Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.11.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
30.11.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
30.11.2010
Дата вступления в силу
30.11.2010

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/2648/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/2648/05/10

2010թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Միրզոյան
                   դատավորներ՝  Լ. Սոսյան
                                             Ա. Աբովյան 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. ՀԱկոբյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի նոյեմբերի 30-ին,  

քննարկելով Գոհար Կարագյոզյանի, Ռուբեն և Արփի Կարապետյանների ներկայացուցիչ Ռուդոլֆ Հունանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 18.08.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Գոհար Կարագյոզյանը, Ռուբեն և Արփի Կարապետյանները հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` բնակարանի հատակագծում թույլ տրված սխալների մասով Կադաստրի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և որպես հետևանք 16.06.1998 թվականի անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման Կ4-2 մատյանի թիվ 000086 գրանցման թերթիկում և թիվ 009425 սեփականության իրավունքի գրանցման վկայականում համապատասխան ուղղումներ կատարելուն, դրանք փաստացի իրավիճակի և հատակագծային մակերեսների հետ համապատասխանեցնելուն պարտավորեցնելու պահանջների մասին` միաժամանակ միջնորդելով պետական տուրքի վճարումը տարաժամկետել և լուծել վճռով։

ՀՀ վարչական դատարանի 02.08.2010 թվականի որոշմամբ պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին միջնորդությունը մերժվել է, և հայցադիմումը` վերադարձվել։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 18.08.2010 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 02.08.2010 թվականի որոշման դեմ Գոհար Կարագյոզյանի, Ռուբեն և Արփի Կարապետյանների ներկայացուցչի բողոքը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գոհար Կարագյոզյանի, Ռուբեն և Արփի Կարապետյանների ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, 21-րդ հոդվածի «դ» կետը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ հայցվորները միջնորդել են հետաձգել պետական տուրքի վճարումը և այդ հարցին անդրադառնալ վճռով, քանի որ չաշխատելու պատճառով գտնվում են նյութական ծանր պայմաններում։ Հետևաբար, Դատարանը պարտավոր էր սույն գործով առաջնորդվել անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և պահպանել այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնականում իրականացներ այն: Այդ հանգամանքը պետք է պարտավորեցներ Դատարանին իր հայեցողական լիազորություններն իրականացնել` ելնելով անձի հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման գերակայությունից, ինչը տվյալ դեպքում չի արվել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Դատարանի 18.08.2010 թվականի որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող է սահմանվել պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու արտոնություն։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է պետական տուրքի վճարումը հետաձգելու հարցերին` արձանագրելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության տեսանկյունից երբեք չի բացառել, որ կարող են լինել դեպքեր, երբ արդարադատության շահերից ելնելով անհրաժեշտ լինի ֆինանսական սահմանափակումներ կիրառել դատարան դիմելու` անհատների իրավունքների նկատմամբ (տե՛ս Տոլստոյ-Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 61)։ Միաժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարան դիմելու արդյունավետ իրավունքի երաշխավորումը չի նշանակում ընդամենը միջամտության բացակայություն, այլ կարող է պահանջել, որ պետությունը ձեռնարկի որոշակի դրական քայլեր այդ ուղղությամբ…(տե՛ս Էյրին ընդդեմ Իռլանդիայի Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետ 25)։ Եվրոպական Դատարանը նշել է նաև, որ պետական տուրքը վճարելու պարտավորությունը չի կարող դիտարկվել որպես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակում, որն ինքնին չի համապատասխանում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին։ Այնուամենայնիվ, այդ տուրքերի գումարը գնահատելը որոշակի գործի հատուկ հանգամանքների տեսանկյունից, ներառյալ՝ դրանք վճարելու դիմումատուի ունակությունը և դատավարության այն փուլը, որում նման սահմանափակումը կիրառվել է, հանգամանքներ են, որոնք էական են որոշելու համար` անձն օժտված է եղել դատարանի մատչելիության իրավունքով, թե՝ ոչ (տե՛ս Պոդբիելսկին և ՊՊՈւ Պոլպուրն ընդդեմ Լեհաստանի Եվրոպական դատարանի 26.07.2005 թվականի վճիռը, պարբ. 65, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետեր 45, 48)։

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտել է, որ պետական տուրքի գծով արտոնությունները, այդ թվում՝ դրա տարաժամկետումը կամ վճարման հետաձգումը նպատակ են հետապնդում վերացնել արդարադատության մատչելիության այնպիսի խոչընդոտները, որոնք պայմանավորում են անձի մոտ համապատասխան միջոցների բացակայության պատճառով դատարան դիմելու, վերադաս ատյան բողոք ներկայացնելու անհնարինությունը։

Այդ նպատակից ելնելով` օրենսդիրը, ի տարբերություն պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնություն սահմանելուն, դատարանի համար առավել լայն հայեցողական լիազորություն է սահմանել պետական տուրքի վճարումը տարաժամկետելու կամ հետաձգելու հարցում։ Վերջինս պայմանավորված է դատարանի դերով` որպես արդարադատություն իրականացնող մարմնի, որը միաժամանակ պետք է ապահովի անձի արդարադատության մատչելիության իրավունքը (տե՛ս ըստ հայցի Դավիթ Սաակյանի ընդդեմ Լյուսա Սահակյանի, Սեդա Սահակյանի, Երևանի կենտրոնական նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի, երրորդ անձանց` Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման` ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.05.2009 թվականի թիվ ԵՔԴ/0820/02/08 որոշումը)։

ՀՀ վարչական դատարանը որոշման կայացման հիմքում դրել է այն հանգամանքը, որ հայցվորները չեն ներկայացրել պետական տուրքի վճարումը հետաձգելու համար հիմք հանդիսացող իրենց գույքային դրության վերաբերյալ որևէ ապացույց, իսկ Դատարանը բողոքը մերժելիս գտել է, որ ՀՀ վարչական դատարանի որոշումն իրավաչափ է և կայացվել է օրենսդրության պահանջների պահպանմամբ։

Սույն գործի փաստերի համաձայն` հայցադիմումին կից միջնորդությամբ Գոհար Կարագյոզյանը, Ռուբեն և Արփի Կարապետյանները խնդրել են տարաժամկետել պետական տուրքի վճարումը և այն լուծել վճռով` հաշվի առնելով, որ ներկայումս չեն աշխատում և գտնվում են նյութական ծանր պայմաններում։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը ՀՀ վարչական դատարանի որոշման իրավաչափությունը ստուգելիս պարտավոր էր պարզել, թե սույն գործով ՀՀ վարչական դատարանն առաջնորդվել է արդյոք անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և ելել է այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակից։ Այդ հանգամանքը պարտավորեցնում է վերջինիս իր հայեցողական լիազորություններն իրականացնել` ելնելով անձի հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման գերակայությունից։

ՀՀ վարչական դատարանի կողմից հայեցողական լիազորությունների վերոնշյալ ձևով իրականացումը սույն գործով պետք է դրսևորվեր` հայց ներկայացնելու պահին պետական տուրք վճարելու հնարավորության բացակայությունը պարզելու ուղղությամբ որոշակի գործողություններ իրականացնելով` տվյալ դեպքում հայցվորներին հնարավորություն ընձեռելով ներկայացնելու միջնորդությունը հիմնավորող ապացույցներ։ Մինչդեռ, ՀՀ վարչական դատարանը հայցվորներին նման հնարավորություն չի տվել, իսկ Դատարանն էլ իր հերթին, հաշվի չառնելով վերոհիշյալ հանգամանքը, մերժել է բողոքը:

Ինչ վերաբերում է Դատարանի այն պատճառաբանությանը, որ Դատարանը չի քննարկում բողոքը` «Պետական տուրքի վճարման ժամկետը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու» մասով, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթից ակնհայտ է, որ որոշումն այդ մասով բողոքարկման ենթակա չէ, վարչական դատարանը` 3 դատավորի կազմով, « Պետական տուրքի վճարման ժամկետը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու» մասով բողոքը քննարկելու իրավասություն չունի, քանի որ նույն հոդվածի 1-ին մասով` դատարանի համար նման իրավունք սահմանված չէ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ .

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն ներկայացվել սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթղթեր, իսկ այն դեպքերում, երբ oրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վարչական դատարանը` 3 դատավորի կազմով, քննում է վարչական դատարանի կայացրած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքները:

Վերոնշյալ նորմերից հետևում է, որ այն դեպքերում, երբ հայցադիմումի վերադարձման հիմք է միայն պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդության մերժումը, և այդ որոշման դեմ ներկայացվել է բողոք, ապա վարչական դատարանի կողմից 3 դատավորի կազմով բողոքի քննության առարկան պետք է լինի նման միջնորդության մերժման հետևանքով հայցադիմումի վերադարձը: Հետևաբար, Դատարանը 3 դատավորի կազմով բողոքի քննության ժամանակ պետք է քննարկման առարկա դարձներ ներկայացված միջնորդության հիմնավորվածությունը, քանի որ տվյալ դեպքում չի կարող հայցադիմումի վերադարձի օրինականությունը գնահատվել առանց դրա հիմքը կազմող միջնորդությունը քննարկելու: Այդ դիրքորոշումը բխում է նաև անձի` դատարանի մատչելիության սահմանադրական սկզբունքից, քանի որ բողոքի` միջնորդության հիմնավորվածության մասը քննարկման առարկա չդարձվելու դեպքում ֆինանսական սահմանափակումների պատճառով անձի` դատարան դիմելու իրավունքի ապահովման մեխանիզմներն արդյունավետ չեն կարող համարվել:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Դատարանի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը 

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վարչական դատարանի 18.08.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 02.08.2010 թվականի «Պետական տուրքի վճարման ժամկետը տարաժամկետելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱկոբյան

Ե. Սողոմոնյան