ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1020/02/14 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1020/02/14 |
|
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Է. Հայրիյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2014 թվականի սեպտեմբերի 24-ին
քննարկելով ըստ հայցի «Եվրոպա» ՍՊԸ-ի (այսուհետ`Ընկերություն) ընդդեմ «Սպիտակ կամար» ՍՊԸ-ի (այսուհետ`Կազմակերպություն)` 51.000 ՀՀ դրամի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2014 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից հօգուտ իրեն բռնագանձել 51.000 ՀՀ դրամ` որպես հիմնական պարտավորության գումար, ինչպես նաև այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսները` սկսած կետանցի օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ․ Բունիաթյան) (այսուհետ՝ Դատարան) 02.04.2014 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.05.2014 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.04.2014 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 5-րդ, 19-րդ, 42.1-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ, 92-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը չի տվել որոշման փաստական այն հիմնավորումները, որոնց առկայությունը թույլ կտար համապատասխան իրավական նորմերի վկայակոչմամբ հիմնավորել որոշումն իրավական տեսանկյունից, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) որոշումների զուտ մեջբերումը դեռևս համոզիչ կերպով չի հիմնավորում Վերաքննիչ դատարանի որոշումը:
Միաժամանակ, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածը զուտ սահմանել է հայցվորի համար հաշվարկ ներկայացնելու պարտականություն, որպիսի օրենսդրական պահանջը պահպանվել է հայցվորի կողմից, և գումարի հաշվարկը ներկայացվել է:
Ավելին, նշված նորմով սահմանված չէ հաշվարկի տեսակը, ձևը, հետևաբար Վերաքննիչ դատարանը, չնշելով, թե ինչ կերպ է խախտվել օրենքի պահանջը և չպատճառաբանելով իր դատական ակտը, Ընկերությանը ծանրաբեռնել է վերացական պարտականություններով` զրկելով դատական պաշտպանությունից:
Բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 07.05.2014 թվականի որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Հատկանշական է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է բոլոր անձանց քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին վերաբերող յուրաքանչյուր հայց դատարանին ներկայացնելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է «դատարանի իրավունքը», այսինքն` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը, որը քննություն սկսելու իրավունքի միայն մի մասն է, ինչի սահմանափակումը դատարանների կողմից ընթացակարգային օրենքների զուտ խիստ մեկնաբանման հետևանքով կառաջացնի իրավունքի խախտում և անձի այդ իրավունքը կկրի վերացական բնույթ, հետևաբար քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում, ինչի արդյունքում տեղի չի ունենա դատավարություն և առհասարակ կարժեզրկվեն այդ վարույթի արդար, հրապարակային և արագ քննության բնորոշումները: Ընդ որում, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի նպատակը ոչ թե տեսական կամ վերացական, այլ գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորումն է: Դա, մասնավորապես, վերաբերում է դատարան դիմելու իրավունքին` նկատի ունենալով այն զգալի դերը, որ արդար դատաքննության իրավունքն իրականացվում է ժողովրդավարական հասարակությունում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի թիվ 28249/95 գանգատով ՄԻԵԴ 19.06.2001 թվականի վճիռը, պարբ. 52, 53-56, Գոլդերն ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 4451/70 գանգատով ՄԻԵԴ 21.02.1975 թվականի վճիռը, պարբ. 34):
Այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում են «դատարան դիմելու» և «դատարանի մատչելիության» իրավունքները, բացարձակ չեն և կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս, Ալ-Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով ՄԻԵԴ 21.11.2001 թվականի վճիռը, պարբ. 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով ՄԻԵԴ 14.12.1999 թվականի վճիռը, պարբ. 35, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով ՄԻԵԴ 25.07.2002 թվականի վճիռը, պարբ. 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով ՄԻԵԴ 20.12.2007 թվականի վճիռը, պարբ. 44): Միաժամանակ, ՄԻԵԴ-ը նշել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունք, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տե՛ս, Էյրին ընդդեմ Իռլանդիայի թիվ 6289/73 գանգատով ՄԻԵԴ 09.10.1979 թվականի վճիռը, պարբ. 26):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն` ի թիվս այլ պահանջների հայցադիմումում պետք է նշվի նաև բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի համաձայն` դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 87-րդ հոդվածում սահմանված` հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջները:
Այսպես, դատարան հայց ներկայացնելը և քաղաքացիական գործի հարուցումը քաղաքացիական դատավարության առաջին և ինքնուրույն փուլն է, որից հետո միայն սկսվում է գործի շարժը, և հնարավոր է դառնում դատավարական հետագա բոլոր գործողությունների կատարումը: Դատարանը քաղաքացիական գործի քննությանը և վեճի լուծմանը ձեռնամուխ է լինում իրենց իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը պաշտպանելու համար դատարան դիմող անձանց դիմումի հիման վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 3-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածներ): Հայցային վարույթի գործերը հարուցվում են դատարան հայցադիմում ներկայացնելու միջոցով, որն իրավունքի պաշտպանության վարույթի հարուցման դատավարական միջոց է. թեև հայց ներկայացնելը գործի հարուցման նախապայմանն է, այդուհանդերձ ինքնին բավարար չէ քաղաքացիական գործ հարուցելու համար: Անհրաժեշտ է, որպեսզի հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումը համապատասխանի օրենքով սահմանված դատավարական պահանջներին: Դատավորը հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում կարող է կայացնել միայն այն դեպքում, եթե հայցադիմումն ընդունելիս ստուգում և պարզում է, որ հայցվորը հայց հարուցելու իրավունք ունի, այսինքն` երբ առկա են հայց հարուցելու իրավունքի նախադրյալները, և հայցվորը պահպանել է այն հարուցելու (դատարան դիմելու) օրենքով սահմանված կարգը, այլ կերպ ասած՝ պահպանվել են հայցադիմումի գրավոր ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները: Հակառակ դեպքում` այդ պահանջների չպահպանումը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար, և հայցվորի մոտ ծագում է անհրաժեշտություն վերացնել համապատասխան հայցադիմումի թերությունները (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդված):
Քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով դատավորը միանձնյա կատարում է հայցադիմումը վարույթ ընդունելու և քաղաքացիական գործ հարուցելու բոլոր գործողությունները: Հետևաբար, դատավորը պետք է ձեռնամուխ լինի կատարելու բոլոր անհրաժեշտ դատավարական միջոցներն իրականացնելու ճիշտ գործողություններ` ապահովելով շահագրգռված անձի դատական պաշտպանության իրավունքն ամբողջությամբ: Հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը յուրաքանչյուր անձի իրավունք է վերապահում դատարանում պաշտպանել Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքները, ազատությունները և օրինական շահերը, դատարանները պարտավոր են քաղաքացիական գործերը ժամանակին և ճիշտ քննելու միջոցով ապահովել այդ պաշտպանությունը, որը սկսվում է հենց հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունելու և գործ հարուցելու պահից:
Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ առկա են հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջների ձևական խախտումներ, ինչպես նաև պրակտիկ խոչընդոտներ, որոնք հնարավոր է շտկել գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, ապա դատավորը պետք է ձեռնամուխ լինի հայցադիմումը վարույթ ընդունելու, իսկ դրանում առկա անհստակությունները շտկելու գործը` դատաքննության նախապատրաստելու փուլում, ինչը բխում է անձի «դատարան դիմելու» և «դատարանի մատչելիության» իրավունքներից:
Անդրադառնալով հայցադիմումում պահանջվող գումարի հաշվարկը ներկայացնելու պահանջին՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գումարի հաշվարկը չի կարող նույնացվել գումարի գոյացման հիմքերի և դրանք հիմնավորող ապացույցների հետ: Նման մոտեցման դեպքում անձի վրա դրվում է պարտականություն յուրաքանչյուր դեպքում գումարի բռնագանձման պահանջ ներկայացնելիս գումարի բռնագանձման հիմք հանդիսացող ապացույցները ներկայացնել բացառապես հայցադիմումին կից, մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի տրամաբանությունից չի բխում ապացույցները բացառապես հայցադիմումին կից ներկայացնելը՝ նկատի ունենալով նաև գործը դատաքննության նախապատրաստելու փուլի առկայությունը: Սույն գործով Դատարանը հայցադիմումը վերադարձնելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Ընկերությունը ներկայացրել է 51.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջ, սակայն չի ներկայացրել վիճարկվող գումարի հաշվարկը: Հայցադիմումին կից ներկայացվել է փաստաթուղթ, որտեղ կատարված հաշվարկի ընդհանուր գումարը կազմել է 7.910.815 ՀՀ դրամ, և նշված չէ 51.000 ՀՀ դրամ գումարի գոյացումը:
Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելիս պատճառաբանել է, որ Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումում չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետում սահմանված բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը ներկայացնելու պահանջը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունը, ներկայացնելով 51.000 ՀՀ դրամ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջ, հայցադիմումում նշել է բռնագանձման ենթակա գումարի չափը, պարտավորության առաջացման հիմքերը, ինչպես նաև հայցադիմումին կցել է ապացույցները` ապրանքների մատակարարման 11.06.2013 թվականի թիվ Ա 7205103296, 18.07.2013 թվականի թիվ Ա 6536658650, 26.08.2013 թվականի թիվ Ա 4235150884, 27.08.2013 թվականի թիվ Ա 7605338041, 27.08.2013 թվականի թիվ Ա 5477888062, 10.09.2013 թվականի թիվ Ա 4272704291 հարկային հաշիվները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկը՝ սկսած Կազմակերպության կետանցի օրվանից մինչև 28.03.2014 թվականը: Ըստ էության` հայցադիմում ներկայացված 51.000 ՀՀ դրամը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները բռնագանձման ենթակա գումարի հաշվարկն են:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված հայցադիմումի ընդունելիության հարցը լուծելիս Դատարանը պետք է առաջնորդվեր անձի իրավունքների խախտման վերաբերյալ դատարան դիմելու անձի սահմանադրական իրավունքի ապահովման գերակայությամբ, ուստի ստորադաս դատարանների այն պատճառաբանությունը, որ Ընկերության կողմից ներկայացված հայցադիմումում չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետում սահմանված բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը ներկայացնելու պահանջը, անհիմն է:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանը, հայցադիմումը վերադարձնելով, իրականացրել է ընթացակարգային օրենքի նեղ մեկնաբանում՝ չապահովելով Ընկերության՝ «դատարան դիմելու» և «դատարանի մատչելիության» իրավունքների իրականացումը և խախտելով քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս իրավունքի գերակայությունը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցադիմումը համապատասխանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված` հայցադիմումի ձևին և բովանդակությանն առաջադրվող պահանջներին, հետևաբար, տվյալ դեպքում բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մերժելով, սահմանափակել է Ընկերության` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.05.2014 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 02.04.2014 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Է. Հայրիյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|