Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
23.12.2010
Подписан
Նախագահող
Дата подписания
23.12.2010
Дата вступления в силу
23.12.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի որոշումը 

Վարչական գործ թիվ ՎԴ/2743/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/2743/05/10

2010թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Սոսյան

Դատավորներ՝ Գ. Ղարիբյան

               Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2010 թվականի դեկտեմբերի 23-ին,

քննարկելով ըստ հայցի <<Կարախանյան և ընկերներ իրավաբանական գրասենյակ>> ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), Արամ Կարախանյանի, Թաթուլ Խուդատյանի, Մարիամ Ղուլյանի, Արմինե Մկրտչյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե), երրորդ անձ ՀՀ դատական դեպարտամենտի (այսուհետ` Դեպարտամենտ)` Կոմիտեի նախագահի տեղակալին Ընկերության և նրա աշխատակիցների մասնագիտական գործունեության վերաբերյալ Դեպարտամենտից տեղեկություններ ստանալուն ուղղված գործողություններ, այդ թվում` հարցումներ կատարելուց, 30.06.2010 թվականին Դեպարտամենտ ներկայացված թիվ 19921/12 հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը ստանալուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու, և որպես հետևանքների վերացում` Կոմիտեի նախագահին նշված հարցումը գրությամբ հետ պահանջելուն պարտավորեցնելու, ինչպես նաև Դեպարտամենտին այդ հարցմանը չպատասխանելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 07.09.2010 թվականի <<Բողոքը մերժելու մասին>> որոշման դեմ Ընկերության, Արամ Կարախանյանի, Թաթուլ Խուդատյանի, Մարիամ Ղուլյանի, Արմինե Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը, Արամ Կարախանյանը, Թաթուլ Խուդատյանը, Մարիամ Ղուլյանը, Արմինե Մկրտչյանը պահանջել են պարտավորեցնել Կոմիտեի նախագահի տեղակալին ձեռնպահ մնալ Ընկերության և նրա աշխատակիցների մասնագիտական գործունեության վերաբերյալ Դեպարտամենտից տեղեկություններ ստանալուն ուղղված գործողություններ, այդ թվում` հարցումներ կատարելուց, 30.06.2010 թվականին Դեպարտամենտ ներկայացված թիվ 19921/12 հարցմամբ պահանջվող տեղեկատվությունը ստանալուց, և որպես հետևանքների վերացում` պարտավորեցնել Կոմիտեի նախագահին գրությամբ հետ պահանջել նշված հարցումը, ինչպես նաև պարտավորեցնել Դեպարտամենտին չպատասխանել այդ հարցմանը:

ՀՀ վարչական դատարանի 13.08.2010 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.09.2010 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 13.08.2010 թվականի <<Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին>> որոշման դեմ Ընկերության, Արամ Կարախանյանի, Թաթուլ Խուդատյանի, Մարիամ Ղուլյանի, Արմինե Մկրտչյանի բերած բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ընկերությունը, Արամ Կարախանյանը, Թաթուլ Խուդատյանը, Մարիամ Ղուլյանը, Արմինե Մկրտչյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը      

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, 13-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ, 79-րդ հոդվածները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածը պարտավորեցնում է ՀՀ վարչական դատարանին քննել հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը: Տվյալ դեպքում Դատարանը, քննարկելով հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը և դիտարկելով գործի ընդդատության հարցը, պետք է ընդամենը պարզեր, թե արդյոք վեճը բխում է հանրային իրավահարաբերություններից, թե` ոչ: Մնացած հարցերը, որոնց Դատարանն անդրադարձել է, ենթակա էին պարզման դատաքննության փուլում, և Դատարանը դրանց պետք է անդրադառնար վճռով:

Դատարանն անտեսել է, որ Կոմիտեի նախագահի տեղակալը պետական և վարչական մարմին է, իսկ տվյալ դեպքում վերջինս տեղեկատվություն է պահանջել բողոք բերած անձանց վերաբերյալ:

Դատարանը հաշվի չի առել, որ հանրային իրավական վեճի առանձնահատկությունը պայմանավորված է նաև դրա հիմքով` այն առաջանում է, երբ պետական մարմնի ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքները և օրինական շահերը:

Դատարանն անտեսել է նաև, որ տեղեկատվություն պահանջելը վարչարարություն է, քանի որ վարչարարությունը բնորոշվում է որպես վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործունեություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

Նշվածից հետևում է, որ տվյալ դեպքում առկա է հանրային իրավահարաբերություններից բխող վեճ, և Դատարանը պետք է բավարարեր բողոքը:

Այսպիսով, Դատարանը, մերժելով բողոքը, խախտել է բողոք բերած անձանց դատական պաշտպանության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Դատարանի 07.09.2010 թվականի <<Բողոքը մերժելու մասին>> որոշումը և ՀՀ վարչական դատարանի 13.08.2010 թվականի <<Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին>> որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը …:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը, ընդհանուր իրավասության կամ քրեական դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, սնանկության վարույթում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը:

Նշված դրույթի մեկնաբանությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանին ենթակա չեն նաև այն գործերը, որոնք բխում են հենց քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից (տե'ս` Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/0494/05/08 գործով 30.06.2009 թվականի որոշումը): Ընդ որում, այդ իրավահարաբերությունները ծագում են քրեական վարույթի շրջանակներում և քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից քրեական դատավարության ժամանակ համապատասխան լիազորություններն իրականացնելիս:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 25-րդ կետով սահմանված է, որ քննիչը հատուկ քննչական ծառայության, ոստիկանության, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի, ազգային անվտանգության, հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով կատարում է նախաքննություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քննիչը պետական պաշտոնատար անձ է, որն իր իրավասության սահմաններում քրեական գործով իրականացնում է նախաքննություն:

<<Հարկային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային մարմինը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների բնագավառում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի համաձայն իրականացնում է հետաքննություն և նախաքննություն:

<<Հարկային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 11.2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` նույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած վերադաս հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները:

<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետով վարչական մարմինները բնորոշվում են որպես Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ`

ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ` Հայաստանի Հանրապետության նախարարություններ և Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ.

բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ.

գ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար. քաղաքապետ` քաղաքային համայնքում, գյուղապետ` գյուղական համայնքում:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հարկային մարմինն իր կողմից վերահսկվող եկամուտների բնագավառում նախաքննությունն իրականացնում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների (քննիչների) միջոցով: Այսինքն` հարկային ոլորտում նախաքննության իրականացման ընթացքում միայն հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանումների (քննիչների) գործողությունները կարող են դիտվել որպես քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից բխող գործողություններ:

Սույն գործով Դատարանը բողոքը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումը, որ ներկայացված հայցադիմումի բովանդակությունից հետևում է, որ Կոմիտեի նախագահի տեղակալի 30.06.2010 թվականի թիվ 19921/12 գրությամբ Դեպարտամենտի ղեկավարից տեղեկություններ են պահանջվել Կոմիտեի քննչական վարչությունում քննվող թիվ 83101410 քրեական գործի վարույթի հետ կապված` նախաքննության անհրաժեշտությունից ելնելով: Այսինքն` սույն գործը քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից բխող գործ է: Հետևաբար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հարկային մարմինն իր կողմից վերահսկվող եկամուտների բնագավառում նախաքննությունն իրականացնում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների (քննիչների) միջոցով, քանի որ այդպիսի լիազորություններով օժտված են բացառապես հարկային մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների քննիչները:

Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեի նախագահի տեղակալը 30.06.2010 թվականի թիվ 19921/12 գրությամբ դիմել է Դեպարտամենտի ղեկավարին և նշելով, որ Կոմիտեի քննչական վարչությունում քննվում է թիվ 83101410 քրեական գործը` Ընկերության տնօրեն Արամ Կարախանյանի կողմից հարկային մարմիններին ներկայացված օրենքով սահմանված հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով խոշոր չափի` 3.935.000 ՀՀ դրամի հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ, նախաքննության անհրաժեշտությունից ելնելով` խնդրել է հայտնել, թե քանի դատաքննական գործընթացի են մասնակցել Ընկերության աշխատակիցները, ինչպես նաև տրամադրել նրանց մասնակցությունը և մատուցված ծառայությունների համար կատարված վճարումները հիմնավորող փաստաթղթերի պատճենները (պայմանագրեր, լիազորագրեր և այլն) (գ.թ. 14):

Այսինքն` սույն գործի փաստերով հաստատվում է այն հանգամանքը, որ Կոմիտեի քննչական վարչությունում քննվող թիվ 83101410 քրեական գործի շրջանակներում տեղեկություններ և փաստաթղթեր ձեռքբերելու նպատակով Դեպարտամենտի ղեկավարին է դիմել ոչ թե Կոմիտեի քննչական վարչության` նշված քրեական գործը քննող քննիչը, այլ Կոմիտեի նախագահի տեղակալը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կոմիտեի նախագահի տեղակալի կողմից Կոմիտեի քննչական վարչությունում քննվող թիվ 83101410 քրեական գործի շրջանակներում Դեպարտամենտի ղեկավարից տեղեկություններ և փաստաթղթեր ձեռքբերելուն ուղղված գործողությունները չեն կարող դիտվել որպես քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից բխող գործողություններ, այլ նշված գործողությունները պետք է դիտվեն որպես վարչական մարմնի իրականացրած վարչարարություն, որի հետ կապված վեճերը բխում են հանրային իրավահարաբերություններից:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն ընդդատյա է ՀՀ վարչական դատարանին:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` <<Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության 28.10.2010 թվականի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը  

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական դատարանի 07.09.2010 թվականի <<Բողոքը մերժելու մասին>> որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 13.08.2010 թվականի <<Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին>> որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան