ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1626/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1626/02/09 |
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան |
Դատավորներ՝ |
Տ. Սահակյան |
Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հուլիսի 13-ին
քննարկելով ըստ հայցի <<Ինեկոբանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) ընդդեմ Սամվել Կոստանյանի, Դիանա Բալյանի` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և գումարի բռնագանձման պահանջների մասին, քաղաքացիական գործով Դիանա Բալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1.
Գործով կայացված դատական ակտի էությունըԵրևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.01.2010 թվականի որոշմամբ Դիանա Բալյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ արձանագրելով թույլ տրված խախտումը վերացնելուց հետո երկշաբաթյա ժամկետում բողոքը կրկին ներկայացնելու հնարավորության մասին:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.02.2010 թվականի որոշմամբ Դիանա Բալյանի կրկին ներկայացրած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դիանա Բալյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն առաջին անգամ վերաքննիչ բողոքի համար պետական տուրքից ազատելու վերաբերյալ միջնորդությունը համարել է անհիմն` պատճառաբանելով, որ միջնորդությանը կից չի ներկայացվել որևէ ապացույց վերաքննիչ բողոք բերած անձի չաշխատելու և սոցիալապես անապահով վիճակում գտնվելու մասին։
Վերաքննիչ դատարանը կրկին վերադարձրել է երկրորդ անգամ ներկայացված վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ միջնորդությանը կից համատիրության կողմից հաստատված բնակիչների հայտարարությունն այն մասին, որ Դիանա Բալյանը և նրա ամուսինը` Սամվել Կոստանյանը, 2008 թվականից չեն աշխատում և նրանց ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, բավարար ապացույց չէ բողոք բերած անձին պետական տուրքի վճարումից ազատելու համար: Մինչդեռ վերոնշյալը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն, գրավոր ապացույց է, որով հիմնավորվում է վերաքննիչ բողոք բերած անձի չաշխատելու և սոցիալապես անապահով վիճակում գտնվելու հանգամանքը։
Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է գործում առկա այն ապացույցները, որոնցով հիմնավորվում են, որ Դիանա Բալյանին պատկանող ամբողջ գույքի և դրամական միջոցների վրա դրված է արգելանք, որի հետևանքով վերջինս զրկված է 8603 եվրո պետական տուրք վճարելու հնարավորությունից:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 18.02.2010 թվականի որոշումը։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։
<<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։ Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ պետական տուրքի գծով կարող է uահմանվել նաև պետական տուրքի վճարումից ազատման, իսկ նույն հոդվածի «դ» կետի համաձայն՝ պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման արտոնություններ։
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից։
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ դատարաններում պետական տուրքի գծով արտոնություն, այդ թվում՝ պետական տուրքի վճարումից ազատման տեսքով, կարող են սահմանել նաև դատարանները կամ դատավորները՝ հաշվի առնելով կողմերի գույքային դրությունը, որն ուղղված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ ՍՊԸ-ն» ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44)։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (տե՛ս Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի, թիվ 26737/95, 1997 թվականի դեկտեմբերի 19, կետ 33, Թինելի էնդ Սանզ ՍՊԸ-ն ու այլոք և ՄաքԷլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 20390/92, 21322/92, 1998թ. հուլիսի 10, կետ 72 և Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 34791/97, 37)։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանը բավարարել է Բանկի հայցը և վճռել է Սամվել Կոստանյանից ու Դիանա Բալյանից հօգուտ Բանկի բռնագանձել 286.753,31 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` որպես հիմնական պարտքի, 3.039.021 ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու համար վճարված պետական տուրքի գումարներ, սկսած 09.07.2009 թվականից մինչև 136.217,72 եվրոյին համարժեք ՀՀ դրամը Բանկին վերադարձնելու օրը պարտք գումարի նկատմամբ հաշվարկելով և բռնագանձելով, ըստ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսների հաշվարկային դրույքների, բանկային տոկոսներ, գումարի բռնագանձումը տարածելով գրավի առարկա Երևանի Կիևյան փողոցի 7-րդ շենքի թիվ 15, 16 և 22 հասցեներում գտնվող բնակարանների վրա: Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Դիանա Բալյանը և վերաքննիչ բողոքում միջնորդել է ազատել պետական տուրքի վճարումից, քանի որ ինքը և ամուսինը` Սամվել Կոստանյանը, 2008 թվականի փետրվարից չեն աշխատում, գտնվում են նյութական ծանր վիճակում, խնամքին ունեն անչափահաս երեխա: Միաժամանակ միջնորդությանը կից ներկայացվել է <<Շենքերի կառավարում>> համատիրության կողմից հաստատված Երևանի Կիևյան փողոցի 7-րդ շենքի բնակիչների հայտարարությունն այն մասին, որ Դիանա Բալյանը և նրա ամուսինը` Սամվել Կոստանյանը 2008 թվականից չեն աշխատում և նրանց ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ միջնորդությանը կից ներկայացված համատիրության կողմից հաստատված բնակիչների հայտարարությունը բավարար ապացույց չէ բողոք բերած անձին պետական տուրքի վճարումից ազատելու համար, վերադարձրել է վերաքննիչ բողոքը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են նաև գրավոր և իրեղեն ապացույցներով:
Այսպես, <<Շենքերի կառավարում>> համատիրության կողմից հաստատված Երևանի Կիևյան փողոցի 7-րդ շենքի բնակիչների հայտարարությունը` որպես գրավոր ապացույց, համադրելով սույն գործում առկա այլ փաստերի հետ /մասնավորապես, բանկի հետ ունեցած վարկային պարտավորությունը կատարել չկարողանալու, ինչպես նաև պատասխանողների սեփական Երևանի Կիևյան փողոցի 7-րդ շենքի թիվ 15, 16 և 22 բնակարանների` գրավի առարկա հանդիսանալու և այլ հանգամանքներ/` Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում Դիանա Բալյանի` սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստը, որը և դիտում է բավարար՝ վճռաբեկ բողոք բերած անձին վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումից ազատելու համար։
Հետևաբար, ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետով սահմանված հայեցողական լիազորությունը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դիանա Բալյանը պետք է ազատվեր պետական տուրք վճարելու պարտավորությունից։
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով չի առաջնորդվել անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և չի ապահովել այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակի իրագործումը։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.02.2010 թվականի որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆ | ||
Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|