Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.09.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
28.09.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
28.09.2016
Дата вступления в силу
28.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի
որոշում
Վարչական գործ
թիվ ՎԴ/0477/05/15

Վարչական գործ թիվ ՎԴ/0477/05/15
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի սեպտեմբերի 28-ին

քննարկելով Գուրգեն Նիկոլյանի վճռաբեկ բողոքը` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.04.2015 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գուրգեն Նիկոլյանը պահանջել է վերացնել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի 20.03.2013 թվականի թիվ 27 որոշումը և պարտավորեցնել իր նկատմամբ նշանակել նոր խնամակալ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ան. Հարությունյան) (այսուհետ` Դատարան) 25.02.2015 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.04.2015 թվականի որոշմամբ «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» Դատարանի 25.02.2015 թվականի որոշման դեմ Գուրգեն Նիկոլյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գուրգեն Նիկոլյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Ստորադաս դատարաններն իրենց որոշումները կայացրել են ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, ինչի արդյունքում խախտվել է Գուրգեն Նիկոլյանի դատարան դիմելու իրավունքը, քանի որ վերջինս զրկվել է դատարանի մատչելիության և իր նկատմամբ կայացված որոշումները վիճարկելու և բողոքարկելու հնարավորությունից: Գուրգեն Նիկոլյանի հայցադիմումի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վերջինս օժտված չէ դատավարական գործունակությամբ, քանի որ անգործունակ է ճանաչված: Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշվել է, որ բողոք բերելու իրավունքն իրականացրել է անձը, ով դատավարական գործունակությամբ օժտված չէ: Նման մեկնաբանությունը հակասության մեջ է մտնում ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի հետ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) բազմիցս նշել է, որ դատարանի մատչելիության իրավունքը Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված անքակտելի իրավունք է: Դատարանի մատչելիության սահմանափակումները թույլատրելի են այնքանով, որքանով որ օրինական նպատակ են հետապնդում և պահպանվում է համաչափություն տվյալ նպատակի ու կիրառվող միջոցների միջև: Նման նպատակի օրինակ կարող է հանդիսանալ անգործունակ անձի կամ այլ անձանց շահերի պաշտպանությունը, ինչպես նաև արդարադատության բնականոն ընթացքի ապահովումը:

Մինչդեռ, տվյալ պարագայում, խնամակալի նշանակման վերաբերյալ որոշումը վիճարկելու համար դատարանի հասանելիության իրավունքը սահմանափակելը որևէ օրինական նպատակով չի հիմնավորվում, և նման սահմանափակումը չի ծառայում արդարադատության բնականոն ընթացքի ապահովմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 16.04.2015 թվականի թիվ ՎԴ/0477/05/15 գործով կայացրած դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` անգործունակ ճանաչված անձի՝ իր նկատմամբ խնամակալ նշանակելու վերաբերյալ որոշման բողոքարկման իրավական հնարավորության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին. արդյո՞ք անգործունակ ճանաչված անձն իրավունք ունի դատական կարգով բողոքարկել իր նկատմամբ խնամակալ նշանակելու վերաբերյալ որոշումը, և արդյո՞ք այդ որոշումը ենթակա է բողոքարկման քաղաքացիական, թե վարչական դատավարության կարգով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետևանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված  կարգով: Նրա նկատմամբ սահմանվում  է խնամակալություն: Նույն հոդվածի  2-րդ կետի համաձայն՝ անգործունակ ճանաչված քաղաքացու անունից գործարքներ է կնքում նրա խնամակալը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով քաղաքացին անգործունակ է ճանաչվել, դատարանը նրան գործունակ է ճանաչում: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է նրա նկատմամբ սահմանված խնամակալությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը պարտավոր է քաղաքացուն անգործունակ ճանաչելու կամ նրա գործունակությունը սահմանափակելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երեք օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել քաղաքացու բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին` նրա նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ խնամակալ կամ հոգաբարձու նշանակում է խնամակալության ու հոգաբարձության կարիք ունեցող անձի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը` մեկ ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ նշված մարմնին հայտնի է դարձել քաղաքացու նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու անհրաժեշտությունը: Խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող անձի նկատմամբ, մինչև խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններն իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմինը:

Խնամակալի կամ հոգաբարձուի նշանակումը շահագրգիռ անձանց կողմից կարող է բողոքարկվել դատարան:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ անձին անգործունակ ճանաչելու, նրան խնամակալության ներքո հանձնելու, իսկ ապաքինվելու դեպքում` նաև վերջինիս գործունակությունը վերականգնելու գործընթացներն իրականացվում են տարբեր ընթացակարգերով: Այսպես, անձն անգործունակ է ճանաչվում, և վերջինիս գործունակությունը վերականգնվում է դատարանի կողմից՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, իսկ միջանկյալ փուլում անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալի նշանակումն իրականացվում է այլ ընթացակարգով՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից:

Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց` որպես խոցելի սոցիալական խմբի անդամների պաշտպանությանն ուղղված մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում այդ անձանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունն ամրագրվում է որպես վերջիններիս իրավունքների ու ազատությունների ապահովման կարևորագույն երաշխիք: Մասնավորապես` Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից 17.12.1991 թվականի թիվ 46/119 բանաձևով հաստատված հոգեկան հիվանդությամբ տառապողների պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավման սկզբունքներն անթույլատրելի են համարում հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց նկատմամբ որևէ խտրական մոտեցում, այսինքն՝ ցանկացած տարբերակումների, բացառությունների կամ նախապատվություն տալու դրսևորումներ, որոնց արդյունքում հոգեկան հիվանդությամբ տառապողների համար անհնարին կդառնա կամ կդժվարանա մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքներից հավասար օգտվելը: Վկայակոչված սկզբունքների համաձայն` անձը, ում գործունակությունը հանդիսանում է քննության առարկա, իրավունք ունի իրեն անգործունակ ճանաչելու մասին վճիռը բողոքարկել վերադաս դատական ատյան՝ այլ շահագրգիռ անձանց հետ հավասար պայմաններում:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից 23.02.1999 թվականին ընդունված «Անգործունակ չափահասների իրավական պաշտպանությանն առնչվող սկզբունքների մասին» թիվ R(99)4 հանձնարարականով Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին առաջարկվում է անգործունակ չափահաս անձանց իրավական պաշտպանության վերաբերյալ համապատասխան օրենսդրական կարգավորումներ ամրագրելիս առաջնորդվել այդ հանձնարարականում ամրագրված սկզբունքներով: Այդ սկզբունքների շարքում ներառված են նաև անձի` անձամբ լսվելու իրավունքի պահպանման սկզբունքը ցանկացած դատաքննության ընթացքում, որը կարող է առնչվել այդ անձի գործունակությանը, ինչպես նաև անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ ակտերի պարբերաբար վերանայման և պատշաճ բողոքարկման հնարավորության ամրագրումը:

Եվրոպական դատարանը քննարկվող հարցի կապակցությամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ անգործունակ ճանաչված անձին դատավարական իրավունքներից զրկելը կարող է արդարացված լինել այդ անձի պաշտպանության, այլ անձանց շահերի պաշտպանության և արդարադատության պատշաճ իրականացման անհրաժեշտությամբ: Սակայն, մյուս կողմից, անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ որոշումը դատարանի կողմից վերանայելու պահանջի իրավունքը հանդիսանում է անձի կարևորագույն իրավունքներից մեկը, քանի որ նման գործընթացը կարող է ուղղակիորեն ազդել բոլոր իրավունքների և ազատությունների իրականացման վրա, որոնք սահմանափակվել էին անձին անգործունակ ճանաչելու արդյունքում: Նման հնարավորության բացակայությունը չի կարող արդարացվել իրավաչափ նպատակով, որը կարող է դրվել անգործունակ ճանաչված անձի` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմքում (տե´ս, Նատալյա Միխայլենկոն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 30.05.2013 թվականի վճիռը (վերջնական է դարձել 30.08.2013 թվականին)):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ֆիզիկական անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործերի քննության շրջանակներում այդ ֆիզիկական անձի դատավարական կարգավիճակի առանձնահատկություններին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ անձի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի ուժով հավասարապես վերաբերում է նաև հոգեկան խանգարումներ ունեցող անձանց՝ որպես խոցելի սոցիալական խմբի անդամների: Հաշվի առնելով այն իրավական հետևանքները, որոնք քաղաքացու համար ծագում են անգործունակ ճանաչվելու դեպքում, այն է՝ անձն անորոշ ժամկետով զրկվում է ինքնուրույնաբար, իր գործողություններով իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստանձնելու և դրանք կատարելու հնարավորությունից, ինչպես նաև սահմանափակվում են անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիության իրավունքը՝ օրենսդիրն անձին անգործունակ ճանաչելը թույլատրում է բացառապես դատական կարգով: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է քաղաքացուն ծանուցել անգործունակ ճանաչելու վերաբերյալ իր կողմից կայացված վճռի մասին՝ այդ անձին հնարավորություն տալով օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու տվյալ վճիռը (տե´ս, ըստ Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի` Վլադիմիր Օհանովին անգործունակ ճանաչելու պահանջի մասին թիվ ԵՇԴ/0938/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 07.04.2015 թվականի թիվ ՍԴՈ-1197 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավական պաշտպանությունը պետք է ներառի, մասնավորապես, հետևյալ իրավունքները՝ դատարանում լսվելու իրավունքը, դատական քննությանը լիարժեք մասնակցության իրավունքը և դատական ակտի բողոքարկման իրավունքը: Այն անձանց համար, ում գործունակությունը քննվում է դատարանում, պետք է ապահովվեն իրավահավասարության, դատարանի մատչելիության, դատական պաշտպանության, արդար դատաքննության և դատական ակտերը բողոքարկելու իրավունքները: Նշված հիմնարար իրավունքների ուժով ցանկացած անձ, ում գործունակության հարցը քննվում է դատարանում, պետք է օժտված լինի համապատասխան դատավարական կարգավիճակով, կրի դատավարական պարտականություններ, ինչպես նաև օգտվի դատավարության մասնակցի կարգավիճակից բխող դատավարական իրավունքներից, ներառյալ` դատական ակտերը բողոքարկելու իրավունքը:

Վերոգրյալ միջազգային-իրավական փաստաթղթերի և իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ Հայաստանի Հանրապետությունում իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որ ֆիզիկական անձն իրեն անգործունակ ճանաչելու վերաբերյալ դատական գործի շրջանակներում ունենա համապատասխան դատավարական կարգավիճակ, որը գործնականում թույլ կտա վերջինիս, inter alia, անձամբ կամ իր ներկայացուցչի միջոցով բողոքարկելու իր նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը: Այլ կերպ ասած՝ այն ֆիզիկական անձը, ում գործունակության հարցը քննվում է դատարանում, պետք է ունենա դատավարության մասնակցի կարգավիճակից բխող այնպիսի դատավարական իրավունքներ, որոնք կընձեռեն վերջինիս այդ գործի քննության արդյունքում կայացված վերջնական դատական ակտերը բողոքարկելու իրական հնարավորություն (տե°ս, ըստ դիմումի Մարուսյա Խոջումյանի` Վերգուշ Կիրակոսյանին անգործունակ ճանաչելու մասին թիվ ԵԿԴ/1324/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.01.2016 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը, 07.04.2015 թվականի թիվ ՍԴՈ-1197 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությանը, արձանագրել է սահմանադրականության խնդրի առկայություն՝ պատճառաբանելով, որ դատարան դիմող սուբյեկտների շրջանակում բացակայում է սուբյեկտը, ով պետք է ճանաչվի գործունակ, որպիսի պայմաններում գործունակ ճանաչված անձը զրկված է սեփական գործունակությունը ճանաչելու վերաբերյալ լսվելու, դատական քննությանը մասնակցելու և դատական ակտի բողոքարկման իրավունքներն իրացնելու հնարավորությունից:

ՀՀ սահմանադրական դատարանը վերը նշված որոշմամբ արձանագրել է, որ Եվրոպական դատարանն անգործունակ ճանաչված անձի իրավական կարգավիճակի վերանայման վերաբերյալ դիմող սուբյեկտների հարցին մասնավորապես անդրադարձել է Միխայլենկոն ընդդեմ Ուկրաինայի գործով 30.08.2013 թվականին կայացրած վճռում, որում դատարանը գտել է, որ ապաքինվածին իր գործունակությունը վերականգնելու պահանջով դատարան դիմելու հնարավորություն չնախատեսելը համահունչ չէ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համապատասխան օրենսդրական մոտեցումներին: Տվյալ վճռում Եվրոպական դատարանը նաև նշել է, որ նման արգելքը որևէ այլընտրանք, ինչպես, օրինակ, անգործունակ ճանաչված անձանց գործերի դատարանի կողմից պարբերական վերանայման կարգը, չի նախատեսում: Արդյունքում՝ Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի խախտում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված նախադեպային որոշումներով ստեղծվել են բավարար հիմքեր՝ սույն որոշման մեջ մատնանշված միջազգային իրավական փաստաթղթերին համապատասխան՝ անգործունակ ճանաչված անձի համար դատարանում լսված լինելու, դատական քննությանը լիարժեք մասնակցելու և դատական ակտը բողոքարկելու իր իրավունքներն իրացնելու հնարավորության ապահովման համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անգործունակ ճանաչված անձի գործունակությունը վերականգնելու պահանջով անգործունակ ճանաչված անձը վերը նշված իրավունքներից բացի  պետք է  ունենա նաև դատարան դիմելու իրավունք, ինչը համահունչ է Կոնվենցիայի  6-րդ հոդվածով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքին:

Ինչ վերաբերում է անգործունակ ճանաչված անձին խնամակալության ներքո հանձնելու միջանկյալ փուլին՝ խնամակալ նշանակելու ընթացակարգին, ապա Վճռաբեկ դատարանը նախևառաջ հարկ է համարում բացահայտել անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու հարաբերություների, ինչպես նաև անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու որոշման բնույթը:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ղեկավարը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է պետության կողմից պատվիրակված՝  խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վարչական շրջանի ղեկավարը բնակիչների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացնում է խնամակալություն և հոգաբարձություն սահմանելու, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում՝  վարչական շրջանի ղեկավարը, անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու (սահմանելու) հարաբերություններում հանդես է գալիս  որպես հանրային իշխանության կրող, որն իրականացնում է պետության կողմից պատվիրակված լիազորությունը:

Անդրադառնալով հանրային իրավահարաբերությունների հատկանիշների մեկնաբանությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: Այսինքն` հանրային են այն իրավահարաբերությունները, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերություններում (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի թիվ ԵԱՔԴ/1369/02/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված իրավական դիրքորոշումը` մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ  իրավահարաբերությունը հանրային հատկանիշով բնութագրելու համար նախևառաջ անհրաժեշտ է, որ հարաբերության կողմ հանդես գա հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը (վարչական մարմիններ, դրանց պաշտոնատար անձիք, այդ թվում` պետական և համայնքային ծառայողներ): Մինչդեռ հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտի՝ իրավահարաբերության կողմ լինելը դեռևս չի նշանակում, որ իրավահարաբերությունը հանրային բնույթի է, քանի որ հանրային բնույթը, որպես իրավահարաբերության բնութագրիչ, ծավալային առումով ներառում է իրավահարաբերության թե՛ սուբյեկտային կազմը, թե՛ օբյեկտը, թե՛ բովանդակությունը և ի հայտ է գալիս միայն վերոնշյալ երեք տարրերի համակցությամբ:

Իրավահարաբերության բովանդակությունը տվյալ հարաբերության սուբյեկտների փոխադարձ իրավունքների և պարտականությունների ամբողջությունն է, որը հանրային բնույթի իրավահարաբերության պարագայում հանգում է հետևյալին. այդ հարաբերության կողմ հանդիսացող հանրային իշխանության սուբյեկտն ունի օրենքով սահմանված իր իշխանական լիազորություններն իրականացնելու պարտականություն, ինչն էլ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների իրացման անհրաժեշտ և բավարար պայմանն է:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային իրավահարաբերության սուբյեկտ հանդիսացող իշխանության մարմինը հանրային իրավահարաբերության շրջանակներում կարող է օժտված լինել ոչ թե իրավունքներով, այլ մի քանի հնարավոր իրավաչափ լուծումներից որևէ մեկն ընտրելու, այսինքն` օրենքով սահմանված որոշակի դեպքերում և բավարար փաստական հիմքերի առկայության պայմաններում վարչական հայեցողություն դրսևորելու հնարավորությամբ: Միևնույն ժամանակ հանրային իրավահարաբերության` իշխանական լիազորություններով չօժտված կողմը, բացի իր հանրային սուբյեկտիվ իրավունքներից, կարող է կրել նաև այդ հարաբերության բովանդակության մեջ ներառված պարտականություններ, քանի որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց հանրային սուբյեկտիվ իրավունքներն իրացնելիս պետք է պահպանեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընթացակարգային իրավական կարգավորումներն ու օրենսդրական բոլոր պահանջները:

Իրավահարաբերության օբյեկտն այն նյութական և (կամ) հոգևոր արժեքն է, ինչի կապակցությամբ որոշակի իրավաբանական փաստի (փաստական կազմի) հիման վրա կողմերի միջև ծագում է իրավահարաբերությունը: Հանրային իրավահարաբերությունները ծագում են հանրային շահը սպասարկող սուբյեկտների` պետության և համայնքի կողմից այն իրացնելու և կյանքի կոչելու, սոցիալական ոլորտում այն առարկայացնելու կապակցությամբ, քանի որ հանրային իրավունքով կարգավորվող հարաբերության շրջանակներում սուբյեկտը գործում է ոչ թե իր, այլ հանրային շահերի վերհանման և ապահովման նպատակով:

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ իրավունքում «շահ» հասկացության դասակարգումը հանրայինի և մասնավորի խիստ պայմանական է, քանի որ հանրային և մասնավոր շահերը հանդես են գալիս փոխկապակցվածության մեջ և գրեթե միշտ փոխլրացնում են միմյանց: Այսպես, իրավական շահը դասակարգվում է հանրայինի և ոչ հանրայինի` դասակարգման հիմքում դնելով այդ շահը կրող սուբյեկտին. հանրային շահի կրողը հասարակությունն է` որպես մեկ միասնական, ամբողջական օրգանիզմ: Ընդ որում, շահը հանրային որակելու համար պարտադիր նախապայման չէ հասարակության բոլոր անդամների կողմից այդ շահի ընկալելի, ընդունելի լինելու հանգամանքը: Սակայն հանրային շահը տարբերվում է մասնավոր շահից ոչ միայն սուբյեկտային չափանիշով, այլ նաև իր առարկայով, քանի որ հանրային շահի առարկան համընդհանուր, համամարդկային որոշակի բարիքներն են, որոնց առարկայացումը հասարակական կյանքում անհրաժեշտ նախապայման է հասարակության գոյատևման և հետագա զարգացման համար:

Ամփոփելով վերոգրյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1.    արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե` ոչ,

2.    արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե` ոչ,

3.    արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե` ոչ  (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, երրորդ անձ «ՄաքԴոնալդս Քորփորեյշն» ընկերության`  թիվ ՎԴ/0830/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու հարաբերություների բնույթի բացահայտման հարցին՝  Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ՝

1  համայնքի ղեկավարը, իսկ Երևան քաղաքում՝  վարչական շրջանի ղեկավարը, հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, որի լիազորություններն  անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու (սահմանելու) հարաբերություններում սահմանված են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև այլ իրավական ակտերով,

2. անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու (սահմանելու) հարաբերությունների բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, այն է՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու պարտականությունը,

3. անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու հարաբերությունները ծագում են հանրային շահի իրացման կապակցությամբ, այն է՝  բխում են ինչպես  անգործունակ ճանաչված անձի՝ որպես հասարակության խոցելի խավի ներկայացուցչի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից, այնպես էլ քաղաքացիական շրջանառության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից (օրինակ՝ բնականոն քաղաքացիական շրջանառության կայունության ապահովման անհրաժեշտությունից):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի  3-րդ հոդվածում վարչական մարմնի հասկացությունն օրենսդիրը նախ սահմանել է ինստիտուցիոնալ առումով՝ ամրագրելով, որ վարչական մարմիններ են Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինները, տարածքային կառավարման մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, այնուհետև վարչական մարմնի հասկացությունը սահմանել է գործառութային առումով՝ նշելով, որ վարչական մարմիններ են նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինները:  

ՀՀ կառավարության 24.09.2011 թվականի թիվ 164-Ն որոշմամբ (ուժը կորցրել է 09.07.2016 թվականին) հաստատված՝ խնամակալության  և  հոգաբարձության մարմինների կանոնադրության 2-րդ կետի համաձայն՝ խնամակալության և հոգաբարձության մարմինները համայնքների ղեկավարներն են: Երևանում քաղաքապետի անունից  խնամակալության և հոգաբարձության մարմիններին վերապահված լիազորություններն իրականացնում են Երևանի վարչական շրջանների ղեկավարները:

Նույնաբովանդակ դրույթ է պարունակում ՀՀ կառավարության 02.06.2016 թվականի թիվ 631-Ն որոշմամբ (ուժի մեջ է մտել 09.07.2016 թվականին) հաստատված՝  խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրության 2-րդ կետը:

Վերը նշված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ խնամակալության և հոգաբարձության մարմինը ՀՀ իրավական համակարգում հանդիսանում է վարչական մարմին, քանի որ իրականացնում է հանրային գործառույթ, և որպես այդպիսի մարմին հանդես է գալիս համայնքի ղեկավարը՝ տեղական ինքնակառավարման մարմինը:

Անդրադառնալով խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին որոշման բնույթին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

-       վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր,

-       վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

-       վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

-       վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

-       վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

-       վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար (տես, Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վարչական ակտի՝ վերը նշված բնորոշ հատկանիշների համատեքստում անդրադառնալով անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին որոշման բնույթին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն վարչական ակտ է, քանի որ

- անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին որոշումն անհատական իրավական ակտ է, որի հասցեատերն անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակված անձն է,

- անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին որոշումն ընդունվում է վարչական մարմնի կողմից,

- անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին որոշումն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

- անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին որոշումն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. լուծում է անգործունակ ճանաչված կոնկրետ անձի նկատմամբ խնամակալ նշանակելու հարցը,

- անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին որոշումն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող՝ ինչպես անգործունակ ճանաչված անձի, այնպես էլ վերջինիս նկատմամբ որպես խնամակալ նշանակվող անձ համար:

Խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ վարչական մարմին հանդիսանալու, իսկ անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու մասին որոշումը վարչական ակտ լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից 17.12.1991 թվականի թիվ 46/119 բանաձևով հաստատված հոգեկան հիվանդությամբ տառապողների պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավման սկզբունքները նախատեսում են, որ հոգեկան խանգարման հետևանքով անձին անգործունակ ճանաչելու հետևանքով անձի նկատմամբ խնամակալություն սահմանելու վերաբերյալ ցանկացած որոշում կարող է կայացվել միայն ներպետական օրենսդրության հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատական մարմնի կողմից արդար քննության արդյունքում: Անձի նկատմամբ խնամակալության անհրաժեշտության հարցը ենթակա է վերանայման ողջամիտ ժամանակահատվածում՝ ներպետական օրենսդրության համապատասխան:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ ներպետական օրենսդրությամբ խնամակալություն սահմանելու վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունը վերապահված է ոչ թե դատական, այլ վարչական մարմնին՝ խնամակալության և հոգաբարձության մարմնին: Այդուհանդերձ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածը հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց խնամակալի կամ հոգաբարձուի նշանակումը բողոքարկել դատարան, ինչը նշանակում է, որ օրենսդիրը, խնամակալություն սահմանելու վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունը վերապահելով վարչական մարմնին, այնուամենայնիվ նախատեսել է այդպիսի որոշման դատական վերահսկողության հնարավորություն:

Նշված ընթացակարգը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց պահանջել խնամակալի փոփոխություն: Հետևաբար սույն որոշմամբ իր առջև բարձրացրած հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ենթակա է պարզաբանման այն հարցը, թե արդյոք անգործունակ ճանաչված անձը ներառված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված շահագրգիռ անձանց շրջանակում, որոնք կարող են նախաձեռնել խնամակալության որոշման դատական բողոքարկում, թե՝ ոչ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ խնամարկյալների բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը հսկողություն է իրականացնում խնամակալների ու հոգաբարձուների գործունեության նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ խնամակալը կամ հոգաբարձուն նշանակվում է իր համաձայնությամբ: Ընդ որում, պետք է հաշվի առնվեն նրա բարոյական և անձնական այլ հատկանիշները, խնամակալի կամ հոգաբարձուի պարտականություններ կատարելու ունակությունը, նրա ու խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող անձի միջև եղած հարաբերությունները, իսկ հնարավորության դեպքում` նաև խնամարկյալի ցանկությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածը նախատեսում է խնամակալներին և հոգեբարձուներին իրենց պարտականությունների կատարումից ազատելու հիմքերը, մասնավորապես, նշված հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ հարգելի պատճառների (հիվանդություն, գույքային դրության փոփոխություն, խնամարկյալի հետ փոխադարձ ըմբռնման բացակայություն և այլն) առկայության դեպքում խնամակալը կամ հոգաբարձուն իր խնդրանքով կարող է ազատվել պարտականությունների կատարումից:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ խնամակալի կամ հոգաբարձուի կողմից իր պարտականությունները անպատշաճ կատարելու` ներառյալ խնամակալությունը կամ հոգաբարձությունը շահադիտական նպատակներով օգտագործելու կամ խնամարկյալին առանց հսկողության և անհրաժեշտ օգնության թողնելու դեպքերում, խնամակալության ու հոգաբարձության մարմինը կարող է խնամակալին կամ հոգաբարձուին ազատել այդ պարտականությունների կատարումից և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել նրան` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու համար:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ խնամակալության ու հոգաբարձության մարմինը, հսկողություն իրականացնելով խնամակալների գործունեության նկատմամբ, համապատասխան հիմքերի առկայության դեպքում կարող է ազատել այն խնամակալին, որն իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, կամ հարգելի պատճառներով ի վիճակի չէ շարունակել իր պարտականությունների կատարումը:

Հաշվի առնելով, որ անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու լիազորությունը վերապահված է խնամակալության ու հոգաբարձության մարմնին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դեպքերում վերջինս պետք է խնամակալ նշանակելու ընդհանուր կանոնների պահպանմամբ նշանակի նոր խնամակալ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման կարգավորումը բխում է անգործունակ ճանաչված անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից: Անգործունակ ճանաչված անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից է բխում նաև շահագրգիռ անձանց կողմից խնամակալի նշանակումը դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը:

Այնուամենայնիվ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այնպիսի իրավիճակներում, երբ անգործունակ ճանաչված անձի շահը թելադրում է խնամակալի փոփոխություն, ՀՀ օրենսդրությունն անգործունակ ճանաչված անձի համար ուղղակիորեն չի նախատեսել իր նախաձեռնությամբ խնամակալության ու հոգաբարձության մարմնին դիմելու հնարավորություն:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ խնամակալի նշանակումը դատական կարգով բողոքարկելու հնարավորություն ունեցող անձանց կազմում անգործունակ ճանաչված անձին չներառելու պայմաններում գործնականում չեն բացառվում այնպիսի դեպքերը, երբ այդ անձինք, որոշակի օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պայմաններից ելնելով, չբողոքարկեն խնամակալի նշանակումն այն դեպքում, երբ անգործունակ ճանաչված անձի շահն ուղղակիորեն թելադրում է այդպիսի բողոքարկումը:

Եվրոպական դատարանը Ստանևն ընդդեմ Բուլղարիայի գործով 17.01.2012 թվականի վճռում նշել է, որ անգործունակ ճանաչված անձի դատավարական իրավունքների սահմանափակումները կարող են իրավաչափ համարվել՝ ելնելով այդ անձի, այլոց շահերի պաշտպանության և արդարադատության պատշաճ կազմակերպման անհրաժեշտությունից: Այնուամենայնիվ, անգործունակ ճանաչված անձի՝ դատարան դիմելու իրավունքի սահմանափակումների նկատմամբ պետք է ցուցաբերվի տարբերակված մոտեցում՝ կախված այն հանգամանքից, թե անգործունակ ճանաչված անձը կոնկրետ ինչ հարց է պատրաստվում բարձրացնել դատարանի առջև, և ինչ նպատակի է նա ցանկանում հասնել դատական պաշտպանության միջոցով:

Պետությունն ազատ է որոշելու անգործունակ անձի կողմից անմիջականորեն դատարան դիմելու իրավունքի իրացման ընթացակարգը: Միևնույն ժամանակ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ անհամատեղելի են այն դեպքերը, երբ ներպետական օրենսդրությունը քննարկվող ոլորտում սահմանում է դատարանի մատչելիության որոշակի սահմանափակումներ բացառապես այն նպատակով, որ դատարաններն անհարկի չծանրաբեռնվեն ակնհայտ անհիմն դիմումներով: Այնուամենայնիվ, նշված խնդիրը կարելի է լուծել նվազ սահմանափակող միջոցներով, քան անմիջականորեն դատարան դիմելու հարցում անգործունակ անձանց նկատմամբ կիրառվող արգելքը. այդ միջոցներից են, օրինակ՝ անգործունակ անձանց կողմից դիմումների ներկայացման հաճախականության սահմանափակումը կամ անգործունակ անձանց դիմումների ընդունելիության նախնական ուսումնասիրության համակարգը (տե՛ս, Ստանևն ընդդեմ Բուլղարիայի գործով Եվրոպական դատարանի 17.01.2012 թվականի վճիռը, գանգատ թիվ 36760/06, կետ 241-242):

Միաժամանակ Շտուկատուրովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանը 27.03.2008 թվականի վճռում մասնավորապես նշել է, որ անգործունակության փաստն անհրաժեշտաբար չի նշանակում, որ նա ունակ չէ ընկալելու իր վիճակը (տե՛ս, Շտուկատուրովն ընդդեմ Ռուսաստանի գործով Եվրոպական դատարանի 27.03.2008 թվականի վճիռը, գանգատ թիվ 44009/05, կետ 108):

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով իր առջև բարձրացված հարցադրմանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ հոգեկան խանգարում ունեցող անձը պետք է ունենա անձամբ լսվելու հնարավորություն՝ անգործունակ ճանաչվելու հետևանքով իր նկատմամբ խնամակալություն սահմանելու վերաբերյալ գործերով՝ իր տեսակետն արտահայտելու համար, քանի որ նշված որոշման կայացումը վերջինիս համար ոչ պակաս կարևոր է՝ հաշվի առնելով, որ իր իրավունքների և շահերի պաշտպանությունն այլևս պետք է իրականացվի բացառապես խնամակալի միջոցով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու գործերով հատկապես կարևոր է նրա ու խնամակալի միջև եղած հարաբերությունների պարզումը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է նաև, որ հնարավորության դեպքում ենթակա է պարզման նաև խնամակալության կամ հոգաբարձության կարիք ունեցող անձի ցանկությունը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված հարցերի պարզումը հնարավոր չէ իրականացնել առանց անգործունակ ճանաչված անձին լսելու:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու հարցը քննելիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հանգամանքների պարզումը հանդիսանում է խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործնականում բացառված չեն դեպքերը, երբ խնամակալության ու հոգաբարձության մարմինն անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակի առանց վերջինիս ցանկությունը լսելու կամ առանց ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված հանգամանքները փաստացի հաշվի առնելու:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ խնամակալ նշանակելու մասին որոշման դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը նախևառաջ պայմանավորված է դատական կարգով վարչական մարմնի կողմից թույլ տված՝ անգործունակ անձի խախտված իրավունքները վերականգնելու անհրաժեշտությամբ այն դեպքերում, երբ խնամակալության և հոգաբարձության մարմինը, հակառակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված՝ խնամակալի և անգործունակ ճանաչված անձի միջև եղած հարաբերությունները, իսկ հնարավորության դեպքում` նաև խնամարկյալի ցանկությունը հաշվի առնելու պարտականության, խնամակալ նշանակելու մասին որոշումը կայացնում է առանց օրենսդրությամբ սահմանված՝ վերը նշված պահանջները պատշաճ կատարելու:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև անձին անգործունակ ճանաչելու, անձի գործունակությունը վերականգնելու վերաբերյալ գործերով (որոնց լուծումը վերապահված է դատարանին) և անգործունակ ճանաչված անձի նկատմամբ խնամակալ նշանակելու վերաբերյալ գործերով (որոնց լուծումը վերապահված է խնամակալության և հոգաբարձության մարմնին) քննարկվող հարցերի շրջանակը և բնույթը տարբեր են, այնուամենայնիվ, անձի իրավունքների տեսակետից նշված բոլոր հարցերը նույն կարևորությունն ունեն անգործունակ ճանաչված անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության առումով: Դա նշանակում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև անգործունակ ճանաչված անձի՝ խնամակալ նշանակելու վերաբերյալ որոշումը դատական կարգով բողոքարկելու իրավունքի նկատմամբ, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անգործունակ ճանաչված անձը ոչ միայն պետք է ունենա դատարան դիմելու իրավունք, այլ նաև պետք է ունենա դատական քննությանը լիարժեք մասնակցելու և դատական ակտը բողոքարկելու իր իրավունքներն իրացնելու հնարավորություն:

Հետևաբար այն դեպքում, երբ խնամակալություն սահմանելու վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունը ներպետական օրենսդրությամբ վերապահված է վարչական մարմնին, իսկ ՀՀ օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված չէ խնամակալին փոխելու հարցով իր նախաձեռնությամբ խնամակալության և հոգաբարձության մարմնին դիմելու՝ անգործունակ ճանաչված անձի  հնարավորությունը, սակայն առկա է շահագրգիռ անձի կողմից նշված որոշումը դատական կարգով բողոքարկելու հնարավորություն, Վճռաբեկ դատարանը վերոգրյալ միջազգային-իրավական փաստաթղթերի և իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության հիման վրա գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետում «շահագրգիռ անձանց» եզրույթը պետք է մեկնաբանվի այնպես, որ անգործունակ ճանաչված անձը ևս հնարավորություն ունենա դատական կարգով բողոքարկելու իր նկատմամբ խնամակալ նշանակելու մասին որոշումը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով բողոքարկելու նշված գործերով կայացված դատական ակտերը, այսինքն՝ անգործունակ ճանաչված անձը ևս պետք է ընդգրկված լինի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված շահագրգիռ անձանց շրջանակում:

Սույն գործով Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվոր Գուրգեն Նիկոլյանը, համաձայն Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 09.11.2013 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի, ճանաչվել է անգործունակ, իսկ դատավարական իրավունակություն ունեցող անձինք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ի մասով սահմանված իրավունքներն անձամբ իրացնելու համար պետք է օժտված լինեն դատավարական գործունակությամբ, հակառակ պարագայում վերջիններիս իրավունքները կարող են իրացնել միայն օրինական ներկայացուցիչները, հետևաբար Գուրգեն Նիկոլյանը հայցադիմում ներկայացնելու ակնհայտորեն իրավունք չունեցող անձ է։

Վերաքննիչ դատարանը, մերժելով Դատարանի 25.02.2015 թվականի որոշման դեմ Գուրգեն Նիկոլյանի վերաքննիչ բողոքի ընդունումը, հիմք է ընդունել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը, համաձայն որի՝ (...) անգործունակ ճանաչված անձանց իրավունքները և ազատությունները դատավարությունում ներկայացնում են նրանց օրինական ներկայացուցիչները (...) խնամակալը կամ օրենքով նման իրավունք ունեցող այլ անձինք: Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ անձամբ վերաքննիչ բողոք է բերել դատարանի վճռով անգործունակ ճանաչված և դրա հիմքով իր գործողություններով իրավունքներ, այդ թվում նաև վերաքննիչ բողոք բերելու իրավունքն իրականացնելու և պարտականություններ ստանձնելու ունակությամբ՝ դատավարական գործունակությամբ չօժտված անձը՝ Գուրգեն Նիկոլյանը, այսինքն՝ բողոքը ներկայացրել է այն անձը, որն անձամբ բողոք ներկայացնելու դատավարական իրավունքն իրականացնելու ունակությամբ օժտված չէ։

 

Մինչդեռ վերը նշված իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Անգործունակ ճանաչված անձը սույն գործով ներկայացված հայցադիմումով, ըստ էության, վիճարկում է իր նկատմամբ խնամակալի նշանակումը, ընդ որում, հայցի հիմքում վերջինս դրել է այն հանգամանքը, որ դիմել է խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ խնդրելով հնարավորություն ընձեռնել մասնակցելու խնամակալ նշանակելու հարցի քննարկմանը, ինչը խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից անտեսվել է: Բացի այդ, իր նկատմամբ խնամակալ է նշանակվել իր որդին, որի հետ հարաբերությունները «կոնֆլիկտային են, ... վեճերը կրում են պարբերական բնույթ»:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման հայցադիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի՝ վարույթ ընդունելու հարցը լուծելիս ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 6-րդ մասի ընդհանուր կանոնով առաջնորդվելու պայմաններում անգործունակ ճանաչված անձի իրավունքների պաշտպանությունը գործնականում կդառնա առնվազն անարդյունավետ, քանի որ այդ դեպքում խնամակալի նշանակումը վիճարկելու հնարավորությունը վերապահվում է բացառապես խնամակալին, մինչդեռ ներկայացված հայցադիմումի բովանդակությունից հետևում է, որ տվյալ դեպքում առերևույթ խախտվել է վերջինիս լսված լինելու իրավունքը, և միևնույն ժամանակ խնամակալի նշանակման բողոքարկումը բխում է անգործունակ ճանաչված անձի շահից, և վերջինս, որպես շահագրգիռ անձ, պետք է հնարավորություն ունենա բողոքարկելու այդպիսի որոշումը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անգործունակ ճանաչված անձը, ընդգրկված լինելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված շահագրգիռ անձանց շրջանակում, չի կարող զրկվել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավունքից, և վերը նշված իրավական վերլուծությունների հիման վրա արձանագրում է, որ տվյալ դեպքում անգործունակ ճանաչված անձի կողմից խնամակալի նշանակումը դատական կարգով վիճարկելու, այդպիսի վիճարկման արդյունքում կայացված դատական ակտերը բողոքարկելու իրավական հնարավորության սահմանափակումն անհամատեղելի կլինի անգործունակ ճանաչված անձի դատական պաշտպանության ու արդար դատաքննության հիմնարար իրավունքների հետ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.04.2015 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան