Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (18.09.2013-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարի առաջին տեղակալ
Дата принятия
18.09.2013
Подписан
Նալբանդյանի գյուղական համայնքի ավագանի
Дата подписания
18.09.2013
Дата вступления в силу
18.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0233/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0233/02/11
2013թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան  

Դատավորներ՝  

 Ն. Տավարացյան
   Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

  մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

 

2013 թվականի սեպտեմբերի 18-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Նունե Բաբայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ հայցի «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ընդդեմ Արթուր Համբարյանի, Ծովինար Խոջայանի և Նունե Բաբայանի` 15.287 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և այդ գումարի նկատմամբ հաշվարկման ենթակա տուժանքի բռնագանձման պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ
 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Արթուր Համբարյանից, Ծովինար Խոջայանից, Նունե Բաբայանից համապարտության կարգով բռնագանձել 15.287 ԱՄՆ դոլար` չվճարված պարտքի գումար, և սկսած վարկի դուրս գրման օրվանից` 29.04.2011 թվականից, մինչև վճարման օրը չվճարված գումարի վրա հաշվարկել վարկային պայմանագրի 5.6 կետով նախատեսված օրական 0,12 տոկոս տուժանք:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Սիսակյան) (այսուհետ՝ Դատարան) 06.06.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝Վերաքննիչ դատարան) 29.07.2013 թվականի որոշմամբ Նունե Բաբայանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նունե Բաբայանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը     

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածն ու «ԽղՃի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ 13.12.2012 թվականի ՀՀ կառավարության թիվ 1558-Ն որոշումը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ, 75-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է  հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոքարկման ժամկետը լրանում է 07.07.2013 թվականին, և 07.07.2013 և 08.07.2013 թվականները ոչ աշխատանքային օրեր են, որի պատճառով էլ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 09.07.2013 թվականին, և Նունե Բաբայանի կողմից ժամկետի խախտում չի եղել:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.07.2013 թվականի որոշումը:

 

3.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկ վերանայման ենթարկելը բխում է օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթից և գտնում, որ  սույն գործով արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն ունեն նմանատիպ գործերով միասնական դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն բողոքի շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադառնում է առաջին ատյանի դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետների հաշվարկման հարցին։

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

Օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

Օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվվող դատավարական ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա սկիզբը:

Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` տարիներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին և ամսաթվին: Ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Եթե ամիսներով հաշվվող ժամկետի վերջը համընկնում է այնպիսի ամսվա, որը համապատասխան ամսաթիվ չունի, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:

«Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի հետ կապված՝ կառավարությունը կարող է աշխատանքային օրերը տեղափոխել:

ՀՀ կառավարության 13.12.2012 թվականի թիվ 1558-Ն որոշմամբ սահմանվել է, որ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածն ու «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածը` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշել է 2013 թվականի ապրիլի 01-ի, հուլիսի 08-ի, օգոստոսի 19-ի և սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2013 թվականի ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը և սեպտեմբերի 28-ը` շաբաթ օրերը:

Վկայակոչված դրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատավարական ժամկետները հաշվարկվում են նաև ամիսներով, և ամիսներով հաշվվող ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Այն դեպքում, երբ ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը: Միաժամանակ, ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը, իսկ նշված ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը: Այսպես, 2013 թվականի հուլիսի 05-ից մինչև հուլիսի 08-ը ներառյալ ոչ աշխատանքային օրեր են: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, և դրա  դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

Վերաքննիչ դատարանը, նշելով, որ վերաքննիչ բողոքը բոլոր դեպքերում վերադարձվում է, եթե այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, իսկ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում վերաքննիչ դատարանը կարող է կայացնել այն դեպքում, երբ բացակայում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքերը, արձանագրել է, որ Դատարանի վճիռը կայացվել է 06.06.2013 թվականին, իսկ այդ վճռի դեմ վերաքննիչ բողոքը Նունե Բաբայանի կողմից ներկայացվել է 09.07.2013 թվականին: Վերաքննիչ բողոք բերելու ժամկետի հաշվարկը սկսվում է Դատարանի վճիռը կայացնելու հաջորդ օրվանից` 07.06.2013 թվականին և լրանում է 07.07.2013 թվականին, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հուլիսի 07-ը ոչ աշխատանքային օր է հետևաբար ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը` 08.07.2013 թվականը: Մինչդեռ Նունե Բաբայանը, վերաքննիչ բողոք ներկայացնելով 09.07.2013 թվականին, բաց է թողել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը և չի ներկայացրել միջնորդություն բաց թողած ժամկետը վերականգնելու մասին:

Համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի վճիռը հրապարակվել է 06.06.2013 թվականին, դրա դեմ վերաքննիչ բողոք բերվել է 09.07.2013 թվականին, իսկ ՀՀ կառավարության 13.12.2012 թվականի թիվ 1558-Ն որոշմամբ 2013 թվականի հուլիսի 08-ը հայտարարվել է ոչ աշխատանքային և տեղափոխվել է սույն թվականի հուլիսի 13-ը: Այսինքն` վերաքննիչ բողոքը ներկայացվել է օրենսդրությամբ սահմանված ժամկետում` ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը` 09.07.2013 թվականին, և որևէ դատավարական ժամկետի խախտում առկա չէ, հետևաբար Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ վերաքննիչ բողոքը բոլոր դեպքերում վերադարձվում է, եթե այն բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և չի ներկայացվել միջնորդություն բացթողած ժամկետը վերականգնելու մասին, անհիմն են:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատա­վարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա վերաքննիչ բողոքի վերադարձմամբ վիճարկվող որոշմամբ խախտվել են ՀՀ Սահմանադրության և միջազգային իրավական փաստաթղթերով նախատեսված` անձի դատական պաշտպա­նու­թյան, դատարանի մատչելիության, դատարանում լսվելու, վերա­քննիչ դատարանում իրա­վական պաշտ­պանություն հայցելու իրավունքները:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

  Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.07.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան
  Վ. Աբելյան
  Ս. Անտոնյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
  Է. Հայրիյան
 

Տ. Պետրոսյան