Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.01.23/5(1458) Հոդ.48
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.07.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
20.07.2018
Дата вступления в силу
20.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ3/0030/06/17

ԿԴ3/0030/06/17

Նախագահող դատավոր՝ Մ. Պապոյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

2018 թվականի հուլիսի 20-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 31-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում 2017 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է թիվ 20199517 քրեական գործը, որը նույն օրն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ Վարդան Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նույն օրվա Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2. Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հունվարի 6-ի որոշմամբ մերժվել է Վ.Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը:

3. Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Կոտայքի մարզի դատախազության դատախազ Տ.Ղուկասյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան)` 2018 թվականի հունվարի 31-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

4. Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի հունվարի 31-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի մայիսի 24-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Վերաքննիչ դատարանն իր` 2018 թվականի հունվարի 31-ի որոշման շրջանակներում արձանագրել է. «Ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունվարի 6-ի դատական ակտը քննչական մարմնին հանձնվել է որոշման կայացման օրը` 2018 թվականի հունվարի 6-ին, որն էլ հունվարի 8-ին նոր միայն ուղարկվել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազություն, իսկ վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է ստացվել հունվարի 17-ին (փոստային ծառայությանն է հանձնվել հունվարի 15-ին): Այսինքն` բողոքարկման ենթակա դատական ակտը վարույթն իրականացնող մարմինը ստացել է 2018 թվականի հունվարի 6-ին: Հետևաբար` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բողոքարկման ժամկետը պետք է հոսեր տվյալ որոշումը քննիչի կողմից փաստացի ստանալու պահից, անկախ այն հանգամանքից, թե քննիչը նշված որոշումը դատախազին ուղարկել է, թե ոչ:

Հետևաբար, դատախազի այն պատճառաբանությունը, որ իր կողմից որոշումը ստացվել է 2018 թվականի հունվարի 8-ին, չի կարող վկայել բողոքարկման ժամկետի պահպանված լինելու մասին, քանի որ դա միայն երկու մարմինների միջև ձևավորված ընթացակարգային խնդիր է, ինչը չի կարող դիտարկվել որպես օբյեկտիվ պատճառաբանություն: Այսինքն` մեղադրյալի խնդիրը չէ, թե որոշումն ինչու է դատախազություն ուշ ուղարկվել: Հակառակ մոտեցման պարագայում դատական ակտն առանց հարգելի պատճառի դատախազին ուշ ուղարկելու հանգամանքը մեղադրյալի համար կարող է առաջացնել անբարենպաստ հետևանքներ: Հարկ է նկատել, որ դատախազը գործի նկատմամբ հսկողություն իրականացնող սուբյեկտ է և հսկողության շրջանակներում ունի իրական լծակներ որոշումը ժամանակին ստանալու և բողոքարկելու համար:

Տվյալ դեպքում ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունվարի 6-ի որոշման բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկել առնվազն վարույթն իրականացնող մարմնի կողմից ստանալու պահից (2018 թվականի հունվարի 6-ից) 5 օրվա ընթացքում և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ որոշման օրինակը վարույթն իրականացնող մարմինը ստացել է 2018 թվականի հունվարի 6-ին, ապա ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունվարի 6-ի որոշման բողոքարկման ժամկետը վերջանում է 2018 թվականի հունվարի 11-ին` ժամը 24:00-ին, մինչդեռ բողոքը բերվել է դատական ակտը ստանալու պահից 9-րդ օրը` 2018 թվականի հունվարի 15-ին:

(...)

Հաշվի առնելով վերը նշվածը և նկատի ունենալով, որ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է` վերաքննիչ բողոքը ժամկետանց է, ուստի թիվ ԿԴ3/0030/06/17 գործով ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ Տ.Ղուկասյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության»1:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

6. Բողոքի հեղինակի կարծիքով՝ Վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունվարի 31-ի որոշմամբ թույլ է տվել դատական սխալ, այն է` քրեադատավարական օրենքի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա։

Հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ, 283-րդ և 379-րդ հոդվածներին, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` Հովհաննես Գրիգորյանի գործով թիվ ԵԿԴ/0341/06/12 որոշմանը` բողոք բերած անձը նշել է, որ սույն գործով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավասություն ունեցող կամ Վճռաբեկ դատարանի որոշման իմաստով «շահագրգիռ անձի»` դատախազի կողմից վերաքննիչ բողոք բերելու ժամկետը սկսել է հոսել ոչ թե քննիչի, այլ դատախազի կողմից դատական ակտը ստանալու պահից` 2018 թվականի հունվարի 8-ից:

Բողոքաբերն ընդգծել է, որ Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածին և համակարգային առումով փոխկապակցված նորմերին տրված մեկնաբանությունը հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված նորմի` ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը: ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լույսի ներքո բողոք բերած անձը նշել է, որ երբ դատախազը ժամանակին ու պատշաճ ձևով իրազեկված չի լինում դատարանի կողմից ընդունվող որոշման մասին, ապա հնարավոր չի դառնում արդյունավետ իրացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 3-րդ մասով վերապահված` դատախազի` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդության քննությանը մասնակցելու, միջնորդությունն անձամբ պաշտպանելու, միջնորդությունը հետ վերցնելու, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` դատական ակտի դեմ բողոք բերելու իրավասությունը: Այդ պարագայում վտանգվում է և՛ անձի շահերի պաշտպանության իրավունքը, և՛ դատախազական հսկողության արդյունավետ իրականացման սահմանադրաիրավական պահանջը:

7. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք Կոտայքի մարզի դատախազության դատախազ Տ.Ղուկասյանի` վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները:

9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «(…) Որոշումը կայացնելու օրը դատարանը այն ստորագրությամբ հանձնում է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձին, մեղադրյալին, պաշտպանին և տուժողին, իսկ դատական նիստին վերջիններիս չներկայանալու դեպքում՝ պատշաճ ձևով ուղարկում է նրանց (…)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է. «Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ բողոքները դատախազի, մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից բերվում են վերաքննիչ դատարան` անմիջականորեն կամ որոշում կայացրած դատարանի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով»:

Վերոնշյալ իրավանորմերի առնչությամբ ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան) 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշման շրջանակներում փաստել է. «բ/(…) Օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասն ամրագրում է այն անձանց շրջանակը, որոնց հանձնվում կամ ուղարկվում է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատական ակտը: Դրանք են` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն հարուցած անձը, այսինքն՝ դատախազը կամ քննիչը, ինչպես նաև մեղադրյալը, պաշտպանը և տուժողը,

գ/ օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է այն անձանց շրջանակը, որոնք իրավասու են վերաքննիչ բողոք բերել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ:Դրանք են՝ դատախազը, մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը: (…)

(…)

Վերոնշյալ իրավակարգավորումների համադրված վերլուծությունից հետևում է, որ մի կողմից`

- նշված իրավանորմերի տառացի մեկնաբանության պարագայում առկա չէ որևէ դրույթ, ըստ որի`

(…)

բ/ դատավորը պարտավոր է քննիչի միջնորդությամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին դատարանի որոշումը քննիչից բացի տրամադրել նաև դատախազին,

մյուս կողմից`

(…)

- օրենսդիրը համապատասխան դատական ակտի հասցեատեր դիտարկելով նաև քննիչին և տուժողին, միևնույն ժամանակ, նրանց չի ճանաչում որպես այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտ: Օրենսդիրը, ի թիվս մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի, այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք վերապահում է դատախազին (…),

- (…) կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին քննիչի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումն օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա կարող է բողոքարկել ոչ թե քննիչը, այլ դատախազը,

- օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակիրառ պրակտիկայից բխում է, որ վիճարկվող նորմով նախատեսված համապատասխան դատական ակտի հասցեատերերի շրջանակում դատախազը ներառված է միայն այն պարագայում, երբ անձամբ է հանդես եկել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդությամբ: Իսկ այն դեպքում, երբ համապատասխան միջնորդությամբ հանդես է եկել քննիչը, ապա մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին դատական ակտը հանձնվում կամ ուղարկվում է, ի թիվս այլոց, քննիչին, այլ ոչ թե նաև դատախազին:

Նման պայմաններում, երբ դատախազը ժամանակին ու պատշաճ ձևով իրազեկված չի լինում (…) դատարանի կողմից ընդունված որոշման մասին, ապա`

ա/ հնարավոր չի դառնում արդյունավետ իրացնել օրենսգրքի (…) 287-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերով դատախազին վերապահված իրավասությունը,

բ/ վտանգվում է և՛ անձի շահերի պաշտպանության իրավունքը, և՛ դատախազական հսկողության արդյունավետ իրականացման սահմանադրաիրավական պահանջը2»:

Արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգել է. «(…) [Ե]թե դատախազն իրավասու է օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունն օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով հետ վերցնել կամ անհրաժեշտ է համարում այն անձամբ պաշտպանել, ինչպես նաև ոչ թե քննիչը, այլ դատախազն է իրավասու բողոքարկել տվյալ հարցով դատարանի որոշումը, ապա`

ա/ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշման մասին պետք է պատշաճ ձևով իրազեկվի նաև դատախազը,

բ/ իրավակիրառ պրակտիկայում ընթացակարգային նորմերին տարբեր հիմնավորումներով ու պատճառներով չպետք է ցուցաբերվի ձևական մոտեցում, ինչը կարող է հանգեցնել ՀՀ Սահմանադրության 80-րդ հոդվածի պահանջի անտեսմանը` չերաշխավորելով հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սահմանադրական դրույթների էության անխախտելիությունը:

(…)3»:

9.1. Ելնելով խնդրո առարկա իրավանորմերի առնչությամբ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված վերոնշյալ իրավական դիրքորոշումների վերլուծությունից՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կալանքի վերաբերյալ դատական ակտն առաջին ատյանի դատարանը պետք է հանձնի (ուղարկի) ոչ միայն համապատասխան միջնորդությունը հարուցած քննիչին, այլ նաև դատախազին: Այլ կերպ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասով դատախազին վերապահված իրավասության արդյունավետ իրացման համար անհրաժեշտ է, որ կալանքի վերաբերյալ կայացված դատական ակտի մասին դատարանը պատշաճ ձևով իրազեկի նաև դատախազին:

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ «Վերաքննիչ բողոք բերվում [է] առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատություններում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում (…)»:

Վերոնշյալ իրավադրույթի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելիս Սահմանադրական դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշմամբ արձանագրել է. «(…) [Վ]երաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը (…)։ Մինչդեռ օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով բողոքարկման ժամկետների հաշվարկի սկիզբ համարելով բողոքարկվող դատական ակտի հրապարակման պահը` օրենսդիրը ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը կախվածության մեջ է դնում դատական հայեցողությունից` բաց թողնված ժամկետը հարգելի կամ անհարգելի համարելու առումով։

(…)

Եթե օրենսդիրը, հիմք ընդունելով բողոքարկվող դատական ակտի բնույթը, հաշվի առնելով դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների իրացման անհրաժեշտությունը, տվյալ ակտի բողոքարկման համար բավարար է համարել տվյալ ժամկետը, կոնկրետ դեպքում` հնգօրյա (...) ժամկետ[ը], ապա նշված ժամկետ[ը] պետք է մեկնարկ[ի] բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից:

(…)։

ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ մարդու սահմանադրական իրավունքների պաշտպանության առումով նշված դեպքերում բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով /ex jure/ պետք է համարվի հարգելի, ինչը կերաշխավորի անձի` դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը»4։

10.1. Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը Տ.Հովհաննիսյանի գործով ընդգծել է. «(…)ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում առկա՝ «հրապարակման պահից» բառակապակցությունը պետք է մեկնաբանվի որպես դատական ակտն ստանալու պահը, և ժամկետների հաշվարկման ելակետ պետք է համարել որոշումը շահագրգիռ անձին հանձնելու պահը (…)»5:

11. Վերահաստատելով նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումը, ինչպես նաև հիմք ընդունելով սույն որոշման 9.1-րդ կետում արված եզրահանգումը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքարկման իրավունք ունեցող յուրաքանչյուր դատավարության մասնակից պետք է բավարար ժամանակ ունենա բողոքն օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ նախապատրաստելու և համապատասխան դատարան ներկայացնելու համար: Մասնավորապես, պաշտպանության կողմը, ելնելով իր խախտված իրավունքները վերականգնելու մասնավոր շահից, իսկ մեղադրանքի կողմը` գործի պատշաճ քննությունն ապահովելու հանրային շահից, հիմնավոր բողոք բերելու համար պետք է իր ձեռքի տակ ունենա վիճարկվող դատական ակտը: Այսինքն` դատավարության մասնակիցները հիմնավոր բողոք բերելու համար պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու դատարանի որոշման հիմքում դրված պատճառաբանություններին: Հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետն ինչպես մեղադրյալի և նրա պաշտպանի, այնպես էլ դատախազի համար պետք է հաշվարկվի՝ որպես ելակետ ընդունելով դատարանի որոշումը բողոք բերելու իրավունք ունեցող համապատասխան դատավարության մասնակցին հանձնելու պահը: Իսկ այն դեպքում, երբ որոշումը բողոքարկման իրավունք ունեցող դատախազին հանձնվել է ոչ թե դատարանի, այլ քննիչի կողմից, ապա դատախազի կողմից դատական ակտի բողոքարկման ժամկետի սկիզբը պետք է հաշվարկվի ոչ թե քննիչի կողմից որոշումը ստանալու պահից, այլ այն պահից, երբ այդ փաստաթուղթը հասու է դարձել դատախազին6:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը 2018 թվականի հունվարի 31-ի որոշմամբ արձանագրել է, որ`

- Առաջին ատյանի դատարանը Վ.Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը քննիչին է հանձնել այն կայացնելու օրը` 2018 թվականի հունվարի 6-ին,

- Կոտայքի մարզի դատախազությունում նշված դատական ակտը ստացվել է 2018 թվականի հունվարի 8-ին,

- նշված դատական ակտի դեմ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2018 թվականի հունվարի 15-ին:

Վերոնշյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը փաստել է, որ տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկել առնվազն վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումը ստանալու պահից` 2018 թվականի հունվարի 6-ից՝ 5 օրվա ընթացքում, որը վերջանում է 2018 թվականի հունվարի 11-ին` ժամը 24:00-ին, մինչդեռ բողոքը բերվել է դատական ակտը ստանալու պահից 9-րդ օրը` 2018 թվականի հունվարի 15-ին: Նման պայմաններում գտնելով, որ չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, այն է` վերաքննիչ բողոքը ժամկետանց է՝ Վերաքննիչ դատարանն առանց քննության է թողել Կոտայքի մարզի դատախազության դատախազ Տ.Ղուկասյանի ներկայացրած վերաքննիչ բողոքը7:

13. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 9-11-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատողությունն առ այն, որ Առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման ժամկետը պետք է հաշվարկել առնվազն վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումը ստանալու պահից, հիմնավոր չէ: Այլ կերպ՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Առաջին ատյանի դատարանը նախաքննական մարմնի միջնորդության քննության վերաբերյալ դատարանի որոշումը դատախազին չի ուղարկել, իսկ այդ պայմաններում վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը պետք է հաշվարկվեր ոչ թե քննիչի կողմից այդ որոշումը ստանալու պահից, այլ այն պահից, երբ համապատասխան փաստաթուղթը հասու էր դարձել դատախազ Տ.Ղուկասյանին, այսինքն՝ 2018 թվականի հունվարի 8-ից:

13.1. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոտայքի մարզի դատախազության դատախազ Տ.Ղուկասյանի` վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու հիմքով առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

14. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների, հիմք է ստորադաս դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար։ Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հունվարի 6-ի որոշման դեմ դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Վարդան Կորյունի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի հունվարի 31-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

____________________

1 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 19-21:

Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 13-ի թիվ ՍԴՈ-1373 որոշման 6-րդ կետը:

Տե՛ս նույն տեղը, 7-րդ կետ:

Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1052 որոշումը, 8-9-րդ կետեր: Նշված իրավական դիրքորոշումները վերահաստատվել են նաև Սահմանադրական դատարանի` 2012 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ՍԴՈ-1062 որոշման 5-6-րդ կետերում, 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՍԴՈ-1249 որոշման 7-րդ կետում, 2017 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ ՍԴՈ-1394 որոշման 8-10-րդ կետերում:

5 Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Տիգրան Հովհաննիսյանի գործով 2012 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ԵԿԴ/0066/11/12 որոշման 23-րդ կետը:

6 Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Նավասարդ Ալավերդյանի գործով 2017 թվականի օգոստոսի 30-ի թիվ ԿԴ1/0143/01/14 որոշման 14-րդ կետը։

7 Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան