ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4727/02/14 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4727/02/14 |
Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան |
Դատավորներ՝ |
Ա. Հունանյան |
Ա. Պետրոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2016 թվականի հունվարի 20-ին,
քննարկելով ըստ հայցի «Յունիբանկ» ՓԲԸ-ի (ներկայումս «Յունիբանկ ԲԲԸ») (այսուհետ` Բանկ) ընդդեմ «Միհրան և Թամարա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Տիգրան Ներսիսյանի, Իռենա Ջահանգիրյանի` պարտավորությունները վաղաժամկետ կատարելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Տիգրան Ներսիսյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանի և Իռենա Ջահանգիրյանի ներկայացուցիչ Էմիլ Ներսիսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է 27.06.2011 թվականին կնքված թիվ 189 և 28.12.2011 թվականին կնքված թիվ 209 վարկային պայմանագրերի հիման վրա Ընկերությունից, Տիգրան Ներսիսյանից և Իռենա Ջահանգիրյանից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձել համապատասխանաբար 25.975,26 ԱՄՆ դոլարին և 3.765,75 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ բռնագանձումը տարածելով Տիգրան Ներսիսյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մամիկոնյանց փողոցի թիվ 51 շենքի 32-րդ հասցեում գտնվող գրավի առարկա բնակարանի վրա:Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Հովսեփյան) (այսուհետ` Դատարան) 05.05.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.06.2015 թվականի որոշմամբ Ընկերության, Տիգրան Ներսիսյանի, Իռենա Ջահանգիրյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.07.2015 թվականի որոշմամբ Տիգրան Ներսիսյանի և Իռենա Ջահանգիրյանի միջնորդությունները` վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը հարգելի համարելու և պետական տուրքի չվճարած մասի վճարումը հետաձգելու մասին, մերժվել են՝ վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդությունն առարկայազուրկ (քանի որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է սահմանված ժամկետում), իսկ պետական տուրքի չվճարած մասի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունն անհիմն լինելու պատճառաբանությամբ: Միաժամանակ նշված որոշմամբ վերադարձվել է Դատարանի 05.05.2015 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Տիգրան Ներսիսյանի ներկայացուցիչը և Իռենա Ջահանգիրյանի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.Վերաքննիչ դատարանը խախտել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Uահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» եվրոպական կոնվենցիայի (այuուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդությունը մերժելով, նշել է, որ բողոք բերած անձինք, բացի գրավոր հայտարարությունից, Վերաքննիչ դատարանին չեն ներկայացրել Իռենա Ջահանգիրյանի և Տիգրան Ներսիսյանի գույքային դրության մասին որևէ ապացույց, որով հաստատվում է, որ վերջիններս չեն կարող վճարել օրենքով սահմանված պետական տուրքի գումարը, որպիսի պայմաններում հարուցված միջնորդությունը` պետական տուրքի չվճարված մասի վճարումը հետաձգելու վերաբերյալ, ենթակա է մերժման:
Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը չի կարող համարվել իրավաչափ և փաստարկված, քանի որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բողոք բերած անձանց կողմից դատարանին ներկայացված միջնորդության մեջ հստակ նշվել է, որ սույն քաղաքացիական գործի շրջանակներում Իռենա Ջահանգիրյանի և Տիգրան Ներսիսյանի գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրվել ու նրանք չեն կարողանում իրականացնել որևէ փոխանցումներ:
Ստացվում է` Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ բողոք բերած անձանց վրա պարտականություն է դրել ներկայացնելու այնպիսի ապացույց, որն արդեն իսկ առկա է գործում, ուստի Վերաքննիչ դատարանը ձևական նկատառումներով է վերադարձրել վերաքննիչ բողոքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 14.07.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։ Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «դ» կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող է սահմանվել արտոնություն` պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերության «գ» կետի համաձայն`առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշումներում անդրադառնալով վկայակոչված հոդվածներին, նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, Արմենակ և Գուլյա Սահակյանների հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդի գումարը փոխհատուցելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի թիվ 3-734(ՎԴ) որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 վճիռը, կետ 44):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):
Վերահաստատելով նշված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ յուրաքանչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության առկայության պայմաններում դատարանները պետք է նշված միջնորդությունները քննության առնեն և լուծեն` հաշվի առնելով նաև գործի հանգամանքները: Այսպես, օրինակ, օրենսդիրը, ամրագրելով հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք վճարելու պարտականություն, տարբերակված մոտեցում է դրսևորել պետական տուրքի չափի հարցում` հիմք ընդունելով վիճելի իրավահարաբերության բնույթը` գույքային կամ ոչ գույքային: Դատարանները միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս որպես ուղղորդող չափանիշ հիմք են ընդունում նաև վճարման ենթակա պետական տուրքի չափը, հետևաբար վիճելի իրավահարաբերության բնույթը պարզելը յուրաքանչյուր դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտ է կամ միջնորդություն հարուցած անձի գույքային դրության վերաբերյալ փաստարկները կարող են հիմնավորվել քննվող գործի շրջանակներում ձեռնարկված դատավարական միջոցներով (օրինակ` որպես հայցի ապահովման միջոց` արգելանք է դրվել անձի դրամական միջոցների վրա):
Վերոգրյալից հետևում է, որ միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրության գնահատումը չի կարող իրականացվել` անտեսելով գործի հանգամանքները, հետևաբար դատարանները նման միջնորդություններ քննության առնելիս պետք է ուսումնասիրեն նաև համապատասխանաբար հայցադիմումները, վերաքննիչ և վճռաբեկ բողոքները (տե´ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):
Սույն գործով վերաքննիչ բողոք բերած անձանց կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն: Ի հիմնավորումն ներկայացված միջնորդության՝ բողոք բերած անձինք նշել են, որ սույն քաղաքացիական գործի շրջանակներում իրենց գույքի և դրամական միջոցների վրա կիրառվել է արգելանք և նրանք չեն կարողանում իրականացնել որևէ փոխանցումներ:
Վերաքննիչ դատարանը, իր 14.07.2015 թվականի որոշմամբ, վերադարձնելով վերաքննիչ բողոքը, նշել է, որ բողոք բերած անձինք, բացի գրավոր հայտարարություններից, Վերաքննիչ դատարան չեն ներկայացրել Իռենա Ջահանգիրյանի և Տիգրան Ներսիսյանի գույքային դրության վերաբերյալ ապացույցներ:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա ապացույցների համակցությունից, մասնավորապես՝ «Հայցի ապահովման մասին» Դատարանի 21.11.2014 թվականի որոշումից (հատոր 1-ին, գ.թ. 91) և նշված որոշման հիման վրա 21.11.2014 թվականին տրամադրված կատարողական թերթերից (հատոր 1-ին, գ.թ. 92, 94) հետևում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործի շրջանակներում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ, մասնավորապես, որպես հայցի ապահովման միջոց` արգելանք է դրվել անձի գույքի և դրամական միջոցների վրա, որպիսի պայմաններում վերաքննիչ բողոք բերած անձանց դիրքորոշումը` միջնորդության մեջ նշված հանգամանքներով հանդերձ, չէր կարող գնահատվել անհիմն:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի ապահովվել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով իսկ խախտելով Ընկերության` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու և Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.07.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Վ. Ավանեսյան Մ. Դրմեյան Ն. Տավարացյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան