Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (01.06.2018-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
01.06.2018
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
01.06.2018
Дата вступления в силу
01.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/3052/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/3052/02/14
2018թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Ս. Միքայելյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հունիսի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով Նշան Իսպիրյանի ներկայացուցիչ Կարեն Աղաջանյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Հասմիկ Բադալյանի ընդդեմ Նշան Իսպիրյանի` հայրության ճանաչման, ալիմենտի բռնագանձման և Նշան Իսպիրյանին որոշակի ժամանակահատվածում երեխայի խնամքով և դաստիարակությամբ զբաղվելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.03.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց
 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հասմիկ Բադալյանը պահանջել է հաստատել 11.07.2014 թվականին ծնված Դավիթ Բադալյանի՝ Նշան Իսպիրյանից սերված լինելու հանգամանքը՝ հայրությունը, բռնագանձել ալիմենտ և պարտավորեցնել որոշակի ժամանակահատվածում զբաղվել երեխայի խնամքով և դաստիարակությամբ:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Լ. Կատվալյան) (այսուհետ` Դատարան) 17.09.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` դատական կարգով հաստատվել է 11.07.2014 թվականին ծնված Դավիթ Բադալյանի՝ պատասխանող Նշան Իսպիրյանից սերված լինելու փաստը (հայրությունը)։ Վճռվել է պատասխանող Նշան Իսպիրյանից հայցվոր Հասմիկ Բադալյանի օգտին կողմերի անչափահաս երեխա Դավիթ Բադալյանի համար (ծնված 11.07.2014 թվականին)` սկսած 21.11.2014 թվականից բռնագանձել կայուն դրամական գումարով ալիմենտ՝ ամսական 30.000 ՀՀ դրամի չափով՝ մինչև Դավիթ Բադալյանի չափահաս դառնալը։ Մնացած մասով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Հ. Ենոքյան, Մ. Հարթենյան, Ա. Հունանյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.12.2015 թվականի որոշմամբ Նշան Իսպիրյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.09.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.03.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 23.12.2015 թվականի որոշման դեմ Նշան Իսպիրյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նշան Իսպիրյանի ներկայացուցիչ Կարեն Աղաջանյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հասմիկ Բադալյանի ներկայացուցիչը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը   

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.03.2016 թվականի <<Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին>> որոշման մեջ որպես Նշան Իսպիրյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու փաստական հիմք նշվել է «բողոքաբերի կողմից բավարար չափով համեմատական վերլուծություն չկատարելը» և «դատական սխալի առկայության և գործի ելքի վրա դրա ազդեցության մասին բողոք բերած անձի փաստարկները բավարար չլինելը», իսկ որպես իրավական հիմք նշվել են 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի   231-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետն ու նույն հոդվածի 3-րդ մասը:

ՀՀ սահմանադրական դատարանն Աղասի Տեր-Եսայանի և Նշան Իսպիրյանի դիմումների հիման վրա հարուցված գործով 27.12.2016 թվականին ընդունված թիվ        ՍԴՈ-1334 որոշմամբ 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի` «կատարելով համեմատական վերլուծություն» եզրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` բողոքարկվող դատական ակտի և նույնաբնույթ փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ համեմատական վերլուծությունը կամ դրանց համադրման արդյունքում անհամապատասխանության փաստումն ինքնին հանդես է գալիս որպես հիմնավորում առ այն, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը, ըստ բողոքաբերի, հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծման փուլում նման վերլուծության բնույթի ըստ էության գնահատմամբ չի կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել:

ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ իրավահարաբերության  ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասի` «...հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա» արտահայտությունը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` նյութական կամ դատավարական իրավունքի խախտման իրավական համարժեք հիմքը վկայակոչելը, վերաբերելի հանգամանքները և այդ իրավական հիմքը համադրելը` նպատակ ունենալով փաստելու այդ հիմքի առկայությունը, նյութական կամ դատավարական իրավունքի խախտման և գործի ելքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը ներկայացնելը (այն ներառում է նաև վերլուծություն առ այն, որ եթե չլիներ այդպիսի խախտում, ապա կկայացվեր այլ ելքով ակտ) ինքնին հանդես են գալիս որպես հիմնավորում առ այն, որ խախտվել է նյութական կամ դատավարական իրավունքի նորմը, և որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.03.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել այն և կայացնել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին նոր դատական ակտ։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանը և Վերաքննիչ դատարանը, իրականացնելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները, ճիշտ են մեկնաբանել և կիրառել կիրառման ենթակա օրենսդրական ակտերով սահմանված համապատասխան դրույթները։ Միաժամանակ դատաքննության ընթացքում թույլ չեն տրվել դատավարական նորմերի խախտումներ։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

Իրավահարաբերության  ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը: 

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 233-րդ հոդվածով, 233.1-րդ հոդվածով և 234-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որ կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.03.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 23.12.2015 թվականի որոշման դեմ Նշան Իսպիրյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի բացակայության պատճառաբանությամբ։ Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 30.03.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ իրավահարաբերության  ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը բացակայում է, քանի որ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը գտել է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ իրավահարաբերության  ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը ևս բացակայում է, քանի որ «(...) թեև բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-1167(ՎԴ) քաղաքացիական գործով և թիվ 3-1519(ՎԴ) քաղաքացիական գործով 10.10.2007 թվականի, թիվ 3-1580 քաղաքացիական գործով 12.12.2007 թվականի, թիվ ԵԱՆԴ/2775/02/08 քաղաքացիական գործով 04.12.2009 թվականի, թիվ ԵՄԴ/0826/02/12 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի որոշումները և մեջբերել է դրանց ու բողոքարկվող որոշման ենթադրյալ հակասող մասերը, սակայն չի կատարել բավարար համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և վերոնշյալ դատական ակտերում կիրառված միևնույն նորմի` իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ: Հետևաբար բերված բողոքում [իրավահարաբերության  ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը ևս հիմնավորված չէ (...)»: Նշված եզրահանգման համար, ըստ էության, հիմք է ընդունվել իրավահարաբերության  ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը, որի համաձայն՝ վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ։

ՀՀ սահմանադրական դատարանը, Աղասի Տեր-Եսայանի և Նշան Իսպիրյանի դիմումների հիման վրա քննելով [իրավահարաբերության  ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի, 231-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 231-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, 27.12.2016 թվականի թիվ ՍԴՈ-1334 որոշմամբ իրավահարաբերության  ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի` «կատարելով համեմատական վերլուծություն» եզրույթը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` բողոքարկվող դատական ակտի և նույնաբնույթ փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ համեմատական վերլուծությունը կամ դրանց համադրման արդյունքում անհամապատասխանության փաստումն ինքնին հանդես է գալիս որպես հիմնավորում առ այն, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը, ըստ բողոքաբերի, հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծման փուլում նման վերլուծության բնույթի ըստ էության գնահատմամբ չի կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասի` «...հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա» արտահայտությունը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` նյութական կամ դատավարական իրավունքի խախտման իրավական համարժեք հիմքը վկայակոչելը, վերաբերելի հանգամանքները և այդ իրավական հիմքը համադրելը` նպատակ ունենալով փաստելու այդ հիմքի առկայությունը, նյութական կամ դատավարական իրավունքի խախտման և գործի ելքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը ներկայացնելը (այն ներառում է նաև վերլուծություն առ այն, որ եթե չլիներ այդպիսի խախտում, ապա կկայացվեր այլ ելքով ակտ) ինքնին հանդես են գալիս որպես հիմնավորում առ այն, որ խախտվել է նյութական կամ դատավարական իրավունքի նորմը, և որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիմքով դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, քանի որ իրավահարաբերության  ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի՝ «կատարելով համեմատական վերլուծություն» եզրույթը և իրավահարաբերության  ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «...հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա» արտահայտությունը դիմողների նկատմամբ կիրառվել են նույն որոշման եզրափակիչ մասի երկրորդ և երրորդ կետերում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 27.12.2016 թվականի թիվ ՍԴՈ-1334 որոշումը նոր հանգամանք է սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.03.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու համար:

 

Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկին, գտնում է, որ այն չի վերաբերում վճռաբեկ բողոքում նշված հիմքին և հիմնավորումներին, մասնավորապես՝ նոր հանգամանքի առկայությանը և այդ հիմքով դատական ակտի վերանայմանը, որպիսի պայմաններում և չի կարող որևէ նշանակություն ունենալ սույն բողոքի քննության և լուծման համար:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածով սահմանված` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.03.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու և այն վերացնելու համար:   

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ որոշումը նոր հանգամանքով վերանայելու և վերացնելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 23.12.2015 թվականի որոշման դեմ Նշան Իսպիրյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը:

Անդրադառնալով նշված վճռաբեկ բողոքին և նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ  քաղաքացիական  դատավարության  օրենսգրքի  439-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի նորմերը, իսկ սույն գործի փաստերի համաձայն` Նշան Իսպիրյանի ներկայացուցիչը սույն վճռաբեկ բողոքը փոստային առաքման եղանակով ներկայացրել է մինչև նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը` 09.04.2018 թվականը, որի պայմաններում նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է կիրառել 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը, գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է ընդունել վարույթ, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանի 27.12.2016 թվականի թիվ ՍԴՈ-1334 որոշմամբ արտահայտված դիրքորոշման հիմքով բողոքը համապատասխանում է այն ներկայացնելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներին:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 416-րդ, 426-րդ և 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30.03.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և այն վերացնել:

2. Թիվ ԵՄԴ/3052/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.12.2015 թվականի որոշման դեմ Նշան Իսպիրյանի ներկայացուցիչ Կարեն Աղաջանյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

 

Ռ. Հակոբյան

  Ս. Միքայելյան
 

Տ. Պետրոսյան

  Ն. Տավարացյան