ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2017 թվականի N 1535-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) զբոսաշրջության ոլորտին առնչվող, սակայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի իրավասություններից դուրս հարցերի քննարկման նպատակով:
2. Հաստատել՝
1) հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի.
2) հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. դեկտեմբերի 26 Երևան |
Հավելված N 1 |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ս. Վ. Սիսեռյան |
- ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահ) |
Տ․ Խաչատրյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
Հ. Գրիգորյան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ |
Ա. Արզումանյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ |
Տ. Գալստյան |
- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Հ. Սիմիդյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ |
Ա. Ղազարյան |
- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Տ․Ռևազյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվության տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետ |
Ա․ Մինասյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական |
Ա. Խզմալյան |
- Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Կիրակոսյան |
- Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) |
Տ. Ասողիկ քահանա Կարապետյան |
- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն (համաձայնությամբ) |
(հավելվածը խմբ. 29.11.18 N 1606-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |
Հավելված N 2 |
ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են զբոսաշրջության ոլորտին առնչվող, սակայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի իրավասություններից դուրս հարցերի քննարկման նպատակով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատանքների կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ
3. Հանձնաժողովի նպատակն է զբոսաշրջության ոլորտին առնչվող հարցերով պետական մարմինների աշխատանքների մեկտեղումը, զբոսաշրջության ոլորտին առնչվող, սակայն Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի իրավասություններից դուրս հարցերի քննարկումը, լուծմանն ուղղված առաջարկությունների մշակումն ու ներկայացումն իրավասու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով։
5. Հանձնաժողովը ղեկավարում և հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը:
6. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարում է հանձնաժողովի նախագահի տեղակալը:
7. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
8. Հանձնաժողովում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
9. Հանձնաժողովի նիստն արձանագրվում է: Արձանագրությունը, որը ներառում է նիստի ընթացքում բարձրացված հարցերը և դրանց լուծման վերաբերյալ առաջարկները, ստորագրվում է հանձնաժողովի նախագահի և նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների կողմից:
10. Արձանագրությունն ուղարկվում է գործադիր իշխանության հանրապետական և տարածքային մարմիններին` ի կատարումն, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն` արձանագրության մեջ նշված հարցերի լուծմանն ընթացք տալու առաջարկությամբ:
11. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են և հարցերը քննարկվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի առաջարկությամբ:
12. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն հարցերը ներկայացնում է հանձնաժողովին մասնավոր հատվածից և այլ շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկությունների և նրանց հետ քննարկումների արդյունքում:
13. Հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի անդամների կողմից քննարկվում է նախորդ նիստի արձանագրության մեջ տեղ գտած հարցերի կատարման ընթացքը, ներկայացվում են նոր հարցեր:
14. Հանձնաժողովի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն է:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
15. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.
2) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները.
3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները, հաստատում է հանձնաժողովի նիստերի օրակարգերը:
V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԸ
16. Հանձնաժողովի անդամը`
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.
2) իր իրավասության սահմաններում ապահովում է հանձնաժողովի և հանձնաժողովում իր կողմից ներկայացվող կառույցի միջև ընդհանուր տեսլականի ձևավորումն ու արդյունավետ համագործակցությունը.
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները:
VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
17. Հանձնաժողովի քարտուղարությունը`
1) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, հանձնաժողովի անդամների առաջարկությամբ, մասնավոր հատվածի հետ քննարկումների արդյունքում ձևավորում է հանձնաժողովի նիստի օրակարգը և ներկայացնում է այն հանձնաժողովի նախագահի հաստատմանը.
2) հանձնաժողովի անդամներին տրամադրում է հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգը և հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը.
3) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը, կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների ստորագրությանը:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |