Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.05.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.05.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
23.05.2016
Дата вступления в силу
23.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1178/05/13

Վարչական գործ թիվ ՎԴ/1178/05/13
2016թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի մայիսի 23-ին

քննարկելով Մագդա Եղիազարյանի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի վճռաբեկ բողոքը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,

  Պ Ա Ր Զ Ե Ց
 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մագդա Եղիազարյանը պահանջել է անվավեր ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 08.08.1997 թվականի թիվ 327 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի»  31-րդ կետի դրույթները։

ՀՀ վարչական դատարանի (դատավորներ՝ ԿԱվետիսյան, ԱԴարբինյան, ԿԲաղդասարյան, ՌԽանդանյան, Ա Հարությունյան) 28.02.2013 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավոր՝ ԱԲաբայան) 21.05.2013 թվականի որոշմամբ Մագդա Եղիազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.08.2013 թվականի որոշմամբ Մագդա Եղիազարյանի վճռաբեկ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» 21.05.2013 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Մագդա Եղիազարյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` հայցադիմումում թույլ տրված խախտումը վերացնելու` հայց ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին։

ՀՀ վարչական դատարանի (դատավորներ՝ ԿԱվետիսյան, ԱԴարբինյան, ԿԲաղդասարյան, ՌԽանդանյան, ԱՀարությունյան)  (այսուհետ` Դատարան) 02.10.2013 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են։ 

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավոր՝ ԱԱբովյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.11.2013 թվականի որոշմամբ Մագդա Եղիազարյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և «Բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին»  Դատարանի 02.10.2013 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.03.2014 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 26.11.2013 թվականի որոշման դեմ Մագդա Եղիազարյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է. միաժամանակ սահմանվել է ժամկետ՝ վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 26.11.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Մագդա Եղիազարյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.05.2015 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Մագդա Եղիազարյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալը շտկելու և այն կրկին բերելու համար:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մագդա Եղիազարյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իր 05.03.2014 թվականի և 14.05.2014 թվականի որոշումներում վկայակոչել է նշված նորմը, որն էլ դրվել է 14.05.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման  հիմքում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «հարուցել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի թիվ ՎԴ/1178/05/13 վարչական գործով 14.05.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման և/կամ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1178/05/13 վարչական գործով 26.11.2013 թվականի որոշման նոր հանգամանքով վերանայման վարույթ, բեկանել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի թիվ ՎԴ/1178/05/13 վարչական գործով 14.05.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և/կամ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1178/05/13 վարչական գործով 26.11.2013 թվականի որոշումը կամ վարույթ ընդունել և քննել 23.12.2013 թվականի «ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1178/05/13 վարչական գործով 26.11.2013 թվականի որոշման դեմ» վճռաբեկ բողոքը, այն է՝ բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1178/05/13 վարչական գործով «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» 26.11.2013 թվականի որոշումը, վերացնել ՀՀ վարչական դատարանի 02.10.2013 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը»։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առկա է նոր հանգամանք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝ Սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ.

Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված հոդվածի կամ հոդվածի դրույթի հակասահմանադրական ճանաչումը կամ սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ կիրառումը: Հետևաբար, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում չեն, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով քաղաքացիներ Արա Սարգսյանի, Դվին Իսանյանսի, Ռուդոլֆ Հովակիմյանի, Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի, Խաչատուր Մարոզյանի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի և 158-րդ հոդվածի 5-րդ մասի` 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից, չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը։

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասը, Մագդա Եղիազարյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը 14.05.2014 թվականի որոշմամբ թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ «տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.03.2014 թվականի որոշմամբ Մագդա Եղիազարյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է և միաժամանակ սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար: Մինչդեռ Մագդա Եղիազարյանի ներկայացուցիչը, չվերացնելով որոշմամբ արձանագրված սխալները, այն է` վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով և կրկին նույն հիմքով է ներկայացրել վճռաբեկ բողոքը, որի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը 27.11.2005 թվականի խմբագրությամբ  ՀՀ Սահմանադրության  14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչելը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վերանայման հիմք։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու և այն վերացնելու համար համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը նոր հանգամանքով վերանայելու և վերացնելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը:

Նման պայմաններում անդրադառնալով թիվ ՎԴ/1178/05/13 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.11.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Թիվ ՎԴ/1178/05/13 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի  26.11.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու հիմքերով, այն է՝ Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ  հոդվածի 3-րդ մասը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել  նույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված հիմնավորումները պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով ներկայացվել է միջնորդություն, որում հայցը ներկայացնելու բաց թողնված ժամկետի պատճառ է նշվել այն հանգամանքը, որ վարչական մարմնի կողմից կայացված վարչական ակտի վիճարկման արդյունքում կայացված դատական ակտից է բացահայտվել ՀՀ կառավարության՝ սույն գործով վիճարկվող  որոշումը հայցվորի նկատմամբ կիրառված լինելու հանգամանքը: Եվ քանի որ հայցվորի կողմից նշված դատական ակտը բողոքարկվել է, հայցվորը ՀՀ կառավարության 08.08.1997 թվականի թիվ 327 որոշման իրավաչափությունն առանձին հայցով չի վիճարկել մինչև վերը նշված գործով վերջնական դատական ակտի կայացումն ու դրա օրինական ուժի մեջ մտնելը:

Վերը նշված հանգամանքները վկայակոչելով՝ բողոք բերած անձը Դատարանին միջնորդել է հարգելի համարել հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը և վերականգնել այն:

Ըստ բողոք բերած անձի ստորադաս դատարանները, սխալ մեկնաբանելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասը, հանգել են սխալ հետևության` դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ,  ինչը վերջինիս զրկում է դատական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքից:

Բացի այդ, բողոք բերած անձի կարծիքով Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ, 135-րդ հոդվածների և 136-րդ հոդվածի 4-րդ մասով միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալ։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի թիվ ՎԴ/1178/05/13 գործով 26.11.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և Դատարանի 02.10.2013 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը»։

Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձի հիմնավորումները` թիվ ՎԴ/1178/05/13 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 26.11.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերը: Նույն հոդվածի  1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով բերելու դեպքում վճռաբեկ բողոք բերող անձը վճռաբեկ բողոքում նշում է այն նյութական կամ դատավարական նորմը, որը խախտվել է` հիմնավորելով, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա: Մինչդեռ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, մասնավորապես, եթե տարբեր գործերով ստորադաս դատարանների առնվազն երկու դատական ակտերում միևնույն նորմը կիրառվել է հակասական մեկնաբանությամբ, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասում բացահայտված` տվյալ նորմի սահմանադրաիրավական բովանդակությանը, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման մեջ տվյալ            նորմին տրված մեկնաբանությանը, բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը, վճռաբեկ դատարանը համարում է, որ բողոքարկվող դատական ակտի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձը բողոքում մատնանշել է նաև օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու հիմքը, սակայն բողոքում չի նշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որևէ հիմք` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ օրենքի միատեսակ կիրառության համար վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու վերաբերյալ: Հետևաբար բերված  բողոքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.05.2014 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և այն վերացնել:

2. Թիվ ՎԴ/1178/05/13 վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի  26.11.2013 թվականի որոշման դեմ Մագդա Եղիազարյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

  

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան
  Ս. Անտոնյան
 

Ա. Բարսեղյան

  Գ. հակոբյան
 

Ռ. Հակոբյան

  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան
 

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան