ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0792/03/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0792/03/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան | |
դատավորներ՝ Լ. Գրիգորյան | |
Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Ս. Անտոնյանի Վ. Աբելյանի Վ. Ավանեսյանի Է. Հայրիյանի Տ. Պետրոսյանի Ե. Սողոմոնյանի
2010 թվականի հուլիսի 30-ին,
քննարկելով ըստ դիմումի <<Սեբաստիա-2>> համատիրության (այսուհետ՝ Համատիրություն) ընդդեմ Վահան Էլոյանի` վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին, քաղաքացիական գործով Վահան Էլոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2010 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան) 15.06.2009 թվականին արձակել է վճարման կարգադրություն՝ Վահան Էլոյանից 63.107,20 ՀՀ դրամ բռնագանձելու մասին։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.03.2010 թվականի որոշմամբ մերժվել է Վահան Էլոյանի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահան Էլոյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Գործում առկա է Դատարանի 15.06.2009 թվականի գրությունը` հասցեագրված Վահան Էլոյանին հետևյալ բովանդակությամբ. <<ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.6-րդ հոդվածի կարգով կրկին ուղարկում եմ վճարման կարգադրությունը, դիմումը և կից փաստաթղթերը>>: Նշված գրությանը կից առկա է փոստի բաժանմունքի կտրոնը և հանձնման ծանուցագիրը, որի վրա բացակայում է Վահան Էլոյանի կողմից այն ստանալու փաստը հաստատող անձամբ կատարված որևէ նշում: Նշված ծանուցագիրը չի հանձնվել Վահան Էլոյանին և դրա վրա առկա ստորագրությունը չի կատարվել անձամբ նրա կողմից:
Ավելին, Վահան Էլոյանը նշված վճարման կարգադրության և դրա հիման վրա տրված կատարողական թերթի մասին իմացել է միայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿԱ ծառայության Մալաթիա-Սեբաստիա բաժնի հարկադիր կատարողի 19.02.2010 թվականին կատարողական վարույթ հարուցելուց, պարտապանի գույքի վրա արգելանք դնելուց և 05.03.2010 թվականի դիմումի հիման վրա Դատարանի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿԱ ծառայության Մալաթիա-Սեբաստիա բաժնին տրամադրված գործում առկա փաստաթղթերին ծանոթանալուց հետո: Դա վկայում է այն մասին, որ մինչև 05.03.2010 թվականը Վահան Էլոյանը Դատարանի 15.06.2009 թվականի վճարման կարգադրության մասին տեղյակ չի եղել:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2010 թվականի որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ ՍՊԸ-ն» ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44)։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (տե՛ս Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի, թիվ 26737/95, 1997 թվականի դեկտեմբերի 19, կետ 33, Թինելի էնդ Սանզ ՍՊԸ-ն ու այլոք և ՄաքԷլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 20390/92, 21322/92, 1998թ. հուլիսի 10, կետ 72 և Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 34791/97, 37)։
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 15.06.2009 թվականին Համատիրության դիմումի հիման վրա արձակել է վճարման կարգադրություն, որի դեմ Վահան Էլոյանը 15.03.2010 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք և պատճառաբանելով, որ վճարման կարգադրության մասին տեղեկացել է միայն 15.03.2010 թվականին, որ գործում առկա Դատարանի 15.06.2009 թվականի վճարման կարգադրությունը, դիմումը և կից փաստաթղթերն իրեն ուղարկելու վերաբերյալ գրությանը կից հանձնման ծանուցագրի վրա առկա ստորագրությունը չի կատարվել անձամբ իր կողմից, միջնորդել է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը ճանաչել հարգելի և նշված ժամկետը վերականգնել: Վերաքննիչ դատարանը մերժել է Վահան Էլոյանի միջնորդությունը՝ ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և վերականգնելու մասին և վերաքննիչ բողոքը վերադարձրել է` պատճառաբանելով, որ գործում առկա հանձնման հավաստագրի համաձայն` Երևանի Սեբաստիա 14-րդ շենքի թիվ 42 հասցեով Վահան Էլոյանին ուղարկված վճարման կարգադրությունը 17.06.2009 թվականին վերջինս ստացել է անձամբ և ստորագրել փոստային անդորրագիրը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ հետադարձ ծանուցման թերթիկում առկա է ստորագրություն <<վճարման կարգադրությունը ստանալու վերաբերյալ>>, այդուհանդերձ փոստային դրոշմակնիքների ամսաթվերի համադրումից ակնհայտորեն երևում է, որ փոստային առաքանին վերջինիս չի հանձնվել:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով չի առաջնորդվել անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և չի ապահովել այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում իրագործումը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2010 թվականի որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Ս. Անտոնյան Վ. Աբելյան Վ. Ավանեսյան Է. Հայրիյան Տ. Պետրոսյան Ե. Սողոմոնյան