Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (02.12.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
02.12.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
02.12.2016
Дата вступления в силу
02.12.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի
որոշում
Քաղաքացիական
գործ
թիվ ՏԴ1/0171/02/12

Քաղաքացիական գործ թիվ ՏԴ1/0171/02/12
2016թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝

Տ.  Նազարյան

Ա. Պետրոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի դեկտեմբերի 02-ին,

քննարկելով ըստ հայցի Միշա և Յաշա Գրիգորյանների ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Գոշի գյուղապետարանի և Սենիկ Վերանյանի, երրորդ անձինք Նվարդ, Ալվարդ և Յուրիկ Գրիգորյանների, Սիրվարդ Սարգսյանի, Հայկազ և Հրանտ Ամիրխանյանների, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Տավուշի տարածքային ստորաբաժանման` օրենքի ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք՝ Գոշ համայնքի անվամբ 11.11.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Գոշի ավագանու 02.04.2012 թվականի թիվ 2 որոշումը, մրցույթի վերաբերյալ 15.06.2012 թվականի թիվ 1 արձանագրությունը և Գոշ համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանի 15.06.2012 թվականի թիվ 17-Ա որոշումը, Գոշի գյուղապետարանի և Սենիկ Վերանյանի միջև 21.06.2012 թվականի կնքված հողամասը մրցույթով տրամադրելու պայմանագիրը և Սենիկ Վերանյանի անվամբ կատարված կառուցապատման իրավունքի պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու, Գոշ համայնքի Մ. Գոշի թիվ 78 և Մ. Գոշի թիվ 78/1 հասցեների հողամասի հենապատի վրա կառուցված պատը քանդելուն և այն 3 մետր հենապատից հեռացնելուն Սենիկ Վերանյանին պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Յաշա Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,  

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Միշա և Յաշա Գրիգորյանները պահանջել են օրենքի ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Գոշ համայնքի Մ. Գոշի թիվ 78 և Մ. Գոշի թիվ 78/1 հասցեների բնակելի տան և այդ հասցեներում ցանկապատի ներսում առկա 0,11186հա մակերեսով տնամերձ հողամասի 1/8 մասի նկատմամբ:

Միշա Գրիգորյանը, գործի քննության ընթացքում հստակեցնելով հայցապահանջը, պահանջել է նաև որպես հետևանք` մասնակիորեն անվավեր ճանաչել Գոշ համայնքի անվամբ 11.11.2009 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, Գոշի ավագանու 02.04.2012 թվականի թիվ 2 որոշումը, մրցույթի վերաբերյալ 15.06.2012 թվականի թիվ 1 արձանագրությունը և Գոշ համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանի 15.06.2012 թվականի թիվ    17-Ա որոշումը, Գոշի գյուղապետարանի և Սենիկ Վերանյանի միջև 21.06.2012 թվականին կնքված՝ հողամասը մրցույթով տրամադրելու պայմանագիրը և Սենիկ Վերանյանի անվամբ 09.09.2012 թվականի կատարված կառուցապատման իրավունքի պետական գրանցումը՝ պարտավորեցնելով Սենիկ Վերանյանին քանդել Գոշ համայնքի Մ. Գոշի թիվ 78 և Մ. Գոշի թիվ 78/1 հասցեների հողամասի հենապատի վրա կառուցած պատը և այն 3 մետրով  հեռացնել հենապատից:

 ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Խաչիկյան) (այսուհետ` Դատարան) 07.12.2015 թվականի վճռով Միշա Գրիգորյանի հայցը բավարարվել է, իսկ Յաշա Գրիգորյանի հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է օրենքի ուժով ճանաչել Յաշա Գրիգորյանի սեփականության իրավունքը Գոշ համայնքի Մ. Գոշի փողոցի թիվ 78 (կադաստրային համար՝ 11-023-117-028) և թիվ 78/1 (կադաստրային համար՝ 11-023-117-041) հասցեներում գտնվող բնակելի տան և այդ հասցեներում ցանկապատի ներսում առկա ամբողջ հողամասի՝ 0,11186հա մակերեսով տնամերձ հողամասի 1/8 մասի նկատմամբ: Մնացած մասով Յաշա Գրիգորյանի հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.02.2016 թվականի որոշմամբ Յաշա Գրիգորյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Յաշա Գրիգորյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սիրվարդ Սարգսյանի, Հայկազ և Հրանտ Ամիրխանյանների, Միշա և Ալվարդ Գրիգորյանների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը     

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ›» կետը, չի կիրառել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը սույն գործով չի առաջնորդվել անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և չի ապահովել այդ իրավունքի ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում իրագործումը: Մասնավորապես՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վերաքննիչ բողոք բերած անձը Վերաքննիչ դատարանին է ներկայացրել իր և կնոջ՝ Հասմիկ Սողոյանի՝ կենսաթոշակառու լինելու վերաբերյալ ապացույցներ, այն է՝ թիվ 85188 և թիվ 82711 կենսաթոշակի վկայականները, որոնցով հիմնավորվում է, որ Յաշա Գրիգորյանն և իր կինը կենսաթոշակառուներ են, ավելին՝ կինն ունի նաև 2-րդ խմբի հաշմանդամություն, որպիսի պայմաններում Յաշա Գրիգորյանը հնարավորություն չունի վճարելու օրենքով սահմանված և Վերաքննիչ դատարանի կողմից նշված 50.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը:

Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը խախտել է Յաշա Գրիգորյանի՝ ՀՀ Սահմանադրությամբ և  Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 15.02.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ վերաքննիչ բողոքում բացակայում են հիմնավորումներն առ այն, որ ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտով թույլ  է տրվել դատական  սխալ, որն ազդել է գործի ելքի վրա: Մասնավորապես, Յաշա Գրիգորյանը, իր վերաքննիչ բողոքում նշելով, որ Միշա Գրիգորյանը փոփոխել է հայցի հիմքն ու առարկան, որի վերաբերյալ Յաշա Գրիգորյանն իր համաձայնությունը չի հայտնել, հաշվի չի առել, որ Միշա Գրիգորյանի կողմից հայցապահանջի հետ կապված փոփոխության է ենթարկվել ոչ թե երկու համահայցվորների պահանջը, այլ միայն իր կողմից բերված հայցապահանջը, որի իրավունքը վերջինս ուներ օրենքով սահմանված կարգով:

Բացի այդ, վերաքննիչ բողոքում բերված անձի այն փաստարկը, որ Դատարանն իրեն չի տրամադրել ժամկետ՝ փոփոխված պահանջի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու համար, նույնպես անհիմն է:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր, որում պետք է նշվեն բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու (...) մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դիմումների և միջնորդությունների քննարկման արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` ա) պետական տուրքի վճարումից ազատում, (...) դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում (...):

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլնի, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ  անդրադառնալով պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման խնդրին,  փաստել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով  դատական պաշտպանության իրավունքի սահմանափակման հարցին, նշել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, «Կոնվերս Բանկ›» ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ Ափինյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է նաև, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

Ի հավելումն վերոգրյալի՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5  Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի  վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ այն դեպքում երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը:

Սույն գործով Յաշա Գրիգորյանը 11.01.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն (հավելված, գ.թ. 66)։

Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 27.01.2016 թվականի որոշմամբ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ Յաշա Գրիգորյանի միջնորդությունը մերժվել է, և Դատարանի 07.12.2015 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ բողոք բերած անձի կողմից գույքային ծանր դրության վերաբերյալ ապացույցներ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ (հավելված, գ.թ. 70-71)։

09.02.2016 թվականին Յաշա Գրիգորյանի կողմից կրկին ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն՝ միջնորդությանը կից ներկայացնելով իր և կնոջ՝ Հասմիկ Սողոյանի՝ կենսաթոշակառու լինելու վերաբերյալ ապացույցներ (հավելված, գ.թ. 101-104)։

Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 15.02.2016 թվականի որոշմամբ պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ Յաշա Գրիգորյանի միջնորդությունը կրկին մերժվել է, և Դատարանի 07.12.2015 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ բողոք բերած անձի կողմից գույքային ծանր դրության վերաբերյալ բավարար ապացույցներ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ (հավելված, գ.թ. 106-108)։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 15.02.2016 թվականի որոշմամբ մերժելով պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն և վերադարձնելով  Յաշա Գրիգորյանի վերաքննիչ բողոքը, անտեսել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված՝ Յաշա Գրիգորյանի՝ տարիքային կենսաթոշակառու լինելու վերաբերյալ վկայականը ևս բավարար ապացույց է վերջինիս գույքային դրության վերաբերյալ: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում պետական կենսաթոշակային քաղաքականության սկզբունքներով, որոնցից է նաև՝ սոցիալական համերաշխության և սոցիալական արդարություն ապահովումը: Նշված սկզբունքը, ըստ էության, ուղղված է յուրաքանչյուրի՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սոցիալական ապահովության իրավունքի իրացման ապահովմանը: ՀՀ սահմանադրական դատարանը 22.02.2010 թվականի թիվ ՍԴՈ-865 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ <<...կենսաթոշակի իրավունքը պայմանավորված է ... նաև անձի տարիքով, ինչի հետևանքով նա անկարող է դառնում իրեն ապահովել ինքնուրույն աշխատանքով ...>>:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տարիքային կենսաթոշակ նշանակված լինելու հանգամանքը վկայում է անձի՝ որոշակի սոցիալական աջակցության անհրաժեշտությունը, որպիսի փաստական հանգամանքի առկայությունը, գործում հակառակը հավաստող ապացույցների բացակայության պայմաններում, ևս կարող է վկայել պետական տուրքի գծով արտոնություն հայցող անձի՝ գույքային ծանր դրության վերաբերյալ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելով, սահմանափակել է Յաշա Գրիգորյանի` 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը և չի ապահովվել ստորադաս դատարանի  դատական ակտի վերանայման հնարավորությունը:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձը, ստանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչև գործի քննությունն իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան և գործին մասնակցող այլ անձանց, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պատասխանն ստորագրում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ օրենսդրի կողմից ամրագրված՝ գործին մասնակցող անձանց կողմից վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը կոչված է ապահովելու քաղաքացիական դատավարությունում կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների լիարժեք իրականացումը, հետևաբար այն ներկայացնելը չպետք է կրի ձևական բնույթ, այլ պետք է ուղղված լինի ներկայացված վճռաբեկ բողոքի փաստարկներին (ներկայացված հիմքերի և հիմնավորումների սահմաններում): Այսինքն՝ վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները պետք է վերաբերեն տվյալ գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերին և հիմնավորումներին:

Մինչդեռ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները չեն վերաբերում Յաշա Գրիգորյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերին և հիմնավորումներին, որպիսի պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում դրանց անդրադառնալ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանի դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.02.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան