Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.04.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Վճռաբեկ դատարան
Дата принятия
27.04.2016
Подписан
Նախագահող
Дата подписания
27.04.2016
Дата вступления в силу
27.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3576/05/12

Վարչական գործ թիվ ՎԴ/3576/05/12
2016թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի ապրիլի 27-ին,

քննարկելով ըստ հայցի Լաուրա Մկրտչյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ Մարիետա Մկրտչյանի` Մարիետա Մկրտչյանի անվամբ 15.02.2012 թվականին Կադաստրի կողմից կատարված իրավունքի պետական գրանցումը, Կադաստրի 17.04.2012 թվականի թիվ Մ-13/04/2012-4-0125 և 07.05.2012 թվականի թիվ 5.1/2458-12 մերժման որոշումներն անվավեր ճանաչելու և վերացնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման դեմ նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին Լաուրա Մկրտչյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լաուրա Մկրտչյանը պահանջել է անվավեր ճանաչել և վերացնել Մարիետա Մկրտչյանի անվամբ 15.02.2012 թվականին Կադաստրի կողմից կատարված իրավունքի պետական գրանցումը, Կադաստրի 17.04.2012 թվականի թիվ Մ-13/04/2012-4-0125 և 07.05.2012 թվականի թիվ 5.1/2458-12 մերժման որոշումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Թովմասյան) (այսուհետ` Դատարան) 05.11.2013 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ` Ա. Աբովյան, Ա. Բաբայան, Ա. Սարգսյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.09.2014 թվականի որոշմամբ Լաուրա Մկրտչյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.11.2013 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.11.2014 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 04.09.2014 թվականի որոշման դեմ Լաուրա Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 04.09.2014 թվականի որոշման դեմ Լաուրա Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լաուրա Մկրտչյանը;

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի որոշմամբ Լաուրա Մկրտչյանի վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ վերջինս չի շտկել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.11.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված սխալները, մասնավորապես՝ վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով: Մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ճանաչվել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր:

Փաստորեն, սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից կիրառված օրենքի դրույթը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, ինչը, որպես նոր հանգամանք, հիմք է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու և վերացնելու համար:

Բացի այդ, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը ներկայացնելու վերաբերյալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված դրույթն անձին զրկում է դատարանի մատչելիության իրավունքից և էական խոչընդոտ է դատական պաշտպանության արդյունավետ միջոցի սահմանադրական իրավունքի երաշխավորված ապահովման համար: Լաուրա Մկրտչյանը գտնվում է ֆինանսական ծանր վիճակում, և վճռաբեկ բողոքին կից էլեկտրոնային կրիչ ներկայացնելու օրենսդրական պահանջը, լրացուցիչ ծախսեր կատարելու պարտականություն դնելով վերջինիս վրա, անհնարին է դարձնում նրա դատական պաշտպանության իրավունքի իրացումը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և փոփոխել այն հետևյալ կերպ. բեկանել Վերաքննիչ դատարանի 04.09.2014 թվականի որոշումը և փոփոխել այն ` հայցը բավարարել, կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:

Նույն օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:

Նույն օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` (...) նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ունեցել են այդ իրավունքն իրացնելու հնարավորություն (...):

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ֆիզիկական և իրավաբանական անձինք վճռաբեկ բողոք կարող են բերել միայն փաստաբանի միջոցով:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով քաղաքացիներ Արա Սարգսյանի, Դվին Իսանյանսի, Ռուդոլֆ Հովակիմյանի, Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի, Խաչատուր Մարոզյանի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի և 158-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ միավորված գործը, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածին, 18-րդ հոդվածի 1-ին մասին, 19-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր` նկատի ունենալով, որ տվյալ դրույթի կիրառումն առկա իրավակարգավորումների պայմաններում սոցիալական անհամաչափ ծանրաբեռնվածություն է առաջացնում անձանց համար` կախված նրանց ֆինանսական հնարավորություններից` չապահովելով նաև անձի արդար դատաքննության, դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և դատարանի մատչելիության իրավունքների լիարժեք իրացումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.11.2014 թվականի որոշմամբ Լաուրա Մկրտչյանի կողմից 08.10.2014 թվականին բերված վճռաբեկ բողոքը վերադարձվել է և սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի թերությունները վերացնելու և այն կրկին ներկայացնելու համար: Վերը նշված որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) տվյալ դեպքում բողոք բերած անձը, վճռաբեկ բողոքին կից չի ներկայացրել վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը), բողոքի պատճենը գործը քննող դատարան և դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները: Բացի այդ, բողոք բերած անձը, խախտելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի      4-րդ մասի և 158-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով, ինչպես նաև վճռաբեկ բողոքին կից չի ներկայացրել իր ներկայացուցչի` սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը (փաստաբանական գործունեության արտոնագիրը) (...)»:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.11.2014 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարաձնելու մասին» որոշումը ստանալուց հետո՝ 26.12.2014 թվականին, Լաուրա Մկրտչյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի որոշմամբ թողնվել է առանց քննության: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը նշել է, մասնավորապես, հետևյալը. «(...) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 05.11.2014 թվականի որոշմամբ Լաուրա Մկրտչյանի բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է` միաժամանակ սահմանվել է ժամկետ վճռաբեկ բողոքի սխալները շտկելու և այն կրկին բերելու համար: Մինչդեռ Լաուրա Մկրտչյանը չի շտկել որոշմամբ սահմանված սխալները, մասնավորապես` վճռաբեկ բողոքին չի կցել էլեկտրոնային կրիչը, բողոքի պատճենը դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները: Բացի այդ, Լաուրա Մկրտչյանը վճռաբեկ բողոքը չի բերել փաստաբանի միջոցով, ինչպես նաև վճռաբեկ բողոքին կից չի ներկայացրել իր ներկայացուցչի` սահմանված կարգով ձևակերպված լիազորագիրը (փաստաբանական գործունեության արտոնագիրը) (...)»:

Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով ամրագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, ովքեր իրենց նկատմամբ կիրառված օրենքի դրույթի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ իրավունք ունեին այդ օրենքի դրույթի սահմանադրականության հարցով դիմելու ՀՀ սահմանադրական դատարան: Իսկ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ անձն իր հանդեպ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու իրավունք ունի այն դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելուց հետո վեց ամսվա ընթացքում, որով իր նկատմամբ կիրառվել է նշված օրենքի դրույթը:

Այսպիսով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի   2-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

-  տվյալ դատական ակտով այդ անձանց հանդեպ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է ընդունել,

-  սպառվել են տվյալ դատական ակտի վիճարկման հնարավորությունները,

-  ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ չի լրացել տվյալ դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառվելու պահից հաշվարկվող վեցամսյա ժամկետը:

Վերոգրյալ իրավական վերլուծությունների և սույն գործի փաստերի համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

-  ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 14.01.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ Լաուրա Մկրտչյանի հանդեպ կիրառված օրենքի դրույթների` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի և 158-րդ հոդվածի 5-րդ մասի, սահմանադրականության վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանը 03.03.2015 թվականին ընդունել է թիվ ՍԴՈ-1192 որոշումը,

-  ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 14.01.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վիճարկման հնարավորությունները սպառվել են. նշված որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ,

-  ՀՀ սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա դրությամբ` 03.03.2015 թվականին, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 14.01.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վիճարկման հնարավորությունները սպառվելու պահից` 14.01.2015 թվականից, հաշվարկվող վեցամսյա ժամկետը չի լրացել:

Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով սույն գործով բողոք բերած անձը ունի նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վերանայման դիմում ներկայացնելու իրավունք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի կողմից 14.01.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ կիրառված օրենքի դրույթներից մեկը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու փաստը նոր հանգամանք է սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու համար: 

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ 14.01.2015 թվականի որոշմամբ առանց քննության թողնելով Լաուրա Մկրտչյանի վճռաբեկ բողոքը` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն արձանագրել է, որ վերջինիս կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքում չեն վերացվել և կրկին թույլ են տրվել նաև հետևյալ թերությունները.

1.  վճռաբեկ բողոքին կցված չէ բողոքի պատճենը դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցը, այսինքն` խախտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասը,

2.  վճռաբեկ բողոքին կցված չէ վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը), այսինքն` խախտվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասը:

Փաստորեն, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը կայացվել է ոչ միայն Լաուրա Մկրտչյանի կողմից հակասահմանադրական ճանաչված նորմի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի, այլև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման հիմքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը, 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված` վճռաբեկ բողոքին կից բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու պահանջի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճռաբեկ բողոքին կից բողոքի էլեկտրոնային տարբերակը ներկայացնելու պահանջն ինքնին չի արգելափակում անձի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման պահանջով անձի վրա չի դրվում օբյեկտիվ իրականության մեջ առկա հնարավորությունների հաշվառմամբ անիրագործելի և 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության արժեբանությանը հակասող վարքագիծ դրսևորելու պարտականություն, հետևաբար այն չի հանգեցնում նաև իրավունքի  էության խախտման: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում վճռաբեկ բողոք բերող անձն իրավունք ունի ներկայացնելու բողոքի էլեկտրոնային տարբերակը ցանկացած ձևաչափով և փաստաթղթի ցանկացած ձևավորմամբ` ցանկացած տեսակի էլեկտրոնային կրիչով կամ էլեկտրոնային փոստով: ՀՀ սահմանադրական դատարանը վկայակոչված իրավական դիրքորոշումների շրջանակներում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նշված իրավադրույթը ճանաչել է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող:

Հետևաբար Լաուրա Մկրտչյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների վերոնշյալ խախտումների առկայության պայմաններում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված լինելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումն ամբողջությամբ վերացնելու համար, քանի որ վերը նշված մյուս թերությունները սահմանված ժամկետում չեն վերացվել:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր հանգամանքի հիմքով ՀՀ սահմանադրական դատարանի 03.03.2015 թվականի թիվ ՍԴՈ-1192 որոշման հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նշված որոշման վերանայումը պետք է փաստի ուժով (ipso facto) հանգեցնի այդ դատական ակտի վերացմանը` միայն հակասահմանադրական ճանաչված նորմի` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասի և դրա հետ փոխկապակցված` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառման մասով: Հետևաբար ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման, այն է` վճռաբեկ բողոքը փաստաբանի միջոցով չբերելու հիմքով Լաուրա Մկրտչյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասով, պետք է վերացնել, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի խախտման, այն է` վճռաբեկ բողոքի պատճենը դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցը, ինչպես նաև վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը) վճռաբեկ բողոքին կից չներկայացնելու հիմքով Լաուրա Մկրտչյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասով` թողնել անփոփոխ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և այն մասնակիորեն վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը  

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը:

2. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը մասնակիորեն` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 154-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի խախտումը, այն է` վճռաբեկ բողոքը փաստաբանի միջոցով չբերելը, չշտկելու հիմքով Լաուրա Մկրտչյանի կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասով, վերացնել:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.01.2015 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 5-րդ մասի խախտումները չշտկելու հիմքով Լաուրա Մկրտչյանի կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասով, թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

  Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան