ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական վերաքննիչ |
Վարչական գործ թիվ ՎԴ/1747/05/11 2012 թ. |
Վարչական գործ թիվ ՎԴ/1747/05/11 |
|
Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան | |
Դատավորներ` Ա. Բաբայան |
|
Հ. Բեդևյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2012 թվականի նոյեմբերի 30-ին,
քննարկելով անհատ ձեռնարկատեր Կարինե Գևորգյանի (այսուհետ՝ Ձեռնարկատեր) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.08.2012 թվականի «Բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ, վարչական գործով ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Նաիրիի տարածքային հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ Ձեռնարկատիրոջ՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ձեռնարկատիրոջից բռնագանձել 1.406.732 ՀՀ դրամ:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 13.06.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.08.2012 թվականի որոշմամբ Դատարանի 13.06.2012 թվականի վճռի դեմ Ձեռնարկատիրոջ` բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ձեռնարկատերը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը գործում առկա գրավոր ապացույցներն անմիջականորեն հետազոտելու և գնահատելու պայմաններում կպարզեր, որ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու միջնորդությունում «պատասխանող»-ի փոխարեն «հայցվոր» նշումը, վճռի հրապարակման և պատասխանողի կողմից այն փաստացի ստանալու ժամկետները սխալ նշելն ուղղակի վրիպակ է եղել, հետևաբար այդ վրիպակները չէին կարող միջնորդությունը մերժելու հիմք հանդիսանալ: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ իրականում Ձեռնարկատերը դատական ակտը ստացել է այն օրենքով սահմանված բողոքարկման ժամկետի ավարտվելուց հետո:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21.08.2012 թվականի որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44)։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք։ Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը։ Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից։ Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում։ Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես՝ Կրեուզն ընդդեմ Լեհաստանի (Kreuz v. Poland), թիվ 28249/95, 2001 թվականի հունիսի 19, կետ 52, Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (Z. and Others v. The United Kingdom), թիվ 29392/95, 91-93-րդ կետեր)։ Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (Տես՝ Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի, թիվ 26737/95, 1997 թվականի դեկտեմբերի 19, կետ 33, Թելինի Էնդ Սանզ ՍՊԸ-ն ու այլոք և Մաք Էլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 20390/92, 1998 թվականի հուլիսի 10, կետ 72 և Խալֆաուն ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 34791/97, 37):
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` Եվրոպական դատարանի խնդիրը ներպետական օրենսդրությունը մեկնաբանելը չէ (տես՝ Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 19.12.1997 թվականի վճիռը, կետ 31), (Brualla Gómez de la Torre v. Spain): Վերջինիս դերը հիմնականում դրսևորվում է դատարանների կողմից ներպետական օրենսդրության մեկնաբանությունը Կոնվենցիայի հետ համատեղելիության տեսանկյունից գնահատելով: Այդ կանոնը կիրառելի է նաև դատարանների կողմից փաստաթղթեր լրացնելու կամ գանգատներ ներկայացնելու հետ կապված ժամկետային սահմանափակումներ նախատեսող դատավարական նորմերի մեկնաբանության նկատմամբ (տես՝ Տեոդոր Գարսիան ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 16.12.1997 թվականի վճիռը, կետ 31), (Tejedor García v. Spain): Եվրոպական դատարանը նշել է նաև, որ գանգատների համար ժամկետային սահմանափակումներ նախատեսող դատավարական նորմերն անկասկած համապատասխան են իրավական հստակության սկզբունքի հետ: Այնուամենայնիվ, դատավարական նման նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է լինեն այնպես, որ կանխարգելեն դատավարության մասնակիցներին օգտագործել իրենց ընձեռված այդ հնարավորությունները (տես՝ Պերեզ դե Ռադա Կավանիլլեսն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 44-45), (Perez De Rada Cavanilles v. Spain):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հետ կապված հարաբերությունների իրավակարգավորման ուսումնասիրությունը վկայում է, որ համաձայն այդ իրավակարգավորման հիմքում ընկած տրամաբանության՝ վերաքննիչ բողոքի թերությունները չեն կարող խոչընդոտել դրանց քննության ընդունման հարցի դրական լուծմանը և կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը: Նշված տրամաբանությունն էլ իր հերթին բխում է դատարանի մատչելիությունն ապահովելու անհրաժեշտությունից (Նմանատիպ դիրքորոշումը տե՛ս նաև ՀՀ սահմանադրական դատարանի 27.05.2008 թվականի թիվ ՍԴՈ-754 գործով որոշմամբ, կետ 6):
Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 2004 թվականի դեկտեմբերի 15-ի Վարչական ակտերի դատական վերահսկողության վերաբերյալ թիվ 20 հանձնարարականի «B սկզբունքներ» բաժնի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` նվազագույնը ֆիզիկական և իրավաբանական անձանց պետք է հասանելի լինի այն վարչական ակտերի դատական վերանայումը, որոնք շոշափում են վերջիններիս իրավունքները և շահերը: Նույն բաժնի 4-րդ կետի 9-րդ ենթակետի համաձայն` վարչական ակտը վերանայող դատարանի որոշումը պետք է գոնե կարևոր գործերով ենթակա լինի բողոքարկման վերադաս ատյան, բացառությամբ այն դեպքերի, երբ գործը ներպետական օրենսդրության համապատասխան, ուղղակի տրվում է վերադաս ատյանին: Հանձնարարականի 4 (i) սկզբունքի 83-րդ ենթակետի համաձայն` դիմողի` ներպետական օրենսդրությամբ սահմանված ողջամիտ ժամկետում դատական ակտը բողոքարկելու իրավունքը պետք է ճանաչվի բոլոր պետություններում:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ կողմերը նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը:
Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ անձի՝ դատական ակտը բողոքարկելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող և միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դրանք կայացնելու կարգի, դրանց կառուցվածքի և բովանդակության, գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման, այն մասնակիցներին ուղարկելու, դատական ակտում առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ վճռի կայացման, վճռի պարզաբանման նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն՝ հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցող անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 117.6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:
Սույն գործով Վերաքննիչ դատարանը բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելիս և վերաքննիչ բողոքը վերադարձնելիս պատճառաբանել է, որ «… գործով վճիռը հրապարակվել է 2012 թվականի հունիսի 13-ին, օրինական ուժի մեջ է մտել 2012 թվականի հուլիսի 14-ին, և հետևապես սույն գործով կայացված վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող էր բերվել մինչև 2012 թվականի հուլիսի 13-ը ներառյալ, որպիսի ժամկետը բողոքաբերի կողմից բաց է թողնվել` բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 2012 թվականի օգոստոսի 09-ին։ Ինչ վերաբերում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին բողոքաբերի միջնորդությանը, ապա այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ. Անհատ ձեռնարկատեր Կարինե Գևորգյանը որպես միջնորդության հիմնավորում նշել է. «...բողոքարկվող վճիռը հրապարակվել է 05.04.2012 թվականին, հայցվորն այն ստացել է 03.05.2012 թվականին և իր կամքից անկախ պատճառով բաց է թողել բողոքարկման մեկամսյա ժամկետը...»։ Նախ, գործով բողոքաբերը հանդիսանում է պատասխանող, այլ ոչ թե հայցվոր և բացի այդ, ինչպես վերը նշվել է, վճիռը հրապարակվել է 2012 թվականի հունիսի 13-ին, այլ ոչ թե 2012 թվականի ապրիլի 05-ին և հետևապես նշված գործով վճիռը բողոք բերող անձը չէր կարող ստանալ 2012 թվականի մայիսի 03-ին։ Ուստի, բաց թողնված դատավարական ժամկետը չի կարող համարվել հարգելի և միջնորդությունը ենթակա է մերժման»:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանի կողմից սույն գործով 13.06.2012 թվականին հրապարակված վճիռն ըստ գործում առկա հետադարձ ծանուցման անդորրագրի Ձեռնարկատիրոջն առաքվել է փոստային եղանակով միայն 19.07.2012 թվականին: Այսինքն՝ Ձեռնարկատիրոջ կողմից Դատարանի վճիռը ստանալու պահին արդեն իսկ սպառված է եղել այն բողոքարկելու օրենսդրությամբ նախատեսված մեկամսյա ժամկետը, և եղել է օրինական ուժի մեջ մտած: Հետևաբար Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի վճիռը բողոքարկելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված մեկամսյա ժամկետը Ձեռնարկատիրոջ կողմից բաց է թողնվել նրա կամքից անկախ պայմաններում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ակտը բողոքարկելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված սահմանափակումները Վերաքննիչ դատարանը սույն գործով պետք է կիրառեր Ձեռնարկատիրոջ իրավունքների դատական պաշտպանության մատչելիության լույսի ներքո, հետևաբար բաց թողած ժամկետը վերականգնելու մասին Ձեռնարկատիրոջ միջնորդությունը ենթակա էր բավարարման:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Ձեռնարկատերը զրկվել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ, 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-րդ, 118.17-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 21.08.2012 թվականի «Բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ա. Բարսեղյան | |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Է. Հայրիյա | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|