Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.10.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
11.10.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
11.10.2010
Дата вступления в силу
11.10.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2790/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2790/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հոկտեմբերի 11-ին,

քննարկելով <<Իրավագարանտ>> ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2010 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Ինգա Մանդելի և <<Շենգավիթ-Ա>> ՍՊԸ-ի` իրավահարաբերությունը դադարեցնելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործով կայացված դատական ակտի էությունը 

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04.05.2010 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև թիվ ԵՔԴ/0782/02/08 քաղաքացիական  գործով վերջնական դատական ակտ կայացնելը: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.07.2010 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.05.2010 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

 Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

 

 Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

  2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

  Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

  Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը և 144-րդ հոդվածի 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ սույն քաղաքացիական գործով Ընկերությունը պահանջել է 25.02.2008 թվականի պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրից ծագած իրավահարաբերությունը դադարեցնել և այն չկնքված համարել: Հետևաբար` թիվ ԵՔԴ/0782/02/08 քաղաքացիական գործով թիվ 17 փոխառության պայմանագրի անվավերության հարցի պարզումը հիմք չի կարող հանդիսանալ սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու համար, քանի որ միևնույն անձանց մասնակցությունը և միևնույն փաստաթղթերի առկայությունը դեռևս բավարար չէ գործի վարույթի կասեցման համար, այլ անհրաժեշտ է այլ գործի առկայությամբ գործի քննության անհնարինությունը, այսինքն` սույն քաղաքացիական գործի քննությունն անհնարին չէ մինչ վերը նշված քաղաքացիական գործով վերջնական որոշում կայացնելը:

 

 Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է <<վերացնել Վերաքննիչ դատարանի 07.07.2010 թվականի որոշումը և Դատարանի 04.05.2010 թվականի <<Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին>> որոշումը>>:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններումª Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:

Վերը նշված օրինադրույթների իմաստով դատարանի պարտականությունն է կասեցնելու գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը, որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի վարույթի կասեցման դատարանի պարտականությունը չի ծագում, եթե տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը կարող է հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում:

  Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս պարտավոր է`

1. նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն,

2. նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է կազմում գործի ողջամիտ ժամկետում քննությունը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ նույնիսկ քաղաքացիական դատավարության ժամանակ, երբ ներպետական օրենսդրությունը և պրակտիկան կողմերից են պահանջում նախաձեռնություն ցուցաբերել դատավարական շարժի համար, պետությունը պարտավոր է երաշխավորել դատավարության ողջամտությունը (Տես Կռոտերն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 01.02.2005 թվականի վճիռը, կետ 29, CROWTHER v. THE UNITED KINGDOM, 1 February 2005, par. 29): Եվրոպական դատարանը նշել է նաև, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածը պահանջում է Բարձր Պայմանավորվող կողմերից իրենց իրավական համակարգը կազմակերպել այնպես, որը թույլ կտա դատարաններին գործել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` մասնավորապես գործի քննության ողջամիտ ժամկետի հետ կապված (Տես Բաչոլզն ընդդեմ Գերմանիայի գործով Եվրոպական դատարանի 06.05.1981 թվականի վճիռը, կետ 51, BUCHHOLZ v. GERMANY, 6 May 1981, par. 51): 

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ <<սույն գործի քննության անհնարինության փոխադարձ կապի մասին ուղղակիորեն նշված է Դատարանի որոշման մեջ  (նշված գործերով վեճի առարկան թիվ 17 պայմանագիրն է` իր ածանցյալ հետևանքներով հանդերձ, հարաբերությունների մասնակիցները նույն անձինք են: Առկա է նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թիվ ԵԿԴ/2558/02/09 քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին, որը նույնպես առնչվում է վերը նշված հարցերին)>>:

Փաստորեն սույն գործի քննության անհնարինությունը Վերաքննիչ դատարանը պայմանավորել է նրանով, որ վերը նշված գործերով վեճի առարկան  թիվ 17 պայմանագիրն է իր ածանցյալ հետևանքներով հանդերձ և հարաբերությունների մասնակիցները նույն անձինք են:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ սույն գործով Ընկերությունը  պահանջել է 25.02.2008 թվականի Ինգա Մանդելի և <<Շենգավիթ-Ա>> ՍՊԸ-ի միջև <<կնքված>> պահանջի իրավունքը զիջելու մասին պայմանագրից ծագած իրավահարաբերությունը դադարեցնել` համարելով այն չկնքված: Մինչդեռ թիվ ԵՔԴ/0782/02/08 քաղաքացիական  գործով քննվում է  <<Շենգավիթ-Ա>> ՍՊԸ-ի հայցն ընդդեմ <<Եվրո Ֆինանս>> ՍՊԸ-ի, երրորդ անձինք Ինգա Մանդելի, Աշոտ Հակոբյանի և <<Իրավագարանտ>> ՍՊԸ-ի` 25.07.2007 թվականի փոխառության թիվ 17 պայմանագիրը, ժամկետի ավարտմամբ, դադարած համարելու, փոխառության գումարը և տոկոսագումարը բռնագանձելու պահանջների մասին և <<Եվրո Ֆինանս>> ՍՊԸ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ <<Շենգավիթ-Ա>> ՍՊԸ-ի` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած թիվ ԵՔԴ/0782/02/08 քաղաքացիական գործով քննվում է 25.07.2007 թվականի թիվ 17 փոխառության պայմանագիրը, ժամկետի ավարտմամբ, դադարած համարելու, փոխառության գումարը և տոկոսագումարը բռնագանձելու պահանջները, այնուամենայնիվ, այդ հանգամանքը սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու հիմք չէ, քանի որ սույն գործով վեճի առարկան տարբերվում է նշված գործի վեճի առարկայից և Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ըստ <<Շենգավիթ-Ա>> ՍՊԸ-ի հայցի ընդդեմ <<Եվրո Ֆինանս>> ՍՊԸ-ի, երրորդ անձինք Ինգա Մանդելի, Աշոտ Հակոբյանի և <<Իրավագարանտ>> ՍՊԸ-ի` փոխառության թիվ 17 պայմանագիրը, ժամկետի ավարտմամբ, դադարած համարելու, փոխառության գումարը և տոկոսագումարը բռնագանձելու պահանջների մասին և <<Եվրո Ֆինանս>> ՍՊԸ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ <<Շենգավիթ-Ա>> ՍՊԸ-ի` պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործի քննությունն անհնարին չի դարձնում սույն գործի քննությունը, ուստի և բացակայում է սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը  

ՈՐՈՇԵՑ  

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.07.2010 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  04.05.2010 թվականի <<Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին>>  որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան