներից (տե՛ս Ստաբբինգը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 54):

Միաժամանակ, բացի դատական ակտը նշված կարգով բողոքարկելու իրավական հնարավորությունից, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է դատական ակտի բողոքարկման հնարավորություն նաև օրենքով սահմանված ժամկետն անցնելուց հետո: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկնել իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը չի արգելում անձին վերաքննիչ բողոք բերելու ժամկետը լրանալուց հետո ներկայացնել բողոք և միաժամանակ միջնորդություն` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, իսկ դատավարական ժամկետի խախտումն ինքնին բավարար չէ վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար, քանի որ դատարանը պարտավոր է անդրադառնալ այդ միջնորդությանը, որի քննարկման արդյունքում որոշում կայացնելուց հետո միայն որոշել վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը (տե՛ս, Ալբերտ Սուքիասյանն ընդդեմ «Ջեներալ Տրանսուորլդ ՄՔ» ՓԲԸ-ի թիվ ԵՇԴ/0438/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2010 թվականի որոշումը):

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանն իրավունք ունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն վերաքննիչ բողոքը վերադարձնել, եթե գործին մասնակից չդարձված անձինք վերաքննիչ բողոք են բերել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահից եռամսյա ժամկետը լրանալուց հետո, և բողոքը միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին, կամ նման միջնորդությունը դատարանը չի բավարարել (տե՛ս, Մանիկ Հովանեսյանն, Թինա Օգանեզովան ընդդեմ Արաքսի Սերոբյանի թիվ ԱՎԴ1/0049/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2011 թվականի որոշումը):

 Սույն գործով Վերաքննիչ դատարանը, Աշոտ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը վերադարձնելով, պատճառաբանել է, որ բողոք բերած անձը բողոքը ներկայացնելով վճռի կայացումից շուրջ 1 տարի և 8 ամիս անց և հայտնելով, որ կայացված վճռի մասին իմացել է իր և կնոջ դեմ ներկայացված նոր հայցադիմումից, այդ փաստի վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել, իսկ նրա` բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունից պարզ չէ, թե կոնկրետ երբ և ինչպիսի հանգամանքներում է տեղեկացել վճռի մասին:

Միաժամանակ, Վերաքննիչ դատարանը, նշելով, որ բողոք բերած անձը չի կցել իր կողմից վկայակոչված հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, հանգել է այն հետևության,  որ հնարավոր չէ պարզել, թե արդյոք պահպանվել է օրենքով սահմանված եռամսյա ժամկետը, թե` ոչ, և արձանագրել է, որ  Աշոտ Բաղդասարյանի կողմից բաց է թողնվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված վերաքննիչ բողոք բերելու եռամսյա ժամկետը, իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ կետի` նույն հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:

Վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 06.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման մեջ բացակայում է որևէ նշում  Աշոտ Բաղդասարյանի վերաքննիչ բողոքին կից ներկայացված` վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդությունը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ: Այսինքն` Վերաքննիչ դատարանի 06.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը չի պարունակում որևէ եզրահանգում վերաքննիչ բողոքին կից ներկայացված միջնորդությունը մերժելու կամ բավարարելու` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ թեև անդրադարձել է վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսված ժամկետի բացթողումը հարգելի համարելու միջնորդությանը, սակայն այդ միջնորդության քննարկման արդյունքում որևէ որոշում չի կայացրել միջնորդությունը մերժելու կամ բավարարելու` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին, ինչն անձի դատական պաշտպանության իրավունքի խախտում է: Մասնավորապես` շահագրգիռ անձն իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս, դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով` ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի` միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աշոտ Բաղդասարյանի իրավունքների ապահովման նպատակով Վերաքննիչ դատարանի կողմից միջնորդության քննության արդյունքում որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, որից հետո միայն Վերաքննիչ դատարանը կարող է որոշել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.06.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան