Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.07.2018-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2019.01.23/5(1458) Հոդ.34
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
20.07.2018
Подписан
Նախագահող
Дата подписания
20.07.2018
Дата вступления в силу
20.07.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ/0088/01/12

ՍԴ/0088/01/12

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. Դանիելյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

մասնակցությամբ` դատապարտյալ

Ն. Գևորգյանի

2018 թվականի հուլիսի 20-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշման դեմ դատապարտյալ Նաիրի Վալերիկի Գևորգյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մայիսի 22-ի դատավճռով Նաիրի Վալերիկի Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի ժամկետով։ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վերացվել է նախորդ դատավճռով նշանակված պատիժը` 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 3 (երեք) օր ժամկետով ազատազրկումը պայմանականորեն չկիրառելը, և ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ դատավճիռների համակցությամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է նախորդ դատավճռով նշանակված և Ն.Գևորգյանի կողմից չկրած պատժից 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումը, ու վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 4 (չորս) տարի ժամկետով։

2. 2017 թվականի հուլիսի 31-ին դատապարտյալ Ն.Գևորգյանը դատվածությունը հանելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան), որը 2017 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ մերժվել է։

Նույն օրը դատական ակտը հանձնվել է դատապարտյալ Ն.Գևորգյանին:

3. Վերը նշված դատական ակտի դեմ դատապարտյալ Ն.Գևորգյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան)` 2017 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ստորագրված չլինելու պատճառաբանությամբ։

Հիշյալ դատական ակտը դատապարտյալ Ն.Գևորգյանը ստացել է 2017 թվականի սեպտեմբերի 30-ին:

2017 թվականի հոկտեմբերի 10-ին դատապարտյալ Ն.Գևորգյանը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ։

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել դատապարտյալ Ն.Գևորգյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ դատարանը 2018 թվականի մարտի 20-ին որոշում է կայացրել գործի վարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրական դատարան (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան) դիմելու մասին:

Սահմանադրական դատարանը 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, (…), վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» դրույթն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ բողոքին ներկայացվող ձևական և իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող պահանջներին անհամապատասխանության դեպքում բողոք ներկայացրած անձի կողմից այն շտկելու և կրկին վերաքննիչ դատարան ներկայացնելու իրավական հնարավորությունը, ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 69-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող՝ միևնույն ժամանակ հակասող ճանաչված դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանելով 2018 թվականի դեկտեմբերի 1-ը:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հունիսի 22-ի որոշմամբ կասեցված գործի վարույթը վերսկսվել է:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վերաքննիչ դատարանը, 2017 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ առանց քննության թողնելով դատապարտյալ Ն.Գևորգյանի վերաքննիչ բողոքը, հղում է կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին և 2-րդ մասին՝ փաստելով, որ վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության այն պատճառաբանությամբ, որ այն չի բովանդակում բողոք ներկայացնող անձի ստորագրությունը 1:

6. Վերաքննիչ դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ դատապարտյալ Ն.Գևորգյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ` արձանագրելով. «(…) Դատարանի 2017թ. օգոստոսի 31-ի որոշման դեմ թիվ ՍԴ/0088/01/12 քրեական գործով ամբաստանյալ Նաիրի Գևորգյանի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարան է ներկայացվել 2017թ. հոկտեմբերի 10-ին` որոշման հրապարակվելու օրվանից 40 (քառասուն) օր հետո, և վերջինս չի ներկայացրել վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, հետևաբար` բողոք բերած անձի վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ պետք է թողնել առանց քննության (…)» 2:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը նշել է, որ ներկայացված բողոքը Վերաքննիչ դատարանը 2017 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ թողել է առանց քննության, ինչից հետո վերջինս կրկին ներկայացրել է բողոք՝ թերությունը վերացրած ձևով, սակայն Վերաքննիչ դատարանն արդեն 2017 թվականի հոկտեմբերի 11-ին կայացրած որոշմամբ բողոքը թողել է առանց քննության՝ ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:  

Բողոքաբերը փաստել է նաև, որ քրեական գործով դատվածությունը հանելու դիմումը քննության առնելու մասին Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 31-ի որոշումը պետք է վերանայվի, քանի որ առկա փաստերի պայմաններում կխախտվի իր դատվածությունը վաղաժամկետ մարելու իրավունքը, և խոչընդոտներ կհարուցվեն իր` զինվորական ծառայության անցնելու և սպայական դասերին մասնակցելու իրավունքների իրականացման համար:

8. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը և փոփոխել այն` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մայիսի 22-ի թիվ ՍԴ/0088/01/12 քրեական գործով դատվածությունը հանել։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը:

10. ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` «Վերաքննիչ բողոքը պետք է բովանդակի`

(...)

8) բողոք ներկայացնող անձի ստորագրությունը»:

11. Արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

- դատական մատչելիության իրավունքը բացարձակ չէ, և պետությունները կարող են այն իրացնելու հնարավորությունը պայմանավորել որոշակի պահանջներով և չափանիշներով 3,

- պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի՝ դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը 4,

- դատական մատչելիության իրավունքի սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն 5,

- ներպետական դատական ատյանները դատավարական կանոնները կիրառելիս պետք է ձեռնպահ մնան դրանց չափազանցված ձևականացումից, որն իր ազդեցությունը կունենա դատավարության արդարացիության վրա 6: Դատական մատչելիության իրավունքը խախտվում է, երբ սահմանված կարգավորումները դադարում են ծառայել իրավական որոշակիության և արդարադատության պատշաճ կազմակերպման նպատակներին և վերածվում են իրավասու դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու խոչընդոտի 7:

11.1. Արդար դատաքննության իրավունքի համատեքստում կարևորելով դատական մատչելիության իրավունքը` Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ «Դատական մատչելիության իրավունքը պետք է լինի իրական և ոչ թե պատրանքային, ինչը ենթադրում է, որ անձն իր իրավունքների ու ազատությունների խախտման յուրաքանչյուր դեպքում` ողջամիտ սահմանափակումների պայմաններում, պետք է դատարան դիմելու, իր խախտված իրավունքները և ազատությունները վերականգնելու իրական հնարավորություն ունենա: Դատական պաշտպանության իրավունքի իրացման հնարավոր սաhմանափակումները չպետք է ձևական բնույթ կրեն, որպեսզի շահագրգիռ անձը հավասար պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքի իրացման հնարավորություն ունենա: Հակառակ դեպքում կխախտվեն անձի՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները» 8 :

12. Սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշմամբ դատական մատչելիության իրավունքի վերաբերյալ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է.

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի (արդարադատության) մատչելիությունը կարող է ունենալ որոշակի սահմանափակումներ, որոնք չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և իր ծանրությամբ չհանգեցնի իրավունքի էության խախտման 9 :

12.1. Վկայակոչելով վերաքննիչ բողոք բերելու հետ կապված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 46-րդ գլխով նախատեսված կարգավորումները, Սահմանադրական դատարանն արձանագրել է. «[Դրանք] իրենց ընդհանուր բովանդակությամբ միտված են նախատեսելու իրավական միջոցներ, ընթացակարգեր՝ քրեական վարույթի շրջանակներում վերաքննության կարգով դատական բողոքարկման՝ անձանց սահմանադրական իրավունքի իրացման համար: Հետևաբար, իրավական այդ նպատակին ընդհանուր միտվածությունը հետապնդում է Սահմանադրությամբ նախանշված նպատակ, քանի որ այդ կարգավորումներն օբյեկտիվորեն կոչված են ապահովելու Սահմանադրության նորմերի կիրառումը:

Միաժամանակ վերոհիշյալ իրավակարգավորման ամբողջական վերլուծությունից հետևում է, որ այն պարունակում է նաև վերաքննիչ բողոքին ներկայացվող զուտ բովանդակային պահանջներ: Այսպես` բողոք բերող անձը պարտավոր է շարադրել «բողոքի հիմքերը և պահանջը», «վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները` վկայակոչելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն որոշումները, որոնք վերաքննիչ բողոք բերած անձը վերաբերելի է համարում` մեջբերելով դրանց հակասող մասերը և կատարելով համեմատական վերլուծություն, կամ՝ որոնք են նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հետևանքով գործի վերանայման հիմքերը», «առկայության դեպքում` այն ապացույցները, որոնցով դիմողը հիմնավորում է իր պահանջները, և որոնք պետք է հետազոտվեն վերաքննիչ դատարանում, այդ թվում` նաև առաջին ատյանի դատարանում նախօրոք չհետազոտված ապացույցները»:

Նման պայմաններում ակնհայտ է, որ վերաքննիչ բողոքում հայտնաբերված թերությունների կամ սխալների նկատմամբ պետք է դրսևորվի տարբերակված մոտեցում, ինչի հետևանքով անհրաժեշտ կլինի նաև սահմանազատել դրանցից հետևող հնարավոր իրավական հետևանքները: Եթե ձևական պահանջների խախտման դեպքում չափազանց խիստ հետևանքներ նախատեսելը կսահմանափակի անձի հիմնական իրավունքի իրացման հնարավորությունը, ապա բովանդակային պահանջների խախտման հանդեպ անհամաչափ մեղմ գնահատականը կարող է այդ իրավունքի չարաշահման նախադրյալներ ստեղծել»10 :

12.2. Նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Սահմանադրական դատարանը փաստել է. «(…) [Ք]րեական վարույթի շրջանակներում դատարանի կողմից վերաքննիչ բողոքը քննության ընդունելու նախապայմանների որևէ խախտման դեպքում (օրինակ՝ դատարանի անվանումը և բողոքին կցվող նյութերի ցանկը չնշելը, բողոք ներկայացնող անձի ստորագրության բացակայությունը և այլն) վերաքննիչ դատարանի որոշմամբ բողոքը թողնվում է առանց քննության։ Գրեթե նույնաբովանդակ նորմ է պարունակում նաև Օրենսգրքի 103-րդ հոդվածի 6-րդ մասը՝ համաձայն որի՝ «(…) բողոքը կարող է թողնվել առանց քննության և վերադարձվել դատավարության մասնակցին, եթե այն ստորագրված չէ նրա կամ նրա ներկայացուցչի կողմից կամ չի պարունակում նշում բողոքարկվող գործողության կամ որոշման մասին»։ Արդյունքում՝ բողոք բերած անձը զրկվում է իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված հիմքերով վերադաս դատական ատյանի (տվյալ դեպքում՝ վերաքննիչ դատարանի) կողմից վերանայման՝ Սահմանադրության 69-րդ հոդվածով երաշխավորված իր իրավունքի իրացման հնարավորությունից։ (…) [Ա]նձի՝ դատական բողոքարկման իրավունքի իրացման վերոհիշյալ նախապայմանները նախատեսելիս օրենսդիրն ըստ էության տարբերակված մոտեցում չի դրսևորել այս կամ այն նախապայմանի խախտման և դրան հաջորդող հնարավոր իրավական հետևանքների առումով՝ կապված, մասնավորապես, բողոքի ներկայացման շրջանակներում ձևական և իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող այս կամ այն վրիպումը (սխալը) շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու իրավական հնարավորության նախատեսման հետ, ինչն առկա է քաղաքացիական և վարչական գործերով արդարադատական գործող ընթացակարգերում։ Սակայն, տարբերակված մոտեցում առկա է [ՀՀ քրեական դատավարության] [օ]րենսգրքում` վճռաբեկ բողոքարկման ընթացակարգում։ [ՀՀ քրեական դատավարության] [օ]րենսգրքի 414.1-րդ հոդվածն ըստ էության սահմանազատել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու և այն առանց քննության թողնելու դեպքերը։

Այսպիսով, եթե վերաքննիչ բողոք ներկայացրել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է (բացակայում է այն վերականգնելու հիմնավոր որևէ պատճառ), կամ այն բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման և նման այլ այնպիսի հիմքերի առկայությամբ, երբ անձը վերաքննիչ դատարանի գնահատմամբ փաստի ուժով, իրավական տեսանկյունից օբյեկտիվորեն անկարող է իրացնել դատական բողոքարկման իր իրավունքը, ապա վերջինիս իրացման արգելքը, ինչը նախատեսված է [ՀՀ քրեական դատավարության] [օ]րենսգրքի 381-րդ հոդվածի     2-րդ մասում, իրավական պատշաճ գործընթացի արդյունքում կարող է գնահատվել իրավաչափ։ Մինչդեռ, վերաքննիչ բողոքի բովանդակությանը ներկայացվող բնույթով ձևական որևէ նախապայմանի խախտման հիմքով, երբ առկա է այն շտկելու իրավական ողջամիտ հնարավորություն, անձին Սահմանադրությամբ երաշխավորված դատական բողոքարկման իր իրավունքի իրացումից զրկելը, սահմանափակելը, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, չի կարող բխել մարդու իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի երաշխավորման և իրացման սահմանադրորեն ամրագրված սկզբունքներից, ինչպես նաև այդ բնագավառում հանրային իշխանությանն առաջադրված սահմանադրաիրավական նպատակներից։ Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վեճի առարկա իրավակարգավորմամբ նախատեսված ձևական պահանջների չպահպանման հիմքով, սահմանափակելով անձի հիմնական իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, այդ թվում՝ արդարադատության մատչելիության իրավունքը, խախտվել է Սահմանադրության 78-րդ հոդվածում ամրագրված համաչափության սկզբունքը։ Սահմանադրության 75-րդ հոդվածի սահմանադրաիրավական բովանդակության տեսանկյունից այդ իրավակարգավորումը չի համապատասխանում իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման ընթացակարգի չափանիշներին։ (...)

Սահմանադրական դատարանը նաև գտնում է, որ [ՀՀ քրեական դատավարության] [օ]րենսգրքի 103-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթը՝ վերաքննիչ բողոքի ներկայացման շրջանակներում չի կարող ընկալվել և կիրառվել որպես բողոքը դատարանի կողմից վերադարձնելու իրավական հիմք, եթե առկա է հիշյալ նորմում մատնանշված սխալները շտկելու և բողոքը կրկին ներկայացնելու ողջամիտ հնարավորություն (…)» 11 ։

12.3. Վերոգրյալի hիման վրա Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, (…), վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության» դրույթն այնքանով, որքանով բացառում է վերաքննիչ բողոքին ներկայացվող ձևական և իրավունքի իրացման համար էական խոչընդոտ չհանդիսացող պահանջներին անհամապատասխանության դեպքում բողոք ներկայացրած անձի կողմից այն շտկելու և կրկին վերաքննիչ դատարան ներկայացնելու իրավական հնարավորությունը, հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 69-րդ, 75-րդ և 78-րդ հոդվածներին։

12.4. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ թեև Սահմանադրական դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկվող դրույթը ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը հակասող, դրա ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2018 թվականի դեկտեմբերի 1-ը, սակայն միևնույն ժամանակ ընդգծել է, որ պետք է հաշվի առնվի իր կողմից կայացված որոշման հրապարակման դրությամբ և մինչև համապատասխան օրենսդրական կարգավորումն ընկած ժամանակահատվածում անձանց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկման իրենց իրավունքի իրացման երաշխավորման անհրաժեշտությունը 12:

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի օգոստոսի 31-ի որոշման դեմ (դատապարտյալն այն ստացել էր նույն օրը) դատապարտյալ Ն.Գևորգյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` վերաքննիչ բողոքին ներկայացվող պահանջներից` բողոքը ներկայացրած անձի ստորագրության բացակայության հիմքով։ Վերոնշյալ դատական ակտը դատապարտյալ Ն.Գևորգյանը ստացել է 2017 թվականի սեպտեմբերի 30-ին: 2017 թվականի հոկտեմբերի 10-ին Ն.Գևորգյանը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել, որը Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ 13:

14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 10-12.4-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոքը չստորագրելու ձևական պահանջի չպահպանման պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանի կողմից դատապարտյալի բողոքն առանց քննության թողնելը, իսկ հետագայում նաև թերությունը վերացնելուց հետո բերված վերաքննիչ բողոքն արդեն ժամկետանց լինելու հիմնավորմամբ առանց քննության թողնելն անհամաչափորեն սահմանափակել է բողոքաբերի դատական մատչելիության իրավունքը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշման կայացումը պայմանավորված է եղել Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ, ուստիև ելնելով այդ փաստական հանգամանքից, ինչպես նաև հաշվի առնելով վերոգրյալը՝ վերաքննիչ բողոքը ժամկետանց լինելու պատճառաբանությամբ առանց քննության թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը Վճռաբեկ դատարանի համոզմամբ իրավաչափ չէ: Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատվածությունը հանելու առնչությամբ բողոքաբերի փաստարկին հնարավոր է անդրադառնալ միայն սույն որոշմամբ արձանագրված խախտումները վերացնելուց հետո:

15. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործի նոր քննության ընթացքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, ներկայացված բողոքն իրավունքի ուժով դիտարկելով որպես ժամկետում բերված, պետք է օրենքով սահմանված կարգով քննության առնի այն՝ արդյունքում գալով համապատասխան եզրահանգումների:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Դատապարտյալ Նաիրի Վալերիկի Գևորգյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

_____________________

1  Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 19։

2  Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 46։

3  Տե՛ս Luordo v. Italy գործով 2003 թվականի հոկտեմբերի 17-ի վճիռը, գանգատ թիվ 32190/96, 85-րդ կետ, Staroszczyk v. Poland գործով 2007 թվականի հուլիսի 9-ի վճիռը, գանգատ թիվ 59519/00, 124-րդ կետ, Stanev v. Bulgaria գործով 2012 թվականի հունվարի 17-ի վճիռը, գանգատ թիվ 36760/06, 230-րդ կետ:

4  Տե՛ս նույն տեղում:

5  Տե՛ս Khalfaoui v. France գործով 1999 թվականի դեկտեմբերի 14-ի վճիռը, գանգատ թիվ 34791/97, 36-րդ կետ, Hirschhorn v. Romania գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 29294/02, 50-րդ կետ:

6  Տե՛ս Walchli v. France գործով 2007 թվականի հուլիսի 26-ի վճիռը, գանգատ թիվ 35787/03, 29-րդ կետ:

7 Տե՛ս Efstathiou and others v. Greece գործով 2006 թվականի հուլիսի 27-ի վճիռը, գանգատ թիվ 36998/02, 24-րդ կետ:

8  Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արթուր Այվազյանի գործով 2013 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ՇԴ2/0007/15/12 որոշումը, 16-րդ կետ, Լևոն Հարությունյանի գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0337/06/15 որոշումը, 13-րդ կետ:

9 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.1-րդ կետ:

10 Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.3-րդ կետ:

11  Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 19-ի թիվ ՍԴՈ-1420 որոշումը, 4.5-րդ կետ:

12 Տե՛ս Քաջիկ Մանուկյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի հունիսի 20-ի թիվ ԵԿԴ/0056/11/17 որոշման 12.4.-րդ կետը:

13  Տե՛ս սույն որոշման 2-3-րդ, 5-6-րդ կետերը։

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
ե. դԱՆԻԵԼՅԱՆ
Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան