ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի որոշումը Վարչական գործ թիվ ՎԴ/2654/05/10 |
Վարչական գործ թիվ ՎԴ/2654/05/10 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Լ. Սոսյան | |
Դատավորներ՝ Ա. Սարգսյան Ա. Միրզոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ մասնակցությամբ դատավորներ Ե. Սողոմոնյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. Ավանեսյանի Ա. Բարսեղյանի Մ. ԴՐՄԵՅԱՆԻ Գ. Հակոբյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի
2010 թվականի դեկտեմբերի 29-ին,
քննարկելով ըստ հայցի Գայանե Մելկումյանի ընդդեմ ՀՀ կառավարության` Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 23.03.1950 թվականի թիվ 5 արձանագրության տեսքով վարչական ակտը` 284-Ա հողամասի մասով, մասնակի առ ոչինչ ճանաչելու և որպես հետևանք` այն 284-Դ հողամասով փոխարինելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 31.08.2010 թվականի <<Բողոքը մերժելու մասին>> որոշման դեմ Գայանե Մելկումյանի ներկայացուցիչ Ռուդոլֆ Հունանյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1.
Գործի դատավարական նախապատմությունըԴիմելով դատարան` Գայանե Մելկումյանը պահանջել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 23.03.1950 թվականի թիվ 5 արձանագրության տեսքով վարչական ակտը` 284-Ա հողամասի մասով, մասնակի ճանաչել առ ոչինչ և որպես հետևանք` այն փոխարինել 284-Դ հողամասով: Միաժամանակ, Գայանե Մելկումյանը միջնորդել է հետաձգել պետական տուրքի վճարման ժամկետը:
ՀՀ վարչական դատարանի 02.08.2010 թվականի որոշմամբ Գայանե Մելկումյանի միջնորդությունը մերժվել է, իսկ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը վերադարձվել են:
ՀՀ վարչական դատարանի 18.08.2010 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 02.08.2010 թվականի <<Պետական տուրքի վճարման ժամկետը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին>> որոշման դեմ Գայանե Մելկումյանի բերած բողոքը վերադարձվել է: Միաժամանակ, բողոքը ներկայացնելու ընթացակարգի հետ կապված թերությունը վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար սահմանվել է ժամկետ:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 31.08.2010 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 02.08.2010 թվականի <<Պետական տուրքի վճարման ժամկետը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին>> որոշման դեմ Գայանե Մելկումյանի բերած բողոքը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Մելկումյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, <<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի <<դ>> ենթակետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անտեսել է, որ Գայանե Մելկումյանը միջնորդել է հետաձգել պետական տուրքի վճարումը և այդ հարցին անդրադառնալ վճռով: Նման պայմաններում Դատարանը պարտավոր էր առաջնորդվել անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և այդ իրավունքը պահպանել ոչ միայն տեսականորեն, այլ նաև իրականացնել գործնականում: Նշված հանգամանքը պարտավորեցնում է դատարանին իր հայեցողական լիազորություններն իրականացնել` ելնելով անձի հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման գերակայությունից, ինչը տվյալ դեպքում չի արվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է <<բեկանել>> և <<վերանայել>> Դատարանի 31.08.2010 թվականի <<Բողոքը մերժելու մասին>> որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք ...:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են <<Պետական տուրքի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով:
<<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն ... դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար ...:
<<Պետական տուրքի մասին>> ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի <<դ>> ենթակետի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներով արդեն իսկ անդրադարձել է պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման հարցին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության տեսանկյունից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) երբեք չի բացառել, որ կարող են լինել դեպքեր, երբ արդարադատության շահերից ելնելով` անհրաժեշտ լինի ֆինանսական սահմանափակումներ կիրառել դատարան դիմելու` անհատների իրավունքների նկատմամբ (տե'ս` Տոլստոյ-Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության, Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը): Միաժամանակ, Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարան դիմելու արդյունավետ իրավունքի երաշխավորումը չի նշանակում ընդամենը միջամտության բացակայություն, այլ կարող է պահանջել, որ պետությունը ձեռնարկի որոշակի դրական քայլեր այդ ուղղությամբ (տե'ս` Էյրին ընդդեմ Իռլանդիայի, Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը): Բացի այդ, Եվրոպական դատարանը հաշվի է առնում այն դեպքերը, երբ ներպետական օրենսդրությամբ դատական տուրքերից ազատելու որոշումը ցանկացած ժամանակ կարող է չեղյալ հայտարարվել դատարանների կողմից, եթե ազատելու համար հիմք հանդիսացած հանգամանքները դադարում են գոյություն ունենալուց, կամ երբ դիմողին դատավարության սկզբնական փուլում հայց ներկայացնելու հնարավորությունը դատարաններին չի զրկում հետագա ցանկացած փուլում` դիմողի ֆինանսական դրությունը բարելավվելու դեպքում վերջինից դատական տուրք գանձելու հնարավորությունից (տե'ս` Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 16.06.2001 թվականի վճիռը): Եվրոպական դատարանը նշում է նաև, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին: Այնուամենայնիվ, այդ տուրքերի գումարը գնահատելը որոշակի գործի հատուկ հանգամանքների տեսանկյունից, ներառյալ դրանք վճարելու դիմումատուի ունակությունը և դատավարության այն փուլը, որում նման սահմանափակումը կիրառվել է, հանգամանքներ են, որոնք էական են որոշելու համար` անձն օժտված է եղել դատարանի մատչելիության իրավունքով, թե` ոչ (տե'ս` Պոդբիելսկին և ՊՊՈւ Պոլպուրն ընդդեմ Լեհաստանի, թիվ 39199/98, 26.07.2005 թվական, <<Պայքար և հաղթանակ>> ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի, 20.12.2007 թվական, գանգատ թիվ 21638/2003): Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտել է, որ պետական տուրքի գծով արտոնությունները, այդ թվում` դրա տարաժամկետումը կամ վճարման հետաձգումը, նպատակ են հետապնդում վերացնել արդարադատության մատչելիության այնպիսի խոչընդոտները, որոնք պայմանավորում են անձի մոտ համապատասխան միջոցների բացակայության պատճառով դատարան դիմելու, վերադաս ատյան բողոք ներկայացնելու անհնարինությունը: Այդ նպատակից ելնելով` օրենսդիրը, ի տարբերություն պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնություն սահմանելուն, դատարանի համար առավել լայն հայեցողական լիազորություն է սահմանել պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ հետաձգելու հարցում: Վերջինս պայմանավորված է դատարանի դերով` որպես արդարադատություն իրականացնող մարմնի, որը միաժամանակ պետք է ապահովի անձի արդարադատության մատչելիության իրավունքը (տե'ս` Դավիթ Սաակյանն ընդդեմ Լյուսա Սահակյանի, Սեդա Սահակյանի, Երևանի կենտրոնական նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձանց` Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման` ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին Վճռաբեկ դատարանի 05.05.2009 թվականի որոշումը, քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0820/02/08):
Սույն գործի փաստերի համաձայն` Գայանե Մելկումյանը հայցադիմումին կից ներկայացրել է միջնորդություն, որով խնդրել է հետաձգել պետական տուրքի վճարման ժամկետը` պատճառաբանելով, որ ներկայումս չի աշխատում: ՀՀ վարչական դատարանը 02.08.2010 թվականի որոշմամբ Գայանե Մելկումյանի նշված միջնորդությունը մերժել է, իսկ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը վերադարձրել է վերջինիս այն պատճառաբանությամբ, որ նա միջնորդությամբ չի ներկայացրել պետական տուրքի վճարումը հետաձգելու համար հիմք հանդիսացող որևէ հիմնավորում, այն է` գույքային դրության վերաբերյալ ապացույց:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատարանը սույն գործով առաջին հերթին պետք է առաջնորդվեր անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և ելներ այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակից: Նշված հանգամանքը պարտավորեցնում է դատարանին իր հայեցողական լիազորություններն իրականացնել` ելնելով անձի հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման գերակայությունից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` <<Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական դատարանի 31.08.2010 թվականի <<Բողոքը մերժելու մասին>> որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 02.08.2010 թվականի <<Պետական տուրքի վճարման ժամկետը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին>> որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ Դատավորներ` Ե. Սողոմոնյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. ԴՐՄԵՅԱՆ Գ. Հակոբյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|