Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
16.03.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
16.03.2016
Дата вступления в силу
16.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4214/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4214/02/14
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան  

Դատավորներ՝

Ն. Բարսեղյան

 

Մ. Հարթենյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ն. Տավարացյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2016 թվականի մարտի 16-ին,

քննարկելով ըստ հայցի «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Կիմա Վարդանյանի՝ գույքն օտարելու, այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու, նույն գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և որոշակի գործողություն կատարելուն պարտադրելու պահանջների մասին, և ըստ Կիմա Վարդանյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության՝ որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.09.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կիմա Վարդանյանի ներկայացուցիչ Մհեր Ասլանյանի վճռաբեկ բողոքը, 

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կիմա Վարդանյանին պատկանող` Երևանի Հին Երևանցու փողոցի թիվ 37 շենքի 4-րդ բնակարանը 22.655.000 ՀՀ դրամով օտարել իրեն՝ այդ բնակարանի նկատմամբ դադարեցնելով Կիմա Վարդանյանի սեփականության իրավունքը և այդ գույքի նկատմամբ ճանաչելով իր սեփականության իրավունքը, ինչպես նաև Կիմա Վարդանյանին պարտադրել ազատել այդ բնակարանը և այն հանձնել իրեն:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Կիմա Վարդանյանը պահանջել է վերացնել սեփականության իրավունքը խախտող և դրա համար վտանգ ստեղծող գործողությունները, մասնավորապես՝ դադարեցնել օտարման գործընթացը՝ Ընկերությանը պարտադրելով հետ վերցնել օտարման դիմաց դեպոզիտ դրված գումարը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 04.06.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ա. Սմբատյան, Լ. Գրիգորյան, Ա. Պետրոսյան) 10.08.2015 թվականի որոշմամբ Կիմա Վարդանյանի ներկայացուցչի միջնորդությունը` պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ, մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ա. Սմբատյան, Ա. Հունանյան, Լ. Գրիգորյան) 31.08.2015 թվականի որոշմամբ Կիմա Վարդանյանի ներկայացուցչի կրկին բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.09.2015 թվականի որոշմամբ Կիմա Վարդանյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին, մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կիմա Վարդանյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության (այսուհետ` ՀՀ Սահմանադրություն) 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու արդյունքում սահմանափակվել է անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացումը, որի հետևանքով Կիմա Վարդանյանը զրկվել է նաև ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 18.09.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը վերաքննիչ դատարանի կողմից վերադարձնելու դեպքում վերստին վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավական հնարավորության հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

ՀՀ  Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև մասնագիտացված դատարաններ:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից է դատական ակտերի բողոքարկման իրավունքը: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով գործնականում արդարադատության նպատակների իրականացմանը:

ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով Հայաստանի Հանարապետությունում սահմանված է դատական եռաստիճան համակարգ, որը գործում է դատական ներհամակարգային աստիճանակարգության հիման վրա, ինչը ենթադրում է վերադաս դատական ատյանի կողմից ստորադաս դատական ատյանի բողոքարկման ենթակա դատական ակտերի վերանայման հնարավորություն: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական շրջանառության մասնակիցներն իրենց բողոքարկման իրավունքն իրացնում են վերադաս ատյաններ` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան և ՀՀ վճռաբեկ դատարան, բողոք ներկայացնելու միջոցով: Վերադաս (տվյալ դեպքում` վերաքննիչ) բողոքարկումը ոչ միայն խախտված և վիճարկվող իրավունքների պաշտպանության ու վերականգնման միջոց է, այլև դատական սխալների բացահայտմանն ու վերացմանն ուղղված որոշակի կառուցակարգ է, որն ապահովում է արդարադատության իրականացման ոլորտում օրինականությունը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքը չի կարող համարվել բացարձակ իրավունք, այն կարող է անհրաժեշտաբար ենթարկվել ողջամիտ և իրավաչափ սահմանափակումների, այդ իրավունքի իրացումն օբյեկտիվորեն ունի որոշակի սահմաններ և շրջանակներ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` նույն հոդվածով նախատեսված ժամկետներից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ անդրադարձել է վերը նշված հոդվածների իրավական վերլուծությանը և, մասնավորապես, արձանագրել է, որ օրենքով սահմանված ժամկետից հետո բերված վերաքննիչ բողոքը դատարանը կարող է ընդունել վարույթ, եթե ներկայացված է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդություն, և այն բավարարվել է դատարանի կողմից: Միաժամանակ անդրադառնալով վերաքննիչ բողոք բերելու ժամկետները բաց թողնելու կամ բաց թողած ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը մերժելու դեպքում օրենսդրի նախատեսած որոշակի իրավական հետևանքների վրա հասնելուն` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների բովանդակությունից հետևում է, որ վերաքննիչ բողոքը բոլոր դեպքերում վերադարձվում է, եթե այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը (տե´ս, օրինակ, Վարդան Պողոսյանն ընդդեմ Տիգրան Արշակյանի թիվ ԵՇԴ/0021/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը, բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), դատարանի անվանումը, որի կայացրած վճռի դեմ բերվում է բողոքը, գործի համարը և վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, նշում նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որը ազդել է գործի ելքի վրա, վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջ բերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը, բողոք բերող անձի պահանջը, բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործը ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները: Նման որոշման դեպքում բողոք բերող անձին պատշաճ ձևով ուղարկվում է միայն վերաքննիչ դատարանի որոշումը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, կրկին ներկայացվելու դեպքում բողոքը համարվում է դատարանում ընդունված: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում:

Վկայակոչված հոդվածների իրավական վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններով վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում, և այն պարագայում, երբ չեն պահպանվել վերաքննիչ բողոքին օրենքով ներկայացվող պահանջները, վերաքննիչ դատարանը վերադարձնում է վերաքննիչ բողոքը: Այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերաբերում են բողոքի ձևին և բովանդակությանը, ապա վերաքննիչ դատարանը երկշաբաթյա ժամկետ է տրամադրում դրանք վերացնելու և կրկին ներկայացնելու համար, իսկ մնացած բոլոր դեպքերում արձանագրված խախտումը շտկելու համար ժամկետ չի տրամադրվում:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վերաքննիչ դատարանի վերը նշված լիազորությունների իրականացումը (վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու, վերադարձնելու մասին որոշումներ կայացնելը) անմիջականորեն կապված է վերաքննիչ բողոքի առկայության հետ: Ընդ որում, օրենսդիրը վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու հանգամանքը պայմանավորել է վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերի բացակայության հետ: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերաքննիչ դատարանում դատական ակտի վերանայում կարող է իրականացվել միայն օրենքով սահմանված կարգով ներկայացված վերաքննիչ բողոքի առկայության դեպքում (տե´ս, Անժելա Գևորգյանն ընդդեմ Նիկալ Շահվերդյանի թիվ ԱՐԱԴ2/0169/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2014 թվականի որոշումը):

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով վերը շարադրված իրավական կարգավորումները, փաստելով, որ ցանկացած դատավարական գործողություն կարող է կատարվել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում վերաքննիչ դատարանը կարող է կայացնել բացառապես այն դեպքում, երբ բացակայում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը, գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանի կողմից կայացվում է վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում, որում վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու համար ժամկետ չի սահմանվում, և նման պայմաններում կրկին ներկայացվում է վերաքննիչ բողոք, ապա վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի ընդունելիության հարցը պետք է որոշվի կոնկրետ դատական ակտի բողոքարկման համար օրենքով նախատեսված ժամկետների հաշվառմամբ:

Այսպիսով, անձը հնարավորություն ունի վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետում, որին կարող է հավելվել նաև վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ տրամադրվող երկշաբաթյա ժամկետը (բողոքի ձևի և բովանդակության կապակցությամբ արձանագրված թերությունները շտկելու համար): Հետևաբար այդ ժամկետների ավարտից հետո վերստին ներկայացված բողոքը վերաքննիչ դատարանի կողմից կարող է վարույթ ընդունվել միայն այն դեպքում, երբ բողոքին կից ներկայացվել է բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, և այն բավարարվել է վերաքննիչ դատարանի կողմից:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 04.06.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել (հատոր 1-ին, գ.թ. 137):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.08.2015 թվականի որոշմամբ Կիմա Վարդանյանի ներկայացուցչի միջնորդությունը` պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ, մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Միաժամանակ նշվել է, որ բողոքում թույլ տված խախտումները վերացնելու և որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում կրկին ներկայացվելու դեպքում բողոքը կհամարվի վարույթ ընդունված (հատոր 2-րդ, գ.թ. 15):

Կիմա Վարդանյանի ներկայացուցիչը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.08.2015 թվականի որոշմամբ Կիմա Վարդանյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Այդ որոշման պատճառաբանական մասում նաև նշվել է, որ «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.08.2015 թվականի որոշմամբ մատնանշված թերությունները բողոք ներկայացրած անձի կողմից ամբողջությամբ չեն վերացվել, ուստի վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման»: Միաժամանակ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել է, որ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում: Վերը նշված խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված է որպես հիմք` վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար: Ընդ որում, տվյալ դեպքում բողոք բերած անձը չի կարող օգտվել երկշաբաթյա ժամկետում խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված կարգից...» (հատոր 2-րդ, գ.թ. 31):

Կիմա Վարդանյանի ներկայացուցիչը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան և միջնորդել է հարգելի համարել «նոր բողոք բերելու հետ կապված բաց թողնված ժամկետը և բողոքն ընդունել վարույթ»:

Վերաքննիչ դատարանի 18.09.2015 թվականի որոշմամբ Կիմա Վարդանյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին, մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը նշել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ կետի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը բացառել է արդեն իսկ առանց ժամկետի սահմանման վերադարձված բողոքում առկա թերությունները վերացնելուց հետո այն վերաքննիչ դատարանի կողմից վարույթ ընդունելու իրավական հնարավորությունը, ու գտել է, որ սույն վերաքննիչ բողոքում ներկայացված միջնորդությունը` բացթողնված ժամկետի վերականգնման մասին, չի բխում վերը նշված իրավանորմի դրույթից, քանի որ օրենսդիրը վերաքննիչ բողոքի կրկնակի վերադարձման դեպքում այն նորից ներկայացնելու դատավարական ժամկետ չի սահմանել: Ուստի և քննարկվող պարագայում` օրենսդրի կողմից դատավարական ժամկետի վերականգնման  բացակայության  պայմաններում, ժամկետի  վերականգնման  ինստիտուտի կանոնները  վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չեն կարող լինել (հատոր 2-րդ, գ.թ. 62):

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին՝ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին, հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Բողոք բերած անձը երրորդ վերաքննիչ բողոքը ներկայացնելիս, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջներով, ներկայացրել է վերաքննիչ բողոք արդեն ընդհանուր կանոնի համաձայն և միաժամանակ միջնորդել է բաց թողնելու պատճառները հարգելի համարել: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժել է ոչ թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետում նշված պահանջի պահպանմամբ, այն է` ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի լինելու հիմնավորվածության հարցը քննության առնելու արդյունքում, այլ այն պատճառաբանությամբ, որ «օրենսդիրը բացառել է արդեն իսկ առանց ժամկետի սահմանման վերադարձված բողոքում առկա թերությունները վերացնելուց հետո այն վերաքննիչ դատարանի կողմից վարույթ ընդունելու իրավական հնարավորությունը», «օրենսդիրը վերաքննիչ բողոքի կրկնակի վերադարձման դեպքում այն նորից ներկայացնելու դատավարական ժամկետ չի սահմանել»:

Վճռաբեկ դատարանը, վերլուծելով վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները, արձանագրում է, որ, ըստ էության, միջնորդության մերժման հիմքը հանդիսացել է այն, որ բողոք բերող անձն իրավունք չուներ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.08.2015 թվականի որոշմամբ բողոքը կրկին ներկայացնելու համար ժամկետ սահմանված չլինելու պայմաններում կրկին ներկայացնելու վերաքննիչ բողոք և հարուցելու միջնորդություն ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը Վերաքննիչ դատարանը պետք է քննության առներ և որոշում կայացներ՝ հիմնվելով այդ միջնորդության հիմնավոր կամ անհիմն լինելու վրա: Միայն դրանից հետո դատարանը կարող էր որոշել` հարգելի է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե՝ ոչ:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ բողոք բերած անձի միջնորդությանը և արձանագրում է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի չէր կարող գնահատվել հետևյալ պատճառաբանությամբ.

Բողոք բերած անձը որպես վերաքննիչ բողոքը բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու միջնորդության հիմնավորում նշել է, որ «...բողոքը ներկայացնելու պահին Կիմա Վարդանյանը գտնվել է հիվանդանոցային պայմաններում և չի կարողացել տրամադրել համապատասխան տեղեկանք ու այժմ հայթայթել է վճարված պետական տուրքը բարեկամներից»: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձը չի ներկայացրել միջնորդության հիմքում դրված առաջին փաստը հաստատող ապացույց, ինչպես նաև չի հիմնավորել, որ դեռևս առաջին և երկրորդ վերաքննիչ բողոքները ներկայացնելիս զրկված է եղել վերը նշված տեղեկանքը ձեռք բերելու կամ պետական տուրքի գումարը «հայթայթելու» հնարավորությունից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին միջնորդությունը ենթակա էր մերժման վերը նշված պատճառաբանությամբ, իսկ վերաքննիչ բողոքը` նշված հիմքով վերադարձման:

Վերոգրյալով հանդերձ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված` Վճռաբեկ դատարանի` դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.09.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ն. Տավարացյան

  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան