Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.10.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
10.10.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
10.10.2014
Дата вступления в силу
10.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ3/0342/05/13

2014 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ3/0342/05/13

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2014 թվականի հոկտեմբերի 10-ին,

քննարկելով ըստ հայցի Սամվել Գևորգյանի ընդդեմ ՀՀ Արարատի մարզի Մասիսի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արարատի մարզային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Աշոտ Գևորգյանի, երրորդ անձինք Համլետ և Ստեփան Գևորգյանների, Սեդա Գևորգյանի` Մասիսի քաղաքապետի (քաղաքապետարանի) կողմից Սեդա Գևորգյանի անվամբ անթվակիր տեղեկանքը տրամադրելուն ուղղված գործողությունը, 20.12.2000 թվականի քաղվածքը տրամադրելուն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, Մասիս համայնքի ղեկավարի 12.12.2000 թվականի թիվ 206 որոշումն առ ոչինչ ճանաչելու, Կադաստրի կողմից 21.04.2008 թվականին Սեդա և Աշոտ Գևորգյանների սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու, Մասիս քաղաքատիպ ավանի 3-րդ փողոցի թիվ 94 (նախկինում` թիվ 82) հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Սեդա Գևորգյանի և Աշոտ Գևորգյանի սեփականության իրավունքը և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 17.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Սամվել Գևորգյանի ներկայացուցիչ Արտավազդ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սամվել Գևորգյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Մասիսի քաղաքապետի (քաղաքապետարանի) կողմից Սեդա Գևորգյանի անվամբ անթվակիր տեղեկանքը և 20.12.2000 թվականի քաղվածքը տրամադրելուն ուղղված գործողությունները, առ ոչինչ ճանաչել Մասիս համայնքի ղեկավարի 12.12.2000 թվականի թիվ 206 որոշումը, ոչ իրավաչափ ճանաչել Կադաստրի կողմից 21.04.2008 թվականին Սեդա և Աշոտ Գևորգյանների սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն ուղղված գործողությունը, անվավեր ճանաչել Մասիս քաղաքատիպ ավանի 3-րդ փողոցի թիվ 94 (նախկինում` թիվ 82) հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Սեդա և Աշոտ Գևորգյանների սեփականության իրավունքը և սեփականության իրավունքի պետական գրանցումը:

ՀՀ վարչական դատարանի 07.11.2013 թվականի որոշմամբ Սամվել Գևորգյանի միջնորդությունը բավարարվել է, և սույն վարչական գործով որպես երրորդ անձինք են ներգրավվել Համլետ և Ստեփան Գևորգյանները:

ՀՀ վարչական դատարանի 24.02.2014 թվականի որոշմամբ սույն վարչական գործով որպես երրորդ անձ է ներգրավվել Սեդա Գևորգյանը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Պողոսյան) (այսուհետ` Դատարան) 24.02.2014 թվականի որոշմամբ թիվ ՎԴ3/0342/05/13 գործի վարույթը կասեցվել է Սեդա Գևորգյանի մահվան կապակցությամբ` նկատի ունենալով, որ վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.04.2014 թվականի որոշմամբ Սամվել Գևորգյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 24.02.2014 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամվել Գևորգյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը և այդ հոդվածի մեկնաբանության 64-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 19-րդ հոդվածը, 20-րդ հոդվածի 1-ին մասը, 94-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ Սեդա Գևորգյանը մահացել է դեռևս 16.03.2009 թվականին, և վերջինիս իրավունակությունը դադարել է նրա մահվան փաստով, գտել է, որ Դատարանն իրավացիորեն է ներգրավել մահացած անձին որպես դատավարության կողմ այն պարագայում, երբ վերջինս մահացել է մինչև սույն գործով հայցադիմումը վարույթ ընդունելը, այն է` 23.09.2013 թվականը: Անտեսվել է նաև այն հանգամանքը, որ նշված պարագայում հանգուցյալ Սեդա Գևորգյանի իրավունքներն այլևս չեն կարող շոշափվել սույն գործով կայացվելիք դատական ակտով, իսկ այն անձանց իրավունքները, ովքեր ունեն վերջինիս գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու հավակնություն, արդեն իսկ ներգրավված են գործում որպես երրորդ անձ:

Այսինքն` ստորադաս դատարանները, արձանագրելով, որ Սեդա Գևորգյանը մահացել է 16.03.2009 թվականին, անտեսել են նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ մինչ դատավարությունը մահացած անձի` Սեդա Գևորգյանի իրավահաջորդության հարցն արդեն իսկ լուծված է` նկատի ունենալով, որ սույն գործով Աշոտ, Ստեփան, Համլետ և Սամվել Գևորգյանները` որպես Սեդա Գևորգյանի իրավահաջորդներ, արդեն իսկ ներգրավված են որպես դատավարության մասնակիցներ:

«Դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո» բառակապակցությունն ուղղակիորեն նշանակում է, որ նորմը վերաբերում է այն դեպքերին և կիրառելի է բացառապես այն դեպքում, երբ անձն իր կյանքի ընթացքում հանդիսացել է դատավարության մասնակից, մահացել է մինչև դատավարության ավարտը, և եթե նրա մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

Մինչդեռ, ստորադաս դատարանները, նշելով, որ Սեդա Գևորգյանը մահացել է 23.03.2009 թվականին, անտեսել են, որ այդ փաստի ուժով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով գործի վարույթը կասեցնելու հիմքերը բացակայում են, քանի որ Սեդա Գևորգյանը դատավարության ընթացքում ողջ չի եղել և դատավարության ընթացքում չի մահացել:

Բացի այդ, սույն գործով հայցապահանջի շրջանակներում վիճարկվում է հանգուցյալ Սեդա Գևորգյանի սեփականության իրավունքը և վերջինիս անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը, որոնք անվավեր ճանաչելու մասով Ստեփան և Համլետ Գևորգյանները պատշաճ պատասխանողներ չեն կարող հանդիսանալ, քանի որ վերջիններիս` Սեդա Գևորգյանի ժառանգությունն ընդունած լինելու փաստը թիվ ԱՎԴ2/0128/02/12 քաղաքացիական գործի շրջանակներում վիճելի է. այդ իսկ պատճառով Սամվել Գևորգյանի միջնորդությամբ նրանք ներգրավվել են որպես երրորդ անձինք:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` վերացնել Դատարանի 24.02.2014 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար, ինչպես նաև Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը միաժամանակ պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի սխալ մեկնաբանելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ դատարանի կողմից մահացած անձին որպես դատավարության մասնակից, այդ թվում` երրորդ անձ ներգրավելու և վերջինիս մահվան հիմքով գործի վարույթը կասեցնելու իրավաչափության հարցին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքներ ունենալու և պարտականություններ կրելու ունակությունը (քաղաքացիական իրավունակություն) բոլոր քաղաքացիների համար ճանաչվում է հավասարապես:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացու իրավունակությունը ծագում է նրա ծննդյան պահին և դադարում է մահվամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակությունը (դատավարական իրավունակություն) ճանաչվում է բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց համար` հավասար չափով։ Նույն օրենսգրքի դրույթները տարածվում են նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ֆիզիկական և իրավաբանական անձինք օժտված են դատարանում իրենց գործողություններով իրավունքներ իրականացնելու և պարտականություններ ստանձնելու ունակությամբ (դատավարական գործունակություն)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ վարչական դատավարության մասնակիցներն են կողմերը` հայցվորը և պատասխանողը, ինչպես նաև երրորդ անձինք։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի համաձայն`

1. Երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են կամ մարմինները, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը։

2. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա։

3. Եթե դատական ակտը անխուuափելիորեն և ուղղակիորեն տարածվելու է նաև որոշակի անձանց կամ մարմինների վրա, ապա վարչական դատարանը պարտավոր է այդ անձանց (մարմիններին) ներգրավել դատավարության մեջ որպեu երրորդ անձ։

4. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել մինչև դատաքննության ավարտը:

(…)

7. Երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

Վերը նշված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ վարչական դատավարության մասնակից հանդիսանալու համար սուբյեկտը պետք է օժտված լինի դատավարական իրավունակությամբ, ինչը ենթադրում է դատավարական իրավունքներ ունենալու և դատավարական պարտականություններ կրելու ունակություն:

Դատավարական իրավունակությունը բոլոր ֆիզիկական անձանց համար օրենսդրորեն ճանաչվում է հավասար չափով, այն ծագում է ֆիզիկական անձանց ծննդյան պահից և դադարում վերջիններիս մահվամբ, իսկ ֆիզիկական անձի տարիքը, հոգեկան հիվանդությունները, առողջական վիճակը, ընդհանուր առմամբ, չեն ազդում իրավունակության վրա: Ֆիզիկական անձինք կարող են մասնակից լինել վարչական դատավարությանը, այսինքն` հանդես գալ հայցվորի, պատասխանողի կամ երրորդ անձի դերում, ունենալ դատավարական իրավունքներ և կրել դատավարական պարտականություններ` սկսած իրենց ծննդյան պահից մինչև մահը, իսկ մահացած, այսինքն` իրավունակությունը դադարած ֆիզիկական անձը չի կարող հանդես գալ որպես դատավարության մասնակից:

Վերը նշվածից ելնելով` հարկ է արձանագրել, որ դատական պրակտիկայում բացառություն չեն կազմում այն դեպքերը, երբ դատավարության մասնակից ֆիզիկական անձը մահանում է գործի քննության ընթացքում: Այդ դեպքը, մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում դասվում է գործի վարույթը կասեցնելու պարտադիր հիմքերի շարքին, եթե դատավարության մասնակից հանդիսացող ֆիզիկական անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն: Այդ դեպքում դատարանը կասեցնում է գործի վարույթը մահացած դատավարության մասնակցին նրա իրավահաջորդով փոխարինելու նպատակով:

Վճռաբեկ դատարանը, իր նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գործին մասնակցող քաղաքացու մահվան հիմքով գործի վարույթը կասեցնելու հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործին մասնակցող քաղաքացու մահվան դեպքում նրան իրավահաջորդով փոխարինելը հետապնդում է դատավարությունում կողմի ներկայությունն ապահովելու և դրա միջոցով նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության ապահովման նպատակ, որի բացակայության դեպքում գործի վարույթը վկայակոչված հիմքով կասեցվել չի կարող, քանի որ իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել միայն շահագրգիռ անձի կողմից որոշակի դատավարական գործողություններ կատարելու դեպքում (տե՛ս, Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյաններն ընդդեմ Լուսիկ Գևորգյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով գործի վարույթը կասեցնելու դատարանի լիազորությունը կիրառելի է միայն այն դեպքում, երբ մահացած ֆիզիկական անձն իր կենդանության օրոք մասնակցել է դատավարությանը, այսինքն` կենդանության օրոք հանդես է եկել հայցվորի, պատասխանողի կամ երրորդ անձի դերում: Այլ կերպ ասած` անձի մահվան հիմքով գործի վարույթը կասեցնելն իրավաչափ է այն պարագայում, երբ ֆիզիկական անձը մինչև իր մահը հանդիսացել է դատավարության մասնակից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանն իրավասու չէ նախ` դատավարությանը մասնակից դարձնել մինչ գործի քննությունը սկսվելը մահացած` իրավունակությունը դադարած ֆիզիկական անձին, ապա` որպես հետևանք` նշված դատավարությանը մասնակից դարձված ֆիզիկական անձի մահվան հիմքով կասեցնել գործի վարույթը: Այլ կերպ ասած` դատարանն իրավասու չէ կասեցնել գործի վարույթը մահանալու պահի դրությամբ դատավարության մասնակից չհանդիսացող ֆիզիկական անձի մահվան հիմքով:

Սույն գործի փաստերի համաձայն` Սեդա Գևորգյանը մահացել է 16.03.2009 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 25):

Սամվել Գևորգյանը 17.09.2013 թվականին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել Մասիսի քաղաքապետի (քաղաքապետարանի) կողմից Սեդա Գևորգյանի անվամբ անթվակիր տեղեկանքը և 20.12.2000 թվականի քաղվածքը տրամադրելուն ուղղված գործողությունները, առ ոչինչ ճանաչել Մասիսի համայնքի ղեկավարի 12.12.2000 թվականի թիվ 206 որոշումը, ոչ իրավաչափ ճանաչել Կադաստրի կողմից 21.04.2008 թվականին Սեդա և Աշոտ Գևորգյանների սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն ուղղված գործողությունը, անվավեր ճանաչել Մասիս քաղաքատիպ ավանի 3-րդ փողոցի թիվ 94 (նախկինում` թիվ 82) հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Սեդա Գևորգյանի և Աշոտ Գևորգյանի սեփականության իրավունքը և սեփականության իրավունքի պետական գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 2-21):

Դատարանի 23.09.2013 թվականի որոշմամբ Սամվել Գևորգյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 1-ին, գ.թ. 95):

Դատարանն իր նախաձեռնությամբ 24.02.2014 թվականի որոշմամբ սույն գործով որպես երրորդ անձ է ներգրավել Սեդա Գևորգյանին: Դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կասեցվել է երրորդ անձ Սեդա Գևորգյանի մահվան կապակցությամբ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն (հատոր 3-րդ, գ.թ. 74-76):

Վերաքննիչ դատարանն իր 17.04.2014 թվականի որոշմամբ մերժել է Դատարանի 24.02.2014 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման դեմ Սամվել Գևորգյանի բերած վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողել նշված որոշումը: Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ անհիմն է գտել բողոքով ներկայացված այն հիմնավորումը, որ կողմին իրավահաջորդությամբ փոխարինելը տեղի է ունենում բացառապես այն դեպքում, երբ վերջինս հանդիսացել է դատավարության կողմ (դատավարության ընթացքում եղել է ողջ) և մահացել է դատավարության ընթացքում, իսկ մինչև դատավարությունը մահացած անձին հայցապահանջով որպես կողմ ներգրավելու դեպքում վերջինս դատավարության մասնակից չի կարող համարվել` իրավունակությունը դադարած լինելու հիմքով, և պատճառաբանել, որ «վարչական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման օրինականությունը գնահատելու շրջանակում նշված հարցը չի կարող քննարկման առարկա դառնալ, քանի որ անձին որպես կողմ ներգրավելու մասին որոշումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի ուժով կայացվում է առանձին ակտի տեսքով, իսկ նույն օրենսգրքի 131-րդ հոդվածը, որը սահմանում է այն միջանկյալ դատական ակտերը, որոնք վերաքննության կարգով ենթակա են բողոքարկման, «Երրորդ անձ ներգրավելու մասին» որոշումը չի նախատեսում որպես բողոքարկման ենթակա դատական ակտ» (հատոր 3-րդ, գ.թ. 135):

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանություններն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Ինչպես նշվեց, ֆիզիկական անձինք կարող են մասնակցել վարչական դատավարությանը, այսինքն` հանդես գալ հայցվորի, պատասխանողի կամ երրորդ անձի դերում իրենց ծննդյան պահից մինչև մահը: Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով գործի վարույթը հնարավոր է կասեցնել միայն այն դեպքում, երբ ֆիզիկական անձն իր կենդանության օրոք մինչև մահանալու պահը հանդիսացել է դատավարության մասնակից: Հետևաբար, դատարանը չունի հնարավորություն կասեցնել գործի վարույթը մահանալու պահի դրությամբ դատավարության մասնակից չհանդիսացող ֆիզիկական անձի մահվան հիմքով: Դատարանը, գործով երրորդ անձ ներգրավելու որոշում կայացնելով, անձի վրա չի կարող դնել դատավարության մասնակից դառնալու պարտականություն, իսկ վերջինս էլ չի կարող ձեռք բերել դատավարության մասնակցի իրավունքներ, քանի որ մահվան փաստով վերացել են անձի այդ ունակությունները (իրավունակությունը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, կասեցնելով սույն վարչական գործի վարույթը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով, իսկ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի 24.02.2014 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը, հաշվի չեն առել այն հանգամանքը, որ հանգուցյալ Սեդա Գևորգյանի իրավունակությունը դեռևս 16.03.2009 թվականին դադարած լինելու պայմաններում վերջինս չէր կարող ներգրավվել սույն գործով որպես դատավարության մասնակից, ավելին` մինչ գործի քննությունը սկսվելը մահացած և մահվանից շուրջ չորս տարի անց դատավարությանը մասնակից դարձված անձի մահվան հիմքով գործի վարույթը չէր կարող կասեցվել:

Վերը շարադրված հիմնավորումների արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հանգուցյալ Սեդա Գևորգյանը չէր կարող ներգրավվել սույն վարչական գործով որպես երրորդ անձ, հետևաբար վերջինիս մահը չէր կարող հիմք հանդիսանալ վարչական գործի վարույթը կասեցնելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը կասեցնելու որևէ իրավական հիմք առկա չէ, և սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 17.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 24.02.2014 թվականի «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան