Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.06.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2019.03.15/6(642) Հոդ.164
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
04.06.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
04.06.2018
Дата вступления в силу
04.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0365/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0365/02/14
2018թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան

Դատավորներ՝

Ա. Մկրտչյան

Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Ս. Միքայելյանի

Ն. Տավարացյանի

 

2018 թվականի  հունիսի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ հայցի Աիդա Գևորգյանի ընդդեմ Սվետլանա Ղազարովայի, Հայկ Բուռնուչյանի, երրորդ անձ Արամ Ղազարովի` ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու և բաժնի նկատմամբ բռնագանձում տարածելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի «Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 23.09.2017 թվականի որոշման դեմ Սվետլանա Ղազարովայի ներկայացուցիչ Արթուր Ղարիբյանի վճռաբեկ բողոքը, 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աիդա Գևորգյանը պահանջել է Արամ Ղազարովին ճանաչել Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 10-րդ շենքի թիվ 39 հասցեի 1/4 բաժնի համասեփականատեր, նշված գույքից առանձնացնել Արամ Ղազարովի բաժինը և վերջինիս բաժնի նկատմամբ բռնագանձում տարածել:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Բ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 13.02.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է. «ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ. Մեծի պողոտայի թիվ 10 շենքի 39 հասցեի բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառել: Արամ Սերգեյի Ղազարովին հասանելիք գումարից հօգուտ Աիդա Սերյոժայի Գևորգյանի բռնագանձել 21.02.2013 թվականի թիվ ԵԱՔԴ/1793/02/12 վճռով սահմանված պարտքի գումարը: Մնացած գումարը բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` վերջիններիս բաժիններին համաչափ»: Հայցը՝ մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 23.09.2017 թվականի որոշմամբ Դատարանի 13.02.2017 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ Սվետլանա Ղազարովայի ներկայացուցչի բերած միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սվետլանա Ղազարովայի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աիդա Գևորգյանի ներկայացուցիչ Արմինե Հարությունյանը։

 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության  օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետը, 213-րդ հոդվածի   1-ին կետի 2-րդ ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Սվետլանա Ղազարովան, 2017 թվականի հուլիսին տեղեկանալով բողոքարկվող վճռի մասին, անհապաղ միջոցներ է ձեռնարկել դրա դեմ բողոք ներկայացնելու ուղղությամբ: Մասնավորապես` Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության հյուպատոսության միջոցով լիազորագիր է տվել իր ներկայացուցիչ Արթուր Ղարիբյանին և այն հնարավոր կարճ ճանապարհով ուղարկել է նրան: Ներկայացուցիչը լիազորագիրը ստացել է 15.08.2017 թվականին, և իր հերթին անհապաղ՝ 16.08.2017 թվականին դիմում է ներկայացրել դատարան՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Այնուհետև՝ 18.08.2017 թվականին, ծանոթացել է գործի նյութերին, որից հետո օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում, այն է՝ 16.09.2017 թվականին, վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ միջնորդելով հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու օրենքով սահմանված ժամկետի բացթողումը:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոք բերելու ելակետային ժամկետի սկիզբ պետք է դիտարկել ոչ թե բողոքաբերի կողմից վճռի մասին տեղեկանալու օրը, այլ՝ Սվետլանա Ղազարովայի ներկայացուցչի կողմից գործի նյութերին ծանոթանալու օրը: Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել, որ նման եզրահանգման համար հիմք է այն հանգամանքը, որ Սվետլանա Ղազարովայի և նրա ներկայացուցիչ Արթուր Ղարիբյանի կողմից ձեռնարկված բոլոր գործողություններն ուղղված են եղել թիվ ԼԴ/0365/02/14 քաղաքացիական գործով կայացրած Դատարանի 13.02.2017 թվականի վճռին ծանոթանալուն և դրա դեմ օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում վերաքննիչ բողոք բերելուն: Ուստի վերաքննիչ բողոք բերելու օրենքով սահմանված ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառներով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Բացի այդ, վերոշարադրյալ փաստական հանգամանքները վկայում են, որ Սվետլանա  Ղազարովան օրենքով սահմանված ժամկետում վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց է թողել սուբյեկտիվ պատճառներով, քանի որ բացակայել է Հայաստանի Հանրապետությունից դեռևս 2011 թվականից և ներկայումս էլ գտնվում է արտասահմանում, ուստի զրկված է եղել դատական գործընթացին ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով մասնակցություն ապահովելու հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 23.09.2017 թվականի «Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին»  որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ բողոք բերած անձի այն փաստարկը, որ Սվետլանա Ղազարովան միայն 2017 թվականի հուլիսին է իմացել սույն գործով վճռի մասին, չի համապատասխանում իրականությանը, քանի որ թիվ ԼԴ/0365/02/14 քաղաքացիական գործով Արամ Ղազարովը (Սվետլանա Ղազարովայի ամուսինը) 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ծանուցվել էր դատական վարույթի մասին և լիազորագիր էր ուղարկել իր փաստաբան Արմեն Զաքարյանի անունով, իսկ Սվետլանա Ղազարովան թիվ ԼԴ/0365/02/14 քաղաքացիական գործով ներգրավված էր որպես պատասխանող:

Բացի այդ, Սվետլանա Ղազարովան չի հիմնավորել 2017 թվականի հուլիսի վերջերին վճռի առկայության մասին իմանալու փաստի արժանահավատությունը, ավելին` 2015 թվականին Արամ Ղազարովի ներկայացուցիչը դատական նիստում հայտարարել է, որ տեղյակ է կողմերի դիրքորոշման մասին և շուտով լիազորագրեր կստանա Սվետլանա Ղազարովայից և Հայկ Բուռնուչյանից:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի և 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, նաև «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը):

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարանի) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ և 213-րդ հոդվածները:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում (…):

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնել դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը վերաքննիչ դատարանը պարտավոր է իրականացնել` հաշվի առնելով նաև անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքները (տե´ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը կարող է վերականգնել միայն այն դեպքում, երբ այդ ժամկետը բաց թողած շահագրգիռ անձը գրավոր միջնորդության կամ դիմումի միջոցով հայցել է նման գործողության իրականացումը, այլ կերպ ասած` ներկայացրել է համապատասխան ժամկետի բացթողումը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ գրավոր պահանջ: Այսինքն` նման միջնորդության առկայությունը պարտադիր նախապայման է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու համար, և որևէ բացառություն այս ընդհանուր կանոնից չի կարող լինել` անկախ այն պատճառներից, որոնք պայմանավորել են համապատասխան դատավարական ժամկետի բացթողումը (տե՛ս, Լիլիթ Ռաշոյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության և ՀՀ գլխավոր դատախազության թիվ ԵԿԴ/1881/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):  

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ի կետի իրավակարգավորումից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Այնուամենայնիվ, ժամկետը բաց թողնելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության կամ գործուղման մեջ գտնվելու պատճառով (տե´ս, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը ևս 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի՝ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

         Սույն գործով Դատարանի 13.02.2017 թվականի վճռով Աիդա Գևորգյանի հայցն ընդդեմ Սվետլանա Ղազարովայի, Հայկ Բուռնուչյանի, երրորդ անձ Արամ Ղազարովի բավարարվել է մասնակիորեն (հավելված, գ.թ. 5-11): Դատարանի վճիռն ուղարկվել է Սվետլանա Ղազարովային, սակայն վերադարձվել է` «չպահանջված» նշումով (հավելված, գ.թ.12-14):

         Սվետլանա Ղազարովան 16.09.2017 թվականին Դատարանի 13.02.2017 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք (հավելված, գ.թ. 42)՝ միջնորդելով հարգելի համարել բողոք բերելու ժամկետի բացթողումը, քանի որ նշված վճռի մասին տեղեկացել է 18.08.2017 թվականին՝ սույն քաղաքացիական գործի նյութերին իր ներկայացուցչի կողմից ծանոթանալու ժամանակ: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից Սվետլանա Ղազարովայի ներկայացուցիչը ներկայացրել է 02.08.2017 թվականին տրված լիազորագիրը (հավելված, գ.թ. 16), Վերաքննիչ դատարանին հասցեագրված՝ «Գործի նյութերին ծանոթանալու մասին» 16.08.2017 թվականի դիմումը, որից հստակ երևում է, որ ներկայացուցիչը ծանոթացել է գործի նյութերին 18.08.2017 թվականին (հավելված, գ.թ. 15): Բացի այդ, գործում առկա՝ Սվետլանա Ղազարովայի անձնագրի՝ ելքի և մուտքի վիզայի համապատասխան էջերի պատճենների ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Սվետլանա Ղազարովան 2011 թվականից բացակայում է Հայաստանի Հանրապետությունից (հավելված, գ.թ. 40, 41):

Վերաքննիչ դատարանը, Սվետլանա Ղազարովայի վերաքննիչ բողոքը վերադարձնելով, պատճառաբանել է,  որ «նույնիսկ եթե բողոքաբերը կայացված վճռի մասին տեղեկացել է 2017 թվականի հուլիսի վերջերին, ապա ժամկետը վերականգնելու դեպքում (որպես վճռի մասին տեղեկանալու սկզբնաժամկետ, եթե պայմանականորեն ընդունվի 01.08.2017 թվականը) Դատարանի 13.02.2017 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող էր ներկայացվել մինչև 01.09.2017 թվականը ներառյալ, սակայն բողոքաբերը վերաքննիչ բողոքը ներկայացրել է 16.09.2017 թվականին և այդ ժամկետը բաց թողնելու որևէ հարգելի պատճառ չի ներկայացրել...» (հավելված, գ. թ. 44-45):

 

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական են սույն քաղաքացիական գործով կայացված վճիռը Սվետլանա Ղազարովային հանձնված և այն նրա կողմից ստացված լինելու փաստը, քանի որ և´ վճռի հանձնումը, և´ դրա ուղարկումը կողմին նպատակ է հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին: Միայն նշված փաստերը պարզելուց հետո Վերաքննիչ դատարանը կարող էր որոշել` հարգելի է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը, թե` ոչ: Այսպես, սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Սվետլանա Ղազարովան դատարանի կողմից ուղարկված գործն ըստ էության լուծող դատական ակտը ստացել է: Ավելին, Սվետլանա Ղազարովան 2011 թվականից բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, իսկ Դատարանի 13.02.2017 թվականի վճիռը, համաձայն գործում առկա ապացույցի, նրան հասու է դարձել միայն 18.08.2017 թվականին՝ վերջինիս ներկայացուցչի կողմից սույն քաղաքացիական գործի նյութերին ծանոթանալու արդյունքում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սվետլանա Ղազարովայի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի է, քանի որ տվյալ դեպքում առկա է ժամկետը բաց թողնելու սուբյեկտիվ գործոնը:

Հիմք ընդունելով վերոգրյալը և դրանք համադրելով վերը նշված իրավական դիրքորոշումների հետ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու  հանգամանքը, որպիսի պայմաններում բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության և վերը նշված ապացույցների առկայության դեպքում ենթակա է վերականգնման:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում բերված այն փաստարկին, որ Արամ Ղազարովը (Սվետլանա Ղազարովայի ամուսինը) 2015 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ծանուցվել էր սույն գործի քննության մասին և լիազորագիր էր ուղարկել իր փաստաբան Արմեն Զաքարյանին, իսկ Սվետլանա Ղազարովան թիվ ԼԴ/0365/02/14 քաղաքացիական գործով ներգրավված էր որպես պատասխանող, ուստի և բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի չէ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն Արամ Ղազարովի՝ Սվետլանա Ղազարովայի ամուսինը լինելու հանգամանքն ինքնին բավարար չէ՝ հաստատված համարելու, որ Սվետլանա Ղազարովային Դատարանի բողոքարկվող վճիռը հասու է եղել ավելի վաղ և վերջինս դատական ակտը բողոքարկելու ժամկետը բաց է թողել ոչ հարգելի պատճառով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ և 406-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.09.2017 թվականի «Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Ն. Տավարացյան