Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.03.2014-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
12.03.2014
Подписан
Նախագահող
Дата подписания
12.03.2014
Дата вступления в силу
12.03.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 2-290/1999

2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ 2-290/1999

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան 

Դատավորներ`

Ն. Բարսեղյան

Տ. Սահակյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2014 թվականի մարտի 12-ին

քննարկելով գործին մասնակից չդարձված անձ Թամարա Սարգսյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ դիմումի Գարեգին Մելիքսեթյանի և Վահագն Մինասյանի` «կտակի ընդունման ժամկետը երկարացնելու» պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Գարեգին Մելիքսեթյանը և Վահագն Մինասյանը պահանջել են երկարացնել 09.09.1998 թվականին մահացած իրենց պապի կողմից 25.11.1986 թվականին արված կտակի ընդունման ժամկետը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր` Կ. Ղազարյան) (այսուհետ` Դատարան) 10.05.1999 թվականի վճռով դիմումը բավարարվել է` հարգելի է համարվել ըստ կտակի ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառը և Գարեգին Մելիքսեթյանն ու Վահագն Մինասյանը ճանաչվել են Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 41 տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.10.2012 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Թամարա Սարգսյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.11.2012 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձ Թամարա Սարգսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձ Թամարա Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանի 10.05.1999 թվականի վճռով Գարեգին Մելիքսեթյանի և Վահագն Մինասյանի դիմումը բավարարվել է` հարգելի է համարվել ըստ կտակի ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառը և Գարեգին Մելիքսեթյանն ու Վահագն Մինասյանը ճանաչվել են Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 41 տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ:

Վերաքննիչ դատարանը, վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետը և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ վիճելի տան նկատմամբ կատարված է նաև սեփականության իրավունքի պետական գրանցում, Թամարա Սարգսյանը ծնողների մահից հետո մշտապես բնակվել է վիճելի տանը, հետևաբար կարող էր իմանալ իր ենթադրյալ իրավունքների խախտման` մասնավորապես բողոքարկվող դատական ակտի գոյության մասին, և ըստ էության գտնելով, որ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկացված լինելու կանխավարկածը ներառում է նաև գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար իրավական հիմք հանդիսացած դատական ակտի գոյության մասին տեղեկացված լինելու կանխավարկածը, և որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները կարող են դրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված եռամսյա ժամկետի հաշվարկման հիմքում, պատճառաբանել է, որ բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված եռամսյա ժամկետը լրանալուց հետո և չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով իր դիմումը՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, 11.10.2013 թվականի թիվ ՍԴՈ-1120 որոշմամբ արձանագրել է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, համաձայն որի՝ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկացված լինելու կանխավարկածը չի ներառում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար իրավական հիմք հանդիսացած և երրորդ անձի իրավունքներին անմիջականորեն առնչվող դատական ակտերի գոյության մասին տեղեկացված լինելու կանխավարկածը և չի հանդիսանում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար իրավական հիմք հանդիսացած դատական ակտերի բողոքարկման համար դատավարական օրենսգրքերով սահմանված ժամկետների հաշվարկման հիմք, և որ այդ հոդվածի 1-ին մասի դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են նույն որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված, մասնավորապես՝ որոշման եզրափակիչ մասի աոաջին կետում բերված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ:

ՀՀ սահմանադրական դատարանը նաև նշել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 04.10.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Գարեգին Մելիքսեթյանը և Վահագն Մինասյանը դիմում են ներկայացրել Դատարան «09.09.1998 թվականին մահացած իրենց պապի կողմից 25.11.1986 թվականին արված կտակի ընդունման ժամկետը երկարացնելու մասին» (գ.թ. 4).

2) Դատարանի 10.05.1999 թվականի վճռով դիմումը բավարարվել է` հարգելի է համարվել ըստ կտակի ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառը և Գարեգին Մելիքսեթյանն ու Վահագն Մինասյանը ճանաչվել են Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 41 տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ (գ.թ. 14).

3) գործին մասնակից չդարձված անձ Թամարա Սարգսյանը 18.09.2012 թվականին Դատարանի 10.05.1999 թվականի վճռի դեմ բերել է վերաքննիչ բողոք (գ.թ.18-23).

4) Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, իսկ բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված դրանց գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե ոչ, ավելին, Թամարա Սարգսյանը ծնողների մահից հետո մշտապես բնակվել է վիճելի տանը, հետևաբար նա կարող էր իմանալ իր ենթադրյալ իրավունքների խախտման` մասնավորապես բողոքարկվող դատական ակտի գոյության մասին, գտել է, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված եռամսյա ժամկետը լրանալուց հետո և չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, 04.10.2012 թվականին որոշում է կայացրել Թամարա Սարգսյանի վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին (գ.թ. 52).

5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.11.2012 թվականի որոշմամբ որպես գործին մասնակից չդարձված անձ Թամարա Սարգսյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է (գ.թ. 73-76).

6) քաղաքացի Թամարա Սարգսյանի դիմումի հիման վրա` ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը, 11.10.2013 թվականի թիվ ՍԴՈ-1120 որոշմամբ որոշել է.

«1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, համաձայն որի` գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկացված լինելու կանխավարկածը չի ներառում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար իրավական հիմք հանդիսացած և երրորդ անձի իրավունքներին անմիջականորեն առնչվող դատական ակտերի գոյության մասին տեղեկացված լինելու կանխավարկածը և չի հանդիսանում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար իրավական հիմք հանդիսացած դատական ակտի բողոքարկման համար դատավարական օրենսգրքերով սահմանված ժամկետների հաշվարկման հիմք:

2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները սույն գործով դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված, մասնավորապես` որոշման եզրափակիչ մասի առաջին կետում բերված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ:

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով»:

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, իսկ բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված դրանց գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե ոչ:

Սույն գործով գործին մասնակից չդարձված անձ Թամարա Սարգսյանը վերաքննիչ բողոքում նշել է, որ բողոքարկվող վճռի մասին իրեն հայտնի է դարձել թիվ ԵԷԴ/0453/02/12 քաղաքացիական գործով 03.08.2012 թվականին տեղի ունեցած նախնական դատական նիստի ավարտից հետո, երբ իրեն տրամադրվել են Վահագն Մինասյանի հայցադիմումի պատասխանը և դրան կից՝ այդ վճիռը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, գործին մասնակից չդարձված անձ Թամարա Սարգսյանի վերաքննիչ բողոքը վերադարձնելով այն օրենքով սահմանված եռամսյա ժամկետը լրանալուց հետո ներկայացված լինելու հիմքով, կիրառել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը` նշելով, որ գույքի նկատմամբ գրանցված իրավունքները և սահմանափակումներն ունեն իրավաբանական ուժ, իսկ բոլոր սուբյեկտները համարվում են տեղեկացված դրանց գրանցման մասին անկախ այն հանգամանքից, թե իրականում տեղյակ են այդ մասին, թե ոչ: Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ վերաքննիչ բողոքում և դրան կից ներկայացված հայցադիմումում նշված փաստարկների համաձայն՝ գործին մասնակից չդարձված անձ Թամարա Սարգսյանը ծնողների մահից հետո մշտապես բնակվել է վիճելի տանը, հետևաբար նա կարող էր իմանալ իր ենթադրյալ իրավունքների խախտման՝ մասնավորապես բողոքարկվող դատական ակտի գոյության մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը վերադարձրել է Վերաքննիչ դատարանի որոշման դեմ գործին մասնակից չդարձված անձ Թամարա Սարգսյանի վճռաբեկ բողոքը։

Քաղաքացի Թամարա Սարգսյանի դիմումի հիման վրա` ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը, 11.10.2013 թվականի թիվ ՍԴՈ-1120 գործով որոշել է.

«1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այն բովանդակությամբ, համաձայն որի` գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեղեկացված լինելու կանխավարկածը չի ներառում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար իրավական հիմք հանդիսացած և երրորդ անձի իրավունքներին անմիջականորեն առնչվող դատական ակտերի գոյության մասին տեղեկացված լինելու կանխավարկածը և չի հանդիսանում գույքի նկատմամբ իրավունքների գրանցման համար իրավական հիմք հանդիսացած դատական ակտի բողոքարկման համար դատավարական օրենսգրքերով սահմանված ժամկետների հաշվարկման հիմք:

2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները սույն գործով դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված, մասնավորապես` որոշման եզրափակիչ մասի առաջին կետում բերված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ:

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման` օրենքով սահմանված կարգով»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 11.10.2013 թվականի թիվ ՍԴՈ-1120 որոշումը նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.11.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման և Վերաքննիչ դատարանի 04.10.2012 թվականի որոշման վերացման հիմք։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.11.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 04.10.2012 թվականի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ և 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել` նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.11.2012 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.10.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան