Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.03.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
12.03.2010
Дата вступления в силу
12.03.2010

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ  ԼԴ/0042/02/09

Քաղաքացիական գործ  թիվ  ԼԴ/0042/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պետրոսյան
Դատավորներ`               Ա. Խառատյան
                                            Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Է. ՀայրԻյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին 

քննարկելով Անուշավան Աղաջանյանի, Գագիկ Աթաբեկյանի, Սամվել Երիցյանի, Էդիկ Բաղրամյանի, Ռուզան Ալեքսանյանի, Արթուր Բաղրամյանի, Արմեն Հարությունյանի, Հենրիկ Սերոբյանի, Փառանձեմ Շամամյանի ներկայացուցիչ Արտակ Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2009 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Գևորգ Շահինյանի ընդդեմ Սամվել Երիցյանի, Անուշավան Աղաջանյանի, Գագիկ Աթաբեկյանի, Արմեն Մանվելյանի, Էդիկ Բաղրամյանի, Ռուզան Ալեքսանյանի, Արթուր Բաղրամյանի, Արմեն Հարությունյանի, Հենրիկ Սերոբյանի, Արմեն Սերոբյանի, Փառանձեմ Շամամյանի` հողամասում տեղադրված առևտրային տաղավարները տարածքից հանելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, և Արմեն Հարությունյանի, Հենրիկ Սերոբյանի, Արամայիս Երիցյանի և Արթուր Բաղրամյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Գևորգ Շահինյանի, «Վանաձորի շուկա» ՍՊԸ-ի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանման` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ  

 

1. Գործով կայացված դատական ակտի էությունը

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան)  20.10.2009 թվականի վճռով Գևորգ Շահինյանի հայցն ընդդեմ Անուշավան Աղաջանյանի, Գագիկ Աթաբեկյանի, Արմեն Մանվելյանի, Էդիկ Բաղրամյանի, Ռուզան Ալեքսանյանի, Արթուր Բաղրամյանի, Արմեն Հարությունյանի, Հենրիկ Սերոբյանի, Արմեն Սերոբյանի, Փառանձեմ Շամամյանի` վտարման և գումարի բռնագանձման պահանջների մասին, բավարարվել է, իսկ Սամվել Երիցյանի դեմ ուղղված պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է: Արմեն Հարությունյանի, Հենրիկ Սերոբյանի և Արթուր Բաղրամյանի հակընդդեմ հայցը մերժվել է, իսկ Արամայիս Երիցյանի հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.12.2009 թվականի որոշմամբ Դատարանի 20.10.2009 թվականի վճռի դեմ Անուշավան Աղաջանյանի, Գագիկ Աթաբեկյանի, Սամվել Երիցյանի, Էդիկ Բաղրամյանի, Ռուզան Ալեքսանյանի, Արթուր Բաղրամյանի, Արմեն Հարությունյանի, Հենրիկ Սերոբյանի, Փառանձեմ Շամամյանի ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջը պահպանված չլինելու` բողոքի պատճենը Արամայիս Երիցյանին ուղարկելու վերաբերյալ ապացույց վերաքննիչ բողոքին կցված չլինելու պատճառաբանությամբ` արձանագրելով թույլ տրված խախտումը վերացվելուց հետո երկշաբաթյա ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորության մասին:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անուշավան Աղաջանյանի, Գագիկ Աթաբեկյանի, Սամվել Երիցյանի, Էդիկ Բաղրամյանի, Ռուզան Ալեքսանյանի, Արթուր Բաղրամյանի, Արմեն Հարությունյանի, Հենրիկ Սերոբյանի, Փառանձեմ Շամամյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի, 210-րդ հոդվածի 4-րդ կետի, 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Արամայիս Երիցյանը 24.06.2009 թվականին մահացել է, հետևաբար այդ օրվանից դադարել է նրա քաղաքացիական և դատավարական իրավունակությունը, այսինքն`Արամայիս Երիցյանը դադարել է գործին մասնակցող անձ լինելուց, հետևաբար վերաքննիչ բողոք բերած անձը պարտավոր չէր նրան ուղարկել բողոքի պատճենը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 10.12.2009 թվականի որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները՝ դատական ակտ կայացրած դատարանին և գործին մաuնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210-րդ հոդվածի պահանջները:

Տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին Վերաքննիչ դատարանի 10.12.2009 թվականի որոշման հիմքում դրվել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքին չի կցվել դրա պատճենը գործին մասնակցող անձ Արամայիս Երիցյանին ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց:

Մինչդեռ գործում առկա 29.06.2009 թվականի մահվան վկայականի համաձայն` Արամայիս Երիցյանը 24.06.2009 թվականին մահացել է (հ. 5, գ.թ. 110), իսկ Դատարանի 20.10.2009 թվականի վճռով վերջինիս հակընդդեմ հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է` այն հիմքով, որ գործին մասնակցող անձի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը (հ. 7, գ.թ. 28-41):

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արամայիս Երիցյանի մահվան կապակցությամբ վերջինս դադարել է գործին մասնակցող անձ լինելուց, հետևաբար վերաքննիչ բողոքի պատճենը նրան ուղարկելու անհրաժեշտությունը բացակայել է: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով Արամայիս Երիցյանի մահվան փաստը, վերաքննիչ բողոքը վերադարձրել է` բողոքի պատճենը նրան ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց վերաքննիչ բողոքին կցված չլինելու պատճառաբանությամբ, այսինքն` Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոք բերած անձի համար ստեղծելով արհեստական խոչընդոտ, նրան զրկել է դատական պաշտպանության իրավունքից            

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի   240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ  

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.12.2009 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Է. ՀայրԻյան

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան