Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
13.05.2015
Подписан
Նախագահող
Дата подписания
13.05.2015
Дата вступления в силу
13.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ1/0072/05/13

2015 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ1/0072/05/13

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2015 թվականի մայիսի 13-ին

քննարկելով ըստ հայցի Լաուրա Պողոսյանի ընդդեմ Մեղրու քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան), ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) աշխատակազմի Սյունիքի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Ստորաբաժանում), Մեղրու տարածքային նոտար Վիլիկ Պողոսյանի, երրորդ անձինք Էլյա Պողոսյանի, Վասիլ Կարապետյանի, Կառլեն, Էլյա, Մանյա և Հովսեփ Պողոսյանների` 25.04.2002 թվականին տրված թիվ 552 քաղվածքը, Կոմիտեի միասնական թիվ 005-4-5 մատյանի 0050 համարի տակ 01.09.2003 թվականին կատարված Էլյա Պողոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ ճանաչելու և 16.03.2011 թվականին Էլյա Պողոսյանի և Վասիլ Կարապետյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը, Կոմիտեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման միասնական 09-005-4-5 մատյանի 0050 համարի տակ Վասիլ Կարապետյանի սեփականության իրավունքի վերաբերյալ 18.03.2011 թվականի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.09.2014 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Լաուրա, Մանյա, Էլյա և Հովսեփ Պողոսյանների ներկայացուցիչ Նաիրա Համբարձումյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լաուրա Պողոսյանը պահանջել է 25.04.2002 թվականին տրված թիվ 552 քաղվածքը, Կոմիտեի միասնական թիվ 005-4-5 մատյանի 0050 համարի տակ 01.09.2003 թվականին կատարված Էլյա Պողոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը ճանաչել ոչ իրավաչափ և 16.03.2011 թվականի Էլյա Պողոսյանի և Վասիլ Կարապետյանի միջև 16.03.2011 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու Կոմիտեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման միասնական թիվ 09-005-4-5 մատյանի 0050 համարի տակ Վասիլ Կարապետյանի սեփականության իրավունքի վերաբերյալ գրանցումը ճանաչել անվավեր:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 25.07.2014 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.09.2014 թվականի որոշմամբ «Գործի վարույթը կարճելու մասին» Դատարանի 25.07.2014 թվականի որոշման դեմ Լաուրա, Էլյա, Մանյա, Հովսեփ Պողոսյանների վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լաուրա, Մանյա, Էլյա և Հովսեփ Պողոսյանների ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 130-րդ, 131-րդ և 137-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 10-րդ մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը զրկել է վերաքննիչ բողոք բերած անձանց դատական ակտը բողոքարկելու հնարավորությունից և դատարանի մատչելիության իրավունքից: Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը, Դատարանի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումը չդիտելով որպես գործն ըստ էության լուծող դատական ակտ և մերժելով դրա դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը, սահմանափակել է վերջիններիս դատական պաշտպանության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «վերացնել Վերաքննիչ դատարանի 16.09.2014 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության»:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում վարչական գործի վարույթը կարճելու վերաբերյալ վարչական դատարանի դատական ակտերի` վերաքննության կարգով բողոքարկման իրավական հնարավորության մասին Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1. արդյո՞ք բողոքարկման իրավունքը հանդիսանում է դատական պաշտպանության իրավունքի բաղադրիչներից մեկը,

2. արդյո՞ք գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման իրավական հնարավորության բացակայությունը համատեղելի է անձի դատական պաշտպանության իրավունքի հետ,

3. արդյո՞ք գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումն իր իրավաբանական հետևանքների տեսանկյունից առավել նման է գործն ըստ էության լուծող դատական ակտերին, թե` գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերին,

4. արդյո՞ք գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`

1) վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության.

2) լրացել է հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը.

3) նույն անձանց միջև նույն առարկայի մաuին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճիռ.

4) դատավարության մասնակից հանդիսացող անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.

5) դատավարության մասնակից հանդիսացող իրավաբանական անձը լուծարվել է.

6) հայցվորը հրաժարվել է հայցից, բացառությամբ նույն օրենսգրքի 26-րդ գլխով սահմանված այն գործերի, որոնց քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից.

7) վեճն ըստ էության սպառվել է.

8) գործի վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կասեցման հիմք հանդիսացած հանգամանքները չեն վերացել (բացառությամբ նույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի), և գործի վարույթն այդ պայմաններում վերսկսելն անհնարին է.

9) եթե բացահայտվել են նույն օրենսգրքի 80-րդ hոդվածով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը.

10) դատարանը հաստատել է կնքված հաշտության համաձայնությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հայցվորը ներկայացնում է դիմում հայցից հրաժարվելու վերաբերյալ, ապա դատարանը երկշաբաթյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` այն քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ կրկնում է հայցից հրաժարվելու իր դիմումը կամ պատշաճ ծանուցված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի վարույթը կարճելու մաuին դատարանը կայացնում է որոշում, որով լուծվում են նաև դատավարության մասնակիցների միջև դատական ծախuերի բաշխման հարցերը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի վարույթը կարճելու դեպքում նույն անձանց միջև նույն առարկայի մաuին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել վարչական դատարան, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցվորը հայցից հրաժարվել է դատաքննության նախապատրաuտական փուլում, կամ գործի վարույթը կարճվել է նույն օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը հայցը բավարարելու դեպքում կայացնում է գործն ըuտ էության լուծող դատական ակտ`

1) վարչական ակտն ամբողջությամբ կամ մաuնակիորեն անվավեր ճանաչելու մաuին.

2) վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը պարտավորեցնելու մասին.

3) դատավարության մաuնակիցներին և այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մաuին.

4) իրավահարաբերությունների առկայության կամ բացակայության կամ վարչական ակտի` ամբողջությամբ կամ մաuնակիորեն առ ոչինչ լինելու մաuին.

5) այլևu իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մաuին.

6) ֆիզիկական կամ իրավաբանական անձին որոշակի իրավունքներից զրկելու կամ նրա վրա որոշակի պարտականություններ դնելու մասին.

7) այն մասին, թե որ վարչական մարմնի իրավասությանն է վերապահված տվյալ հարցը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանը հայցը մերժելու դեպքում վճիռ է կայացնում այդ մասին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում վարչական դատարանը վճիռ է կայացնում գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, որը բովանդակում է հաշտության համաձայնության բառացի շարադրանքը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են վարչական դատարանի հետևյալ միջանկյալ դատական ակտերը.

1) հայցադիմումի ընդունումը մերժելու մաuին.

2) հայցադիմումը վերադարձնելու մաuին.

3) հայցի ապահովումը (հակընդդեմ ապահովումը) մերժելու, հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մաuին.

4) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մաuին.

5) վրիպակները, գրաuխալները կամ թվաբանական uխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու, վճռի պարզաբանումը մերժելու մաuին.

6) բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կամ դրա վերականգնումը մերժելու մաuին.

7) դատավարական ժամկետները երկարաձգելու կամ դրա երկարաձգումը մերժելու մաuին.

8) կողմին իրավահաջորդով փոխարինելու կամ փոխարինումը մերժելու մասին, ինչպես նաև երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու դիմումը մերժելու կամ դատավարության մասնակիցների կազմից երրորդ անձին հանելու մասին.

9) նույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված դատական ակտերը.

10) գործի վարույթը կասեցնելու մասին, բացառությամբ նույն օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքի.

11) ինքնաբացարկի մասին դատական ակտերը:

Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. հայցը կամ դիմումը դատարան` իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:

Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 18.07.2013 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է, այլև այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին, չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:

Վերոհիշյալ իրավական նորմերի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են արդյունավետ իրավական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտը իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանում է վարչական գործի վարույթը կարճելու հիմքերը` ամրագրելով, որ գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը կայացնում է որոշում: Միաժամանակ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 125-րդ հոդվածում ամրագրելով գործն ըստ էության լուծող դատական ակտերի տեսակները, գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը չի դիտարկել որպես գործն ըստ էության լուծող դատական ակտ: Օրենսդիրը սույն իրավակարգավորման շրջանակներում կատարել է ընդամենը մեկ բացառություն` ամրագրելով, որ կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում վարչական դատարանը կայացնում է վճիռ` այդ դատական ակտը համարելով գործն ըստ էության լուծող դատական ակտի տարատեսակ:

Այսպիսով, օրենսդիրը, սահմանելով, որ գործի վարույթը կարճելիս վարչական դատարանը կայացնում է որոշում (բացառությամբ կնքված հաշտության համաձայնությունը հաստատելու հիմքով, որի դեպքում վարչական դատարանը կայացնում է վճիռ), միաժամանակ չի սահմանել, թե ինչպիսի դատական ակտ է հանդիսանում գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը սահմանել է վարչական դատարանի դատական ակտերի երկու տեսակ` գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող (միջանկյալ): ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` «Գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակները» վերտառությամբ 125-րդ հոդվածում գործի վարույթը կարճելու մասին որոշումը` որպես գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակ, նախատեսված չէ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածում օրենսդիրն ամրագրել է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը: Վերջինս այն իրավական միջոցն է, որը հնարավորություն է տալիս անձին անմիջական կարգով բողոքարկելու վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը: Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը բողոքարկելու մյուս հնարավորությունը «հետաձգված բողոքարկումն» է: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում չի սահմանել, որ գործի վարույթը կարճելու որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածում ամրագրելով վերաքննության կարգով բողոքարկման ենթակա վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերը` դրանց թվում չի նշել գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր 04.03.2015 թվականի թիվ ՎԴ3/0347/05/13 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, կարգավորելով գործի վարույթը կարճելու հետ կապված իրավահարաբերությունները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում չի նախատեսել այնպիսի իրավակարգավորում, որը հնարավորություն կտա բողոքարկելու գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը` դրանով իսկ բացառելով դրա օրինականությունն օրենքով սահմանված կարգով վիճարկելու հնարավորությունը, այնինչ, ըստ ՀՀ սահմանադրական դատարանի 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` վերջինիս առկայությունն անհրաժեշտություն է` արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի ապահովման համատեքստում: Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման իրավական հնարավորության բացակայությունն անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքից (տե՛ս, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արտաշատի տարածքային հարկային տեսչության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի վարույթի կարճումը վարույթն ավարտելու ինքնուրույն ձև է, որն իր դատավարական ձևակերպումը ստանում է որոշման տեսքով, ուստի կարճելու մասին որոշումը կարող է բնորոշվել որպես վարույթը եզրափակող դատական ակտ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ և 97-րդ հոդվածների և ՀՀ սահմանադրական դատարանի 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ դատարանի կողմից վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելն ըստ էության եզրափակում է վարչական գործի քննությունը, ավարտում գործի վարույթը` առանց բավարարման թողնելով իր ենթադրաբար խախտված իրավունքների պաշտպանության խնդրանքով դատարան դիմած անձի պահանջը: Ավելին, վարչական գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումն իր իրավաբանական հետևանքների տեսանկյունից նմանվում է գործն ըստ էության լուծող դատական ակտերին: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե առկա է նույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքը: Համադրելով նշված հոդվածներով ամրագրված իրավադրույթները` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ դատարանի կողմից վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշման կայացումը, օրենքով նախատեսված որոշ խիստ սահմանափակ դեպքերից բացի, արգելափակում է անձի` իր խախտված իրավունքների պաշտպանությամբ կրկին նույն հայցով դատարան դիմելու իրավունքի իրացումը և իր առաջացրած իրավական հետևանքների առումով առավել մոտ է գործն ըստ էության լուծող դատական ակտերին:

Համանման իրավական դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ սահմանադրական դատարանն իր 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշման մեջ: Այս որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա իրավակարգավորումներով գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկումն անմիջականորեն ամրագրված չէ, ինչը չի համապատասխանում արդարադատության արդյունավետության, անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև դատական բողոքարկման իրավունքի սահմանադրական և միջազգային իրավական չափանիշներին, նաև ՀՀ իրավական համակարգում ներդրված դատական բողոքարկման, այդ թվում` գործի վարույթը կարճելու մասին դատական ակտերի բողոքարկման ընդհանուր հայեցակարգային մոտեցումներին, Սահմանադրական դատարանն էական է համարում այն հարցադրումը, թե գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը բողոքարկելիության տեսանկյունից առավել համահունչ է գործն ըստ էության լուծող դատական ակտերին, թե գործն ըստ էության չլուծող (միջանկյալ) դատական ակտերին բնորոշ իրավակարգավորումներին: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի տրամաբանությունից բխում է, որ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշմամբ դատավարությունը` որպես այդպիսին, և վարույթը` որպես ընթացակարգ, ավարտվում են, որպիսի պայմանը բացառում է վարույթի հետագա վերսկսումը: Բացի այդ` գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումն իր առաջացրած իրավական հետևանքների առումով առավել մոտ է գործն ըստ էության լուծող դատական ակտերին: Հետևաբար մինչև ՀՀ Ազգային ժողովի կողմից գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման վերանայման համապատասխան իրավակարգավորումներ և ընթացակարգեր նախատեսելն իրավակիրառական պրակտիկան պետք է ընթանա այն մոտեցմամբ, որ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով` առաջնորդվելով մարդու և քաղաքացու` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերով ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության, տվյալ դեպքում` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի և դրա կարևոր բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացման անհրաժեշտությամբ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով անձի իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև դատական բողոքարկման իրավունքի սահմանադրական և միջազգային իրավական չափանիշները, ՀՀ սահմանադրական դատարանի 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները, գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման իրավական բնույթը, ինչպես նաև ՀՀ իրավական համակարգում ներդրված դատական բողոքարկման, այդ թվում` գործի վարույթը կարճելու մասին դատական ակտերի բողոքարկման ընդհանուր հայեցակարգային մոտեցումները, գտնում է, որ գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով:

Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական վերլուծությունները և նպատակ ունենալով գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման իրավունքի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումները ներդնել իրավակիրառ պրակտիկայի հիմքում, արձանագրում է.

1. գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածին համապատասխան կայացված որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով,

2. գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկումն իրականացվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված գործն ըստ էության լուծող դատական ակտերի բողոքարկման կանոններով` այնքանով, որքանով դրանք վերաբերելի են (mutatis mutandis) խնդրո առարկա որոշմանը,

3. գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վարչական վերաքննիչ դատարանի կողմից կայացրած որոշումը ենթակա է բողոքարկման ՀՀ վճռաբեկ դատարան` վերաքննիչ դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի` վճռաբեկության կարգով վերանայման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված կանոններով:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Լաուրա Պողոսյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել 25.04.2002 թվականին տրված թիվ 552 քաղվածքը, Կոմիտեի միասնական թիվ 005-4-5 մատյանի 0050 համարի տակ 01.09.2003 թվականին կատարված Էլյա Պողոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը և անվավեր ճանաչել 16.03.2011 թվականին Էլյա Պողոսյանի և Վասիլ Կարապետյանի միջև կնքված առուվաճառքի պայմանագիրն ու Կոմիտեի անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման միասնական թիվ 09-005-4-5 մատյանի 0050 համարի տակ` Վասիլ Կարապետյանի սեփականության իրավունքի վերաբերյալ գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 1-2):

Դատարանի 25.07.2014 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է (հատոր 4-րդ, գ.թ. 155-160):

Դատարանի 25.07.2014 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ վերաքննիչ բողոք են բերել Լաուրա, Մանյա, Էլյա և Հովսեփ Պողոսյանները (հատոր 5-րդ, գ.թ. 9-14):

Վերաքննիչ դատարանի 16.09.2014 թվականի որոշմամբ Դատարանի 25.07.2014 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշման դեմ Լաուրա, Մանյա, Էլյա և Հովսեփ Պողոսյանների բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով, այն է` բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման: Իր այդ դիրքորոշումը Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...)«Գործի վարույթը կարճելու մասին» որոշումը հանդիսանում է միջանկյալ դատական ակտ, իսկ միջանկյալ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել միայն այն դեպքում, երբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված է տվյալ ակտի` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա լինելը: Մինչդեռ վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված չէ որպես բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտ: Հետևաբար Դատարանի «Գործի վարույթը կարճելու մասին» 25.07.2014 թվականի որոշումը, վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ (...)» (հատոր 5-րդ, գ.թ. 42-43):

Գործի վարույթը կարճելու վերաբերյալ վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման հնարավորության և դրա իրացման իրավական կառուցակարգի մասին վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով սույն գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև նկատի ունենալով օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու և իրավունքի զարգացմանը նպաստելու ՀՀ վճռաբեկ դատարանի առաքելության պատշաճ իրացման անհրաժեշտությունը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Դատարանի 25.07.2014 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումը չի կարող համարվել բողոքարկման ոչ ենթակա դատական ակտ: Սույն գործով դատավարության մասնակիցները պետք է հնարավորություն ունենան վիճարկելու այդ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը վերադաս դատական ատյանում` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է, և գործի վարույթը կարճելու մասին վարչական դատարանի որոշման բողոքարկման իրավական հնարավորության բացակայությունն անձին ոչ իրավաչափորեն զրկում է դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող դատական ակտի բողոքարկման իրավունքից: Այլ կերպ ասած` սույն գործով դատավարության մասնակիցներին չի կարելի զրկել Դատարանի 25.07.2014 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լաուրա, Մանյա, Էլյա և Հովսեփ Պողոսյաններն ունեն Դատարանի 25.07.2014 թվականի «Գործի վարույթը կարճելու մասին» որոշումը Վերաքննիչ դատարանում բողոքարկելու իրավունք, որը վերջիններս արդեն իրացրել են` Վերաքննիչ դատարան ներկայացնելով համապատասխան վերաքննիչ բողոք:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված վերաքննիչ բողոքով Լաուրա, Մանյա, Էլյա և Հովսեփ Պողոսյանները չեն բողոքարկել այնպիսի դատական ակտ, որը ենթակա չէ բողոքարկման, քանի որ դատարանի կողմից վարչական գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացնելն ըստ էության եզրափակում է վարչական գործի քննությունը, ավարտում գործի վարույթը` առանց բավարարման թողնելով իրենց ենթադրաբար խախտված իրավունքների պաշտպանության խնդրանքով դատարան դիմած անձանց պահանջը, և տվյալ անձինք պետք է այդ դատական ակտի օրինականությունն օրենքով սահմանված կարգով վիճարկելու հնարավորություն ունենան: Հետևաբար տվյալ դեպքում առկա չէ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքը, և Վերաքննիչ դատարանի 16.09.2014 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.09.2014 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան